YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Աուտիզմով հիվանդների թիվն աճում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ո՞րն է պատճառը, զարգացման ի՞նչ փուլեր է անցնում հիվանդությունը և արդյո՞ք մեր երկրում բավարար պայմանները կան աուտիզմով հիվանդ երեխաների բուժումը լիարժեք կազմակերպելու համար:
Ահա զրույց «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական հոգեբուժական դիսպանսերի վարիչ Կարինե Լյուլեջյանի հետ:
-Տիկին Լյուլեջյան, ի՞նչ է իրենից ենթադրում աուտիզմը:
-Աուտիզմը ընդհանուր զարգացման խանգարումն է: Ենթադրում է 3 խոշոր ոլորտների խանգարում՝ հաղորդակցությունն է, սոցիալական փոխհարաբերությունները, կարծրատիպային միօրինակ վարքագիծը: Բացի դրանից ունենում են գերզգայնություն կամ գերզգայունություն, ադապտացիայի խանգարում:
-Մի քանի ախտանիշներ կթվարկե՞ք: Ծնողն ինչպե՞ս հասկանա, որ նման խնդիր կա:
-Նախ՝ առաջինը աուտիզմը բնածին հիվանդություն է և ունի պատասխանատու գեներ: Երեխան մեծանում է և արդեն իր մեջ աուտիզմ ունի, բայց մենք դա տեսնում ենք 3 տարեկանին մոտ տարիքում: Այսինքն՝ այն ժամանակ, երբ երեխան պետք է շփվի խոսք ունենա, արձագանքի, տեսնում ենք, որ դա բացակայում է: Բացահայտման ամենալավ տարիքը 2-3 տարեկանն է: Ի՞նչ է տեսնում ծնողը, որ կարողանա տարբերակել: Նախ` երեխաները աչքերի մեջ չեն նայում, խուսափում են, աչք-աչք կոնտակտը լավը չէ: Շատ ժամանակ չեն արձագանքում իրենց անվանը, կամ արձագանքում են տեղ-տեղ: Բացի այդ, այդպիսի երեխաներն իմիտացիա չեն ունենում, օրինակ, երբ ծնողն ասում է թաթիկով ցտեսություն արա կամ ծափ տուր, բայց բալիկները չեն կրկնօրինակում: Լինում է, երբ խոսքը ուշ է զարգանում, եղածն էլ շատ պարզունակ է, առանձին բառեր են արտաբերում: Մեծերի հետ շփվում են, բայց հասակակիցների հետ չեն շփվում: Դժվար սնվող են լինում, ամեն անգամ նոր ուտելիքներ տալը խնդիր է լինում: Գերզգայուն են ձայների նկատմամբ և այլն:
-Եթե վաղ տարիքում հայտնաբերվում է դա ենթակա՞ է շտկման կամ վերականգման:
-Որքան փոքր ենք սկսում վերականգնողական գործընթացը, այդքան լավ դինամիկա է արձանագրվում: Այն կարող է ինչ-որ չափ շտկվի, բայց երբեք մինչև վերջ անձը չի ապաքինվում: Այսինքն՝ ամբողջ կյանքի ընթացքում հետևողական աշխատանք է պետք, դա անընդհատ շարունակվող գործընթաց է:
-Իսկ, որպես կանոն, ձեզ արդեն ուշացրա՞ծ դեպքերում են դիմում:
-Գիտեք, նախկինում երեխաներին բերում էին արդեն մեծ տարիքում, երբ երեխաները 10 կամ 14 տարեկան էին: Հիմա փոխվել է իրավիճակը: Ծնողներն ավելի վաղ տարիքում են բերում երեխաներին և դա տեղեկացվածության շնորհիվ է: Մեծ ջանքեր գործադրվեց, որ առաջնային բուժ օղակի բժիշկները վերապատրաստվեն և ճանաչեն իմանան աուտիզմի էությունը, լրատվամիջոցները մեծ դեր խաղացին: Հիմա նույնիսկ 1.5 տարեկանից են երեխաներին բերում:
-Մասնագետները նշում են, որ աուտիզմով հիվանդների թվի աճ է նկատվում, արդյո՞ք դա կապված է հենց տեղեկացվածության մակարդակի բարձրացման հետ, որի արդյունքում դիմելիությունն է ավելանում:
-Իհարկե, տեղեկացվածությունն իր նշանակությունն ունի, բայց իրականում աուտիզմով հիվանդների թվի ավելացում է նկատվում: Ես արդեն 30 տարուց ավելի հոգեբույժ եմ և նկատում եմ հիվանդների թվի ավելացում: Ի դեպ, այդ ավելացումը ոչ միայն Հայաստանում է, այև ամբողջ աշխարհում:
-Պատճառը նշեցիք գենե՞րն են:
-Այո, գեներն են: Կան գեներ, որոնք ակտիվանում են և աուտիզմը երևում է, կան գեներ, որոնք պատասխանատու են բնական սոցիալական փոխհարաբերության համար, նրանք չգիտես ինչու չեն աշխատում: Ճիշտ վարքագիծը, կարծես, չի զարգանում: Բժշկության մեջ որպես պատճառ առայժմ միայն գեների մասին է խոսք գնում: -Իսկ աուտիզմով հիվանդների բուժումը կազմակերպելու համար, արդյո՞ք մեր երկրում բավարար պայմաններ կան:
-Մենք ունենք համապատասխան կենտրոններ, որտեղ վերականգնողական աշխատանքներ են տարվում երեխաների հետ: Կան նաև ներառական մանկապարտեզներ և դպրոցներ: Աուտիզմով երեխաները սովորում են այդ հաստատություններում, որտեղ կա հոգեբան, լոգոպետ, երեխաներն ուշադրության կենտրոնում են լինում: Իհարկե, այդ ներառական հաստատություններում դրվածքը դեռ մի քիչ թույլ է, աշխատելու տեղ շատ կա: Պարոն Բաբլոյանի ջանքերով 7 կենտրոն է բացվել մարզերում: Մեր մասնագետները կապ ունեն արտասահմանյան մասնագետների հետ, պարբերաբար վերապատրաստվում են, փորձի փոխանակում է կատարվում: Մենք ունենք պայմաններ, մասնագիտական որակավորումը բարձր մակարդակի վրա է, սակայն պետք է նշել, որ բավարար չէ, դեռ անելիքներ կան: Մասնավորապես կենտրոնները քիչ են, երեխաներին տեղ չի լինում , հերթեր են գոյանում, պետք է սպասել մինչև հերթը հասնի, սակայն դա այն հիվանդությունը չէ, որ սպասեն, ժամանակը գնում է:
-Եվ վերջում որպես մասնագետ ձեր խորհուրդը:
-Առաջին հերթին, ծնողներին, առաջնային օղակի բժիշկներին խորհուրդ կտամ զգոն լինել, որ շուտ կարողանան իրենց երեխաների խնդիրները տեսնել: Լինում է, որ երեխան ուշ է խոսում, կողքից ասում են՝ ոչինչ կխոսի, մյուս բալիկը նույնպես ուշ խոսեց ,բայց շտկվեց: Այդպիսի մոտեցումները պարզունակ և ոչ մասնագիտական են: Անկախ նրանից աուտիզմ կասկածվում է, թե ոչ, եթե երեխան ինչ-որ մի ոլորտում հետ է մնում, խնդիր կա, շուտ պետք է դիմել մասնագետին: