Առյուծագի` սրտի բալասան (Пустырник)




Գիտական անվանումն է Leonurus cardiaca։ Հնագույն ժամանակներից օգտագործվում է որպես դեղաբույս։

Առաջին հիշատակումը, որը պահպանվել է մինչև մեր օրերը, հայտնաբերվել է հին եգիպտական մագաղաթներից մեկում։ Մագաղաթը կոչվում է` «Դեղամիջոցների պատրաստման եղանակները», այն գրվել է Ք.ա. 2-րդ հազարամյակում։ Ավիցեննան բույսը կոչել է սրտի բալասան։

Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, հրաշալի մեղրատու է։ Տարածված է նախալեռնային և անտառային գոտիներում. Գեղարքունիքում, Կոտայքում, Լոռիում։ Աճում է դաշտերում, անտառներում, ճամփեզրերում։



Բույսը պարունակում է օրգանական թթուներ (խնձորի, գինու, կիտրոնի) ասկորբինաթթվի հետքեր, A, E, C վիտամիններ, ֆլավոնոիդներ, եթերայուղ, դաբաղանյութեր, շաքարանյութեր, օճառանյութեր, բույսին բնորոշ գլյուկոզիդներ և ալկալոիդներ, նաև այլ օգտակար միկրո և մակրոտարրեր։

Բուժական նպատակների համար ծաղկման շրջանում հավաքեք ներքևի խոշոր տերևները և ծաղկած գագաթները` մինչև 30-40 սմ երկարությամբ մատղաշ ճյուղիկների հետ, թոռոմած ծաղիկներով բույսը պիտանի չէ։

Պետք է չորացնել ստվերի տակ, լավ օդափոխվող տարածքում։ Առյուծագու հումքից ստացված պատրաստուկներն իջեցնում են զարկերակային ճնշումը և դանդաղեցնում սրտամկանի կրճատումների ռիթմը։

Խորհուրդ է տրվում որպես հանգստացնող միջոց` նյարդային գրգռվածության, անքնության, հիստերիայի, սիրտ-անոթային համակարգի նևրոզի, հիպերտոնիկ հիվանդության նախնական փուլի, ստենոկարդիայի, կարդիոսկլերոզի, միոկարդիտի, սրտի արատների, սրտխփոցների, գլխուղեղի կոնտուզիայի դեպքում։

Առյուծագու ազդեցությունը նման է կատվախոտին, սակայն ավելի օգտակար է նևրոզի դեպքում։ Առյուծագին մեծ կիրառում ունի և ընդգրկված է մի շարք երկրների դեղաբանական ցանկերում.

Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում են միզապարկի հիվանդությունների, գլխացավի, սրտխփոցի, հազի դեպքում։
Արմատի եփուկը կիրառում են` արյունահոսության, իսկ արմատի խաշուկը` ոսկրացավի դեպքում։

Դեղատոմսեր

Սիրտ-անոթային անբավարարություն, օրգանիզմն ամրացնող. Մանրացրեք, 2 ճ/գ չոր հումքը լցրեք 300 մլ եռացող ջրի մեջ, 2 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 15-20 րոպե առաջ։

Հիպերտոնիա, ստենոկարդիա, կարդիոնևրոզ, նևրասթենիա. 4 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։
Անքնություն, սիրտ-անոթային հիվանդություններ (նյարդային հողի վրա). 1 ճ/գ չոր հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, կիպ փակված տարայի մեջ, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։

Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ, քրոնիկ կոլիտ, ստամոքսի սպազմեր. 2 ճ/գ հումքը լցրեք եռացող 400 մլ ջրի մեջ, 2-3 րոպեից անջատեք կրակը, 8 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1-2 ժամ առաջ։ Շարունակեք 3 շաբաթ։

Բոլոր վերոգրյալ հիվանդությունների դեպքում օգնում է նաև առյուծագու ոգեթուրմը.

20 գ մանրացրած չոր հումքը 10 օր թրմեք 100 մլ 70%-անոց սպիրտի մեջ, քամեք։ Խմեք 30-40 կաթիլ` օրը 3 անգամ, 50 մլ ջրի հետ։

Գլաուկոմա. Այս հիվանդության բուժման համար պետք է հավաքել հումքը բույսի ծաղկելուց հետո` սերմերի հետ։ 1 ճ/գ մանրացրած չոր խոտը` սերմերի հետ, 8 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 2 ժամ առաջ։

Գլխացավ. Խառնեք հավասար քանակությամբ առյուծագու խոտ, կատվախոտի արմատ, չամանի և ռազիանի սերմեր։ 2 ճ/գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա (թույլ կրակ), 45 րոպե թրմեք, քամեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։

Ճնշումն իջեցնող. Խառնեք հավասար քանակությամբ առյուծագու տերև, չորածաղիկի խոտ, ալոճենու ծաղիկ։ 3 ճ/գ հումքը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 2 անգամ, ուտելուց 1-2 ժամ առաջ։

Ստենոկարդիա. Խառնեք հավասար քանակությամբ այուծագու խոտ և ալոճենու պտուղ։ 4 ճ/գ հումքը 8 ժամ թրմեք 500 մլ եռջրում, ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։

Դաշտանի ուշացում. 2 թ/գ չոր հումքն 8 ժամ թրմեք 400 մլ սառը (նախօրոք եռացրած) ջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ։

Մարսողության խանգարում. Խառնեք հավասար քանակությամբ առյուծագու խոտ, եղինջի և դաղձի տերևներ։ 3 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Թուրմն ունի ստամոքսի աշխատանքը կարգավորող և ցավազրկող հատկություն։ Պահեք սառնարանում մինչև 2 օր։

Ոսկրացավ. 1 ճ/գ առյուծագու խոտը լցրեք 500 մլ եռջրի մեջ, եփեք, մինչև մնա 300-350 մլ, 30 րոպե թրմեք, քամեք։ Թուրմով շփեք հիվանդ մասերը։ Կատարեք օրը 5-6 անգամ` 3-4 ժամ ընդմիջումներով։

Հակացուցված է հիպոտոնիայի և բրադիկարդիայի դեպքում։ Ոգեթուրմը հակացուցված է երեխաներին։

Աղբյուրը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․