Առավոտյան սուրճը մեզանից շատերի համար օրը սկսելու լավագույն միջոցն է: Բայց արդյո՞ք լավ է այն առավոտյան, այն էլ՝ սոված փորին:
Սուրճը շատ օգտակար է առողջության համար, և սա բազմիցս ապացուցված է: Այն թեթևացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը, օգնում է նյարդային համակարգին:
Օրական 3 բաժակից ավել սուրճի օգտագործումն իջեցնում է մահվան ռիսկը:
Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս առավոտյան սուրճ խմել: Այն խանգարում է մարսողական համակարգին: Սուրճն արագացնում է ստամոքսի հեղուկի արտադրությունը, ու եթե ոչինչ չեք կերել, սա կարող է վնաս հասցնել:
Սուրճի չափազանց շատ օգտագործումը կարող է նյարդային համակարգի խնդրի պատճառ դառնալ, այդ իսկ պատճառով ավելի լավ է սուրճ խմել հաց ուտելուց հետո: Իդեալական է առավոտյան 8-9-ն ընկած ժամանակահատվածը:
***
Հաշվի առնելով այս ըմպելիքի օգտագործման հաճախականությունը՝ արդեն մի քանի տասնամյակ գիտնականներն ուսումնասիրում են սուրճի՝ մարդու օրգանիզմի վրա ունեցած ազդեցությունը։ Հետազոտություններից պարզ է դարձել, որ սուրճի չափավոր քանակությունը՝ օրական 2-4 գավաթը, մարդու առողջությանը որեւէ վնաս չի հասցնում, սակայն կա մեկ բացասական գործոն՝ կոֆեինային ըմպելիքի նկատմամբ շատ արագ կախվածություն է առաջանում։ Սուրճի սիրահարների համար առանց սուրճ խմելու անցկացրած 12-24 ժամն էլ բավական է, որ գլխացավ ունենան, ապակենտրոնացում, ընկճվածություն եւ այլն։
Ֆրանսիացի գիտնականները սուրճի ազդեցությունը հետազոտել են 25 տարի շարունակ։ Նրանք օրական 2000-ից ավելի մարդու տվել են 5-6 բաժակ սուրճ։ Պարզվել է, որ հետազոտվողների 65%-ը սրտանոթային հիվանդություններ են ձեռք բերել։ Չնայած դրան, այս գիտնականները ապացուցել են, որ սուրճի կոֆեինն ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքը, արագացնում է նյութափոխանակությունը, 2 անգամ ուժեղացնում է հիշողությունը, աշխատունակությունը եւ ռեակցիան։ Նրանք փաստում են, որ ավելի արդյունավետ է աղացած սեւ սուրճը, քան լուծվողը։
Մի շարք գիտնականներ էլ պարզել են, որ այս ըմպելիքի մոլի երկրպագուների արյան մեջ խոլեստերինը զգալիորեն բարձր է, քանի որ սուրճի հատիկներում յուղ է պարունակվում, որը կարելի է հեռացնել այն եփելու ժամանակ՝ օգտագործելով թղթե ֆիլտր, որն իր վրա է վերցնում յուղային ողջ պարունակությունը։
Սուրճի մեջ պարունակվող կոֆեինն է պատճառը, որ այն բավականին առույգացնում է, թարմացնում։ Սուրճը նաեւ միզամուղ է, ցավերը մեղմացնող եւ քունը վանող, սակայն այս ըմպելիքի չարաշահումը կարող է վնաս հասցնել։ Մասնագետները հավաստիացնում են, որ չափից շատ սուրճի օգտագործումը վնասակար է սրտի համար, այն զարկերակն արագացնում է, արյան ճնշումն է բարձրացում, գլխացավ, անքնություն, ընդհանուր թուլություն եւ ձեռքերի դող է առաջացնում, դեմքին դեղնություն է տալիս։
Այդ իսկ պատճառով սրտանոթային հիվանդություններ եւ ճնշման տատանումներ ունեցողներին խորհուրդ չի տրվում սուրճ օգտագործել։ Չնայած կա նաեւ այլ բժշկական տեսակետ, ըստ որի՝ կոֆեինը, որով հարուստ է սուրճը, բարերար ազդեցություն է թողնում արյունատար անոթների վրա։
Բժիշկների կարծիքները նույնն են ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցի եւ վահանաձեւ գեղձի հիվանդություններ ունեցողների պարագայում։ Մասնագետներն արգելում են նրանց սուրճ խմել։ Կարծիք կա, որ սուրճը տարիների ընթացքում ալերգիաներ եւ ոսկորների փխրունություն էլ է առաջացնում։ Ցանկալի չէ նաեւ սոված ժամանակ սուրճ ըմպել, որովհետեւ արագ լավացած ինքնազգացողությունը 40-50 րոպեից իր բարելավման ազդեցությունը կորցնում է։ Պետք չէ նաեւ լավ սնվելուց անմիջապես հետո խմել։
Ինչ վերաբերում է սուրճի մեջ ավելացվող կաթին, սուրճին, պաղպաղակին, կոնյակին եւ այլն, ապա այստեղ գիտնականների կարծիքները նույնպես միանշանակ չեն։ Մի մասը կարծում է, որ դրանք վնաս են հասցնում մաշկին, իսկ մյուսները հավաստիացնում են, որ անհրաժեշտ են։
Ռուս գիտնականները փաստում են, որ սուրճը չի կարելի ըմպել ոգելից խմիչքի հետ, քանի որ վնաս է հասցնում սրտանոթային համակարգին եւ խորհուրդ են տալիս՝ սուրճն ավելի օգտակար դարձնելու համար այն պատրաստել մասուրի հյութով կամ գոլ ջրով, իսկ եթե ոչ, ապա սուրճի հետ միասին պետք է գոնե սառը ջուր խմել, որպեսզի այն չվնասի ստամոքսը։
Այս ոլորտում բազմաթիվ հետազոտություններ անցկացրած գիտնականները պարզել են նաեւ, որ միայն խմելով չի բացահայտվում այս ըմպելիքի օգտակարությունը։ Գերմանացի հետազոտողները հայտարարել են, որ սուրճը կարող է փրկել մարդկանց ճաղատացումից։ Խոսքը մեծ քանակությամբ սուրճ խմելու մասին չէ, այլ մազերը դրանով լվանալու։
Սրան որպես հավաստիացում նշենք նաեւ ժողովրդական մեթոդ. Ճապոնիայում էլ սովորություն կա լողանալ սուրճով, այսինքն՝ սուրճի հատիկներով։ Նրանք լոգանք ընդունելիս ջրի մեջ լցնում են սուրճի հատիկներ եւ չորացրած անանասի կտորներ։ Ճապոնացիները հավատում են, որ այն իսկական փրկություն է հոգնած մարդու համար։
Գոյություն ունի սուրճի 4 տեսակ՝ արաբիկա, ռոբուստա, լիբերիկա եւ էքսկելսա. վերջինը չի օգտագործվում արտադրական նշանակությամբ, իսկ լիբերիկան օգտագործվում է միայն քիչ քանակությամբ խառնելով սուրճի հիմնական տեսակների հետ:
Աշխարհում առկա էլիտար սուրճերի 99%-ը ստացվում է արաբիկայից, սակայն սուրճի արտադրությամբ զբաղվողները հայտարարում են, որ արաբիկան եւ ռոբուստան իդեալական լրացնում են իրար. առաջինը պարունակում է ավելի շատ ածխաջրեր եւ ավելի քիչ կոֆեին, իսկ երկրորդը՝ հակառակը, այսինքն՝ արաբիկան ապահովում է սուրճի համն ու բույրը, ռոբուստան՝ թնդությունը։