Ապրել մեղքի զգացումով. թերարժեքության բարդույթ (չափահասների համար)



 


Վստահ եմ, որ բոլորին էլ ծանոթ իրավիճակ է. փաբ, աղմկոտ սեղաններ, բարձր երաժշտություն, նույնիսկ այնքան բարձր, որ երաժշտության դմփդմփոցը ներսդ երկրաշարժի պես ցնցում է, կամ գուցե ալկոհոլն էր մեղավոր....

Ես բացեցի աչքերս ու ինձանից անկախ հայացքս թեքվեց դեպի աջ... կամ դեպի ձախ (ես աջ ու ձախի հետ խնդիր ունեմ): Մի խոսքով, հարևան սեղանին մի երիտասարդ էր նստած, որի հայացքը իմ ներսում ինչ-որ քիմիական ռեակցիա առաջացրեց. մարմնիս ամեն միլիմետրը վառվում էր: Տարօրինակ զգացողություն:

- Մերկացնում ա քեզ հայացքով,- փայլող աչքերով ու խորամանկ ժպիտով երանությունս խախտեց իմ փաբային ընկերուհին:
«Մերկացնում... »,- մտքում կրկնեցի ես: Փաբում հնչում էր Mazzy Star-ի` իմ սիրած կատարումը: Նորից աչքերս փակեցի և սկսեցի քթիս տակ մրթմրթալ երգը:

Փորձը չստացվեց... տեղի ունեցավ գոլորշիացում, և ես դարձա նորից ես` անզգա, սառը և տղամարդկանց նկատմամբ անտարբեր, ինչպիսին էի վերջին «հազարամյակում»:

Ես քսաներեք տարեկան եմ, միայնակ ու երջանիկ...

Հիմարություն... միայնակ ու երջանիկ... վատ սկսեցի: Փորձեմ նորից...Ես քսաներեք տարեկան եմ: Տասնյոթում ունեցել եմ ընկեր, ում սիրում էի գժի պես: Շնչում էի նրանով, ապրում նրա համար: Նա մեծ էր ինձանից երեք տարով: Ողջ էությունս պտտվում էր նրա շուրջ։
Ես չկայի. ես նա էի: Այն ժամանակ, ես իհարկե գիտեի, թե ինչ է սեքսը, համոզված էի` այն բոլոր հասուն հարաբերությունների գագաթնակետն է: Ու մի օր մենք հասանք այդ գագաթնակետին: Ոչինչ պլանավորված չէր... ինչպես երբեմն ասում են.... ուղղակի ստացվեց:

Ես ցավ չզգացի... նա ինձ չէր կարող ցավեցնել.... Ես 17-ամյա երիտասարդ աղջիկ էի, ով սիրում էր, սիրված էր և ապրում էր սեռական կյանքով: Ես նահապետական ընտանիքում չեմ դաստիարակվել, բայց վստահ էի ու ուզում էի, որ հենց այդպես էլ լիներ.... Ես պիտի ամուսնանամ նրա հետ, ու նա իմ կյանքի առաջին ու միակ տղամարդն է լինելու.... Առաջինը, հաստատ, բայց արդյո՞ք միակը: Մի օր ես հասկացա Սևակին....Առաջին սերը «կուտ է գնում»... Հենց էդպես էլ եղավ: Հետո ամեն ինչ մութ էր։ Մեկ ամսում ես նիհարեցի 9 կիլոգրամով և դարձել էի սեփական ստվերս: Բայց ժամանակը ինձ համար էլ էր լավագույն բժիշկը, և ընդամենը 19 ամիս հետո ամեն ինչ անցյալում էր՝ նա, ում համար ես ժամանակին շնչում էի, հիշողություններս, որոնք այնքան հեռու էի թաղել, որ չհիշեմ, և ընկեր ունենալու գաղափարը:

Հիմա ես քսաներեք տարեկան եմ, և արդեն հինգերորդ տարին է, որ իմ կողքին ոչ մի տղամարդ չի եղել ու չի դիպչել ինձ: Փաբում կատարվածը ինձ հանեց հունից.... օրգանիզմս «աղաղակում» է, իսկ ես վստահ եմ, որ ոչ մի տղամարդ այլևս ինձ հետ չի ուզի իր կյանքը կապել, իսկ ես պարզապես սեքսի ու ժամանցի համար նախատեսված չեմ: Ես չգիտեմ` ինչ անեմ:

- Այսքան ժամանակ է անցել: Հիշողություններդ դեռ տանջո՞ւմ են քեզ:

- Արդեն ոչ այնքան, բայց դե աշխատում եմ չհիշել:

- Եթե ես քեզ ճիշտ հասկացա, քո սեքսուալ փորձը եղել է քո սիրած մարդու հետ, քո ցանկությամբ, ու դու այն ժամանակ հաճույք ես ստացել սեքսից:

- Դե հա, այն ժամանակ ստանում էի, բայց ես հո չգիտեի, որ ամեն ինչ այսպես է ստացվելու....

- Ինչպե՞ս է ստացվելու: Ինչո՞ւ է քեզ թվում, որ դու ինչ-որ մեղք ես գործել: Դու սիրել ես այդ մարդուն: Ազատվիր մեղքի զգացումից: Սիրիր քո հիշողությունները: Քո անցյալը քո մի մասնիկն է, ու դու ոչ մի տեղ չես փախչի նրանից: Դուք սիրել եք իրար, և դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա: Դու պիտի հասկանաս դա:

- Հոգեբանին այցելելն ինձ բավական հանգստացրեց: Չնայած դեռ պայքարում էի ինքս ինձ հետ, բայց իրականությունն արդեն այլ գույներով էր ներկայանում: Ուզում էի հավաքել մտքերս ու նստեցի այգում` նստարանին: Ուղեղումս դեռ պտտվում էին հոգեբանի խոսքերը, երբ լսեցի.                                                                                                                        - Ողջույն...                                                                                                                                            Գլուխս բարձրացրի.... Քիմիական ռեակցիան նորից սկսվեց. փաբում ինձ հայացքով «մերկացնող» երիտասարդն էր: Ես ևս բարևեցի նրան` փորձելով հանդարտեցնել ներսումս թռչող թիթեռներին....

Ես քսաներեք տարեկան եմ, միայնակ չեմ ու համարյա երջանիկ եմ: Համարյա, որովհետև ես նրան չեմ ասել, որ իմ կյանքում ուրիշ տղամարդ է եղել, և ես.... կին եմ:

- Ի՞նչ է քեզ համար սեքսը, և քանի՞ տարեկան է ընկերդ:

- Դժվարանում եմ պատասխանել` ինչ է սեքսը..... Նա 28 տարեկան է: Ես նրա հետ ինձ վստահ եմ զգում. ասես հենարան լինի, ում միշտ կարելի է դիմել, իսկ ինքս խաբում եմ նրան:

- Նախ սկսենք նրանից, որ դու նրան չես խաբում, պարզապես չես ասում ողջ ճշմարտությունը: Իսկ արդյոք այն, ինչին դու այդքան կարևորություն ես տալիս, նրա համար նշանակություն ունի՞: Մեր հասարակությունը շատ քարացած կարծրատիպեր ունի: Բայց հավատա, որ շատ տղամարդկանց համար կուսաթաղանթը պարտադիր պայման չէ:

Կուսությանը հիմնականում ուշադրություն են դարձնում ավելի երիտասարդ տղաները, բայց տարիքի հետ տղամարդն էլ է հասկանում, որ կարևորն այդ թաղանթը չէ. կարևորը բարոյական հավատարմությունն է: Եթե քո տղամարդը քեզ նման է մտածում ու եթե նա սիրում է քեզ, ապա կհասկանա: Կարծում եմ` նա արդեն գիտի այն, ինչ դու այդքան ջանասիրաբար փորձում ես թաքցնել:

- Դու անցյալում արե՞լ ես ինչ-որ բան, ինչի համար զղջում ես, ինչը քեզ հանգիստ չի տալիս, ու եթե ժամանակի մեքենա ունենայիր ու կարողանայիր հետ տալ ժամանակը, կխուսափեիր այդ սխալից:

- Ցանկացած մարդու կյանքում էլ, կարծում եմ, նման բաներ կան,- նա բռնեց ձեռքս ու սեղմեց կրծքին: Ես զգացի նրա սրտի աշխատանքը: Զգացի նրա մարմնից եկող ջերմությունը: Ես սիրում եմ նրան և ես չեմ կարող այսպես այլևս...

- Մենք էլ չպետք է հանդիպենք,- լռությունը խախտեց իմ դողացող ձայնը:

- Գժվեցի՞ր: Ինչո՞ւ ես հիմար բաներ խոսում:

- Դու ավելի լավ կնոջ ես արժանի:

- Ինչո՞ւ ես դու իմ փոխարեն որոշում, թե ինչի եմ ես արժանի: Ու ի՞նչ է նշանակում ավելի լավ կին: Դու ինձ համար ամենալավն ես...

- Բայց դու ամեն ինչ չի, որ գիտես...

- Հանգստացիր ու մի՛ լացիր,- նա սեղմեց ինձ իրեն ու շշնջաց,- ես վերջապես գտա քեզ ու չեմ կորցնի երբեք: Ես սիրում եմ քեզ: Քո անցյալն էլ ես դու, ու ես մի քիչ խանդում եմ քեզ քո անցյալին, որ այդ տարիներին քո կողքին ուրիշ մարդ է եղել, ոչ թե ես: Ես ամեն ինչ գիտեմ....Ես սիրում եմ քեզ:

- Գիտե՞ս.... բայց որտեղի՞ց, ինչպե՞ս...

- Հասկանո՞ւմ եք, նա գիտի ու ընդունում է ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: Գիտենալով հանդերձ` նա ինձանից սեքս չի պահանջում, սպասում է, երբ ես պատրաստ կլինեմ դրան:

- Իրականում դու էիր այդքան բարդացնում ամեն ինչ: Հիշիր, ինչպես դու ես վերաբերվում խնդրին, այնպես էլ դիմացինի վերաբերմունքն է լինում: Եթե դու չկարծեիր, որ ինչ-որ սխալ բան ես արել, դու կարիք չէիր ունենա փակվելու, պաշտպանվելու ու պատժելու ինքդ քեզ: Հիմա, եթե նույնիսկ այնպես պատահի, որ դուք բաժանվեք, դու արդեն գիտես, որ սեքսը հանցագործություն չէ.... դու ոչ մի վատ բան չես արել... դու պարզապես սիրել ես: Ու եթե քո կողքին կա տղամարդ, ով սիրում է քեզ, նա ամեն ինչ կհասկանա:

Հ.Գ. Ես քսաներեք տարեկան եմ: Ես միայնակ չեմ, իմ կողքին իմ սիրելին է, ու ես երջանիկ եմ.... ես գիտեմ` ինչ է սերը.... ես գիտեմ` ինչ է սեքսը: Եթե քեզ ծանոթ է այն իրավիճակը, որում հայտնվել էի ես, մի՛ մտածիր, որ քեզ համար ամեն ինչ ավարտված է: Մտքիդ ծայրով անգամ մի՛ անցկացրու, որ քեզ հետ պարզապես կարելի է ժամանակ անցկացնել, քանի որ կույս չես.... Կույս չլինելը դատավճիռ չէ: Հասկացիր, թե ինչն է իրականում կարևոր.... Դու դեռ գտնելու ես այն մեկին, ում համար կարևորը դու ես ու ոչ թե այդ, կներես արտահայտությանս, ԹԱՂԱՆԹը:

Cosmo

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հոգեբանություն և իմաստնություն | Ավելացրեց: gisherayinkyanq (20.04.2021) | Հեղինակ: Cosmo W
Դիտումներ: 223 | Տեգեր: թերարժեքության, (չափահասների, մեղքի, բարդույթ, համար), զգացումով., Ապրել | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0

Erkusov-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 155հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

Copyright erkusov.com © 2021
Яндекс.Метрика   uCoz