Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հին Հունաստանում եւ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում սամիթի մասին բանաստեղծություններ և պոեմներ են գրել։ Նրանք կարծում էին, որ սամիթն իր հոտով ու գեղեցկությամբ հետ չի մնում մյուս ծաղիկներից, անգամ՝ վարդից և այդ պատճառով էլ հնում ամենաթանկագին ծաղկեփնջերի մեջ անպայման տեղ է գտել նաև սամիթը։
Դեռ այն ժամանակ մարդկանց ծանոթ են եղել սամիթի սննդարար ու բուժական (հատկապես միզամուղ) հատկությունները։ Դրա միջոցով պայքարել են նաև մակաբույծ (պարազիտ) միջատների դեմ։
Ներկայումս էլ սամիթն օգտագործվում է բժշկության մեջ։ Բավական է նշել, որ այն հարուստ է C վիտամինով (150 մգ %)։ Հինգ գրամ սամիթ ուտելով՝ ապահովվում է օրգանիզմի C վիտամինի պահանջի տասը տոկոսը։ Պիտանի են նրա թե՛ տերեւները և թե՛ սերմերը։ Փորձերը ցույց են տվել, որ սամիթն իջեցնում է զարկերակային արյան ճնշումը, լայնացնում է անոթները, արագացնում սրտի աշխատանքը և ուժեղացնում է միզարտադրությունը։
Կարծում են, որ այն օգտակար է նաև մարսողության խանգարման, անքնության, բրոնխիալ ասթմայի բուժման համար։ Սամիթի բուժիչ հատկությունը բացատրվում է նրա մեջ եթերային յուղի, մեծ քանակությամբ վիտամին C-ի, պրովիտամին A֊ի և այլ նյութերի առկայությամբ։
Յուղերով ավելի հարուստ են սերմերը` մոտավորապես 20%։ Սամիթի ջուրը մեծ կիրառություն ունի մանկական պրակտիկայում՝ որպես աղիներից գազերի հեռացմանը նպաստող միջոց։ Այդ պատճառով էլ դեղատներում միշտ պատրաստի վիճակում վաճառվում է սամիթի ջուր։
Այն ունի նաև խորխաբեր հատկություն։ Կարծիք կա, որ այն կերակրող մայրերի մոտ ուժեղացնում է կաթնարտադրության գործընթացը։
Սամիթն անվնաս ու օգտակար բույս է և կարելի է օգտագործել հետևյալ ձևով.
վերցնել մեկ ճաշի գդալ սերմ, լցնել մեկ բաժակ եռացող ջրի մեջ, 5-10 րոպե դնել թույլ կրակի վրա, քամել և օգտագործել սառը վիճակում` շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ` օրական 4-5 անգամ մեկական ճաշի գդալ, իսկ աղիքներում գազերի կուտակման ժամանակ` երկու անգամ՝ ուտելուց առաջ։
Մեծահասակները կարող են ընդունել նաև հետևյալ ձևով՝ 1 գրամ սամիթի սերմը լավ ծեծել, մանրացնել և օրական 2-3 անգամ ջրով խմել։
Սամիթը տնային պայմաններում շատ լավ կոսմետիկ միջոց կարող է հանդիսանալ, քանի որ սամիթի թերթիկները պարունակում են նաև մեծ քանակությամբ բուսական հակաբիոտիկներ, որոնք դիմակների մեջ օգտագործելիս դրականորեն են ազդում բորբոքված ակնեների ու պզուկների վրա:
Ձմեռվա համար սամիթ կարելի է պահել հետևյալ ձևով` կանաչ սամիթը պետք է լավ լվանալ, ցամաքեցնել, խիտ դասավորել ապակե բանկայի մեջ և վրան աղ ցանել։ Մեկ֊երկու օրից այն թառամում է և ծավալով քչանում։ Դրա վրա դարձյալ նույն ձևով կարելի է շարել սամիթ ևայսպես շարունակ, մինչև տարրան կլցվի: Վերջում նորից աղ ցանել և տարրայի բերանը կապել մոմած թղթով կամ փակել կափարիչով։
Կարելի է նաև մանր կտրատել, մեկ կիլոգրամին խառնել 200 գրամ աղ և պատրաստել նույն ձևով։ Ճիշտ այսպես կարելի է պատրաստել նաև մաղադանոսը։ Սամիթը կարելի է պահել նաև չորացրած վիճակում, սակայն չորացումը պետք է կատարել ոչ թե արևի տակ, այլ ստվերում։ Սամիթը որպես համեմունք օգտագործում են նաև այս կամ այն բանջարեղենը թթու դնելիս։