Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մետաքսե
ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ
Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:
***
Տոնածառի հանդեսում
Էհե˜յ, ո՞ւր եք լռել, ո՞ւր,
Ձմեռ Պապն է եկել հյուր,
Շրջան կազմեք, պար բռնեք,
Երգենք, ծափ տանք ու թռնենք:
Մեջտեղ արի´, Զարուհի,
Այ իմ Ձյունիկ-պարուհի,
Ի՞նչ Նոր տարի առանց քեզ.
Ուրախացրու մի քիչ մեզ:
Բա դո՞ւ, շլդիկ փափկամազ,
Ինձ մոտ արի վազեվազ,
Ցույց տուր ծուռտիկ քո պարը,
Թող զարմանա աշխարհը:
Ի՞նչ ես քնել, այ բրդոտ,
Վեր կաց, դու էլ արի մոտ,
Եվ դու, փոքրիկ իմ սկյուռ,
Կաղին կտամ քեզ մի բուռ:
Դուք էլ եկեք, գայլ, աղվես,
Միայն կարգին պահեք ձեզ,
Նոր տարի է, Նոր տարի,
Եղեք խելոք ու բարի:
Դե˜հ, հավաքվեք, պար բռնենք
Երգենք, ծափ տանք ու թռնենք,
Որ բոյ քաշենք մեծանանք, Այսպես փոքրիկ չմնանք:
***
Ռաֆայել Պատկանյան
ՆՈՐ ՏԱՐԻ
Ահա՛ հասավ Նոր տարի,
Հետը բերեց նոր բարի,
Մանըր տըղոց` ուրախ օր,
Բարի զավակ` հորն ու մոր:
Մանըր տըղայք են ուրախ,
Ունին կաղին, կոզինախ,
Սալորի չիր, չամիչ, թուզ,
Փըշատ , ունաբ ու ընկույզ:
Մանըր տըղայք` չի մոռնաք,
Աշխարհքումըս չեք մենակ,
Ուրիշ շատ խեղճ տըղայք կան
Աղքատ և անօգնական:
Նոքա հայր և մայր չունեն,
Սև չոր հացի կարոտ են.
«Աղքատներին ողորմած Եղե՛ք», կասե ձեզ աստված:
***
Նոր Տարի
Խոսք՝ Ն. Ստեփանյանի Երաժշ.՝ Գ. Չթչյանի
Զարդարվել ես տոնածառ,
Դարձել շքեղ ու պայծառ,
Լույսերիդ մեջ տոնական Խնդուն մանկան ես նման:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի, Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ Ձմեռ պապին մեր բարի:
Հեռուներից ես եկել, Քո մայր անտառն ես թողել,
Որ քեզ չզգաս դու մենակ, Շուրջդ երգ, պար են բռնել:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի, Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ
Ձմեռ պապին մեր բարի:
Բռնենք շրջան ծափ-պարի,
Թող ծիծաղը վարարի,
Քեզ էլ մեր լավ տոնածառ, Շնորհավոր Նոր տարի:
Կրկներգ.
Նոր տարի է, նոր տարի, Հանդես երգի ու պարի,
Բերել է մեզ նվերներ Ձմեռ պապին մեր բարի:
***
Նոր տարվա նվերը
- Ա՛յ Նոր Տարի, գա՛լդ բարի,
Դու մեզ նվեր ի՞նչ ես բերել:
Քաղցր խնձո՞ր, չի՞ր ու սալո՞ր,
Թե տա՞նձ ու նու՞ռ, չամիչ մի բո՞ւռ...
- Ջա՜ն, մանուկնե՜ր, թո՛ղ ձեզ մրգեր Մայրիկը տա՛, ինձ մոտ չկա:
Ես ձեզ համար մի-մի հարմար Գիրք եմ բերել՝ մեջը պատկեր:
Սրա նման ուրիշ մի բան Էլ չգտա՝ իբրև ընծա:
Գիրքն է տալիս մտքեր բարի, Երգ, ցնծություն, խաղեր սիրուն:
***
Հովհաննես Թումանյան
Նոր տարի Դու էլ արի, Նորեկ տարի, Գըլխիս վերից
Անցիր — գընա, Ինչպես մի օր Թեթևասահ, Որ արևի
Վառ ժըպիտով. Հողմ ու շանթի Սառն աղմուկով
Անց է կենում Ծաղկի վերից.
Իսկ նա հովտում, Իր հուսալից Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին, Ցնծում է կամ Մոտ է վերջին...
Ես էլ էնպես. Նորեկ տարի, Մի խոտ, մի բույս Ո՜չ ավելի:
Մի երկիր է Տվել մեզ կյանք, Մի երկինք է Պահել իր տակ. Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ Մի խոտ, ծաղիկ, Կամ թե մի մարդ...
Մենակ իրար Չենք հասկանում,
Բայց ապրում ենք Մի սահմանում,
Մի ճամփով էլ Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք Մի հող դառնանք,
Անհետ, անտես Կորչենք, ինչպես Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,– Լոկ հյուլեներ Տիեզերքի:
***
Պարույր Սևակ
Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով,
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով,
Իբրև պատասխան նրանց կարիքի.
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,
- Արի՜, Նո՛ր Տարի, Գալուստըդ բարի՜։
Արի՜, Նո՛ր Տարի, Բայց... այնպե՛ս արի,
Որ ատոմական այս ահեղ դարի Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի
Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ,
Եվ նրա անտես սլաքները զույգ Իրենց վիրավոր թևաթափությամբ
Ոչ թե մեզ կրկին
Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն,
Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին Մեր զույգ աչքերի հայացքը տանեն...
……………………………………………
Արի՜, Նո՛ր Տարի, Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով Ուշ մնացածին, Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին, Հիասթափվածին՝ նոր մի հիացում, Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ, Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,
-Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք, Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր...
Պ. Սևակ