Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է ընթերցողների հարցերին:
Հայարփի
Հարց. Բարև Ձեզ. բալիկս է 1.9 տարեկան է, շատ քիչ բառեր է ասում (մոտ 10 բառ), հրամանները լավ չի հասկանում, օրինակ երբ ասում եմ՝ գնդակը բեր, զարմացած չորս բոլորն է նայում:
Կամ հարցնում եմ՝ պապան որտե՞ղ է, զգում եմ, որ լավ չի ընկալում հարցս, ոչ մի ձև չեմ կարողանւոմ սովորեցնել, թե որտեղ է քիթիկը, բերանիկը, աչիկը. նկարազարդ գրքերով չի սովորում, օրինակ, որ սա ելակ է, սա տնակ է: Ընդհանրապես շատ քիչ հետաքրքրություններ ունի: Նշեմ որ ծնված օրից քնում է շատ քիչ, մոտ 4-10 ժամ օրական, ուտել շատ չի սիրում, բայց հանգիստ երեխա է, նյարդային չէ, շատ մարդամոտ է, ժպտերես: Ու այս ամենով հանդերձ երբեմն անում է բաներ, որ շատ ենք զարմանում, որ Լիանան դա գիտի ու կարող է: Բալիկս ծնվել է 35 շաբաթականում, բայց բժիշկները խնդիրներ չեն տեսել: Ասացին, որ առողջ բալիկ է: Սա որևէ կապ ունի՞ նշածս խնդիրների հետ: Ինչո՞վ են պայմանավորված նշածս խնդիրները: Եվ ի՞նչ պետք է անեմ ես: Շնորհակալ եմ:
Պատասխան. Եթե երեխայի վարքում կամ զարգացման մեջ ինչ-որ բաներ չեն համապատասխանում տարիքին, իսկ այս դեպքում ակնհայտ է, որ խոսքի զարգացման առումով երեխան մի փոքր հետ է ընկնում իր տարեկիցներից, ապա պետք է դիմել մասնագետի և հետազոտել երեխային: Նախքան ակտիվ խոսքի զարգացումը (բանավոր խոսքը), զարգանում է երեխայի պասիվ խոսքը (խոսքի ընկալումը, հասկացումը): Երեխան սկզբում սկսում է հասկանալ խոսքը, կատարել որոշ հրահանգներ, ապա նոր սկսում է ասել կարճ բառեր: Այս պահին կարևոր է մասնագետի հետ պարզել, թե որքանով է պահպանված երեխայի խոսքի ընկալումը և ինչպիսի զարգացման մակարդակում է գտնվում ակտիվ խոսքը: Այնուհետև պետք է մշակել երեխայի խոսքի զարգացման ծրագիր, որով դուք կառաջնորդվեք երեխայի հետ շփման մեջ: Ինչ վերաբերում է պատճառներին, ապա դա այսպես դժվար է ասել: Առաջարկում եմ երեխային տանել մեկ անգամ լոգոպեդի զննման:
Նունե
Հարց. Բարև Ձեզ: Փոքրիկս արդեն 1 տարեկան 8 ամսական է, շատ խելացի, ուշադիր, շփվող երեխա է: Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ լեզուն շատ է դուրս հանում, ու ես շատ վատ եմ ինձ զգում: Ինչի՞ հետ կարող է կապված լինել նման վարքագիծը: Նախապես շնորհակալություն:
Պատասխան. Դա կարող է լինել կպչուն գործողություն կամ վատ սովորություն, որը պետք է պարզել միայն անմիջական շփման միջոցով: Կարող եք խորհրդատվություն ստանալ մանկական նյարդաբանի կամ հոգեբանի մոտ:
Թագուհի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, իմ փոքրիկը 1տարեկան 9 ամսեկան է, նա խելացի, ուրախ, աշխույժ երեխա է, սակայն երեխաների հետ չի կարողանում խաղալ ու միշտ փորձում է խփել նրանց, քաշում է մազերից, կծում է, ձեռքից վերցնում է խաղալիքները, չնայած նա ոչ մի բանի կարիք չունի: Խնդրում եմ, ասացեք՝ ինչպես վերացնեմ այս խնդիրները, նամանավանդ երբ կողքից հաճախ եմ լսում, որ ճիշտ չեմ դաստիարակում բալիկիս:
Պատասխան. Ձեր նկարագրած երևույթներն ագրեսիայի դրսևորումներ են, որոնք միանշանակ իրենց պատճառներն ունեն: Չգիտեմ՝ դուք ինչ նկատի ունեք՝ ասելով, որ երեխան ոչ մի բանի կարիք չունի: Կարիքները կարող են շատ առանձնահատուկ լինել և սովորաբար երեխաներն ավելի շատ հուզական պահանջմունքներ են ունենում, որոնց անբավարար լինելու պատճառով էլ ագրեսիվ կամ անկառավարելի վարք են դրսևորում: Եթե շրջապատում ձեզ ասում են, որ երեխային սխալ եք դաստիարակում, ապա փորձեք ուշադիր լինել, թե ինչի մասին են նրանք այդ կարծիքին: Բնականաբար ոչ բոլոր կարծիքներն են ուշադրության արժանի, բայց երբեմն արժե լսել դրանք և սեփական եզրակացություններ անել: Այնուամենայնիվ, որոշակի տարիքում և ժամանակ երեխան կարող է ագրեսիվ վարք դրսևորել նորմայի սահմաններում: Սակայն եթե դուք նկատում եք, որ 6 ամիս և ավելի երեխայի վարքը չի փոխվում կամ դեպի վատն է փոխվում, ապա ճիշտ է մասնագետի խորհրդատվություն ստանալ, քանի որ առանց երեխայի վարքը տեսնելու, դժվար է անգամ գնահատել՝ այդ վարքը ագրեսի՞վ է, թե՞ պաշտպանական, ակտի՞վ է, թե՞ հիպերակտիվ և այլն:
Լիլիթ
Հարց. Բարեւ ձեզ: Երեխաս 3,5 տարեկան է, շատ կամակոր է, ոչ մի հարցում չի լսում, ինչ ասում եմ, հակառակն է անում: Խնդրում եմ, մի խորհուրդ տվեք, ինչպես վարվել, ինչպես ճիշտ դաստիրակել:
Պատասխան. Ձեր խոսքերից հասկանում եմ, որ երեխայի դաստիարակության հարցում կորցրել եք նրա նկատմամբ վերահսկողության և ազդեցության «թելերը»: Դա անպայման ունի իր պատճառները: Կամակորությունը սովորաբա խթանվում է ծնողների, կամ մեծահասկաների կողմից: Այսինքն ինքն իրեն երեխան կամակոր չի դառնում: Սովորաբար կամակոր են դառնում երեխաները, եթե նրանց դաստիարակության հարցում ծնողները հակասությւոններ են ունենում, այսինքն մեկը մի բան է ասում, մյուսը մի ուրիշ բան: Կամակոր են դառնում նաև անկանոն սահմանափակումներով կամ առանց սահմանափակումների դաստիարակություն իրականացնող ծնողների երեխաները, երբ երեխային ամեն բան թույլ են տալիս, նույնիսկ անհեթեթ և վտանգավոր բաները, երբ վախենում են երեխային մերժել: Սովորաբար երեխաները առողջ և ամուր են մեծանում խելամիտ և հստակ սահմանափակումների մեջ, երբ կան հստակ և շատ քիչ սահմանափակումներ, որոնք երբեք չեն խախտվում՝ երբեք: Եթե երեխային մի բան մերժում եք, հետո միտքը մի փոխեք և նրա լացին տեղի մի տվեք, արեք այնպես ինչպես որոշել եք:
Արմինե
Հարց: Աղջիկս 1.5 տարեկան է:Մոտ կես տարի առաջ բալիկիս մոտ տարօրինակ վարք է դրսևորվում: Պառկած վիճակում ոտիկներն ամուր սեղմում է իրար, ջղաձգվում է: Սկզբում կարողանում էինք շեղել, բայց հիմա եթե փորձում ենք, հիստերիայի մեջ է ընկնում: Առաջ մեկ-մեկ էր այդպես անում, հիմա ավելի հաճախակի է դարձել: Ես և ամուսինս շատ ենք անհանգստած: Ինչպե՞ս վարվել: Խնդրում ենք խորհուրդ տալ՝ երեխային տանել հոգեբա՞նի մոտ, թե՞ նեւրապաթոլոգի մոտ:
Պատասխան. Որքան երեխան փոքր է տարիքով, այնքան նրա խնդիրները կապ ունեն ծնողների հոգեվիճակի հետ: Նման դեպքերում ես նախ առաջարկում եմ ծնողների հոգեբանական խորհրդատվություն, ապա եթե կարիք կա, նաև նյարդաբանի խորհրդատվություն, քանի որ այդ խնդիրն առաջանում է բարձր լարվածության և տագնապի հետևանքով:
Եղիսաբեթ
Հարց. Երեխաս 5 տարեկան է, 6 ամսականից ծծել է բթամատը, իսկ 3 տարեկանից սկսեց ծծել ցուցամատը` բթամատի փոխարեն…ավելի հարմար էր.....դիմածնոտային շրջանում նկատում եմ առաջխաղացում, ծռություն, ոչ մի կերպ չեմ կարողանում կտրել նրան այդ վատ սովորությունից: Վա՞ղ է, արդյոք, օրթոդոնտի դիմել: Եվ ի՞նչ միջոցներ ձեռնարկել՝ այդ վատ սովորությունից նրան հետ կանգնեցնելու համար: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան. Պետք է ծնողների և երեխայի հոգեբանական խորհրդատվություն, որովհետև մատը ծծելը, եղունգները կրծելը, մանկական օնանիզմը և նմանատիպ կպչուն այլ գործողությունները հաճախ բարձր տագնապայնության ախտանշաններ են լինում:
Օրթոդոնտի դիմել կարող եք, սակայն եթե երեխան չդադարի ծծելը, դա որևէ բան չի փոխի: Այդ պատճառով ավելի լավ է նախ ծծելու խնդրի հետ աշխատել, ապա նոր ատամների ու ծնոտի խնդիրը լուծել: