RSS 

Գլխավոր էջ » » Բազմազան...

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները
 


 
loading...

 

Բոլոր ժողովուրդներն էլ, անկախ բնակութեան վայրից և կրօնից, ունեն հարս-սկեսուր յարաբերութիւների խնդիրը: Նոյնիսկ մի շարք աֆրիկեան ցեղերում հարսին և սկեսուրին արգելւում է միաժամանակ մի տեղում լինել: Սա խօսում է այն մասին, որ այս յարաբերութիւնները ազգութիւն չեն ճանաչում, և որ բոլոր հարսներն ու սկեսուրներն են թոյլ տալիս նոյնատիպ սխալներ:

«Էութիւն» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լիլիթ Ադիբեկեանը LN-ի հետ զրոյցում առանձնացրեց մի քանի տիպի սխալներ, որոնք հիմնականում թոյլ են տալիս սկեսուրները:

Նա չի համապատսխանում իմ տղային

Մայրիկի դուրը չի գալիս զաւակի ընտրեալը: Նրա եզրակացութիւնը միանշանակ է. այս տիպը «ՄԵԶ» չի սազում: Նա կարող է հաւաքել բամբասանքներ հարսի մասին, ամէն մի սխալը մեծացրած պատմել տղային և այլն: Եթէ տղան սիրում է կնոջը և կայուն է իր համոզմունքներում, ապա նա այս ամէնի վրայ ուշադրութիւն չի դարձնի, իսկ եթէ կայ մի կաթիլ կասկած, ապա ընտանիքը քանդւում է…

Այս դէպքում սկեսուրին կարելի է խորհուրդ տալ ամենասկզբից լաւ տրամադրւել տղայի ապագայ կնոջ նկատմամբ և «բարիդրացիական» յարաբերութիւններ ունենալ: Հարս-սկեսուր յարաբերութիւնների սկիզբը նորաստեղծ ընտանիքներում դնում է սկեսուրը: Եթէ նրանց միջեւ կայ յարգանք, մնացած խնդիրները կարելի է լուծել և կանխարգելել: «Հարսը ինքն իրեն պիտի միշտ յիշեցնի՝ «Ես պիտի յարգանքով վերաբերւեմ իմ ամուսնու մօրը, յանուն մեր ընտանիքի հանգստութեան», իսկ սկեսուրին էլ չի խանգարի միշտ ասել՝ «Իմ տղայի հանգստութեան և երջանկութեան համար ես պիտի յարգանքով վերաբերւեմ նրա կնոջը»»,-խորհուրդ է տալիս հոգեբանը:


Ես իմ թոռներին մօր դերում կը փոխարինեմ

Երբեմն լինում է, երբ սկեսուրը չի սիրում հարսին, սակայն շատ է կապւել թոռների հետ: Սկեսուրը չի թողնում, որ հարսը մօտիկ գայ իր երեխային, վերջինիս ցանկացած արարքը քննադատւում է և բարձրաձայնւում բարեկամների ներկայութեամբ: Նա իրեն անգիտակցաբար իդենտիֆիկացնում է որպէս երեխայի ոչ թէ տատիկ, այլ մայր:

Այս պարագայում հոգեբանը սկեսուրներին խորհուրդ է տալիս աշխատել չխառնւել տղայի ընտանիքի գործերին: Հասկանալ, որ հիմա նրանց հերթն է թեկուզ դժւարութիւններով, բայց մեծացնել իրենց երեխաներին: Բայց շատ աւելի լաւ է լինում, երբ տատիկներն ուղղակի օգնում են իրենց հարսներին ճիշտ խորհուրդներով' միաժամանակ մնալով տատիկի դերում:


Նա տղայիս տարաւ ինձնից

Անտանելի սուր է արտայայտւում այս խանդը այն սկեսուրների մօտ, ովքեր իրենց տղային մենակ են մեծացրել կամ չեն ունեցել երջանիկ ընտանեկան կեանք: Նման սկեսուրը համոզւած է, որ հարսը չի կարող ինքնուրոյն ապահովել իր տղայի հարմարաւէտ և հանգիստ կեանքը: «Ցաւալի է, բայց երբեմն այնքան ուժեղ է արտայայտւում այս վիճակը, որ միայն մայրը գիտի' ինչ պիտի ուտի, խմի, հագնի իր զաւակը: Ու նոյնիսկ նրա խորհուրդները աւելի շատ հրաման են յիշեցնում»,- պարզաբանում է Լիլիթ Ադիբեկեանը:


Տղաս վատն է դարձել ամուսնութիւնից յետոյ

Շատ ու շատ սկեսուրներ մինչև կեանքի վերջ իրենց զաւակին ընկալում են ինչպէս իրենց մի մասը և ընդհանրապէս չեն զգում իրենց բաժանող սահմանը: Նրանց անընդհատ անհրաժեշտ է իրենց զաւակի ուշադրութեան կենտրոնում լինել: Երբեմն նոյնիսկ կեղծ դէպքեր են յօրինում տղային միշտ իրենց մօտ պահելու համար:

Տղայի մայրը կատարել է իր պարտականութիւնը իր երեխայի նկատմամբ: Իսկ հիմա տղան պարտաւոր է կատարել ի՛ր պարտականութիւնները ի՛ր զաւակների նկատմամբ: Բանականաբար, ծնողները ծերանում են, և նրանց մասին պէտք է հոգ տանել, բայց թէ ինչպէս և ինչքան իրականացնել այդ հոգատարութիւնը, իրաւունք ունեն ընտրել մեծացած երեխաները:


Նա ինձ համար աղջիկ կը լինի

Հոգեբանի հաւաստմամբ, շատ է պատահում, որ հարսի յայտնւելուն պէս ամուսնու մայրը ասում է, որ միշտ ցանկացել է աղջիկ ունենալ, ու այդ աղջիկը կը լինի հարսը: Նրանք շփւում են, խօսում, «ընկերութիւն» անում: Ոգևորւած սկեսուրի բարութեամբ' հարսը սկսում է կառուցել յարաբերութիւններն իր մօր նմանութեամբ, և մի օր որոշում է մի քիչ բամբասել իր ամուսնուց, ինչպէս իր մայրիկի հետ, մի քիչ բողոքել նրանից: Սկզբում սկեսուրը մտնում է այդ խաղի մէջ, բայց կամաց- կամաց ջղայնանում: Հարսը համարձակւեց քննադատել իր համար ամենասուրբ մարդուն՝ որդուն, ինչը կասկածի տակ է դնում այն փաստը, որ նա իդեալական տղայ է դաստիարակել: Եւ մի գեղեցիկ օր համերաշխ կեանքը փոխարինւում է մարտական իրավիճակով, որի նպատակն է բոլորին ապացուցել ու առաջին հերթին՝ տղային, թէ ինչ վատ կին ունի նայ:

Ինչ էլ որ լինի, պետք է մի բան շատ լաւ հասկանալ. կազմաւորւում է նոր ընտանիք, որին դեռ կեանքում շատ փորձութիւններ ու դժւարութիւններ են սպասւում: Աշխատեք աւելի շատ օգնել նրանց դառնալ ինքնուրոյն, այլ ոչ թէ միշտ կախման մէջ գտնւել ինչ-որ մէկից, նոյնիսկ եթէ խօսքը ծնողների մասին է:





Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2019-08-22)
Դիտումներ: 284 | Տեգեր: Հարս-սկեսուր, հարաբերությունների, հիմնական, սցենարները | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar