Կատարյալ «Ուզբեկական փլավ»՝ մեր ձեռքերով. բաղադրատոմս


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Իսկական ուզբեկական փլավն անկրկնելի համ ունի եւ պատրաստման բազմաթիվ նրբություններ: Այս բաղադրատոմսը դրա թեթեւացրած՝ արագ եւ հեշտ պատրաստվող տարբերակն է:

Ուզբեկական փլավի պատրաստման կարեւորագույն պայմաններից մեկը «չորս մեկերի» 1:1:1:1 հարաբերակցությունն է՝ 1-ական բաժին (կիլոգրամ) բրինձ, գազար, սոխ եւ գառան միս: Բնականաբար՝ շատ կամ քիչ պատրաստելու դեպքում այս նույն մթերքները հավասարաչափ բազմապատկվում կամ հակառակը՝ պակասում են: Շատ կարեւոր է նաեւ ամբողջական գլուխ սխտորի տեղադրումը փլավի վրա՝ վերջում: Եվ իհարկե՝ համեմունքները՝ զիրա եւ բարբարիս: Դրանք երկուսն էլ վաճառվում են մեր քաղաքում՝ սուպերմարկետներում եւ շուկաներում: Ուզբեկական փլավի համար շաֆրան պարտադիր չէ, բայց այն գտնելու դեպքում՝ կարելի է օգտագործել, հրաշալի համ եւ գույն է տալիս: Իսկական շաֆրան Հայաստանում ես չեմ տեսել՝ այն շատ թանկարժեք համեմունք է: Սակայն վաճառվում են նույնքան գունեղ ու հոտավետ փոխարինիչներ, որոնց տուփերի վրա գրված է «շաֆրան» ու իրենցից ներկայացնում են այլ բույսից ստացված դեղին փոշի: Եթե փոշի է, ուղղակի լցրեք համեմունքների հետ, իսկ եթե իսկական շաֆրան ունեք, ապա մի քանի թելիկի վրա (իսկական շաֆրանն իրենից ներկայացնում է ծաղիկի առէջ) լցրեք եռացած ջուր կամ արգանակ եւ մի քանի րոպե թողեք, որ գույնը տա:


Եվ այսպես՝ մեզ անհրաժեշտ է

1 կգ գառան կամ ոչխարի փափկամիս
1 կգ գազար
1 կգ սոխ
1 կգ բրինձ (ցանկալի է կլոր բրինձ)
2-3 գլուխ սխտոր
1 ճաշի գդալ զիրա
1ճաշի գդալ չորացրած բարբարիս
Շաֆրան
Աղ
1 բաժակ բուսական յուղ
Ոչխարի ոսկորների արգանակ կամ ուղղակի եռացրած ջուր

Պատրաստումը

Եթե հյուրեր ունեք՝ կարող եք նախապես պատրաստել փլավի մսա-բանջարեղենային բաղկացուցիչները՝ զիրվակը, իսկ հյուրերի գալուց 20-30 րոպե առաջ ընդամենն ավելացնել արգանակն ու բրինձը:

Արգանակի համար նախօրոք առատ ջրով եփեք գառան ոսկորները՝ մեջը գցելով մեկ գազար, մեկ պճեղ սխտոր եւ մեկ գլուխ սոխ: Աղն ավելացրեք արգանակի եփվելուց մեկ ժամ հետո, եւս տաս րոպե թողեք եփվի եւ:

Ծանր, ցանկալի է՝ չուգունից թավայի մեջ լավ դաղեք բուսական յուղը, մեջը տապակեք կտրատած սոխը, թող լավ կարմրի, ավելացրեք կտրատած գազարը, միսը, համեմունքները եւ աղը: Մոտ կես ժամ այս զիրվակը լավ տապակեք:

Եթե նախապես եք պատրաստում, կարող եք այս էտապում գործը դադարեցնել: Հյուրերի գալուց կես ժամ առաջ տաքացրեք զիրվակը, լավ խառնեք, ավելացրեք լվացած եւ ջրքամված բրինձը, էլի խառնեք եւ վրան լցրեք արգանակ՝ այնքան, որ ամբողջությամբ ծածկի ձեր զիրվակն ու բրինձը եւ դեռ երեք մատ էլ բարձր լինի: Կափարիչով հերմետիկ փակեք եւ կրակը ցածրացրեք:

Տաս-տասնհինգ րոպեից բացեք կափարիչը եւ գդալով մեջը փորեք, սխտորի լավ լվացած ամբողջական գլուխները խրեք մեջը, կափարիչը սրբիչով փաթաթեք եւ հերմետիկ փակեք կաթսան ու անջատեք կրակը, ինքն իր գոլորշիով կեփվի: Քանի դեռ թարմ սխտորը դուրս չի եկել, հներն էլ արդեն շատ են հնացել՝ սխտորը կարող եք ոչ թե ամբողջական գլխով դնել, այլ՝ պճեղներով, այն էլ՝ մաքրած:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․