Իմաստուն մտքեր Հրանտ Մաթևոսյանից




Չասելով ասելը, երևի, ավելի մեծ իմացություն ու կուլտուրա է պահանջում։ Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ: Բայց իմ ձգտումն արձակն է եղել, դանդաղ պատումի արձակը. գլխավորը չասող, էականը չմետաֆորող, բայց ամբողջը՝ գլխավորի մասին։ Դանդաղ, խաղաղ ճնշումի արձակը, որը չունենք։

Կարդացողն ինքն է «նյութականացնելու» քո ասելիքի գլխավորը։ Իրական արձակը դա է։ Սովորաբար գնահատում եմ տարբերությունների համար և ոչ թե նմանությունների։

Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին։ Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է եւ ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը։

Բնությունից հակված եմ եղել դեպի արձակ շարադրանքը, և նույնիսկ բանաստեղծության կուռքերիս՝ Թումանյան, Իսահակյան, Չարենց, գործի մեջ գնահատելին նրանց պոեզիայի վիպայնությունն եմ համարում։

Մոնումենտալացնելով՝ գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական. Աստծուն հավասար արարիչ է գրականությունը՝ չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել ամեն մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ։ Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։

Բայց խնդությունից պայթեցնող են իմ երեխայի անատամ ժպիտը, անհնչյուն ծղիրտը, աննպատակ խլրտոցը. դրանք մի ամբողջ երջանկություն են։ Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում, կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի:

Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում:

Ես կարծես կարողանում եմ նկատել ու ուրախանալ «իմ արձակի» նոր նշույլներով։ Երեկվա, ցավալիորեն արդեն երեկվա պոետներից նույն ջանքն եմ պահանջում։

Մարդը չպիտի էնքան քաղցր լինի որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի որ թքեն:

Էս ամեն ինչից հետո, որպես ընթերցող, որպես մարդ, կարոտ եմ մաքուր, անհավակնոտ, պարապ գեղարվեստական տեքստերի՝ հրապարակախոսական էս հիստերիայից, էս «խոհերից», էս «վերլուծություններից» ազատ շարադրանքների։ …Որ էսքան կրքերից հետո մի սիրուն բնանկար գծվեր՝ գետի կամ դաշտի նկարագրություն, որ վերադարձ լիներ դեպի դասական պատմվածքի հունը։

Ժամանակը նույնքան առարկայական է, ինչքան առարկայական է ողջ աշխարհը: Երբ դարասկզբի կերպարը դնում ես այսօրվա կերպարի կողքին՝ պարզվում է, որ ժամանակը առարկայական է շոշափելիորեն, ինչպես այս ծառը, այս արտը, այս հայրենիքը, որոնցից կարելի է հեռանալ, որոնց կարելի է մոտենալ:

Այս սիրելի-սարսափելի աշխարհում, խելացի-խելագար, հասկանալիխճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը` գրող: Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել: Ինչու եմ գրո՞ւմ.որովհետև Թումանյանն ու Տոլստոյը գրե՞լ են. երևի թե` այո, բայց ավելի շատ գրում եմ այն պատճառով, որ նրանք այն չեն գրել ու այնպես չեն գրել: Սա պատասխա՞ն է: Ամենից անհրաժեշտ բառերը պիտի գրես: Տարածության մեջ քեզ փակիր, քիչ ասա, ժամանակին լռիր, պաուզայի զգացողություն ունեցիր:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․