Ավելորդ քաշի պատճառները. 9 հիվանդություն, որոնք հանգեցնում են ճարպակալման


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Քաղցրակերությունն ու լավ ախորժակը ճարպակալման միակ խթանիչները չեն: Գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնց զարգացումը հանգեցնում է քաշի կտրուկ ավելացման ու ճարպակալման:

Ավելորդ քաշի պատճառները հաճախ կախված են ներքին օրգանների ու համակարգերի աշխատանքից: Հիմնականում ճարպակալման են հանգեցնում հորմոնալ խանգարումները, ինչպես նաև այդ հորմոններն արտադրող օրգանների (հիպոթալամուս, մակերիկամներ, ձվարաններ, վահանաձև գեղձ) խանգարումները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 հիվանդություն, որոնք նպաստում են ավելորդ քաշի առաջացմանը և առողջական վիճակի և ինքնազգացողության վատացմանը:

Ավելորդ քաշի առաջացման պատճառները

Կա պատճառների երեք խումբ, որոնք նպաստում են ճարպակալմանը և թույլ չեն տալիս ազատվել ավելորդ քաշից:

· Հոգեբանական պատճառներ (անհանգստություն, սթրես, թախիծ, անքնություն, բացասական հույզեր և այլն),

· Սննդակարգի հետ կապված պատճառներ (ճարպոտ ու քաղցր սննդի, ինչպես նաև արագ սննդի գործածում, անկանոն սննդակարգ, շատակերություն դիետաներից հետո, հացադուլ և այլն),

· Ֆիզիկական ծանրաբեռնվածության՝ ավելի ճիշտ դրա բացակայության հետ կապված պատճառներ (նստակյաց ապրելակերպ, նստած աշխատանք, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայություն և այլն):

9 հիվանդություն, որոնք հանգեցնում են ճարպակալման

Մակերիկամների կեղևի գործառույթների խանգարում

Սա հանգեցնում է կարտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացման, ինչը նպաստում է ճարպակալմանը: Իցենկո-Կուշինգի համախտանիշը հնարավոր է ախտաորոշել անմիջապես բուժզննումից հետո: Դրա հիմնական ախտանշանը քաշի կտրուկ ավելացումն է:

Կորտիզոլի ավելցուկը կարող է առաջացնել նյութափոխանակության խանգարում: Այս հորմոնը խթանում է սպիտակուցների քայքայումը և հանգեցնում արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման: Սա ազդում է մկանային զանգվածի կտրուկ նվազմանը և ճարպային հյուսվածքների կուտակմանը: Ճարպը հիմնականում կուտակվում է որովայնի, ազդրերի և կզակի հատվածում, իսկ ոտքերն ու ձեռքերը մնում են նույնը:

Այս հիվանդությունը չի կարելի անտեսել, քանի որ այն կարող է առաջացնել ոչ միայն ճարպակալում, այլև քաղցկեղ:

Հիպոթիրիոզ. վահանաձև գեղձի գործառույթի խանգարում

Այս հիվանդությունը կապված է վահանաձև գեղձի հորմոնների արտադրության նվազման հետ: Այն կարող է ընթանալ առանց ախտանշանների և շատ երկար ժամանակ չնկատվել: Հորմոնների մակարդակի իջեցումը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման և, որպես հետևանք, ճարպերի կուտակման:

Հիմնական ախտանշաններն են հոգնածության զգացումը, հիշողության վատացումը, քնկոտությունը, աշխատունակության անկումը, անեմիան, փորկապությունը, դաշտանային ցիկլի խանգարումը:

Գենետիկա

Հիպոթալամուսի աշխատանքի խանգարումների հետևանքով կարող են առաջանալ այնպիսի գենետիկ ախտաբանություններ, ինչպիսիք են Կարպենտերի համախտանիշը, Պրադեր-Վիլլիի համախտանիշը և այլն: Օրգանիզմում հորմոնների ավելցուկը կարող է դառնալ շատակերության պատճառ և հիվանդը չի կարողանա տարբերել՝ հագեցել է օրգանիզմը, թե ոչ:

Մշտապես շատ ուտելու հետևանքով ստամոքսը կձգվի, մարսողությունը կխանգարվի և հիվանդի մոտ կառաջանա ճարպակալում:

Հիպոթալամուսի աշխատանքի խանգարումները ոչ միայն հանգեցնում են ճարպակալման, այլև նվազեցնում են մտավոր ակտիվությունը, ինչը կարեղ է դառնալ հետամնացության պատճառ: Բացի այդ, նման խանգարումները հաճախ առաջացնում են նաև զարգացման արատներ (ողնաշարի թեքություն, ոտքերի կամ ձեռքերի մատների քանակի ավելացում և այլն):

Հիպոֆիզար ճարպակալում

Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի վնասվածքներից հետո հնարավոր է առաջանա ճարպակալման այս տեսակը, որը պայմանավորված է սեռական համակարգի սխալ զարգացմամբ: Սեռական զարգացման ուշացումը կարող է նպաստել ճարպերի կուտակմանը: Այս հիվանդությունն ի հայտ է գալիս մանկական կամ պատանեկան տարիքում՝ սեռական հասունացման ընթացքում:

Շատ կարևոր է, որ ծնողներն ուշադրություն դարձնեն երեխայի քաշի տատանումներին: Եթե երեխան կտրուկ գիրանում է, հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել:

Պիկվիկի համախտանիշ

Այս հիվանդությանը բնորոշ է ճարպակալումն ու շնչառական անբավարարությունը, սակայն թոքերի ախտաբանություններ չեն առաջանում: Պարզապես հիվանդը ստիպված է լինում ավել հաճախ շնչել ու արտաշնչել ավելորդ քաշի պատճառով: Այս համախտանիշը առավել հաճախ առաջանում է 40-60 տարեկան տղամարդկանց մոտ:

Գիտնականները դեռ չեն գտել այս հիվանդության առաջացման պատճառները: Այն սկսվում է կենտրոնական նյարդային համակարգի խանգարումից հետո քաշի կտրուկ ավելացմամբ, ինչը հանգեցնում է քնի խանգարումների, ախորժակի ավելացման, անինքնավստահության: հիվանդները զգում են հոգնածության զգացում, քնկոտություն և ունենում են շատ լավ ախորժոկ:

Insulinoma

Սա նորագոյացություն է, որը նպաստում է արյան մեջ մեծ քանակությամբ ինսուլինի արտազատմանը, ինչի հետևանքով արյան մեջ ինսուլինի մակարդակը բարձր է լինում, իսկ շաքարինը՝ ցածր և առաջանում է հիպոգլիկեմիա:

Հիվանդության ախտանշաններն են սառը քրտինքը, դողը, տախիկարդիան (հաճախասրտություն), քաղցի ու վախի զգացումը, լսողության, տեսողության, խոսքի ու ձայնի խանգարումները: Ծանր դեպքերում հիվանդների մոտ կարող են սկսվել ջղաձգումներ ու կոմա:

Դաշտանադադարային ճարպակալում

Դաշտանադադարի ժամանակ կանանց մոտ նվազում է սեռական հորմոնների արտադրությունը, որն իրականցնում են ձվարանները, ինչը հանգեցնում է ազդրերի, որովայնի, ոտքերի և կզակի հատվածում ավելորդ ճարպերի կուտակման: Այս տեսակի ճարպակալումը կարող է նաև առաջանալ ձվարանները վիրահատական ճանապարհով հեռացնելուց հետո:

Հոգեկան խանգարումներ

Հոգեկան շատ խանգարումներ, ինչպիսին շիզոֆրենիան կամ դեմենցիան (թուլամտություն) են, ուղեկցվում են պոլիֆագիայով՝ շատակերությամբ: Հիվանդը «տարվում» է սննդի ընդունման գործընթացով և չի նկատում, որ օրգանիզմն արդեն հագեցել է:

Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ

Այս հիվանդությունը դրսևորվում է կանանց օրգանիզմում տղամարդկանց հորմոնների մակարդակի բարձրացմամբ, ինչի հետևանքով ավելանում է մազածածկույթը (ինչպես տղամարդկանց մոտ), տեղի չի ունենում ձվազատում, առաջանում է անպտղություն, նկատվում են դաշտանային ցիկլի խանգարումներ կամ բացակայություն: Սեռական համակարգի աշխատանքի խանգարման հետևանքով առաջանում է նաև ճարպակալում:

Ավելորդ քաշի պատճառները կարող են շատ տարբեր լինել: Վիճակագրական տվյալներով՝ ճարպակալման դեպքերի միայն 25%-ն է պայմանավորված որևէ հիվանդությամբ: Մնացած 75%-ի պատճառը անհրաժեշտ ֆիզիկական ակտիվության բացակայությունն է, սխալ սննդակարգը և կալորիաների սխալ գործածությունը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․