YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Բացասական մտքերը քայքայում են մարդուն։ Անհրաժեշտ է սովորել դրական ու կառուցողական մտածել, հավատացեք, նույնիսկ մեր դաժան իրականության պայմաններում։
Ձեզ պարզ հարց տվեք. ինչի՞ են հանգեցնում բացասական մտքերը։ Ճիշտ եք, որպես կանոն, ոչ մի լավ բանի։ Այդպիսի մտքերը խանգարում են մեզ հանգիստ ապրել, դրանք միայն ավելացնում են վախերը, էներգիա խլում, ոչնչացնում դրականը և ուրախալին։ Այս դեպքում երկրորդ հարցն է առաջանում. ի՞նչն է խանգարում ազատվել այդ մտքերից։
Հավանաբար, մեր մարդկային բնությունը։ Բայց պետք չէ հանձնվել և համակերպվել, որ բացասական մտքերը փչացնում են մեր կյանքը։ Այս հոդվածում դուք մի քանի խորհուրդ կգտնեք, որոնք կօգնեն ազատվել մտքերից և այլեւս երբեք դրանց չանդրադառնալ։
Միջոց N1
Արդյունավետ միջոցներից մեկը համարվում է բացասական մտքերի պատճառների դեմ պայքարը։ Այդ պատճառները կարող են բազմաթիվ լինել։ Դուք պետք է ճիշտ բացահայտեք, թե որտեղից են հայտնվում այդ մտքերը, հետո ազատվեք բացասական մտքերի աղբյուրից։
Օրինակ, դուք բացահայտել եք, որ վատ մտքերը հաճախ գալիս են ԶԼՄ-ների տեղեկատվության արդյունքում։ Այդ դեպքում դադարեք դիտել այն հաղորդումներն ու լրատվական թողարկումները, որոնք փչացնում են ձեր տրամադրությունը։ Եթե ձեր ընկերները կամ մտերիմները բացասական մտքերի աղբյուր են, խնդրեք նրանց այլևս չխոսել նման թեմաներից։ Ազատվելով բացասական մտքերի աղբյուրներից՝ դուք այդ խնդիրն արմատահան կանեք։
Միջոց N2
Դուք կարող եք օգտվել նաև հետևյալ հետաքրքիր խորհրդից, որը շատ դեպքերում կարող է օգնել։ Այն պահին, երբ ձեզ պատում են բացասական մտքերը, դուք պետք է դրանք աբսուրդի աստիճան զարգացնեք, որ շուտով անհեթեթ ու ծիծաղելի թվան։
Բանն այն է, որ վատ մտքերը սկսում են ազդել միայն այն դեպքում, եթե դուք արձագանքում եք դրանց։ Օրինակ, դուք մտահոգվում եք, որ չեք կարողանալու հանձնել քննությունը։ Այդ դեպքում մի իրավիճակ պատկերացրեք, որ դուք մտնում եք լսարան և ասում, որ ոչինչ չեք սովորել։ Ուսուցիչը հանում է հրացանն ու սկսում կրակել ձեզ վրա, քանի որ դուք չգիտեք նրա առարկան։ Նման անհեթեթ մտքերից հետո կծիծաղեք, իսկ բացասական մտքերը կհեռանան։
Միջոց N3
Կարելի է փորձել բացասական մտքերը փոխարինել դրականով։ Եթե գլխում անպետք մտքեր են հայտնվում, անմիջապես մտածեք լավ բաների մասին, թեկուզ վերացական երևույթների՝ ընկերության, սիրո, առողջության և այլն։
Միջոց N4
Հաջորդ միջոցն իր մեջ ներառում է բոլոր նախորդները։ Դուք պարզապես պետք է առաջանալուն պես հեռացնեք բացասական մտքերը։ Կարևոր չէ, թե դրան ինչ կհաջորդի՝ անհեթեթություն կամ բոլորովին հակառակ մի միտք։ Գլխավորը, որ դուք անմիջապես հեռացնեք այն և այլևս երբեք չվերադառնաք դրան։
Միջոց N5
Ինչ-որ գործով զբաղվեք։ Շատ դժվար է գործով զբաղվել, երբ գլխում վատ մտքեր են, բայց համառորեն խորհուրդ է տրվում այդ անել։ Ամեն դեպքում, 95 տոկոս դեպքերում դա օգնում է։
Հիշեք, որ բացասական մտքերն ավելի հաճախ ու արագ են հայտնվում, քան լավ մտքերը։ Միաժամանակ, դրանցից պետք է ազատվել՝ օգտվելով վերը նշված խորհուրդներից։ Այն դեպքում, եթե մեկը չի օգնում, փորձեք հաջորդը, և թող հաջողությունն ուղեկցի ձեզ։