Հայկական մատչելի մթերքներ, որոնք հիանալի նիհարեցնում են


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Մի լավ ասացվածք կա. «Հեռու ման եկան, մոտիկ գտան»։ Ահա ավանդական հայկական խոհանոցի ամենասովորական մթերքը կարող է փոխարինել անդրծովյան գերգովաբանվածներին։

Մեր հայրենակիցներից շատերը, գեղեցիկ կազմվածք ունենալու հետևից ընկած, փորձում են հայթայթել բավականին թանկ «նորաձև» մթերատեսակներ, օրինակ` կինոա կամ ծնեբեկ, որոնք հայտնի են օգտակար հատկություններով և ցածր կալորիականությամբ։ Մինչդեռ ավանդական հայկական խոհանոցը հարուստ է մթերատեսակներով, որոնք ոչ միայն շատ օգտակար են ու ցածր կալորիականություն ունեն, այլև ավելի մատչելի են։ Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այդ շարքից առանձնացրեց 5 մթերատեսակ։

 

 

Մածուն
Այս հանրահայտ կաթնամթերքի ամենամեծ առավելություն այն է, որ հարուստ է կալցիումով և օրգանիզմին անհրաժեշտ այլ տարրերով:

«Այդ իսկ պատճառով առանձնապես օգտակար է երեխաներին և դեռահասներին, որոնց ոսկրամկանային համակարգը ձևավորման ընթացքում է», – ասաց բժիշկը։

Այդ ամենից բացի, մածունը բարձր է գնահատվում, քանի որ պարունակում է մեծ թվով լակտոբակտերիաներ, որոնք անհրաժեշտ են աղիքների համար:

 

 

«Լակտոբակտերիաները բարենպաստ ազդեցություն են թողնում աղիքների միկրոֆլորայի վրա, այդ պատճառով էլ մածունը հաճախ օգտագործում են թունավորումներից հետո վերականգնվելու համար», – ավելացրեց նա։

Զարմանալի չէ, որ մածունը լայն կիրառում ունի հայկական խոհանոցում։ Այն, ջրի հետ խառնելով, օգտագործում են որպես զովացուցիչ ըմպելիք՝ թանը, որ առատ գործածվում է հատկապես ամռանը։ Մածնից պատրաստում են նաև ապուր՝ սպասը, թեև, ինչպես նշում են մասնագետները, ջերմային մշակման ժամանակ մթերքն օգտակար հատկությունների մի մասը կորցնում է:

Ավելուկ
Ավելուկը, դիետոլոգի խոսքով, հարուստ է բջջանյութով և հանքային աղերով։ Հայկական խոհանոցում այս կանաչուց ինչպես աղցաններ, այնպես էլ ապուր են պատրաստում։

«Ժողովրդական բժշկության մեջ ավելուկը լայնորեն կիրառվում է որովայնային ցավերը հանգստացնելու համար», – ասաց նա։

 

 

Պետրոսյանը նկատեց, որ շատ օգտակար են նաև հայկական ուտելի կանաչիների մյուս տեսակները` սիբեխ, սպանախ, համեմ, մաղադանոս, կանաչ սոխ և այլն։

«Կանաչին հայկական սեղաններին միշտ առատ է, բայց մենք նրան արժանի ուշադրություն չենք դարձնում», – ընդգծեց դիետոլոգը։

Լավաշ
Բավական օգտակար է և ցածր կալորիականություն ունի հայկական դասական լավաշը, որը պատրաստում են ցորենի ամբողջական հատիկներից ստացած ալյուրով և առանց թթխմորի։

«Այսպիսի լավաշը հարուստ է վիտամին B–ի և բջջանյութի պաշարով», – ասաց Պետրոսյանը։

 

 

Միևնույն ժամանակ նա նշեց, որ այսօր, ցավոք, այդպիսի լավաշ գտնելը դժվար է, որովհետև ցորենի ամբողջական հատիկներից ստացած ալյուրի դեֆիցիտ կա։

Թթի դոշաբ
Թթի դոշաբը հատկապես դուր կգա քաղցրասերներին, որոնք խուսափում են շաքարավազ օգտագործել։

«Դոշաբը պարունակում է թթի հանքային աղերի ողջ համալիրը։ Այն օգտագործում են նաև ժողովրդական բժշկության մեջ՝ որպես հազի դեմ արդյունավետ միջոց», – նշում է բժիշկը։

 

 

Նրա խոսքով՝ դոշաբը կարող է փոխարինել տարբեր ջեմերին, որոնց պատրաստման մեջ շաքար են օգտագործում։

Մասուր
«Հիմնականում մենք մասուրի թուրմ ենք օգտագործում։ Այն լավ է օգնում ամռանը, երբ, օրինակ, շոգից այտուցվում են ոտքերը, կամ երբ ճնշումն է բարձրանում։ Մասուրը հարուստ է C վիտամինով, հետևաբար բարենպաստ ազդեցություն է ունենում իմունային համակարգի վրա», – ընդգծեց Պետրոսյանը։

Բժիշկը հիշեցրեց, որ մասուրը (թուրմը, թեյը) նաև օգտագործում են որպես միզամուղ միջոց։

 

 

Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ ջերմային մշակման ժամանակ մասուրի վիտամինների և օգտակար հատկությունների մի մասը վերանում է։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․