Գլխավոր էջ » Լրահոսից
ԱԱԾ-ում աշխատանքի կանցնեն զինվորական ծառայությունից ազատվածները  751

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

 

ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել  եւ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխություններով ԱԱԾ մարմինների նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ կհամալրվեն զինվորական ծառայությունից ազատված եւ հետագայում պահեստազորում գրանցված անձանցով, մինչդեռ գործող օրենքով ԱԱԾ աշխատակիցների համար պարտադիր պայման է զինվորական ծառայություն անցած լինելը:

Այս մասին Armtimes.com-ը զրուցել է նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանի հետ.

Պարոն Նահապետյան, ըստ Ձեզ այս պահին նման նախագծի անհրաժեշտություն արդյոք կա՞ր:

-Այդ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը վաղուց կար, մենք այդ նախագիծը քննարկել ենք դեռեւս 2013 թվականի սեպտեմբերին, Կառավարության հետ քննարկումների արդյունքում եկանք այն համոզման, որ անհրաժեշտ է այդ նախագիծն ընդունել: Հարակից զեկուցման ընթացքում ներկայացրի հիմնական փոփոխությունների նպատակը եւ ակնկալվող արդյունքը, հիմնական ուղղություններ են առանձնացվել ԱԱԾ-ում ծառայությանը ներկայացվող որոշակի պահանջների հստակեցում եւ ավելի լայն հնարավորության ընձեռում՝ երիտասարդ կադրերի մուտքն այս համակարգ ապահովելու համար: Երկրորդ կարեւոր փոփոխությունը վերաբերում է որոշակի կոչումների սահմանային տարիքի փոփոխությանը, մասնավորապես գեներալ-մայորի, գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող ԱԱԾ աշխատակիցների համար սահմանվել է առավելագույն շեմը՝ 65 տարեկան: Սա նույնպես կարեւոր է, որպեսզի փորձառու կադրերին կարողանանք համակարգում պահենք, եւ բնականաբար նրանք ղեկավար պաշտոններ զբաղեցնեն: Երրորդ փոփոխությունն էլ վերաբերում է կադրերի տեղափոխման հնարավորությանը՝ Քննչական կոմիտեից եւ ՀՔԾ-ից ԱԱԾ թափուր պաշտոններ եւ հակառակը:

Պարոն Նահապետյան, անդրադառնանք փոփոխության այն հատվածին, որ որոշակի բացառություններ են նախատեսվում ԱԱԾ նեղ մասնագիտական ոլորտի այն աշխատակիցների համար, որոնք օրենքի շրջանակում տարկետում են վերցել եւ զինվորական ծառայություն չեն անցել, իսկ նախկինում այդ ոլորտում միայն զինվորական ծառայություն անցած անձինք կարող էին նշանակվել, արդյոք այստեղ վտանգավոր միտում չե՞ք տեսնում:

-Օրենքով նախատեսված է, որ անձը զինվորական ծառայություն պետք է անցած լինի, բայց կան  բացառություններ: Այն անձը, ով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի հիման վրա ընտանեկան դրության բերումով տարկետում է ստացել եւ պահեստազորում հաշվառված է, գործող օրենքով նա արդեն իսկ ունի այդ հնարավորությունը: Բացառությունները ընդլայնել ենք, եւ նախատեսում ենք, որ ոչ միայն ընտանեկան դրության բերումով տարկետում ստացած, այլ նաեւ ընտանեկան դրության բերումով զինվորական ծառայությունից ազատված անձը նույնպես կարող է ԱԱԾ մարմիններում աշխատանքի անցնել: Նույնն է նաեւ գիտական աստիճան ունեցող անձանց համար, ԱԱԾ համակարգում կարող են լինել անձինք, ովքեր ունեն գիտական աստիճան, բայց ազատված են զինվորական ծառայությունից: Մեր ունեցած տվյալներով, անձինք, ովքեր ընդունվել են համակարգ, գերակշիռ տվյալներով անցել են զինվորական ծառայություն, բայց չէ՞ որ կարող ենք ունենալ բավական հաջող թեկնածուներ, որոնք զուտ այդ չափանիշով, որ զինվորական ծառայություն չեն անցել, զրկված լինեն ԱԱԾ համակարգ գալու եւ մեծ ծավալի ազգանպաստ գործունեություն կատարելու իրավունքից: Կարծում եմ, որ այդ տոկոսը շատ չնչին է լինելու, եւ հետո բավական բարդ ընթացակարգ է այդ համակարգում աշխատանքի անցնելը:

-Վտանգավոր միտում չե՞ք տեսնում, որ բացառության դեպքերն ավելանան նաեւ այլ համակարգերում:

-Դե հիմա մենք խոսում ենք ԱԱԾ աշխատակիցների մասին:

-Այն չի՞ կարող լինել նախադեպ. այլ համակարգերում էլ կարո՞ղ են լինել զինվորական ծառայություն չանցած գիտնականներ:

-Յուրաքանչյուր համակարգ սպեցիֆիկ է իր գործառույթներով, եւ այդ տեսակետից ամեն համակարգի համար կլինեն յուրահատուկ մոտեցումներ ու լուծումներ, տվյալ դեպքում ԱԱԾ համակարգում տեսնում ենք խնդիրներ որոշակի մասնագիտությունների համար, օրինակ արեւելագիտության տարբեր ուղղություններով մասնագետների կարիք կզգացվի, ու այս դեպքում կարող ենք ունենալ լավ գիտնականներ, ովքեր ուղղակի օբյեկտիվ պատճառներով չեն ծառայել ԶՈՒ-ում: Անկեղծ ասած, նման վտանգ չեմ տեսնում, եւ պետք չէ չափազանցնել, ասել, որ բացառություններ կլինեն նաեւ այլ համակարգերում:

Խնդիրն այն է, որ կարծես Կառավարության մոտեցումներում հակասություն կա, վերջերս Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը պետք է փոփոխության ենթարկվի, եւ տարկետման դրույթը հանվի, ստացվում է՝ մի կողմից ուզում են, որ 18 տարեկան բոլոր քաղաքացիները մեկնեն զինվորական ծառայության, մյուս կողմից բացառություն են անում ԱԱԾ աշխատակիցների համար, որ կարող են զինվորական ծառայություն անցած չլինեն ու աշխատեն համակարգում, ինչո՞վ է այս հակասությունը պայմանավորված:

-Եկեք հակասություն չդնենք, խոսքը տարկետման մասին չէ, դուք  տեսե՞լ եք այդ օրենսդրական նախաձեռնությունը:

Ոչ, բայց Կառավարությունն արդեն իսկ ցանկություն է հայտնել այն ներկայացնելու մասին:

-Երբ այն առարկայական տեսք կունենա, Կառավարությունը կքննարկի ու հավանություն կտա օրենքի նախագծին, մենք հանգամանորեն կանդրադառնանք:

Չե՞ք կարծում, որ անարդար մոտեցում է լինում:

- Քանի դեռ չունենք կոնկրետ փաստաթուղթը, վաղ եմ համարում քննարկել այդ համատեքստով:


Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017