Հաճախամիզություն․ Պատճառները, ո՞ր դեպքում անհանգստանալ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Հաճախամիզությունը բավական տհաճ խնդիր է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես մեծ քանակությամբ հեղուկի կամ կոֆեին պարունակող մթերքի գործածությամբ, այնպես էլ առողջական որոշակի խնդիրներով, որոնք ժամանակին չնկատելն ու միջոցներ չձեռնարկելը կարող է բավական վտանգավոր լինել։

Բժիշկների խոսքով՝ առողջ մարդն օրական կարող է միզել մինչև 8 անգամ, ինչը նորմալ է համարվում։ Եթե մարդն օրվա ընթացքում շատ ջուր է օգտագործում, ապա միզազատման հաճախականությունը նույնպես կարող է ավելանալ՝ դառնալով օրական մինչև 10 անգամ, սակայն առանց որևէ պատճառի նման փոփոխությունը կարող է հուշել լուրջ խանգարումների մասին, որոնք չի կարելի անուշադրության մատնել։

Ինչպես նախազգուշացնում են մասնագետները, հաճախամիզությունը կարող է լինել որևէ թաքնված ախտաբանության միակ դրսևորումը, ուստի այն չի կարելի անտեսել։ Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել շատ լուրջ հիվանդություններով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել այն անուշադրության չմատնելու համար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիմնական պատճառները, որոնցով կարող է պայմանավորված լինել հաճախամիզությունը։

 

 

Շաքարային դիաբետ

Միզապարկը հաճախ դատարկելու պահանջը կարող է լինել առաջին ու երկրորդ տիպի շաքարային դիաբետների վաղ ախտանշաններից մեկը։ Այս հիվանդության զարգացման դեպքում արյան մեջ մեծ քանակությամբ շաքար է կուտակվում, որն էլ ստիպում է երիկամներին ավելի ինտենսիվ աշխատել դրա ավելցուկը զտելու և ավելորդ գլյուկոզան մեզի հետ օրգանիզմից դուրս բերելու համար։

Միզուղիների վարակներ

Միզուղիների վարակները զարգանում են միզասեռական համակարգի բակտերիալ ախտահարման դեպքում, ինչն էլ հանգեցնում է հաճախամիզության։ Նման դեպքերում հաճախամիզությունը պայմանավորված է լինում լորձաթաղանթների բորբոքման հետևանքով առաջացած գրգռմամբ։

Երիկամներում կամ միզապարկում քարերի առկայություն

Նման քարերը կուտակվում են օրգաններում մեզի մեջ պարուակվող հանքանյութերի ու սպիտակուցների կուտակման հետևանքով։ Այս համակարգում քարերի առկայությունը մարդկանց մոտ սովորաբար ասոցացվում է սաստիկ ցավի հետ, սակայն միզապարկին մոտ տեղակայված քարերը կարող են չառաջացնել ցավոտ զգացողություններ՝ պարզապես ստիպելով մարդուն հաճախ միզել։ Նման դեպքերում հաճախամիզությունը կարող է լինել խնդրի մասին հուշող միակ ախտանշանը։ Որպես կանոն այս քարերն ինքնուրույն են օրգանիզմից դուրս գալիս դեղորայքի ընդունման ու մեծ քանակությամբ հեղուկի գործածության շնորհիվ։



Ինտերստիցիալ ցիստիտ

Այս խնդիրը նաև հայտնի է որպես ցավոտ միզապարկի համախտանիշ, քանի որ դրսևորվում է միզապարկը լցվելու ընթացքում առաջացող ցավոտ ու տհաճ զգացողություններով։ Այս խնդրին բնորոշ են միզելու սաստիկ ցանկությունն ու մեզի քիչ քանակությունը, ինչպես նաև գիշերային հաճախամիզությունը։ Այս տհաճ հիվանդության դեմ որևէ բուժում կամ դեղամիջոց, ցավոք, դեռևս գոյություն չունի։

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա

Սա տղամարդկանց շրջանում ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը դրսևորվում է շագանակագեղձի մեծացմամբ։ Շագանակագեղձի բարորակ դիսպլազիան համարվում է հասուն տղամարդկանց շրջանում հաճախամիզության ամենատարածված խնդիրը, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Հոգեբանական խնդիրներ

Հաճախամիզությունից հաճախ են գանգատվում նաև այն մարդիկ, որոնք հակված են նևրոզների ու անհանգստության։ Գիտնականներին առ այսօր չի հաջողվել պարզել պատճառահետևանքային նման կապի պատճառները, սակայն հաճախամիզության դեպքում հոգեբանական խնդիրներy ևս չի կարելի բացառել։

Այլ գործոններ

Առավել հաճախ այս խնդիրը վերագրվում է միայն հեղուկի գործածությանը, սակայն մեծ քանակությամբ հեղուկի գործածությունից բացի միզապարկի ակտիվությունը կարող են խթանել նաև ալկոհոլն ու կոֆեինը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հետևել նաև ալկոհոլային ըմպելիքների ու կոֆեին պարունակող ըմպելիքների գործածության քանակությանը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․