Արյունխմիկը հայկական ժողովրդական բժշկության մեջ հայտնի է եղել որպես լուծը և աղիքային արյունահոսությունը դադարեցնող, դաշտանը կարգավորող, հավկուրությունը բուժող (հյութը աչքերին կաթեցնելու եղանակով) և արյան ճնշումը իջեցնող միջոց։
Արյունխմիկ (լատ.՝ Sanguisorba), արյունածուծ, արյունխոտ, կարմրագլխիկ, ջերմատակ: Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արյունխմիկ դեղատու (S. officinalis)։
Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, սապոնիններ, օսլա, ասկորբինաթթու, եթերայուղեր, կարոտինոիդներ, ներկանյութեր (մոխրագույն, կարմիր)։
Պատրաստուկները (եփուկ, մզվածք) օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև մաշկային հիվանդությունների, այրվածքների, լնդաբորբերի դեպքերում։ Մեղրատու է, գեղազարդիչ և կերաբույս։
Բուժման համար կիրառվում են հիմնականում բույսի արմատը և կոճղարմատը, երբեմն էլ նրա վերգետնյա մասը։ Մթերվում է աշնանը, երբ սկսում են թառամել տերևներն ու ծաղիկները։ Արմատը հանում են բահով, թողնելով բուսուտների 30-50%֊ը՝ հաջորդ տարվա աճի համար։
Արմատը անջատելով վերգետնյա մասից, լվանում են սառը ջրով, կտրատում 10-15 սմ երկարությամբ, չորացնում արևի տակ կամ լավ քամհարվող սենյակում, կամ չորացնում՝ 40-50 աստիճանի պայմաններում։
Լավ չորացրած հումքը կորացնելուց պետք է դյուրաբեկ լինի։ Հումքը պահում են պարկի մեջ, պարբերաբար խառնելով։ Այն ունի սև, գորշավուն տեսք, կոտրված մասում՝ դեղնավուն, անհոտ․ խիստ տտիպ համով։ Հումքի պիտանելիությունը մոտ 5 տարի է։
Տարածված է Գեղարքունիքի, Լոռու մարզերի միջին և վերին լեռն, գոտիների ողողվող, անջրդի հովիտների մարգագետիններում ու բացատներում։ Կոճղարմատը հաստ է, փայտացող, կտրվածքում՝ գորշ դեղնավուն։
Ցուցումները
Ներքին արնահոսություններ, փորլուծություն, դիզէնտերիա, սալմոնելոզ:
Կիրառման ձևը
Խմել օրը 3 անգամ 3 ճաշի գդալ, ուտելուց առաջ:
Պահումը`
Դեղաբույսը չոր, մութ զով տեղում:
Եփուկը զով տեղում 2 օր:
Պատրաստման եղանակ
Եփուկ. Դեղատնից գնված 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր փակել և տաքացնել եռացող ջրում (ջրաբաղնիքում) 30 րոպե, շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 10 րոպե, քամել, ճզմել: Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի: