Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Համլետ Ղուշչյանի հիշողությունները «օրենքով գող»՝ լեգենդար Սվո Ռաֆի մասին Հատված՝ Համլետ Ղուշչյանի «ԵԹԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ» գրքից:
Հիշողությանս մեջ անցած օրերից պահպանվել է մի այսպիսի դեպք, որը կարող էր շատ վատ ավարտ ունենալ։ Մի անգամ զինվորական ծառայության վերջին օրերին Գորկիից հինգ կալանավորի ուղեկցում էինք Մոսկվա։ Նրանցից մեկը, ով հայ էր, սրտաբաց խոսակցություն բացեց Հայաստանի, հայոց պատմության, մարդկային փոխ-հարաբերությունների, հանցավործ աշխարհի բարքերի մասին։ Ես ակնապիշ լսում էի նրան՝ զարմանալով, թե այդքան բանիմաց, գրագետ մարդն ինչու է հայտնվել բանտում։ Առավոտյան, երբ արդեն մոտենում էր Մոսկվա ժամանելու պահը, մի երկտող գրեց ու առանց ծրարում փակելու հանձնեց ինձ՝ ապսպրելով Երևան հասնելուն պես նամակը հասցնել նշված հասցեով։
Պետք է խոստովանեմ, որ այդ մարդու հիպնոսացնող ազդեցությունն այնքան մեծ էր, որ անվարան հանձն առա կատարել նրա խնդրանքը, չնայած լավ գիտեի, որ բացահայտվելու դեպքում ինձ սպասում էր խիստ պատիժ` կալանավորի հետ հանցավոր համաձայնության մեղադրանքով։ 1972 թվականի դեկտեմբերին արդեն տանն էի և առանց հապաղելու գնացի խնամքով պահված նամակի հասցեատիրոջ հետքերով։ Հեշտությամբ գտա Ալավերդյան (այժմ՝ Հանրապետության) փողոցի սկզբնա-մասում գտնվող շենքի առաջին հարկի բնակարանը։ Դուռը բացեց միջին տարիքի մի կին։ Կարծեմ, կալանավո-րի քույրն էր։ Մինչ կինը հեռացավ մյուս սենյակ՝ առանձնության մեջ նամակն ընթերցելու, ինձ հետ խոսքուզրույցի բռնվեցին տանը գտնվող երկու տղամարդիկ, որոնք ինձնից կենդանի տպավորություններ էին հարցնում նամակի հեղինակի որպիսության մասին։
Երկար մնալն անիմաստ էր, և ես, հրաժեշտ տալով, արագ հեռացա այդ անծանոթ միջավայրից։ Բավական ճանապարհ անցել էի, երբ նույն այդ երիտասարդները հասան ինձ, կանգնեցրին և գրեթե հրամայական տոնով պահանջեցին լսել իրենց։ Նրանք հայտնեցին, որ գիշերային «անհայտ զրուցակիցս օրենքով գող Սվո Ռաֆն է» եղել և նամակում նա իրենց պարտավորեցրել է օգնել ինձ։ Երիտասարդները պահանջեցին իմ հեռախոսի համարն ու հասցեն։ Մյուս օրն իրենց նշանակած ժամադրավայրում էի։ Չնայած իմ հուսահատ դիմադրությանը` նրանք գրպանս խոթեցին մի հաստ ծրար։ Կարմրատակած հասա տուն և բացելով ծրարը` այնտեղ գտա այն ժամանակների համար հսկայական մի գումար՝ 3000 ռուբլի։ Ինձ մնում էր միայն ծախսել այն. ինչպես ժողովուրդն է ասում՝ ջրի բերածը ջուրն էլ տարավ։ Համամիութենական ճանաչում ունեցող իմ «բարերարի» հլու հանձնակատարների հետ կապերս երկար ժամանակ խզեցի:
Եվ միայն տարիներ անց՝ 1986 թվականին, երբ Մոսկվայի «Տորպեդոյի» հետ «Արարատի» խաղը մեկնաբանելու նպատակով գտնվում էի Մոսկվայում, «Ուկրաինա» հյուրանոցի ռեստորանում նորից շատ պատահական հանդիպեցի այդ լեգենդար անհատին: Ինձ ուղղված հայերեն զվարթ բարևից կանգ առա։ Նայում եմ սեղանի շուրջ նստած ներկայանալի տղամարդկանց, և ոչ մեկի դեմքն ինձ ծանոթ չէ։ Շփոթմունքս նկատելով` նրանցից մեկը, առանց տեղից վեր կենալու, թեք նայեց ինձ ու տիրական ձայնով ասաց. «Ես եմ, Սվոն, քո մեծ ախպերը։ Իմացել եմ՝ ժուռնալիստ ես դարձել, մեր ազգի պատիվն ես պահում։ Ցանկացած հարցով միշտ կարող ես դիմել ինձ։ Նստի տեսնեմ` ի՞նչ պրոբլեմ ունես։ Նախկին խակ տղան չէի, շատ բան էի լսել հանցագործ աշխարհում ու նրա սահմաններից դուրս Ռաֆիկ Բաղդասարյանի աներևակայելի ազդեցության մասին։
Նախ շնորհակալություն հայտնեցի տարիներ առաջ նրա ցուցաբերած կամավոր օգնության համար, ապա անցանք հայերիս մոտ ընդունված հարցուփորձին` ինչ կա-չկա։ Խոսակցությունը կարճ ստացվեց, ու մենք ջերմ բարեմաղթանքներով բա-ժանվեցինք։ Իրականում ի՞նչ ընդհանուր բան կարող էր լինել բացարձա-կապես տարբեր աշխարհներ ներկա-յացնող երկու մարդու միջև։ Վերջին անգամ այդ «լեգենդար» մարդուն հանդիպեցի, ավելի ճիշտ` պատահաբար նրա հուղարկավորության թափորին դեմ հանդիման դուրս եկա Երևանի հեռուստակենտրոնից տուն գնալու ճանապարհին։
Դա 1993 թվականն էր, հազարավոր մարդիկ նրան տանում էին հողին հանձնելու Թոխմախի գերեզմանատանը։ Ընկերներիցս տեղեկացա, որ նա անաղմուկ մահացել էր Մոսկվայի չարագուշակ Բուտիրյա բանտի հիվանդանոցում, բանտախուց նետված վարձու մարդասպանի դաժան ծեծի հետևանքով՝ իր ընդունած, գուցեև ինչ-որ տեղ նաև իր շնորհիվ ստեղծված դրվածքի համաձայն չհայտ-նելով իրեն սպանողի անունը։
Այդպես է. Տիրողները ստեղծում են կանոններ ուրիշներին պատժելու համար, սակայն գալիս է մի օր, երբ այդ նույն կանոններով ուրիշներն են նրանց հատուցում։