Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն
Բարդույթներ մարդկանց հետ շփվելիս. հոգեբանի կարևոր հուշումները  504

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   

Բարդույթներ մարդկանց հետ շփվելիս. հոգեբանի կարևոր հուշումներըՄիջանձնային շփումն ամենալայն հնարավորությունների ուղի կարող է դառնալ, եթե չխոչընդոտեն շփվելիս ի հայտ եկող բարդույթները, վախերը: Թեմային անդրադառնում է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը (www.psyhelp.am):

Ոչինչ չի խանգարում մեզ շփվելուց հաճույք ստանալ այնպես, ինչպես սեփական բարդույթները: Սակայն դրանցից ձերբազատվելն այնքան էլ բարդ գործընթաց չէ: Եկեք փորձենք ձերբազատվել շփման ժամանակ ի հայտ եկող բարդույթներից:

 

Բարդույթ համար մեկ՝ «Ես ամաչում եմ անծանոթ մարդկանց հետ շփվելուց»:

Իրականում, մենք վախենում ենք ոչ թե հենց անծանոթներից, այլ այն տպավորությունից, որը կարող են թողնել նրանց վրա մեր սուբյեկտիվորեն ընկալված թերությունները: Մենք սարսափում ենք արդեն այն մտքից, որ մեր ոչ իդեալական ատամները կամ խոսքի թեթև դեֆեկտները կարող են դառնալ լայն քննարկման առարկա: Այսպիսի մտացածին թերություններն էլ կարող են առաջացնել շփման բարդույթ:

Առաջին հերթին պետք է կարողանալ գլխից դուրս շպրտել այդ հիմարությունները: Ապացուցված է, որ անծանոթ մարդիկ սովորում են ձեր արտաքին տեսքին և խոսքի ձևերին շփման առաջին 3-9 րոպեների ընթացքում, իսկ հետո ուղղակի դադարում են այդ ամենի վրա ուշադրություն դարձնել: Ոչ մեկի մտքով էլ չի անցնի քննարկել ձեր խոսքի առանձնահատկությունը, եթե ինքներդ չփորձեք թաքցնել այն: Հենց սա էլ ուշադրություն է գրավում:

Ամփոփում՝ մարդիկ կողմնորոշվում են զրուցակցից ունեցած ընդհանուր զգացողությամբ՝ երբեք չֆիքսվելով մանրամասների վրա: Եղեք բնական, մի փորձեք թաքցնել ձեր «թերությունները»: Հիշեք՝ իդեալական մարդիկ գոյություն չունեն – մեզնից ամեն մեկն էլ ունի իր թերությունն ու բարդույթը:

 

Բարդույթ համար երկու՝ «Ես ինձ չշփվող եմ համարում՝ ինձ շատ դժվար է մտերիմ մարդ գտնել»:

Մեզնից շատերը շփման մեջ նման են կրիաների: Պատյանի տակ թաքցնելով մեր գլուխն ու թաթերը՝ սպասում ենք, որ դիմացինը ինչ-որ կերպով ապացուցի, որ մեզ համար թշնամի չէ: Սակայն երբ երկու քիչ ծանոթ մարդ «պատյանների» մեջ են թաքցնում իրենց լավագույն որակները, զգուշանում արտահայտել իրենց բնավորությունը, նախընտրությունները և կարծիքները, ապա լիարժեք շփում չի կարող տեղի ունենալ: Ավելի ճիշտ և հեշտ է բացվել և վստահել դիմացինին:

Սկսեք առաջինը խոսել զրուցակցի հետ, ինչ-որ բան առաջարկեք նրան, հարց տվեք, լսեք նրան: Ամենայն հավանականությամբ, դուք կհանդիպեք ՀՐԱՇՔԻ. ձեր աչքերի առջև մարդը հետզհետե կհանդարտվի, զգուշորեն կհանի իր գլուխը «պատյանի» միջից և վերջապես լիարժեքորեն բացվելով՝ կարտահայտի իրեն՝ որպես սրամիտ և նուրբ զրուցակից: Ձեր բարեկրթությունը անպատասխան չի մնա: Եթե նույնիսկ այդ ամենը տեղի չի ունենա, ապա միևնույնն է, Դուք ոչինչ չեք կորցնում. ուղղակի կհասկանաք, որ այս նորեկը իրենից ոչինչ չի ներկայացնում: Այսինքն՝ կարելի է փնտրել ավելի հետաքրքիր զրուցակցի:

Ամփոփում՝ շփման բարդույթն ամենից հաճախ առաջանում է չհասկացված կամ սխալ հասկացված լինելու վախից: Մենք հաճախ ի սկզբանե ընկալում ենք մարդկանց սև գույներով. դեռևս չհասցնելով մի լավ տնտղել մարդուն՝ արդեն համոզված ենք լինում, որ նա վատն է և նրանից պետք է խուսափել:

 

Բարդույթ համար երեք՝ «Չգիտեմ ինչու ինձ լուրջ չեն ընդունում, չնայած որ ես խելացի բաներ եմ ասում»:

Ամենայն հավանականության, բանն այն չէ, թե ինչ եք ասում, այլ այն, թե ինչպես եք ասում: Որոշ կանայք, ի ծնե ունենում են բարակ, գլխային ձայն, այսպես ասած «տիկնիկային», ինչպես, ասենք, Քայլի Մինոուգը: Այսպիսի ձայնով ինչքան էլ հավերժական իմաստնությունների մասին խոսես, միևնույն է, լսող չի լինի: Եթե դուք այդ տիպին եք պատկանում, ապա գոյություն ունեն մասնագետներ՝ ֆոնիատորներ, ովքեր կսովորեցնեն ձեզ ձայնի ճիշտ արտաբերում, և ինքնաբերաբար ձեր ձայնը կփոխվի: Ի միջի այլոց, կարելի է արդյունքի հասնել նույնիսկ առանց այդ մասնագետների: Այստեղ ամենակարևորը՝ սովորել հսկել խոսքը և հետևել, որ ավելի հատու խոսեք, այսինքն՝ դանդաղ, ինտոնացիայով ընդգծելով կարևոր բառերը:
Հնարավոր է, որ շատ միալար եք խոսում, և մարդկանց դժվար է կենտրոնանալ ձեր խոսքի վրա. նրանք սկսում են թախծել, և դուք հետզհետե «քնեցնում» եք նրանց: Խոսքի մեջ շատ կարևոր են պաուզաները, վառ տեղերի ընդգծումը ինտոնացիայով, ազատ ժեստերը:

Եվս մի պատճառ, որի պատճառով ձեզ ամենայն լրջությամբ չեն ընդունում, կարող է հանդիսանալ ձեր արագախոսությունը: Խոսքը ընկալվում է նորմալ, երբ այն արտաբերվում է րոպեում 100-150 բառ արագությամբ: Որոշել, թե ինչն է ձեր նկատմամբ եղած ուշադրության պակասի պատճառը, կարող եք մտերիմ ընկերների շրջանում որոշակի հարցում անցկացնելով:

Ամփոփում՝ հռետորի հիմնական որակը լսելու ընդունակություն է: Նույնիսկ այս բոլոր թերություններն ունենալու դեպքում դուք կարող եք լինել հրաշալի զրուցակից, եթե շրջապատի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեք: Դա մարդկանց կստիպի ականջ դնել ձեզ. ախր դուք շատ խելացի եք, ուշադիր, և ձեզ հարգում են: Այս մոտեցմամբ Դուք կմոռանաք շփման մեջ ունեցած ձեր բարդույթների մասին:

 

Բարդույթ համար չորս՝ «Չեմ կարողանում ապացուցել իմ ճիշտը: Վեճերի մեջ միշտ պարտվում եմ»:

Նախքան որևե մեկին ինչ-որ բանում համոզելը, անհրաժեշտ է, որ ինքներդ հավատաք դրան: Կարևոր խոսակցություն սկսելիս նախ համոզվեք, որ ձեր գաղափարը բոլորովին էլ հիմար քմահաճույք չէ, այլ մտածված և ծանրութեթև արված առաջարկ: Նախապես կանխեք հնարավոր առարկությունները:

Այստեղ կարևոր են ոչ միայն փաստարկները, այլև ձեր տրամադրվածությունը: Այստեղ ձեզ կարող է օգնել «հայելու օրենքը»: Ըստ նրա՝ եթե վատ տրամադրությամբ մոտենաս հայելուն և գոնե մեկ անգամ քեզ ստիպես ժպտալ հայելու մեջ, տրամադրությունդ կբարձրանա: Կարևոր խոսակցության ժամանակ կարելի է օգտվել այս մեթոդից և ներկայանալ որպես ինքն իր մեջ բացարձակ համոզված մարդ: Մարդիկ «հաշվի են առնում» այդ և կընկալեն ձեզ որպես ուժի և ինքնատիրապետման աղբյուր: Եվ մի բան էլ՝ երբեք ձեր առաջ խնդիր մի՛ դրեք լինել ամենախելացին: Հավատացեք՝ վեճերում, հաղթանակը տրվում է ոչ թե խելացիներին, այլ նրանց, ովքեր կարողանում են մասնակցող կողմերից ավելի շատ համակրանք գրավել:

Ամփոփում՝ անկեղծ և ուրախությամբ մտեք ձեր նոր դերի մեջ և ձեզ կհաջողվի ձերբազատվել շփման ժամանակ ունեցած բարդույթից, դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում եք, որ ձեզ ընկալեն: Շրջապատը կհավատա ձեզ այն ժամանակ, երբ ինքներդ հավատաք ձեզ:

 

Բարդույթ համար հինգ՝ «Տարիքի հետ ավելի ու ավելի քիչ եմ ուզում շփվել մարդկանց հետ»:

Այս պնդումը դարձել է կարծես իմաստնության մի խորհրդանիշ. արդեն ամեն ինչ գիտեմ, արդեն ամեն ինչ տեսել եմ: Այս դեպքում մեզ չշփվող է դարձնում ոչ թե տարիքը, այլ կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստը՝ միապաղաղ կենցաղն ու առօրյան: Մեզ ծերացնում է որ թե փորձը, այլ ծուլությունը. որևէ բանով հետաքրքրվելու համար ջանքեր են անհրաժեշտ: Հեռուստացույցի առջև պառկելն ավելի հեշտ է, քան ակումբ գնալը: Այսպես մենք մնում ենք մեր կոտրած տաշտակի առջև նստած, իսկ որպես արդարացում ասում ենք. «... Ես նույնիսկ նման տեղ գնալու հագուստ չունեմ...»:

Ամփոփում՝ հաղթահարեք ձեր ծուլությունը: Մի կյանքը չի հերիքի, որպեսզի իմանաք և փորձած լինեք գոնե այն բաները, ինչի մասին երազել ենք մանկության տարիներին: Մի՛ վախեցեք քայլ անել դեպի անծանոթն ու անհայտը: Մշտապես նորացվող շփումը ձեզ ավելի ճկուն կդարձնի և կստիպի մոռանալ տարիքի մասին,- հաղորդում է LadyNews-ը:


 

Ինչպե՞ս հաղթահարել թերարժեքության բարդույթը. հոգեբան Մանե Հակոբյան

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog