Մեզ հայտնի չէ, թե երբվանից է կռատուկն աճել Հայաստանում կամ օգտագործվել բժշկության մեջ, սակայն 15-րդ դարի բժշկապետ Ա. Ամասիացին նկարագրել է, թե՛ բույսի տեսակները, և թե՛ բուժիչ հատկությունները, ընդ որում, բավականին հանգամանորեն. «Արախտիոն-կռատուկ, կոծոծ, կռոթուկ, օրոհունդ, մագարիկոն, կորոտնիճ, կիծուկ։
Այս խոտաբույսի պտուղները նման են քեմոնի, իսկ արմատը քաղցր համ ունի։ Եթե կռատուկի արմատը կամ պտուղները գինու հետ եփեն և այդ եփուկի ջրով ողողեն բերանը, ատամի ցավը կդադարի, իսկ եթե թրջոց դրվի այրված տեղին, կապաքինի վերքը։ Կօգնի նաև եղունգների տակ առաջացած վերքերի բուժմանը։ Մարմնի ցրտահարված մասերը թող լվանան այդ եփուկով. շատ օգտակար կլինի։ Կռատուկի եփուկը կօգնի միզակապության դեպքում։
Կռատուկի մի տեսակ էլ կա, որի տերևները նման են դդմի տերևներին, բայց ավելի խոշոր են և իրենց վրա սպիտակ փշիկներ ունեն։ Այս տեսակն օժտված է չորացնող ու տարրալուծող հատկությամբ։ Եթե դրա տերևները դնեն արմատացած ցանի վրա, կօգնի, եթե արմատները մանրացնեն, խաշիլ պատրաստեն և դնեն ցավոտ ոսկորների վրա, նույնպես կօգնի։ Կօգնի նաև, եթե մեխակի հետ խառնելով դեղ պատրաստվի և դրվի տաք ուռուցքի վրա։ Վերացնում է նաև բերանի տհաճ հոտը»։
Իր հուշերում փորձված բուսաբույժ Վլադիմիր Կիրիլովիչ Կուպչինը (ով կարողացել է ինքնաբուժվել փսորիազից) գրում է. «Չեռնոբիլի աղետի գոտում ռադիացիոն փոշու, ջրի և սննդի մեջ գտնվող ռադիոնուկլիդներն առաջացնում էին բազմաթիվ հիվանդություններ, հատկապես` քաղցկեղ։ Աղետի էպիկենտրոնում և մի քանի կմ տրամագծով ոչնչացել էր կենդանական աշխարհը, բազմաթիվ բույսեր վերացել էին կարճ ժամանակվա ընթացքում։
Արմատը հավաքում են աշնան սկզբում կամ բույսի կյանքի երկրորդ տարում` ապրիլ-մայիսին։ Այս շրջանում բաց մոխրագույն արմատը հյութալի է, մսոտ, ցողունի և պտղի աճի և հասունանալու շրջանում օգտակար նյութերի քանակը զգալիորեն նվազում է։
Բույսի արմատը քաղցր է, քանի որ պարունակում է զգալի քանակությամբ ինուլին, որը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդներին և նաև կարգավորում է աղիների միկրոֆլորան` նպաստելով օգտակար միկրօրգանիզմների գործունեությանը։
Կռատուկը լրջորեն ուսումնասիրվում և կիրառվում է որպես դեղաբույս` մի շարք եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում։ Տերևում հայտնաբերվել են նաև կաուչուկ, սապոնին, ֆլավոններ, ռուտին, շաքարներ, գիպերոզիդ։
Տերևը հանում է գլխացավը, այն կապում են ցավող հոդերի և վերքերի վրա։ Տրորած կամ ծամածը օգնում է քորի, եղնջատենդի, ալերգիկ էկզեմայի, որքինի, այրվածքի, չիբանի, կորյակների, միջատների խայթոցի դեպքում։ Հյութը ստանում են աղացած տերևից, այն ամրացնում է մազարմատները։ Ունի միզամուղ, լեղամուղ, քրտնամուղ, հակամանրէ և հակաբորբոքային հատկություն։
Օգտակար է ռևմատիզմի, շաքարային դիաբետի, ալերգիայի, երիկամների և լյարդի հիվանդությունների բուժման ընթացքում։ Հյութը կարգավորում է նյութերի փոխանակությունը, սպիտակուցի յուրացումը, արյան բաղադրությունը։ Նախատեսված է արտաքին և ներքին օգտագործման համար։
Խմեք 1-2 ճ/գ, մինչև 100 մլ, նախքան սնվելը, չափաբաժինը ճշտեք բժշկի հետ։ Ստամոքսի և կերակրափողի քաղցկեղի դեպքում որպես օժանդակ միջոց` խմեք բույսի բոլոր մասերից քամած հյութը կամ ոգեթուրմը (1։1 հյութ և օղի), 2-ական ճ/գ` սնվելուց առաջ։
Երբ պտղի վերին մասը դեղնավուն երանգ է ստանում, հավաքեք և դրեք տուփի մեջ։ Պահեք չոր օդափոխվող տեղում, այդ պայմաններում սերմը վերջնականապես հասունանում է։ Օրը 3-4 անգամ սնվելուց կես ժամ առաջ դանդաղորեն ծամեք 5-ական սերմ, կուլ չտաք։
Օգտակար է հերպեսի դեպքում։
Կռատուկի արմատն իջեցնում է վահանաձև գեղձի ակտիվությունը և այդ իսկ պատճառով օգտակար է հիպերտիրեոզի դեպքում։ Նաև հեռացնում է օրգանիզմից հեղուկի ավելցուկը և վնասակար նյութերը, կարգավորում նյութափոխանակությունը։ Նույն հատկություններն ունեն տերևը և ծաղկաբույլերը։
10-15 իգական ծաղկաբույլերին ավելացրեք 400 մլ եռջուր։ 12 ժամ թրմեք տաք տեղում, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ։
Կռատուկի բոլոր մասերը օգտակար են քաղցկեղի բուժման ընթացքում, քանի որ բարձրացնում է դիմադրողականությունը։ Նաև ուժեղ միզամուղ է։ Հնարավոր է, որ կարողանում է հայտնաբերել «ճառագայթող» քաղցկեղի բջիջները. հայտնի է, որ դրանց ճառագայթման ֆոնն ավելի բարձր է` առողջ բջիջի համեմատությամբ։
Արմատը մթերելիս չի կարելի լվանալ։ Դրանք կախեք օդափոխվող ծածկի տակ, հողը առանձնացրեք այնպես, որպեսզի չվնասի կեղևը։ Բաժանեք մասերի, չորացրեք 40 C ջերմաստիճանի պայմաններում։
Ատամնաքարի հետևանքով առաջացած վերքեր` գինգիվիտ. Ցայեք սերմը ջրով, մզեք հյութը, ավելացրեք մի փոքր աղ (2։1 կամ 3։1)։ Քսեք վերքին սնվելուց հետո և քնելուց առաջ։
Մաստոպատիա. Քնելուց առաջ ամրացրեք հիվանդ կրծքին կռատուկի տերև, առավոտյան մշակեք երիժնակի կամ կռատուկի արմատի յուղով։
Կրծքագեղձի ուռուցք.
Խառնեք 100 գ թարմ արմատի մանր քերվածք, մեղր, գերչակի յուղ, 100 մլ կիտրոնի հյութ։ Երկու օր պահեք մութ, հով տեղում։ Խառնուրդը քսեք վուշե լաթի վրա և քնելուց առաջ տեղադրեք կրծքի վրա։ Առավոտյան հանեք լաթը և մշակեք «Ապիլակ» պարունակող դեղատնային քսուքով։ Շարունակեք 2 շաբաթ։
Արգանդի ուռուցքներ, միոմա. Մանրացրեք, խառնեք (չորացրած) կռատուկի տերևը, թոքախոտի, ճնճղկապաշարի, թթվիճի (Betonica), ուրցի խոտերը (5։4։4։4։3)։ Հումքի 2 ճ/գ-ին ավելացրեք 500 մլ եռջուր, 40 րոպե թրմեք ջերմապահի մեջ։ Քամեք։ Խմեք 150-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 2 շաբաթ։
Արյունը և ավիշը մաքրող միջոց վարիկոզի և թութքի դեպքում.
Լավ մանրացրեք (կամ աղացեք) կռատուկի և էխինացեայի արմատները, խառնեք (1։1)։ Հումքի 4 թ/գ-ն լցրեք 1,2 լ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Վերցրեք կրակի վրայից, ավելացրեք 2թ/գ եղինջի տերև, եռացրեք ևս 10 րոպե։ Վերցրեք կրակի վրայից և անմիջապես լցրեք եփուկի մեջ 2-ական թ/գ երեքնուկ կարմիրի և դաղձի խոտեր և թանթրվենու ծաղիկ։ Ծածկեք տարան, 5 րոպեից քամեք։ Բուժումը փուլային է` առաջին 7 օրը խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, հաջորդ 7 օրը` 100-ական մլ` օրը 2 անգամ, ևս 7 օր` 100-ական մլ, օրը 1 անգամ։
3ճ/գ կռատուկի արմատը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում, տաք տեղում։ Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ, գոլ վիճակում։
Կռատուկն ունի սնդիկի վնասակար ազդեցությունը վնասազերծող հատկություն։
Առողջության համար վնասակար է ոչ թե հեղուկ մետաղը, այլ դրա գոլորշիները։
Եփուկ. 10 գ չորացրած արմատի փոշին 8-10 ժամ թրմեք 200 մլ եռջրում, փաթաթեք տարան լաթով և դրեք տաք տեղ։ Քամեք։ Խմեք փոքր կումերով` օրվա ընթացքում։ Օգտակար է երիկամների բորբոքային հիվանդությունների բուժման ընթացքում։ Մաքրում է օրգանիզմը թույներից։
Շաքարային դիաբետ.
Խառնեք հավասար քանակի կռատուկի արմատ, լոբու պատիճ, հապալասի տերև։ Հումքի 1 ճ/գ-ն տասը ժամ թրմեք սառը ջրում, հասցրեք եռման ջերմաստիճանի և 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ 2 ժամ թրմեք տաք տեղում, քամեք։ Խմեք 150 մլ, օրը 5 անգամ։
Քրոնիկ փորկապություն. 1 ճ/գ-ին ավելացրեք 400 մլ եռջուր։ 15 րոպե եփեք (փակ կափարիչով) ջրային բաղնիքի վրա։ Խմեք 1-2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։
Չկա այդպիսի հիվանդություն, որի դեպքում հակացուցված լինի այս հրաշալի խոտաբույսը։ Այն լայնորեն օգտագործվում է աղցանների (տերևը), վինեգրետների (արմատը և ցողունը) մեջ։ Տերևը և կոթունները լավ համեմունք են ապուրի համար։ Արմատը կարելի է եփել, խորովել, տապակել։ Դրանից պատրաստում են մուրաբա։ Փոշիացրած արմատի և աշորայի (տարեկան) ալյուրի խառնուրդով հաց են պատրաստում։ Արմատը տապակելուց առաջ, նախօրոք եփեք աղաջրի մեջ։ Տերևը 2 րոպե պահեք եռջրի մեջ, մանրացրեք և խառնեք աղցանին։
Հնուց հարգի է կռատուկի արմատից պատրաստված առողջարար սուրճը` բովեք և աղացեք սրճաղացով։ Ռուսական սուրճ. Խառնեք 1-ական թ/գ կռատուկ, սուրճ, շաքարավազ (Ռ. Ավագյան, «Աշխարհի ժողովուրդների կոկտեյլներ և ըմպելիքներ», 1990)։
Ապուր. Մանրացրեք, խառնեք գազի, կռատուկի, խստորուկի (Dioscorea decne-գրանցված է «Կարմիր գրքում) արմատները (5։5։3)։
100-150 գ հումքն 8 ժամ թրմեք տաք ջրի մեջ։ Քամեք։ Թուրմի մեջ եփեք 50 գ հավի կրծքամիս, խոտաբույսերի զտված խառնուրդը լցրեք լաթե պարկը և իջեցրեք կաթսայի մեջ։ Կերեք շաբաթը 2 անգամ։
Կոպերի քրոնիկ արցունքակալում.
Խառնեք 1-ական ճ/գ թանթրևենու ծաղիկ, ընկույզի տերև, կռատուկի արմատ։
Ավելացրեք 600 մլ ջուր, հասցրեք եռման, եփեք 1-2 րոպե։ Թրմեք 30 րոպե։ Քամեք։ Խմեք 150-ական մլ, օրը 4 անգամ` նախքան սնվելը։ Շարունակեք` երեք, ընդմիջեք երկու շաբաթ։ Կրկնեք ըստ անհրաժեշտության (առնվազն ևս 1 անգամ)։
Տիրեոտոքսիկոզ. Խառնեք 1-ական թ/գ քարխոտի և կռատուկի արմատները, 2-ական թ/գ մատիտեղ թռչնի և առյուծագի խոտերը, ալոճի ծաղիկ։ Ավելացրեք 500 մլ ջուր, եռացրեք 5 րոպե։ Թրմեք 2 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս, ընդմիջեք 5 օր, կրկնեք ևս 3 անգամ։ Շարունակեք 4 ամիս ընդմիջումներով։
Հոդատապ. Խառնեք կռատուկի արմատը, մանուշակ եռագույնի և բերենիկե բժշկականի (Veronica off.) խոտերը, չայիր սողացողի արմատը (3։3։2։2)։ Հումքի 2 ճ/գ-ին ավելացրեք 400 մլ եռջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 4-5 անգամ, սնվելուց 1 ժամ հետո։
Լյարդի և աղեստամոքսային համակարգի հիվան.դությունների բուժման ընթացքում խմեք տերևի թուրմը գոլ վիճակում` 1 ճ/գ թրմեք ինչպես թեյը։
Ստամոքսի խոց. Կերեք առանց սահմանափակման կռատուկի արմատի մանր քերվածք։
Չիբան. Աղացեք տերևը, դրեք վերքի վրա։
Այրվածք․ Աղացեք տերևը, խառնեք վազելինի հետ (2։1)։ Մշակեք վերքը։
Կորյակներ. Խառնեք հավասար քանակությամբ կռատուկի և կղմուխի արմատներ, սրոհունդի խոտ, ընկույզի տերև։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 2 անգամ։
Յուղամզվածք. 20 գ կռատուկի թարմ արմատին ավելացրեք 200 մլ ձիթապտղի յուղ։ Մեկ օր թրմեք տաք տեղում, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, պարբերաբար խառնեք փայտե գդալով, քամեք։ Նախատեսված է մազերի խնամքի համար, կանխարգելում է մազաթափությունը։ Ներմերսեք գլխամաշկին, 1 ժամից լվացեք մազերը։
Մազարմատներն ամրացնող միջոցներ
2ճ/գ կռատուկի արմատին ավելացրեք 500 մլ եռջուր։ Եփեք թույլ կրակի վրա` մինչև մնա հեղուկի կեսը։ Անջատեք կրակը և անմիջապես ավելացրեք 2 ճ/գ տրորած սամիթի սերմ։ Կես ժամից թուրմը (հումքի հետ) լցրեք ջերմապահի մեջ և թրմեք ևս 3 ժամ։ Օրումեջ ներմերսեք գլխամաշկին, շարունակեք 2 ամիս։ Նաև կանխարգելում է մազերի վաղաժամ գունափոխումը։
Խառնեք կռատուկի արմատը, եղինջի տերևը (1։2)։ 100 գ հումքը 2 ժամ թրմեք 1 լ եռջրում։ Նախատեսված է մազերը լվանալու և ցայելու համար։
Խառնեք հավասար քանակությամբ ուռենի սպիտակի կեղևը, կռատուկի արմատը։ 4 ճ/գ հումքին ավելացրեք 1 լ ջուր։ Հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք 15 րոպե։ Թրմեք մինչև հովանալը, քամեք։ Ներմերսեք գլխամաշկին։
Խառնեք կռատուկի և խնկեղեգի արմատները, գայլուկի կոները, վաղենակի ծաղիկները (4։4։3։2)։ 3 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք։ Ներմերսեք գլխամաշկին քնելուց առաջ։
Կարևոր է հիշել, որ տարվա ցուրտ եղանակին չի կարելի տանից դուրս գալ առանց գլխարկի: Գլուխը պետք է լվանալ ոչ շատ տաք ջրով (մոտ 50C): Չի կարելի լվանալ մազերը ծորակի ջրով, այլ պետք է թրմել եռացրած ջուրը մինչև հովանալը, ևս մեկ անգամ եռացնել և թրմել, որից հետո հասցնել անհրաժեշտ ջերմաստիճանի։
Ուժեղ մազաթափության դեպքում անհրաժեշտ է համապատասխան մասնագետի խորհուրդը։
Կան դեղաբուսային թուրմեր, որոնք նախատեսված են և արտաքին, և ներքին օգտագործման համար.
Խառնեք եղինջի և ջղախոտի տերևները, սրոհունդի խոտը, կռատուկի արմատ (բոլորը 30-ական գրամ), վաղենակի և անմեռուկի ծաղիկները, եգիպտացորենի մազմզուկներ, սրոհունդի խոտ (բոլորը 50-ական գրամ)։ Հումքը 2 ժամ թրմեք 2լ եռջրում, տաք տեղում (տարան փաթաթեք լաթով)։ Լվացեք կամ ցայեք մազերը, խմեք 70-ական մլ` օրը 3 անգամ, սնվելուց կես ժամ առաջ։
Աղբյուրը։