4 տարածված սովորություն, որոնք կարող են հանգեցնել լյարդի ախտահարման ու օրգանի աշխատանքի խանգարման


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Լյարդը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, որը վերահսկում է հորմոնալ հավասարակշռությունը, կարգավորում է սպիտակուցների, ճարպերի ու շաքարի փոխանակությունը, ինչպես նաև կուտակում է վիտամինները, արտադրում է կենսական նշանակություն ունեցող սպիտակուցներ և դուրս է բերում վնասակար տոքսիններն օրգանիզմից։ Սա է պատճառը, որ հարկավոր է անել հնարավոր ամեն բան այս օրգանի առողջությունն ու ակտիվությունը պահպանելու համար։

Սովորաբար լյարդի հիվանդությունները մտազուգորդվում են ալկոհոլի չարաշահման հետ, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ ալկոհոլային ըմպելիքները կործանարար ազդեցություն են ունենում լյարդի վրա՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ սա միակ գործոնը չէ, որը կարող է վնասել լյարդին։ Գոյություն ունեն բավական անվնաս, իսկ երբեմն էլ անգամ օգտակար համարվող սովորություններ, որոնք իրականում կարող են խիստ վնասակար ազդեցություն ունենալ լյարդի վրա։

Ահա նման անվնաս թվացող սովորություններից մի քանիսը, որոնցից հարկավոր է հնարավորինս խուսափել լյարդի առողջության պահպանման համար։

Վիտամինների ընդունում


Սովորաբար մարդիկ տարատեսակ վիտամինային հավելումներ են ընդունում առողջական վիճակի բարելավման համար, սակայն մասնագետները հորդորում են շատ ուշադիր լինել դրանց ընդունման դեպքում, քանի որ վիտամինները կարող են վնասել լյարդը։ Օրգանի վիճակի վրա, մասնավորապես, բացասաբար են անդրադառնում վիտամին A-ն և վիտամին B3-ը (նիացին), ուստի դրանց ընդունման դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել։ Մասնագետների խոսքով՝ այս տարրերն առաջին հերթին հարկավոր է ստանալ սննդամթերքից, ուստի հավելումների ընդունման անհրաժեշտությունից խուսափելու համար հարկավոր է հարստացնել սննդակարգը մեծ քանակությամբ սննդարար մթերքով՝ ապահովելով ուտեստների ու բաղադրիչների բազմազանությունը։


Պարացետամոլի գործածություն


Բոլորին էլ հայտնի է, որ լյարդի հիմնական գործառույթներից մեկը տոքսինների տարրալուծումն է, սակայն ոչ բոլորն են հաշվի առնում այն փաստը, որ տոքսին են համարվում ոչ միայն ալկոհոլային ըմպելիքները, այլև դեղամիջոցները։ Սա է պատճառը, որ հաճախակի դեղորայքի ընդունումը կամ չարաշահումը կարող են խիստ վնասակար լինել լյարդի համար։ Եթե դեղորայքային բուժման ընթացքում նկատվում են որովայնի վերին հատվածի ցավեր, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկին։ Հատկապես վնասակար կարող է լինել ամենատարածված դեղամիջոցներից մեկը՝ պարացետամոլը, որը մեծ չափաբաժնով ընդունելը կործանարար է լյարդի համար։

Մրգերի չարաշահում


Մրգերը համարվում են շատ օգտակար մթերք ու առողջ սննդակարգի բաղկացուցիչ մասն են կազմում, սակայն դրանց չարաշահումը ևս կարող է շատ վտանգավոր լինել։ Բանն այն է, որ մրգերը հարուստ են մեծ քանակությամբ ֆրուկտոզայով, որի չարաշահումն էլ բարձրացնում է լյարդի չարաշահման հավանականությունը։ Մարդիկ կարող են խուսափել ճարպերի ու ածխաջրերի չարաշահումից, սակայն ուշադրություն չդարձնել օգտագործվող մրգերի քանակությանը, ինչն էլ կործանարար կլինի լյարդի համար։

Ավելորդ քաշ


Շատերը թերագնահատում են նաև լյարդի վրա ավելորդ կիլոգրամների ունեցած կործանարար ազդեցությունը, մինչդեռ ավելորդ քաշի առկայությունը ենթադրում է, որ լյարդի բջիջներում նույնպես կարող է ճարպ կուտակվել՝ հանգեցնելով լյարդի ճարպակալման։ Այս հիվանդությունն էլ իր հերթին կարող է ժամանակի ընթացքում վերածվել լյարդի ցիռոզի կամ ֆիբրոզի, ուստի նման լուրջ հետևանքներից խուսափելու և լյարդի առողջությունը պահպանելու համար հարկավոր է անպայման ազատվել ավելորդ քաշից և վերահսկողության տակ պահել առօրյա այն սովորությունները, որոնք կարող են հանգեցնել ճարպակալման։



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․