Ամենաարդյունավետ բնական միջոցները գլխամաշկի թեփից ազատվելու համար




Գլխամաշկի թեփը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը կարող է դառնալ լուրջ բարդույթների զարգացման պատճառ։

Այս խնդրից ազատվելու համար սովորաբար կիրառվում են հատուկ դեղամիջոցներ, կոնդիցիոներներ ու շամպուններ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ իրենց քիմիական ագրեսիվ բաղադրության պատճառով էլ ավելի են վատթարացնում վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բուժման բնական միջոցներին, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև շատ ավելի հասանելի ու անվնաս, քանի որ պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից և չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ ու կողմնակի բարդություններ։



Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել այս տհաճ խնդրից։

  • 1 ճաշի գդալ կաղնու չոր կեղևներին ավելացնել մի բաժակ ջուր, դնել կրակին ու 10 րոպե եռացնել, այնուհետև ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու խառնել մինչև այն լուծվի։ Ստացված թուրմը հարկավոր է քսել մազարմատներին, մի փոքր մերսել, թողնել մեկ ժամ, որից հետո լվանալ գլուխը։ Այս բաղադրատոմսը հարմար է բոլոր տեսակի մազերի ու մաշկի համար։
  • 1 ճաշի գդալ կարմիր արոսենու հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել երկու ժամ, այնուհետև քամել և ստացված թուրմն օգտագործել գլուխը լվանալուց հետո մազերը մաքրաջրելու համար։ Այս բաղադրատոմսը նույնպես հարմար է բոլոր տեսակի մազերի ու մաշկի համար։
  • Վաղենակի դեղատնային թուրմը քսել գլխամաշկին, մի փոքր մերսել, այնուհետև փաթաթել գլուխը տաք սրբիչով, թողնել կես ժամ և լվանալ գլուխը։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական 2-3 անգամ։ Այս բաղադրատոմսը հարմար է յուղոտ մազեր ունեցողների համար։
  • 1 ճաշի գդալ չորացրած ու մանրացրած եղինջին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել։ Ստացված թուրմը հարկավոր է քսել մազերին ու գլխամաշկին, մի փոքր մերսել, թողնել 20 րոպե, որից հետո լվանալ գլուխը։ Այս բաղադրատոմսը ևս հարմար է յուղոտ մազեր ունեցողների համար։
  • 4 ճաշի գդալ ձիթապտղի յուղը տաք գոլորշու վրա մի փոքր տաքացնել, այնուհետև ավելացնել կես կիտրոնի հյութ ու լավ խառնել։ Ստացված խառնուրդը քսել մազերին ու գլխամաշկին, մի փոքր մերսել, թողնել կես ժամ, որից հետո լվանալ գլուխը շամպունով։Այս բաղադրատոմսը հարմար է չոր և նորմալ վարսեր ունեցողների համար։
  • Մեկ ձվի դեղնուցին ավելացնել 1 թեյի գդալ կռատուկի յուղ և 30 կաթիլ թեյի ծառի յուղ (վաճառվում է դեղատներում), լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդը քսել մազերին ու գլխամաշկին, մի փոքր մերսել, թողնել կես ժամ և լվանալ գլուխը շամպունով։ Գլուխը լվանալուց հետո հարկավոր է մազերը մաքրաջրել խնձորի քացախի լուծույթով, որը պատրաստելու համար պարզապես անհրաժեշտ է 3 ճաշի գդալ քացախը լուծել մի բաժակ ջրում։
  • Մեկական ճաշի գդալ երիցուկի ծաղիկներին ու եղեսպակի խոտին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 20 րոպե թրմել, այնուհետև քամել։ Ստացված թուրմն օգտագործել գլուխը լվանալուց հետո մազերը մաքրաջրելու համար։
  • Շատ արդյունավետ է նաև թարմ եղինջի թուրմը։ Հարկավոր է 2 ճաշի գդալ թարմ եղինջի տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 45 րոպե թրմել, այնուհետև քամել։Ստացված թուրմն օգտագործել գլուխը լվանալուց հետո մազերը մաքրաջրելու համար։
  • Երկուական ճաշի գդալ տատրակի չորացրած խոտին ու եղինջի չորացրած ծաղիկներին ավելացնել մի լիտր ջուր, դնել կրակին ու եռացնել, այնուհետև տարան փաթաթել տաք կտորով ու թրմել ևս 15-20 րոպե։ Ստացված թուրմն օգտագործել գլուխը լվանալուց հետո մազերը մաքրաջրելու համար։
  • 2 ճաշի գդալ վաղենակի չորացրած ծաղիկներին ու 1 թեյի գդալ կռատուկի արմատներին ավելացնել մի լիտր ջուր, դնել կրակին ու եռացնել, այնուհետև շարունակել եփել ևս 20 րոպե։ Ստացված գոլ եփուկը հարկավոր օգտագործել գլուխը լվանալուց հետո մազերը մաքրաջրելու համար։ Բացի այդ, այն հարկավոր է նաև քսել գլխամաշկին ու մի փոքր մերսել, որպեսզի հնարավորինս լավ ներծծվի։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխամաշկի թեփը չի լինում զուտ կոսմետիկ խնդիր, այլ պայմանավորված են լինում բավական լուրջ առողջական խնդիրներով։ Սա է պատճառը, որ նման միջոցների գործածությունից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ միայն հիմնական պատճառից ազատվելուց հետո հնարավոր կլինի ազատվել նաև թեփից։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․