Գլխավոր էջ » Լրահոսից
Նոր ինտրիգ. Ամենահարուստ հայի նախընտրական պայմանը  2777

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

Հայկական Ժամանակը գրում է, որ իշխանությունը մտադիր է 2017-ի ընտրությունից հետո ստեղծել ներդրումային հիմնադրամ, որը կկազմավորվի նաեւ արտերկրի հայերի, մասնավորապես ռուսաստանահայերի ներդրումներից: Մասնավորապես, թերթը նշում է, որ ամենախոշոր ներդրումը խոստացել է Սամվել Կարապետյանը` Տաշիր գրուպի սեփականատերը:

Կարապետյանն ըստ Ֆորբսի հանդիսանում է ամենահարուստ հայն աշխարհում: Նրա կարողությունը գնահատվում է մոտ 4 միլիարդ դոլար:
Սամվել Կարապետյանը Հայաստանի տնտեսության մեջ ներկայացված է մի շարք խոշոր ներդրումներով, իսկ քաղաքական կյանքում հանդես է գալիս ՀՀԿ անդամ Կարեն Կարապետյանի` եղբոր դեմքով:

Մի քանի շաբաթ առաջ էլ Կարեն Կարապետյանի գրասենյակը տարածել էր բավական ուշագրավ մի հայտարարություն, որով հերքել էր մամուլում շրջանառված տեղեկությունը, թե Տաշիր գրուպը պատրաստվում է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում: Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարել էր, թե այդպիսի տեղեկությունը ունի «արհեստական սպասումներ» առաջացնելու նպատակ:
Երեւույթը, երբ գործարարը հերքում է իրեն վերագրվող ներդրումային մտադրության մասին մամուլի տեղեկությունը, ինքինին ուշագրավ է, իսկ «արհեստական սպասումների» մասին հայտարարությունը վկայում է Հայաստանի իշխանության մեջ առկա գործընթացների բավական բարդ եւ ինտրիգային բնույթը:

Սամվել Կարապետյանը այդ գործընթացների խոշոր մասնակիցներից է, որը փաստացի հայտարարում է, թե ինչ որ մեկը փորձում է իրեն դնել փաստի առաջ:
Հետաքրքիր է, արդյոք Կարեն Կարապետյանի գրասենյակը նույն կերպ կարձագանքի նաեւ մամուլի նոր հրապարակմանը, ներդրումային ստեղծվելիք հիմնադրամին Կարապետյանի խոշոր հատկացման մասին: Դա՞ էլ «արհեստական սպասում» առաջացնելու քայլ է, թե՞ արդեն լիովին բնական իրավիճակ, քանի որ առնչվում է հետընտրական իրողությանը:

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, թե ներդրողները զգուշանում են նախընտրական իրավիճակում եւ հրաժարվում ներդրումային մտադրություններից: Վարչապետի այդ հայտարարությունների տողատակում լիովին այլ բան է, քան զուտ ներդրողների վարքագծի ստուգաբանությունը: Ներդրողներն իհարկե զգուշանում են նախընտրական իրավիճակներից, սակայն տվյալ պարագայում խոսքը ոչ այնքան ներդրողների մասին է այդ բառի տնտեսական իմաստով, այլ Հայաստանի ներիշխանական խմբերի մասին` քաղաքական իմաստով:
Պարզ է, որ եթե Հայաստանի համապետական ընտրությունը լիներ շատ հեռու, ներդրողները տնտեսական իմաստով կրկին զգուշանալու էին Հայաստանից, որովհետեւ այստեղ չկա գրավիչ միջավայր:

Այլ է Հայաստանի ներիշխանական սուբյեկտների խնդիրը, որոնք կանգնել են բավական բարդ իրողությունների առաջ: Արտաքին կոնյունկտուրան շատ վատն է, ներքին ռեսուրսները սպառվում են, դրսից չի ավելանում ոչինչ, եւ համակարգը ստիպված է անցնել ինքնաֆինանսավորման կամ ինքնածախսածածկման: Պարզ է, որ օպտիմալացումները կամ կրճատումները չեն լուծելու հարցը: Պետք է ներդրում, պետք է ձեռքը տանել սեփական գրպանը: Իսկ դա գին ունի` քաղաքական գին: Կամ պետք է ստիպել ինչ որ մեկին, իսկ դա էլ ավելի կլարի ներիշխանական իրավիճակը, կամ պետք է համոզել, պայմանավորվել, բաժանել ու վերաբաժանել իշխանությունը:
Այդ իմաստով, Սամվել Կարապետյանի մի քանի շաբաթ առաջ արած հայտարարությունը հստակ վկայեց, որ նա չի համաձայնում ներդրումային ինչ-ինչ պայմանների: Այն, որ ընտրությունից հետո նա կարող է ավելացնել ներդրումները, միանգամայն բնական ու տրամաբանական կլինի, եթե ընտրությանը կատարվեն նրա առաջ քաշած պայմանները: Որոնք են դրանք, պարզ չէ, սակայն կան մի շարք ուշագրավ իրողություններ:
Մասնավորապես, Սամվել Կարապետյանը դիտվում է վարչապետ Կարեն Կարապետյանի թե մտերիմ անձնավորություն, թե բիզնես գործընկեր Ռուսաստանում: Այդ համատեքստում էլ հենց ակնկալվում էր, որ Կարապետյանը իր ընկեր վարչապետին չի թողնի ծանր վիճակում եւ կօգնի նրան ներդրումներով: Չի բացառվում, որ հենց դա էլ եղել է Սերժ Սարգսյանի ակնկալիքն ու հաշվարկը: Բայց Սամվել Կարապետյանն ըստ երեւույթին չփորձեց գնալ այդ քայլին ինքնաբերաբար` զուտ ընկերությունից ելնելով: Հնարավոր է, որ պահանջվում է Կարեն Կարապետյանի համար քաղաքական հենարան, քաղաքական բեւեռ, որի վրա կհենվի վարչապետը:

Այդ առումով, ՀՀԿ-ում նրա համար ստեղծվում է նոր կարգավիճակ` նախագահի առաջին տեղակալ, որը ցածր է Սերժ Սարգսյանից, բայց բարձր է մյուսներից: Բացի այդ, մի քանի շաբաթ առաջ ուշագրավ մեկ այլ հայտարարություն հնչեց Կարեն Կարապետյանի` Սամվել Կարապետյանի եղբոր գրասենյակից: Այդ անգամ գրասենյակը անդրադարձավ մամուլի այն հրապարակմանը, թե խորհրդարանում մի շարք պատգամավորներ ունեն իրենց համար կոճակ սեղմող խմբեր, այդ թվում Տաշիրի Կարեն Կարապետյանը: Թվարկվել էին նաեւ «սեղմողների» անուններ:

Կարեն Կարապետյանը հանդես եկավ հերքումով, ասելով, թե ինքը չունի կոճակ սեղմողներ եւ պետք չէ վիրավորել մարդկանց, նրանք իր ընկերներն են:
Փաստորեն, հերքելով «կոճակ սեղմելու» հանգամանքը, Կարապետյանը այդուհանդերձ հարկ էր համարել հրապարակավ ազդարարել, որ խորհրդարանում ունի իր ազդեցության շրջանակը, իր համար վստահելի մարդկանց խումբը:

Տրամաբանական է, որ Կարապետյանը նոր խորհրդարանում ձգտելու է այդ խումբը ոչ միայն պահպանել, եթե ոչ անուններով, ապա թվաքանակով, այլ նաեւ ավելացնել այդ թվաքանակը: Ըստ ամենայնի, հենց դրանից էլ կախված կլինի, թե կավելացնի՞ արդյոք իր ներդրումները Հայաստանում Սամվել Կարապետյանը, եւ ինչքան կավելացնի:
Մյուս հարցն էլ իհարկե այն է, թե այդ հենարանը որքանով կլինի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հենարանը, իսկ որքանով` նրան վերահսկելու միջոց:


Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog