Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Մի թագավոր երեք գեղեցկուհի դուստր ուներ, սակայն նրանցից ամենագեղեցիկը փոքրն էր՝ Փսիխեան: Նրա գեղեցկության մասին լուրերը տարածվել էին ողջ երկրով: Մարդիկ այնքան էին տարված նրանով, որ սկսում են մոռացության տալ անգամ աստվածուհի Աֆրոդիտեի գեղեցկությունը:

Աստվածուհին, տեսնելով այս, բարկանում է և որոշում պատժել Փսիխեային: Նա իր մոտ է կանչում որդուն՝ Էրոսին (վերջինիս նետերն անվրեպ խոցում էին մարդկանց սրտերը և սիրահարեցնում միմյանց) և պահանջում այնպես անել, որ Փսիխեային սիրահարվեն միայն ամենախղճուկ և տխրադեմ մարդիկ:

Վշտից Փսիխեայի հայրը դիմում է գուշակ-օրակուլին, ով պատասխանում է, որ աղջկան պետք է տանել ժայռի մոտ և մենակ թողնել մթության մեջ, որում նա կամուսնանա սարսափելի հրեշի հետ... Այսպես Փսիխեան դառնում է ինչ-որ խորհրդավոր մեկի կինը: Խորհրդավոր փեսացուն պահանջում է չհարցնել իր ով լինելը և այցելում է իր հարսնացուին միայն գիշերով, որպեսզի Փսիխեան չտեսնի նրա իրական կերպարանքը: Երկու չար քույրերը սկսում են համոզել, որ դա օրակուլի գուշակած հրեշն է:

 

 

Փսիխեան, տեղի տալով քույրերի հորդորներին, գիշերը վեր է կենում, վերցնում ջահը և մոտեցնում ամուսնու դեմքին: Պարզվում է՝ նա գեղեցկադեմ էրոսն է՝ սիրո աստվածուհու սուրհանդակ-որդին: Տարված Էրոսի գեղեցկությամբ՝ Փսիխեան չի նկատում, թե ինչպես է ջահից տաք յուղի մեկ կաթիլ ընկնում և այրում փեսացուի ուսը: Բարկացած և դողահար' Էրոսը լքում է արդեն հղի Փսիխեային՝ իրենց պայմանը խախտելու համար:

Փսիխեան երկար է միայնակ ու դժբախտ թափառում երկրի վրա, մինչև չի խոնարհվում իր «մրցակցուհու»՝ Աֆրոդիտեի առջև: Աֆրոդիտեն, ցանկանալով Փսիխեայի մահը, տարատեսակ հանձնարարություններ է տալիս նրան. ի շնորհիվ այլոց օգնության Փսիխեան հաղթահարում է այդ բոլոր փորձությունները: Մինչ նա փորձություններն է հաղթահարում, այդ ընթացքում առողջանում է նաև էրոսը, ում ուսը վառվել էր յուղի կաթիլից: Այս ամենից հետո Զևսը Փսիխեային անմահություն է շնորհում և լուսավոր Օլիմպոսում ամուսնանում են Էրոսն ու Փսիխեան:

Հունական այս լեգենդում են թաքնված հարս-սկեսուր դարավոր կոնֆլիկտի արմատները: Բազմաթիվ հոգեբաններ են ուսումնասիրել Էրոսի և Փսիխեայի պատմությունը կանացի հոգեբանության տեսանկյունից: Ըստ այդ ուսումնասիրությունների՝ Աֆրոդիտե-Փսիխեա կոնֆլիկտը սկիզբ է առնում, երբ մարդիկ սկսում են «մոռանալ» Աֆրոդիտեին' հմայված լինելով Փսիխեայի գեղեցկությամբ. այսինքն, երբ Փսիխեայի լույսն «ակամայից» խամրեցնում է Աֆրոդիտեի փայլը:

Այլ կերպ ասած՝ սկեսուրը (Աֆրոդիտեն) անգիտակցական վախ ունի, որ իր ընտանիքում (թագավորությունում) նորահարսը (Փսիխեան) կխլի իր տեղը' թուլացնելով իր կանացի մենիշխանությունը: ՙՅուրաքանչյուր կնոջ մեջ ապրում է և´ Փսիխեան, և´ Աֆրոդիտեն». համոզված է հոգեբան Ջոնսոն Ռոբերտը, ով մի հաստափոր աշխատություն է գրել այս թեմայով' ընդգծելով, որ հարս-սկեսուր կոնֆլիկտն ու դրամատիկ հարաբերությունները կան գրեթե բոլոր մշակույթներում:

«Երբ կնոջ մեջ ի հայտ է գալիս Փսիխեան, և նա սկսում է գործել «դու' ինձ, ես' քեզ» տարբերակով, ապա դրանից ոչ մի լավ բան դուրս չի գալիս: Երբ «Փսիխեան» սկսում է զբաղեցնել կնոջ հոգեկանի մեծ մասը, նրա մեջ ի հայտ են գալիս շատ լուրջ և հիվանդագին խնդիրներ: Հենց այդ ժամանակ էլ նա արցունքախառն հայտարարում է, որ իրեն ոչ ոք չի հասկանում: Յուրաքանչյուր կին կյանքի ինչ-որ շրջանում, իր մեջ ունի Փսիխեային բնորոշ գիծ: Այս կերպարի բնութագրման համար լավագույն օրինակը Մերիլին Մոնրոն է. նա գեղեցիկ է, գրավիչ, սակայն նրա համար չափազանց դժվար էր երկարատև մտերիմ հարաբերությունների մեջ լինել ինչ-որ մեկի հետ»,-իր գրքում նշում է հոգեբանը:

Անդրադառնալով ամուսնությանը' Ջոնսոն Ռոբերտը գրում է, որ ամուսնությունը յուրաքանչյուր կնոջ համար և´ մահ է, և´ վերածնունդ (ըստ երևույթին, դրանով է պայմանավորվեծ եղել հարսանիքի ժամանակ հարսի լաց լինելը). այս մոտեցման հիմքերը ևս նույն լեգենդում են, երբ Փսիխեային' որպես բաժին «հրեշավոր դևին», թողնում են ժայռի մոտ: Ամուսնությանը հաջորդող մեղրամիսն այն դրախտն է, որը պարգևում է Էրոսը Փսիխեային, սակայն դրախտն ավարտվում է Փսիխեայի կասկածամտության (քույրերի) պատճառով. այլաբանորեն կարելի է ասել նաև, որ այդ կասկածամտությունը նույն այն օձն է, որի պատճառով Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից:

Յուրաքանչյուր սիրահար զույգ իր համար այդպիսի դրախտ է ստեղծում, որի գոյատևման տևողությունը հիմնականում կնոջ ձեռքում է: Ըստ նույն վերլուծության' լեգենդում լամպի տեսարանը, Էրոսի վախն ու դրան հաջորդող հետևանքները բացահայտում են մեկ իրողություն' տղամարդիկ մեծապես կախված են իրենց կանանցից. արական սեռի ներկայացուցիչներն իրենց անձի մասին շատ բան գիտեն, սակայն, երբ լամպի միջոցով վերջիններիս թուլությունները բացահայտվում են նաև սեփական կանանց կողմից, նրանք դառնում են խոցելի, որտեղից էլ ծնվում է «վախը»:

Հարս-սկեսուր վեճը'
«Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում բազմաթիվ պատմություններ կան, որոնք ներկայացնում են հարս-սկեսուր հարաբերությունների ողջ դրաման: Դեպքերը վերաբերվում են թե´ սկեսուրի ճնշումներին, թե´ հարսի:

Այդ պատմություններից մեկում սկեսուրը հարսի հղիությունը էպիլեպսիա էր որակել և ցանկանում էր վերջինիս տնից «դուս անել»: «Ամուսնացել եմ սիրելով: Հիմա էլ շատ եմ սիրում ամուսնուս: Ամուսնանալուց մեկ ամիս անց հղիացա: Հղիությունը շատ ծանր էի տանում, երբեմն ուշաթափություներ էին լինում: Մի օր, երբ ամուսինս տանը չէր, սկեսուրս կոպիտ տոնով ինձ ասաց, որ ունեցած-չունեցածս հավաքեմ ու հեռանամ, չարժե, որ իր տղային դժբախտացնեմ:

Նա ասաց, թե ես էպիլեպսիկ հիվանդ եմ:
Ես լալիս էի, փորձում բացատրել, որ դա հղիությունից է, որ այդպիսի բան ինձ հետ նախկինում չի եղել: Բայց նա խելագարի պես բռնեց մազերիցս ու ստիպեց զանգել ծնողներիս: Ես փորձում էի դիմադրել, չէի ուզում զանգել, մտածում էի' ճիշտ կլինի, որ ամուսինս տուն վերադառնա: Բայց սկեսուրս ինքը զանգահարեց մեր տուն և մորս ասաց այն ամենն, ինչ ինձ էր ասել: Քիչ անց մայրս և հորեղբայրս եկան իմ հետևից և ինձ տուն տարան:

Ուշ երեկոյան ամուսինս եկավ մեր տուն. նա արդեն տեղյակ էր ամենից, մայրը պատմել էր իմ «հիվանդության» մասին: Ամուսինս արցունքն աչքերին խնդրում էր ծնողներիս, որ ինքն էլ մնա մեզ մոտ, մինչև տուն գնի, ու մենք տեղափոխվենք: Մի քանի ամիս հետո ծնվեց մեր երեխան: Այսպես կոչված «ընկնավորությունս» անցավ: Սկեսուրս ամուսնուս ասել էր, որ ինձ հետ տանի իրենց տուն, բայց ես չգնացի: Հետո սկեսուրս և սկեսրայրս մեկնեցին Ռուսաստան' իրենց մեծ տղայի մոտ: Հիմա ես, ամուսինս ու երեխաս ապրում ենք նրանց տանը»:

Հեգեվերլուծաբան Վլադիմիր Միքայելյանը հավաստիացնում է' իրականում կոնֆլիկտ չի լինում ամուսինների միջև, եթե կողքից դրան չեն նպաստում: «Իմ դիտարկմամբ' բոլոր կոնֆլիկտները նորաստեղծ ընտանիքներում ներմուծված են: Կոնֆլիկտների հիմնական մասը ոչ թե ամուսինների մեջ է առաջանում, այլ հրահրվում են ուրիշների, հիմնականում' սկեսուրների կողմից: Երիտասարդ ամուսինները պիտի հասկանան, որ իրենց ընտանիքը պետք է որպես սրբություն պահպանվի հենց իրենց կողմից և չի կարելի թողնել, որ օտար «մարմին», թեկուզ մայրը, մտնի իրենց մեջ, որ խանգարի իրենց հարաբերություններին:

Սկեսուրները չեն ուզում իրենց որդուն բաց թողնել, բայց դրանով իրենց որդին չի զարգանում, նա անընդհատ կախվածության մեջ է մնում: Իսկ կախվածության մեջ ոչ մի նորմալ զգացում չի կարող զարգանալ: Սերն այնպիսի զգացմունք է, որի մեջ մեռնում են բոլոր վիրուսները: Ծնողը պետք է հասկանա, որ երեխան իր սեփականությունը չէ ու պետք է երեխայի մեջ հարգի մարդուն,- ասում է Վ. Միքայելյանը' մեջբերելով հայտնի մի միտք,- ամուսինների անկողնում միշտ պառկած են 6 հոգի' տղայի հայրն ու մայրը, աղջկա ծնողները, և նրանք երկուսով՚: Այսինքն' այդ կախվածությունը միշտ ուղեկցում է մարդուն, որովհետև ծնողներն ազատություն և կամք չեն զարգացնում իրենց երեխաների մեջ:

Ըստ հոգեվերլուծաբանի' հատկապես նոր ամուսնացած աղջիկների համար սկեսուրների «դաշտը» բավականին խնդրահարույց է: «Եթե սկեսուրը չի կարող խանգարել հարսին ննջասենյակում, նա կխանգարի նրան խոհանոցում». գուցե սա բոլորին չի վերաբերվում, բայց ոսկե կանոն է: Ահա այստեղ է, որ առաջանում է սկեսուր-սկեսրայրից առանձին ապրելու հարցը, որն ունի իր դրական և բացասական կողմերը:
Ըստ հոգեբան Սեյրան Ամիրյանի' ընտանիքին կայունացնում է և տալիս դժվարությունները միասին հաղթահարելու կամք ու փորձ: Մյուս կողմից էլ' միասին ապրելը տնտեսապես ավելի շահավետ է' մասնավորապես հայաստանյան վատ սոցիալ-տնտեսական պայմանների պարագայում: Բացի դա էլ' մեծերը կարող են երեխաների դաստիարակությամբ զբաղվել, եթե ամուսիններն աշխատում են:

«Առանձին ապրելն ունի իր սոցիալական, տնտեսական, անհատական, անձնային որոշ առանձնահատկությունները: Առանձին ապրողները մի քիչ տուժում են այն իմաստով, որ մեծերի հետ ապրելը տնտեսապես ավելի շահեկան է' մի կերակրատեսակ, մի տնտեսություն, մի ընտանիք ու մթնոլորտ: Ինչու մթնոլորտ, քանի որ շատ կարևոր է մեծերի հետ հարաբերվելը, այդ կերպ երիտասարդները միշտ ինչ-որ նոր բան կարող են նրանցից սովորել' չնայած այժմ մենք էլ շատ բան ունենք սովորելու երիտասարդներից, քանի որ նրանք անմիջական հաղորդակից են աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին»,- կարծում է ընտանեկան հոգեբանը:

Հարս-սկեսուր կոնֆլիկտի առկայության պայմաններում, մեծ հաշվով, այդքան էլ էական չէ' միասին են ապրում, թե' առանձին. դրանից կոնֆլիկտը և միմյանց ուղղված «բամբասանքը» չի վերանա. լավագույն դեպքում մի փոքր կնվազեն առօրյա վիճաբանությունները: Կարծիք կա, որ սկեսուրների ճշումներից տուժած հարսների հիմնական խնդիրը դաստիարակությունն է, հատկապես Հայաստանում աղջիկներին չափից ավելի հեզ ու խեղճ են դաստիարակում:

Հարցին, թե իգական սեռի ներկայացուցիչների դաստիարակությունն ի՞նչ դեր է խաղում նոր կազմավորվող ընտանիքում հաստատվելիս կանանց ռեսուրսային կենտրոնի հոգեբան, «Սեռական և վերարտադրողական առողջության» ծրագրի պատասխանատու Անուշ Պողոսյանը պարզաբանեց. «Ընդհանրապես դաստիարակության մեջ կարևոր է ոչ միայն իգական սեռի, այլև արական սեռի ներկայացուցչի կրթումը: Կարևոր է հաշվի առնել' ինչ մեթոդներով ենք մենք առաջնորդվում երեխա դաստիարակելիս: Դաստիարակությունը մեծ պատասխանատվություն է, և ոչ բոլորին է ընձեռված ճիշտ դաստիարակելու արվեստը: Սխալ է, երբ սեռերի միջև տարբերակում են դնում և այդ կերպ դաստիարակում: Նույնիսկ պրենատալ փուլում արդեն, երբ տեղեկանում են' պտուղն աղջի՞կ է, թե՞ տղա, սկսվում է դաստիարակության մեթոդը: Երբ աղջիկ են ունենում, միշտ շեշտը դնում են այն բանի վրա, որ նա մեծանա հոգատար, բարի, նուրբ, համեստ, չհակաճառող, փոխզիջող, իսկ տղաներին դաստիարակում են ամենաուժեղ, կոպիտ, ինքնասածի, անհանդուրժող մոդելներ ստեղծելու համար, որն ի սկզբանե սահմանափակում է հնարավորությունների ընտրությունը:

Նման սահմանափակ մոդել ձևավորելով' մարդկանց տալիս ենք կոնկրետ մոդելներ, սցենարներ և չենք ընձեռում ազատ ընտրության հնարավորություն: Իսկ ընտանիքում կանայք միշտ մնում են հանդուրժող, ինքնազոհաբերող, երբեմն զոհի կարգավիճակում, քանի որ իրենց սովորեցնում են միշտ զիջել, համակերպվել, լինել հնազանդ և ամեն գնով պահպանել ընտանիքը»:

Լինում են նաև դեպքեր, երբ սկեսուրն է դառնում հարսի «զոհը»: «Կանանց իրավունքների կենտրոն» դիմած սկեսուրներից մեկը տղային ամուսնացրել էր և երկհարկանի առանձնատանը, որ պատկանում է իրեն, ապրում է տղայի նորաստեղծ ընտանիքի հետ միասին: Հարսը մի քանի տարի հետո սկսում է հոգեբանական ճնշման ենթարկել սկեսուրին' ասելով, թե սա իմ ամուսնու տունն է: Այսպես սկիզբ է առնում կոնֆլիկտ, որտեղ ճնշողն ամենևին էլ սկեսուրը չէր:

Այդուամենայնիվ, այսպես կոչված «մայրական խանդի» երևույթն ավելի հաճախ է հանդիպում, և համոզմունք կա, որ դա ավելի շատ ի հայտ է գալիս ամուսին չունեցող և անձնական երջանկություն չգտած մայրերի մեջ, ինչը նաև Աֆրոդիտեի դեպքում էր. «Աֆրոդիտեն սիրում էր Կիպրոսի արքայի որդուն' Ադոնիսին, ով նրա սրտին ավելի մոտ էր, քան նույնիսկ լուսավոր Օլիմպոսը: Օրերից մի օր, որսի ժամանակ Ադոնիսը զոհվում է:

Ամպրոպային Զևսը, գթալով սիրո և գեղեցկության աստվածուհուն, ամեն տարի մեռյալների թագավորությունից դուրս է բերում Ադոնիսին: Աֆրոդիտեի սիրեցյալը տարվա կեսն անցկացնում է Երկրի վրա'աստվածուհու կողքին, մյուս կեսը' վերադառնում Հադեսի թագավորություն»:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․