Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Համաշխարհային պատերազմի տարիներին բուժակների, սանիտարների ուսապարկերում փամփուշտների հետ նաև կալիումի պերմանգանատ էր լինում, որը լայնորեն կիրառվում էր նաև հոսպիտալներում՝ վերքերի բուժման նպատակով:
Երբ կոկորդն է ցավում, աղիքներն են խանգարվում կամ թունավորում է լինում, առաջինը կալիումի պերմանգանատ ենք (ժողովրդի ասած՝ մարգանցովկա) կիրառում:
Կալիումի պերմանգանատը (այսուhետ՝ մարգանցովկա) հետևյալ կերպ է գործում. թթվայնացնում է օրգանական նյութերը՝ անջատելով թթվածին: Դրանով է պայմանավորված այս նյութի հակամանրէ ու հականեխիչ ազդեցությունը:
Մարգանցովկայի ջրային լուծույթը հակաբորբոքային հատկությամբ է օժտված: Տարբեր խտությամբ այս լուծույթը կիրառվում է վերքերի լվացման, բերանի խոռոչն ու կոկորդը ողողելու, խոցային ու այրվածքային մակերեսները ցողելու համար: Մարգանցովկայի կիրառման շրջանակը շատ մեծ է: Նույնիսկ ներկայիս բազմատեսակ նոր սինթետիկ միջոցների առկայության պարագայում այն անփոխարինելի է գինեկոլոգիական, ուրոլոգիական, մաշկային խնդիրների լուծման համար:
Թունավորման դեպքում հակաթույների ցանկում մարգանցովկան առաջին բուժօգնության լավագույն ու կարևորագույն միջոցներից մեկն է համարվում:
Եվ, այդուհանդերձ, պետք է անպայման ընդգծել, որ պետք է զգույշ լինել մարգանցովկայի կիրառման ժամանակ: Մեծ խտությունների դեպքում այն կարող է այրել բերանի, կոկորդի, կերակրափողի, ստամոքսի, աղիների լորձաթաղանթը, այտուց, փսխում ու լուծ առաջացնել:
Մարգանցովկան այսօր էլ շատերն օգտագործում են նորածիններին լողացնելու համար կամ բանջարանոցներում՝ վնասատուների դեմ: Այն հակասնկային ազդեցությամբ է օժտված, ակտիվ թթվայնացման հատկության շնորհիվ սպանում է ինչպես մաշկի վրայի, այնպես էլ օրգանիզմում առկա վնասակար մանրէները՝ տարբեր վարակիչ հիվանդությունների հարուցիչները:
Բուժիչ հատկությունները
Արդյունավետ ախտահանող միջոց է: Լուծույթը հակասեպտիկ հատկություն ունի, չեզոքացնում է մորֆինի, մյուս ալկալոիդների, ֆոսֆորի թունավոր ազդեցությունը:
Մարգանցովկան, ախտահանելուց բացի, չորացնող հատկությամբ է օժտված, դրա համար էլ օգտագործում են մաշկաբուժության նպատակով ու վիրաբուժության մեջ:
Գաստրիտի ու գաստրոէնթերոկոլիտի առաջին իսկ նշանների դեպքում առաջին հերթին առաջարկվում է ստամոքսի լվացում մարգանցովկայի թույլ (վարդագույն) լուծույթով. դրա համար բավարար է խմել 0,5-2 լ լուծույթ, որից հետո ինքնաբեր փսխում առաջացնել՝ ստամոքսը տոքսիններից մաքրելու համար: Թունավորումների դեպքում ևս, երբ պետք է արագ փսխում առաջ բերել, տուժածին մարգանցովկայի թույլ լուծույթ են տալիս, որը նաև ստամոքս- աղիքային տրակտն ախտահանող դեղամիջոց է համարվում:
Լուծույթը սովորաբար աչքաչափով են պատրաստում՝ առաջնորդվելով՝ 10 բյուրեղ 1 լ ջրին խորհրդով, որը հետագայում, իհարկե, պետք է չափավորել ըստ գույնի: Կարևոր է, որ խմելու ժամանակ արդեն բոլոր բյուրեղները լուծված լինեն, հակառակ դեպքում չլուծված բյուրեղները մաշկի հետ շփումից կամ լորձաթաղանթի վրա հայտնվելով՝ այրվածք ու այտուց կառաջացնեն:
Թունավորման դեպքում առաջարկվում է մարգանցովկայի 2 բյուրեղը 1 բաժակ ջրին հարաբերությամբ լուծույթ օգտագործել, իսկ որ ավելի լավ է՝ մի բաժակի մեջ պատրաստել լուծույթը, ապա զգուշությամբ այն դատարկել մեկ այլ բաժակի մեջ, սակայն ոչ լրիվ, այնպես, որ նստվածքը մնա բաժակի տակ:
Նման լուծույթը հակասեպտիկ դեղորայքի նման դադարեցնում է վարակի օջախի տարածումը:
Մարգանցովկան գինեկոլոգիայում և ուրոլոգիայում
Թվարկված հատկությունների շնորհիվ մարգանցովկայով լուծույթը կիրառում են ուրոլոգիայում ու գինեկոլոգիայում սնկային, բակտերիալ հիվանդությունների դեմ:
Մարգանցովկայի լուծույթի ամենօրյա ցողմամբ են կանխարգելում կանանց սպիտակաթորանքը (կաթնասնկախտ): Տղամարդկանց ուրոլոգիական խնդիրների դեպքում արտաքին բորբոքային պրոցեսների պարագայում նույնպես առաջարկվում է լվացում մարգանցովկայի լուծույթով: Այս դեպքում ևս պետք է ուշադիր լինել, որ կալիում պերմանգանատի բյուրեղները ջրում լուծվեն, հակառակ պարագայում հնարավոր է՝ այրվածքներ առաջանան կամ լորձաթաղանթը բորբոքվի:
Հակացուցումները
Չի կարելի կիրառել, եթե այս նյութի նկատմամբ ալերգիա ունեք: Դա իսկույն կարող եք հասկանալ, եթե գործածումից հետո այտուց է առաջանում, լորձաթաղանթի գույնն է փոխվում, սուր ցավ կամ ցնցում է առաջանում խմելուց հետո, ևն: Նման երևույթներ նկատելու դեպքում իսկույն դադարեցրեք պրոցեդուրան:
Թթվայնացնելու հատկությունը նշանակում է, որ այն ոչ մի դեպքում համատեղելի չէ ակտիվացված ածուխի, շաքարի ու արագ թթվայնացվող մյուս նյութերի հետ կիրառելու համար:
Իսկ ի՞նչ է առաջարկում ժողովրդական բժշկությունը
Ժողովրդական բժշկության մեջ այն կիրառվում է կոշտուկներից առաջացած ցավի դեմ: Դրա համար վարդագույն լուծույթին կերակրի աղ են ավելացնում ու լցնում լոգաթասը, ոտքերը 20 րոպե իջեցնում այդ լուծույթի մեջ: Պրոցեդուրայի ավարտին ոտքերը չորացնելու հարկ չկա: Որոշ ժամանակից ցավն անցնում է: Ոչ մի դեպքում չի կարելի թունդ լուծույթ կիրառել (մանուշակագույն), քանի որ դա կարող է մաշկն այրել:
Նորածիններին հարինքներից պաշտպանելու համար կարելի է լողացնել մարգանցովկայի վարդագույն լուծույթով: Վերջույթների գերքրտնարտադրության, ոտքերի հոտի, թարախային կոշտուկների դեպքում կօգնի աղով ու մարգանցովկայով տաք լոգանքը, որից հետո պետք է ոտքերը լավ չորացնել ու ցանափոշի լցնել:
Բաց ու թարախահոս վերքերի մշակման դեպքում նույնպես այս լուծույթը լավ արդյունք է տալիս:
Բշտերով արտահայտվող մաշկային հիվանդությունների դեպքում առաջարկվում է ախտահարված հատվածի լվացում մարգանցովկայի լուծույթով:
Այսօր էլ շատերն են օգտվում բուժման հին մեթոդներից, որոնցից են բանկաները: Հին մեթոդը կիրառողները գիտեն, որ պրոցեդուրայից հետո մուգ հետքեր են մնում, իսկ երբեմն էլ բշտեր են գոյանում, որոնք լեցուն են պղտոր հեղուկով: Նման դեպքում էլ առաջարկվում է բանկաներից մնացած տեղը մշակել մարգանցովկայի 5-10%-անոց լուծույթով:
Թութքը բուժելու համար
1 թ. գդալ կերակրի սոդա, 1 ճ. գդալ ցանկացած տեսակի ձեթ, մարգանցովկայի բյուրեղներ ու 3 լ ջուր:
Պատրաստել հետևյալ կերպ. կալիում պերմանգանատի բյուրեղները լցնել տաք ջրի մեջ (պետք է ստացվի վարդագույն լուծույթ), ապա մնացած բոլոր բաղադրիչները:
Կիրառումը. 20 րոպե տևողությամբ լոգանք այդ լուծույթով: Պրոցեդուրան պետք է կատարել ամեն օր, մեկ շաբաթ:
Դիզենտերիայի դեմ
0,5 լ ջրին պետք է ավելացնել մարգանցովկայի բյուրեղներ. տարիքին համապատասխան այդ լուծույթի խտությունը պետք է ավելացնել (կրծքի երեխաներին՝ թույլ վարդագույն, իսկ հասուն մարդկանց՝ մորեգույն):
Այս լուծույթը խմելու հետ խորհուրդ է տրվում նաև հոգնա անել:
Եթե գորտնուկներն են անհանգստացնում, ապա ժողովրդական բժշկությունն առաջարկում է բոլոր այդ գերաճած ելուստները մշակել մարգանցովկայի թունդ լուծույթով, ամեն օր: Դրանից գորտնուկները չորանում են:
Բուժումը՝ բուժում, բայց երբեմն մանգանաթթվի կիրառումից հետո դժվարանցանելի հետքեր են մնում մաշկի կամ սպիտակեղենի վրա: Դրանք վերացնելու համար կարելի է կիրառել քացախ կամ կիտրոնաթթու: