Գաստրիտն աղեստամոքսային տրակտի ամենատարածված հիվանդություններից մեկն է, որի զարգացման հիմնական պատճառներն են սխալ սննդակարգն ու անորակ սննդի տևական գործունեությունը։
Բացի այդ, գաստրիտի զարգացմանն են նպաստում նաև ալկոհոլի, նիկոտինի ու դեղորայքի գործածությունը, ինչի պատճառով էլ այս հիվանդությունն այսքան տարածված է։
Հիվանդությունը բնորոշվում է ստամոքսի արտազատիչ ու շարժողական գործառույթների խանգարմամբ և դրսևորվում ախորժակի վատթարացմամբ, գխտոցով, ստամոքսի այրոցով ու ծանրության զգացմամբ, ինչպես նաև ստոծանու հատվածի ցավով։
Այս խանգարման բուժման ու կանխարգելման հիմնական միջոցը սննդակարգի կարգավորումն է, սակայն գաստրիտի սրման դեպքում միայն նման միջոցների ձեռնարկումը կարող է բավարար չլինել տհաճ զգացողություններից ազատվելու համար։ Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս ընդունել բուսական թուրմեր, որոնք շատ արդյունավետ են ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տասը ժողովրդական դեղամիջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն պայքարել գաստրիտի դեմ, կմեղմեն ցավոտ զգացողություններն ու կկանխեն հիվանդության սրացումները։ Այս պարզ ու հասանելի միջոցները մասնագետի նշանակած սննդակարգի հետ համադրելու դեպքում կարելի է հեշտությամբ մեղմել հիվանդության տհաճ դրսևորումներն ու կանխել դրանց կրկնությունը։
Մի բաժակ կարտոֆիլի թարմ հյութին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, լավ խառնել մինչև մեղրը լուծվի, այնուհետև խմել ստացված խառնուրդն օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ 1/3 բաժակ։ Այս խառնուրդով բուժման կուրսը տևում է 10 օր, որից հետո հարկավոր է 10 օր դադար անել և կրկնել կուրսը։
Գազարը լվանալ ու կեղևազրկել, այնուհետև քերիչով մանրացնել ու քամել հյութը։ Ստացված հյութը հարկավոր է խմել օրական մեկ անգամ կես բաժակ։ Այն կօգնի նվազեցնել ստամոքսի թթվայնությունն ու կմեղմի հիվանդության տհաճ դրսևորումները։
Հալվեի ստորին հաստ տերևները մանր կտրատել, այնուհետև 1:1 հարաբերակցությամբ խառնել կտրատված տերևներն ու մեղրը։ Ստացված խառնուրդը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ ուտելուց 15 րոպե առաջ մեկական թեյի գդալ։ Բուժման կուրսը տևում է երեք շաբաթ։
5 գրամ անիսոնի պտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, երկու ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև ստացված թուրմն ընդունել օրական 3-4 անգամ 1/4 բաժակ։
Թարմ առյուծագիի հյութը քամել և ընդունել օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ մեկական թեյի գդալ։ Այս հյութը կօգնի հեշտությամբ մեղմել ստամոքսի ու աղիների տհաճ սպազմները։
1 ճաշի գդալ եղնջի տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել խառնուրդը թույլ կրակին ու եռացնել 10 րոպե, այնուհետև թողնել թուրմը սառչի և քամել։ Ստացված եփուկը հարկավոր է ընդունել օրական 4-5 անգամ մեկական ճաշի գդալ։
2 թեյի գդալ վաղենակի ծաղիկներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե, այնուհետև քամել և ստացված թուրմը խմել օրվա ընթացքում։
3 ճաշի գդալ չիչխանի հատապտուղներին ավելացնել կես լիտր տաք ջուր, դնել թույլ կրակին ու եռացնել 10 րոպե, այնուհետև քամել, ավելացնել մեղր (ըստ ճաշակի) և խմել որպես թեյ։
Կարտոֆիլը լվանալ ու կեղևազրկել, այնուհետև խաշել առանց աղի, ստացված եփուկը քամել և խմել օրական 3 անգամ կես բաժակ։
Տհաճ զգացողությունները մեղմելու և հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար շատ արդյունավետ կարող է լինել նաև մեղրով կաթը։ Պարզապես հարկավոր է 2 ճաշի գդալ մեղրը լուծել մի բաժակ կաթի մեջ և խմել ստացված խառնուրդը։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: