YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Երեխայի զարգացման կարևոր տարիքային փուլերից մեկը նրա կյանքի առաջին տարիներն են՝ մինչև երկու տարեկան։ Երեք տարեկանից արդեն սկսում է այլ ճգնաժամային փուլ, երբ երեխան սկսում է գիտակցել իր լինելիությունը՝ որպես անձ, իր Ես-ը՝ որպես առանձին Ես, և, հետևաբար, դրսևորում է ինքնուրույնություն։ Սակայն տվյալ հոդվածում ավելի շատ կանդրադառնանք երեխայի այն զարգացման փուլին, որը, համապատասխանաբար, իրականացվում է մինչև երկու տարեկանը։
Մինչև երկու տարեկանը զարգացման հիմնային և առաջնային գործընթաց է կատարվում առողջական համակարգում, հուզական համակարգում, ուսուցման և վարքային հմտությունների ձևավորման նախնական մակարդակում, ինչպես նաև ինքնավստահության և այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների ձևավորման գործընթացում։ Հետևաբար՝ այն ամենը, ինչ ծնողները ներդնում են երեխայի անձի զարգացման գործընթացում, անպայմանորեն, հետագայում վերադարձվում է մարդկային տեսակի պատկանելիության շեշտադրումով։
Որպես կանոն՝ ամեն տարիք ունի իրեն բնորոշ դժվար և դրական դրսևորումները։ Երկու տարեկանը դեռ չբոլորած երեխաների ծնողները, հիմնականում, ծանոթ են քնի օրակարգի խանգարումներին, խոսքի, գիշերանոթի, ցրվածության, վարքային մի շարք դրսևորումների՝ շուտ բռնկվել, կծել, խփել, ինքնուրույնության մղման հետ կապված խնդիրներին։ Շատ դեպքերում ծնողները սկսում են անհանգստանալ և այդ քաոսային իրավիճակում խառնաշփոթության մատնվել։ Նման երևույթից խուսափելու համար ծնողները պետք է լինեն կոմպետենտ։
Ծնողը պետք է իրազեկված լինի
Ցանկացած տարիք ունի իրեն հատուկ զարգացման պահանջներ ու դրսևորումներ։ Դրանք պետք է անպայմանորեն յուրացվեն ծնողի կողմից՝ մինչ երեխայի լույս աշխարհ գալը։ Նման տեղեկացվածությունը կտա այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝
Ինչպե՞ս հասկանալ և ընդունել երեխային,
Երեխայի զարգացման և վարքային ո՞ր դրսևորումների առկայության դեպքում կարիք կա անհանգստանալու,
Ինչպե՞ս լինել վստահ և հավասարակշռված ծնող:
Ի՞նչ սպասել սեփական երեխայից
Այս տարիքի փոքրիկներից ամենամեծ ակնկալիքը շարժողական համակարգի դրսևորումն է՝ քայլքը։ Երեխան սկսում է ինքնուրույն քայլել։ Լիարժեք ազատություն ձեռք բերելով և երկու ձեռքերն ազատելով առարկաներից՝ երեխան սկսում է փորձարկումներ կատարել, զարգանում է նրա շարժողական հավասարակշռությունը։ Քայլքը ամենակարևոր ձեռքբերումն է, քանի որ դրա շնորհիվ է զարգանում երեխայի ճանաչողական գործընթացը։
Խրախուսվում է ուշադրություն դարձնել՝ արդյո՞ք արդեն երկու տարեկան երեխան կարող է կատարել հետևյալ գործողությունները.
Գլորել կամ գցել գնդակը
Սողալ որոշակի իրի վրայով
Ինքնուրույն կատարել շարժողական գործություններ
Բարձրանալ մեկից մեկուկես մետր բարձրության աստիճան
Քայլել ոչ հարթ ճանապարհով
Շրջանցել խոչընդոտները
Խաղալ հրահանգ պարունակող խաղեր՝ թռչկոտել, վազել, ետ ու առաջ անել, և այլն։
Պետք է հիշել, որ խաղը երեխայի համար ոչ թե հաճույք է, այլ մի մեծ աշխատանք։ Որպեսզի խաղալիքը դառնա երեխայի ամենասիրելին, այն պետք է իր գործառույթով համապատասխանի երեխայի տարիքային պահանջներին։
Երկու տարեկան երեխայի խաղալիքները
Խաղալիքներ, որոնք նպաստում են խոշոր մոտորիկայի և ընդհանուր շարժողական ակտիվության զարգացմանը: Օրինակ, տարբեր մեծության գնդակներ, անվասայլակներ, սահնակներ և այլն:
Մանր մոտորիկայի, նուրբ շարժումների և ճշգրիտ շարժումները զարգացնող խաղալիքներ: Օրինակ, ավազի համար նախատեսված կաղապարներ և խորանարդիկներ:
Երաժշտական խաղալիքներ՝ ակորդեոն, քսիլոֆոն, թմբուկ և այլն:
Ստեղծագործական միտքը զարգացնող խաղալիքներ: Օրինակ, պլաստիլին, գունավոր կավիճներ, մատիտներ և այլն:
Շրջակա միջավայրին ծանոթացնող խաղալիքներ, որոնց թվին են պատկանում խոհանոցի, կահույքի, այգու, տիկնիկային պարագաները, տարբեր տիկնիկներ, կենդանիներ և այլն:
Ի՞նչ պետք է կարողանա անել մինչև երկու տարեկան երեխան
Այս տարիքի երեխան պետք է ունակ լինի հավաքել, համադրել և խմբավորել տարբեր իրեր, օրինակ՝ սեփական խաղալիքները.
Իրի դետալների աստիճանական ավելացում:
Համեմատել՝ ըստ գույնի, չափսի և ձևի: Երեխան արդեն հասկանում է մեծ և փոքր բառերի չափողական իմաստը, կարող է կառուցել երկու կամ երեք դետալներից կազմված բուրգ կամ այլ երկրաչափական մարմին:
Հատկանիշների ընդհանրացում: Ինքնուրույն ընտրում է՝ ըստ գույնի կամ ձևի:
Ջրից (դույլից, բաժակից, լողավազանից) ցանցով վերցնում է հավանած խաղալիքը:
Ավազի վրա սարքում է պարզ մարմիններ:
Ծանոթ է բարդ կառույցների բաղադրիչ մասերի հետ, օրինակ, որ տունը բաղկացած է տանիքից, պատերից, պատուհաններից, և այլն:
Դերային խաղեր, օրինակ՝ տիկնիկի կերակրում, խնամք, զբոսանք: