Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն
Պարի և հոգեբանության կապի մասին  1802

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Դժվար թե գտնվի մեկը, ով երբեք երաժշտության ներքո շարժվելու ցանկություն չի ունեցել։ Շատ մարդիկ չեն կարողանում պատկերացնել իրենց կյանքն առանց պարի։ Պարելը մեր հոգու խորքային պահանջներից  և  կյանքի շարժիչ ուժերից մեկն է։
 
Պարը՝ լավագույն միջոց լավ ինքնազգացողության համար

Դժվար է ասել, թե մարդիկ երբ են սկսել պարել, բայց որ մեր նախնիներն արդեն պարում էին, դա անվիճելի փաստ է։ Շարժվելու ցանկությունը մարդուն տրված է բնությունից։ Պարը հոգեթերապևտիկ նշանակություն ունի ինչպես այսօր, այնպես էլ`  հնագույն ժամանակներում։

Մեր նախնիների համար պարը աստվածների հետ հաղորդակցվելու  միջոց  էր, մարդիկ պարի միջոցով անձրև էին կանչում, հաջող որս աղերսում  և այլն։  Այդպես  նրանք իջեցնում էին տագնապայնության  ու վախի մակարդակը որսից առաջ, կամ էլ արտահայտում էին իրենց տպավորությունները որսից հետո։ Հին Հունաստանում պարը համարվում էր բուժող միջոց, որը կարգավորում էր հույզերը, հանում էր սթրեսը, լավացնում էր մարսողական պրոցեսը, դրական էր ազդում ախորժակի, սրտանոթային համակարգի վրա։ Աֆրիկական ցեղախմբերը պարի միջոցով ազատվում են բացասական ուժերից և դրանց ազդեցությունից։

Պարը եղել է մարդկության զարգացման յուրաքանչյուր էտապի անբաժան ուղեկիցը։ Պարելու ցանկությունն ու դրա հանդեպ հետաքրքրությունը երբեք չի նվազել, պարզապես փոխվել են դրա արտահայտման ձևերը։ Մարդիկ սկսել են  հետաքրքրվել ոչ միայն իրենց ազգային պարերով։ Բացատրությունը հետևյալն է` քիչ շարժվելը, սթրեսը բացասաբար են ազդում օրգանիզմի վրա, իսկ պարի միջոցով մարդը ոչ միայն ստեղծագործում է, այլև արտահայտում  իր զգացմունքները, ազատվում բացասական հույզերից, վատ տրամադրությունից, պարն ինքնարտահայտման միջոց է։

Այն մղումները, որոնք արթնանում են պարի ժամանակ, հիմնականում անգիտակցական են. դրանք ճնշված են կամ չեն դրսեւորվում առօրյա կյանքում` հասարակական նորմերի ազդեցությամբ։  Մի լավ պարելուց հետո մարդը լիցքաթափվում է, քանի որ ազատվում է կուտակված բացասական էներգիայից։ Պարը սեփական անձը ցուցադրելու միջոց է։ Այն ոչ խոսքային հաղորդակցման միջոց է։ Ռիթմիկ շարժումների միջոցով մարդը զգում, ընկալում է  իր մարմինը, սկսում է հասկանալ դրա լեզուն, պարն օգնում է մարդուն ընկալել սեփական մարմինն ամբողջությամբ։ Պարելու շարժիչ ուժն այդ պրոցեսից հաճույք ստանալն է, որը հոգեֆիզիոլոգիական երեւույթ է։ Երբ մարդը շարժվում է, ուղեղը ստանում է դրական ազդակ, պարի ժամանակ մարդու օրգաննների բոլոր ռիթմերը համապատասխանեցվում են միմյանց, այսինքն` սկսում են հավասար ռիթմով աշխատել  սրտի զարկերը, շնչառությունը, անոթներում արյան  ճնշումը եւ այլն։ Բոլոր օրգան-համակարգերն սկսում են ենթարկվել միայն մեկ ռիթմի, որն էլ նպաստում է օրգանիզմից լարվածությունը դուրս բերելուն։

Պարի ժամանակ ակտիվանում են ուղեղի  «քնած» բաժինները, համաչափ են սկսում աշխատել աջ և ձախ կիսագնդերը։ Ակտիվանում են զգայական համակարգերը, մարդն սկսում է միաժամանակ լսել երաժշտությունը, զգալ ռիթմն ու հետեւել իր շարժումներին, այս ընկալման շնորհիվ աշխարհն ավելի լայն է դառնում։

 
Պարը՝ լավագույն միջոց լավ ինքնազգացողության համար

Կան   զույգերով պարեր` պարահանդեսային, սպորտային, ազգային պարեր, որտեղ տղամարդը եւ կինը գտնվում են իրենց դերային իդեալական վիճակում։  Պարը հաճույք է պատճառում ոչ միայն պարողին, այլև դրտորդին, քանի որ այդ գեղեցիկ ու համաչափ շարժումները շոյում են  աչքը։

Այսպիսով`  պարն ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա`

1. Դրական հուզեր է հաղորդում, բարձրացնում է տրամադրությունը

2. Բարձրացնում է  օրգանիզմի տոնուսը

3. Նպաստում է սեփական մարմինը դրական ընկալելուն, բարձրացնում է ինքնագնահատականը, մարդը դառնում է ավելի ինքնավստահ, հավատում է սեփական ուժերին։

Խորհուրդներ

1. Եթե դուք ունեք վատ տրամադրություն և տանջվում եք բացասական հույզերից, ապա առանձնացեք, միացրեք ձեր սիրելի երաժշտությունը, փակեք ձեր աչքերը,  փորձեք կտրվել արտաքին աշխարհի խնդիրներից ու սկսեք պարել։ Պարեք առանց կենտրոնանալու և վերահսկելու  ձեր շարժումները, թույլ տվեք որ ձեր մարմինն ուղղորդի ձեզ։ Այս ամենը ձեզ հնարավորություն կտա ազատվելու բացասական լիցքերից  և  խնդիրներին մոտենալու բոլորովին այլ տեսանկյունից։

2. Եթե ձեզ անհանգստացնում է որևէ խնդիր, կոնֆլիկտ կամ անհաջողություն, ապա այդ իրավիճակը պատկերացրեք  ու վերապրեք պարի միջոցով։ Օր.` եթե բարկացել եք ինչ-որ մեկի վրա, ապա պատկերացրեք, որ դուք մարտիկ եք, պարեք մարտիկի նման, ով պատրաստ է մարտի։

3. Եթե կա հնարավորություն, ապա պարեք ձեր մտերիմներից որևէ մեկի հետ։ Առաջին հերթին  ավելի հետաքրքիր ու զվարճալի կլինի, երկրորդը` զույգով պարելու ժամանակ  ծնվում են  իրար հասկանալու և աջակցելու հույզեր։

Հիշե՛ք, պարով կարելի է զբաղվել ցանկացած տարիքում, այն ոչ միայն մարմինն է երիտասարդացնում, այլև հոգին։ Պարե՛ք, պարը լավ տրամադրության, առողջության և ինքնավստահության լավագույն բաղադրատոմսերից մեկն է։


 
Աննա Կարապետյան
հոգեբան-խորհրդատու

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ