YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Զարկերակային գերճնշումը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է։ Սա սրտանոթային համակարգի քրոնիկ հիվանդություն է, որի դեմ ժամանակին միջոցներ չձեռնարկելը կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել և անգամ հանգեցնել մահվան։
Բուժման բացակայության դեպքում զարկերակային բարձր ճնշումը կարող է դառնալ այնպիսի վտանգավոր խանգարումների պատճառ, ինչպիսին են իշեմիկ անբավարարությունը, սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի կաթվածը, ուստի այս խանգարման կանխարգելումն ու բուժումը շատ կարևոր է։
Ինչպես նշում են Ռաշի համալսարանին կից գործող բժշկական կենտրոնի մասնագետները, զարկերակային գերճնշումը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», քանի որ այն հազվադեպ է ունենում ախտանշաններ, մինչդեռ ուղեկցվում է զարկերակային ճնշման կտրուկ ու անսպասելի բարձրացմամբ, ինչը կարող է հանգեցնել արյունատար անոթների, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող որոշ օրգանների վնասման։
«Զարկերակային բարձր ճնշումով մարդկանցից ոմանց մոտ կարող է նկատվել դրա կտրուկ բարձրացում, որի դեպքում զարկերակային ճնշման ցուցանիշը կարող է հասնել մինչև 180/120 մմ/սս», - նախազգուշացնում են մասնագետները։
Նրանց խոսքով՝ օրգանիզմի վիճակի նման փոփոխությունը բժշկին դիմելու լուրջ պատճառ է, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Բացի այդ, շատ կարևոր է նաև ինքնազգացողության վատթարացմամբ ուղեկցվող որոշակի ախտանշաններին հետևելը, քանի որ դրանք ևս կարող են հուշել նման վտանգավոր խնդրի զարգացման մասին։
Այդ ախտանշանների շարքին են դասվում տեսողության աղոտացումը, կրծքային հեղձուկը (ստենոկարդիա), գլխացավերը, հազը, սրտխառնոցն ու փսխումը, հևոցը, ձեռքեր, ոտքերի կամ դեմքի մկանների թուլությունը կամ թմրածությունը, ինչպես նաև անհանգստության, հոգնածության կամ ապակողմնորոշվածության զգացումը։
Վերոնշյալ ախտանշանները նկատելու դեպքում հարկավոր է հնարավորինս արագ դիմել բժշկին ու բուժզննում անցնել հնարավոր բարդություններից խուսափելու համար։ Ավելին՝ 40 տարեկանից բարձր անձանց մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ ստուգել զարկերակային ճնշման ցուցանիշներն ու պահել այն վերահսկողության տակ, քանի որ դա կօգնի ժամանակին նկատել խնդիրն ու կանխել դրա հետագա զարգացումն ու բարդացումը։