Ցավոտ զգացողություններով ու այրոցով ուղեկցվող միզազատությունը բավական տարածված խնդիր է, սակայն դրա պատճառները ոչ բոլորին են հայտնի։
Մասնագետների խոսքով՝ նման տհաճ ախտանշանը, որի գիտական անվանումն է դիզուրիա, առաջին հերթին վկայում է միզասեռական համակարգում ընթացող բորբոքային գործընթացների մասին, ինչը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Նման բորբոքումները կարող են բավական վտանգավոր լինել, սակայն այնուամենայնիվ խուճապի մատվելու կարիք չկա։
Մասնագետները ներկայացրել են ցավոտ միզազատության հիմնական պատճառներն ու նշել թե որ դեպքերում է հարկավոր անհապաղ դիմել բժշկին։
Դիզուրիայի պատճառ կարող են հանդիսանալ բազմաթիվ գործոններ, որոնց շարքին են դասվում միզուղիների վարակները (ցիստիտ, ուրետրիտ, պիելոնեֆրիտ), սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, շագանակագեղձի բորբոքումը, երիկամներում առաջացած քարերը, ձվարանների կիստաները, կաթնասնկախտը և անգամ սխալ ընտրված դեղամիջոցը կամ շփումը քիմիական գրգռող նյութի հետ։ Բոլոր այս ախտաբանությունները ենթադրում են բուժում, սակայն ոչ միշտ է բուժօգնությունն անհապաղ անհրաժեշտ լինում։
Մանագետների խոսքով՝ հնարավորինս շուտ մասնագետին դիմելու և բուժումը սկսելու կարիք է լինում, երբ նկատվում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են.
- գոտկատեղի հատվածի զգալի ցավը,
- մեզի մեջ արյան առկայությունը,
- պղտոր կամ սուր տհաճ հոտով մեզը,
- սեռական օրգաններից նկատվող արտասովոր արտադրությունը,
- մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը։
Բացի այդ, ցավով ու այրոցով ուղեկցվող միզազատությունը ենթադրում է անհապաղ բուժզննում անցնելու անհրաժեշտություն, եթե կինը հղի է, հիվանդի մոտ առկա են իմունային համակարգի հետ կապված խնդիրներ կամ նրա երիկամներում երբևէ քարեր են հայտնաբերվել։
Եթե ցավոտ միզազատությունը չի ուղեկցվում որևէ այլ ախտանշանով, ապա մասնագետին դիմելն ու բուժզննում անցնելը կարելի է հետաձգել մի քանի օր, քանի որ որոշ դեպքերում օրգանիզմը կարող է ինքնուրույն հաղթահարել խնդիրը։ Եթե տհաճ զգացողությունները չեն մեղմվում մի քանի օրվա ընթացքում կամ էլ ավելի են ուժգնանում, ապա հարկավոր է հնարավորինս շուտ դիմել բժշկին։