Գիշերային ուղիղ եթեր՝ Հայկ Բլբուլյանի հետ - 11․05․2011թ․ (Ալ․Կիրակոսյան, Տերյան, Կապուտիկյան, Սահյան, Ռուբեն Հախվերդյան)

 


Գիշերային ուղիղ եթեր՝ Հայկ Բլբուլյանի հետ - 11․05․2011թ․ (Ալ․Կիրակոսյան, Տերյան, Կապուտիկյան, Սահյան, Ռուբեն Հախվերդյան)




Քո աչքերի հետ

Ես հավերժաբար զրույց եմ արել,

Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ,

Ուրիշ երկրի մեջ,

Ուրիշ մի վայրում...

Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել,

Քո աչքերի հետ:

Դու նա ես, որն իր բացակայությամբ,

Դատարկ է թողնում իմ էությունը:

Նա, ով արարվեց,

Որ ունայնության այս մթնոլորտում

Մենակ չմնամ:

Դու նա ես,

Ով ինձ ուրիշ մի դարում

Ասաց` սպասիր…

Սակայն այս դարում,

Ների’ր, չեմ կարող

Արդեն սպասել:         /Ալիսիա Կիրակոսյան/


Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,

Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,

Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝

Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,

Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.

Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝

Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չգիտեմ

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.

Քո հոգու վրա կա մի վարագույր,—

Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ..     /Վահան Տերյան/



Քեզ պիտի գաղտնիք բացեմ ես հիմա, 

Ես կգամ քեզ մոտ - 

Գուցե խենթացած սիրուց ու բախտից, 

Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ, 

Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի 

Սևից ու ստից: 

Սակայն իմացիր, 

Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով. 

Կգամ ինչպես կամ - 

Սիրիր, ինչպես կամ - 

Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր 

Լուսապսակով, 

Եղիր ինչպես կաս, 

Սիրիր ինչպես կաս. 

Քեզանից առաջ 

Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս, 

Դու եկար, 

Եվ ես լցված եմ մի ծովի նման, 

Բայց, աղաչում եմ, 

Շողում խոսքերով ինձ մի ամոքիր, 

Ատում եմ կեղծը - 

Ինձ իսկականն է հարկավոր միայն: 

Հրդեհ մի խաղա - 

Եթե կրակդ մարել է իրավ. 

Մի քաշվիր ցավից - 

Խաբվելու ցավը ավելի է մեծ. 

Ստից շնչահեղձ այս աշխարհի մեջ 

Արի գոնե մենք չխաբենք իրար...       /Սիլվա Կապուտիկյան/



Պատահում է սիրտդ լցվում,

Ու չի լալիս ժամանակին,

Ամպը անձրև է խոստանում,

Ու չի տալիս ժամանակին՝

Շտապում է կամ ուշանում.

Ես այդպես էլ գլխի չընկա,

Թե մեր ուզած ժամանակը,

Երբ է գալիս ժամանակին:        /Համո Սահյան/


Ծեր գնչուհին բախտս կարդաց

Իմ հայացքի մեջ մոխրացած

Նա կիսաձայն ինձ շըշնջաց

Որ ես Ճամփորդ եմ ուշացած

Որ իմ գնացքն արդեն մեկնել է

Ես ուշացել եմ նրանից

Նա ով իմ սիրտը գողացել է

Արդեն հեռու է ինձանից...          /Ռուբեն Հախվերդյան/


Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզանից,

Ես ինչ-որ մեկից զրկել եմ քեզ,

Բայց դո՛ւ հասկացի՛ր , հասկացի՛ր դո՛ւ ինձ՝

Այդ ինչ-որ մեկից փրկել եմ քեզ...


Դու ինչ-որ մեկին զրկել ես ինձանից,

Ինձ ինչ-որ մեկից զրկել ես դու,

Բայց դո՛ւ հասկացի՛ր, հասկացի՛ր դո՛ւ ինձ՝

Ինձ ինչ-որ մեկից փրկել ես դու:


ՈՒ չեմ իմանում փրկե՞լ ենք իրար,

Թե ամեն ինչից զրկել ենք իրար...        /Համո Սահյան/



Ես ատում եմ,

Որովհետև սիրում եմ քեզ-

Սա նման է համբուրվելիս շուրթ կծելուն,

Եվ արցունքի նման թեթև,

Ու շատ ծանր է ծիծաղի պես   

Ինչպես արյունն է հոսում բաց վերքից

Ու չի մակարդվում,

Սրտիցս այսօր անզուսպ հորդում է

Մի բուռ տխրություն:

Զուր են ճիգերս այն թաքցնելու,

Զուր է ամեն բան.

Ոչ մի կեղծ ժպիտ չի խցանելու

Տխրության ճամփան:

Ոչ մի ծաղկեփունջ չի լրացնելու

Բացն այն մեկ ծաղկի,

Որին ես այնքա՜ն լուռ երազել էի

Սպասումով գաղտնի:

Եվ մեկ ուրիշը չի լրացնելու

Քո տեղն իմ սրտում,

Իմ հոգու խորքում քեզ միշտ կհիշեմ

Ժպիտով թաքուն:

Ու ամեն անգամ մոմ կվառեմ նախ

Քո երջանկության,

Հետո նոր միայն երազանքներիս

Կատարման համար:

Այսքանից հետո փախչու՞մ ես ինձնից:

Խնդրեմ,քո առջև բաց են դռները,

Տխրությանս հետ կարող ես հոսել

Դեպի իմ կյանքի հորիզոնները:

Միայն խնդրում եմ` քեզանից հետո

Դու ամուր կողպեք մի’ դիր իմ սրտին.

Չեմ ուզում,որ իմ առաջին սերը

Ողջ կյանքում դառնա միակ ու վերջին...


Դու ինձ կփնտրես, երբ ես չեմ լինի

Կանգնած ամեն օր քո ճամփի վրա,

Երբ մենակության լալկան ուռենին

Կթեքվի մի օր քո ճամփի վրա։


Ձայնս կլսես հեռու ձորերից,

Ինչպես հեռացող գնացքի սուլոց, 

Սարսուռով կտաս անունս նորից

Եվ ունայն հույսով կնետվես փողոց։


Բայց ես չեմ լինի ծանոթ մարդկանց մեջ,

Ձեր դռան մոտով չեմ անցնի կրկին, 

Դու քայլամոլոր կշրջես անվերջ,

Եվ զղջման բոցով կայրվի քո հոգին։       /Նաիրի Զարյան/

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․