Սովորեցրու՛ ինձ փոքրիկ քայլերի արվեստը․ Գիշերային ուղիղ եթեր՝ Հայկ Բլբուլյանի հետ - 22․03․2012 (Էքզյուպերի, Բորխես․․․)

 


ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ. ԱՂՈԹՔ

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:



Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ  էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը»:


Խորխե Լուիս Բորխես   Աղոթքը

Ես կրկնում եմ ու էլի կկրկնեմ, հազար անգամ, Աստված, ինձ մայրենի դարձած երկու լեզվով, ու կկարդամ Քեզ համար «Հայր մեր»-ը, ու էլի կկարդամ, բայց միևնույն է մինչև վերջ չեմ հասկանա:

Այս առաջին առավոտ, 1969թ-ի հուլիսին, ես կկարդամ, վերջապես, ուրիշ աղոթքը, իմը, ու ոչ թե այն մեկը, որ ժառանգություն ենք ստանում: Ինձ պետք կլինի տարօրինակ կերպով մարդկանց ոչ հատուկ չափազանց անկեղծ լինել: Դե հո չե՞մ աղերսելու, որ աչքերս չփակես: Անմտություն: Դրանք կփակվեն նույնիսկ նրանց մոտ, ովքեր տեսնում են, միլիոնավոր մարդկանց մոտ` դժբախտ, անճար, չար: Չէ՞ որ կյանքի հոսանքը մի շղթա է, պատճառների ու պատահականությունների շղթա, ու ինչ-որ մեկից աղերսել, որ քեզ խնայի, նույնն է, ինչ խնդրել, որ ճակատագրի շղթայից մի կտոր հանեն: Անհնար է: Չկա այդ մասնիկը` շղթան կքանդվի: Ոչ ոք իրավունք չունի դա խնդրել: Ես չեմ հավատա, որ ինձ կներեն իմ մեղքերը: Ներում է ինչ-որ ուրիշ մեկը, բայց ես գիտեմ, որ ինքս ինձ փրկել միայն ես եմ կարող:


Աֆորիզմներ ըստ Էքզյուպերիի

Սերը երբեք չի սպառվում: Ինչքան ավելի շատ ես տալիս,այդքան ավելի շատ է մնում: Երբ աղբյուրից ջուր ես վերցնում, օրեցօր այն ավելի մեծահոգի և առատ է դառնում:

Երբ մենք իմաստավորենք մեր դերը Երկրի վրա,նույնիսկ ամենահամեստ ու աննկատ դերակատարությոնը, միայն այդժամ մենք երջանիկ կլինենք: Այդժամ միայն մենք կկարողանանք ապրել և մահանալ հանգիստ, քանզի այն ինչ կյանքին իմաստ է հաղորդում,իմաստավորում է նաև մահը:

Մարդ լինել առաջին հերթին նշանակում է պատասխանատվություն զգալ: Ամոթ զգալ աղքատության հանդեպ, որը, կարծես,և քեզանից կախված չէ: Հպարտանալ ընկերներիդ ամեն մի հաղթանակով: Գիտակցել, որ դնելով գեթ մեկ աղյուս, դու օգնում ես կառուցել աշխարհը:

Ահա իմ գաղտնիքը, այն պարզ է հնչում.ամենատես է միայն սիրտը: Ամենակարևորը աչքերով չես տեսնի:

Միշտ հիշիր.անլուծելի խնդիրը,անհաշտ հակասությունը ստիպում են քեզ գերազանցել ինքդ քեզ, աճել և զարգանալ`այլ կերպ հնարավոր չէ գլուխ հանել:

Երջանկության չի բերում երջանկության որոնումը: Եթե փնտրես այն, կնստես և նստած կմնաս՝ չիմանալով որ կողմ սլանալ: Սակայն դու տքնում ես, կերտում ես, երկնում ես և, ի պարգևատրումն քո ջանքերի, քեզ դարձնում են երջանիկ

Տեսե՞լ եք երբևէ, թե ինչպես է եղեգնը թաքնվում քամուց։ Քամին ճոճում է այն և դարձնում ավելի ամուր: Իմաստություն ձեռք  է բերում նա, ով ամեն հիմարությունից դաս է քաղում:


Մի փունջ Էքզյուպերիից

Բարեկամը նա է, ով չի դատում, բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի և անկյունում դրված նրա ձեռնափայտի առջև ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը։ Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը։

Եթե հյուրը պատմում է այն գյուղի վրա թափված սովի սարսափների մասին, որտեղից նա ճանապարհ է ընկել, բարեկամը նրա հետ միասին տանջվում է սովից։ Քանի որ, քեզ այդ մասին ես արդեն ասել եմ, բարեկամը մարդու մեջ այն մասն է, որ միշտ քո կողմից է, և բարեկամը քո առջև բացում է այն դուռը, որ երբեք չէր բացի մեկ ուրիշի առջև։ Եթե քո բարեկամը իսկական է, ու այն ամենը, ինչ նա ասում է, ճշմարտություն է, նա քեզ սիրում է նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշ տանը նա քեզ ատում է։ Եկեղեցում իմ բարեկամը նա է, ում հետ, աստծո ողորմածությամբ, ես հանդիպում եմ, այդ նա է, ով դեպի ինձ այն դեմքն է ուղղում, ինչպիսին որ իմն է՝ նույն Աստծով լուսավորված, այսպիսով մեր միությունը կայացել է, նույնիսկ եթե եկեղեցու պատերից այն կողմ նա վաճառական է, իսկ ես նավապետ, նա այգեգործ է, իսկ ես՝ ծովագնաց...


Սիթհարդայի մտքերից

- Իմ էգոն էր, որի իմաստն ու էությունն ուզում էի իմանալ: Էգոն էր իմ, որից ուզում էի ազատվել, հաղթահարել : Բայց ես անզոր եմ դա անել, ես կարող եմ միայն խաբել նրան, ստեղծել պատրանք, կարող եմ միայն թաքնվել նրանից : Բայց ճշմարտությունն այն է, որ աշխարհում ոչինչ այնքան չի հուզում ինձ, ինչքան իմ եսը, իմ գոյության առեղծվածը, այն, որ ես առանձին ու տարբեր եմ բոլորից, որ ես Սիդհարթհան եմ: Եվ աշխարհում ոչինչ ես ավելի քիչ չգիտեմ, քան ինքս ինձ: Ուպատճառն այն է, որ միշտ վախեցել եմ ինքս ինձնից, փախել ինքս ինձնից, պատռել, մասնատել եմ իմ ես-ը, կլպել այն շերտ-շերտ, որպեսզի գտնեմ նրա մեջ աստվածայինը, մինչդեռ ավելի եմ կորցրել ինձ այդ պրոցեսում: Այլևս ոչ մի մեդիտացիա, ոչ մի վարժանք, ոչ մի ինքնամասնատում ու ինքնասպանումներ, ինձ պետք չեն ուսուցիչներ, ես ինքս եմ իմ ուսուցիչն այսուհետ, ու ինքս իմ աշակերտը: Ես սովորելու եմ իմ մասին ինձնից:

Հարցազրույցներ, ֆոտոդարան Հայկ Բլբուլյանի հետ․

Ընթերցվող․․․