RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

Անդրե Մորուա. «ՈՒՐԻՇ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ»  767

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


Անդրե Մորուա. «ՈՒՐԻՇ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Անդրե Մորուա - «Նամակներ անծանոթուհուն»
 

Անդրե Մորուայի (1885 – 1967) «Նամակներ անծանոթուհուն» (1953) ստեղծագործության հասցեատերը գեղեցիկ մտացածին կինն է` մի հավաքական կերպար, որը մարմնավորում է գրողի իդեալը: Նամակագրության թեմաները  հասկանալի ու կարևոր են բոլորին` ինչպես դուր գալ, ինչպես պահպանել անհատականությունը, ինչպես հաջողության հասնել կյանքում, ինչպես հասնել երջանկության, ինչպես կառուցել ամուսնական կյանքը: Վերջինս Մորուայի համար մասնավոր հարց չէ. ընտանիքը նրա համար ամբողջ հասարակության մոդելն է, քանզի, նրա կարծիքով, միևնույն օրենքներն են կառավարում թե մարդուն, թե ազգին: Այդ պատճառով էլ գրողի բարոյական տրակտատներն անբաժան են նրա փիլիսոփայական և քաղաքական հրապարակումներից: 

 
 
 

 
Անդրե Մորուա. ՈՒՐԻՇ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ
 
Այն մեկը դեռ անտեսանելի էր, իսկ դուք արդեն կռահում էիք նրա գոյության մասին: Երբեմն մարգագետնի կանաչ ծածկույթի տակ աննկատելիորեն առվակ է հոսում. Զբոսնելով` դուք նկատում եք, որ խոտն այդտեղ ավելի խիտ է ու բարձր, իսկ գետինը մի քիչ ծակոտկեն է և թեթևակի նստվածք է տալիս ձեր ոտքերի տակ: Դրանք լոկ նշաններ են, բայց չեն խաբում` ջուրը մոտ է: Կամ էլ երբեմն հիվանդությունից առաջ, երբ բացահայտ նախանշաններ դեռ չկան, դուք սովորական կյանք եք վարում, բայց այնուամենայնիվ ինչ-որ մի տկարություն, անառիթ մի տագնապ արդեն նախազգուշացնում է ձեզ թաքնված վտանգի մասին:
- Այս ի՞նչ է կատարվում ինձ հետ,- ասում եք դուք:- Ես վատառողջ եմ:
Այդպես էր նաև այն ժամանակ, երբ ձեր ամուսինն Ուրիշին էր ճարել: «Այդ ինչ է կատարվում նրա հետ,- մտածում էիք դուք:- Նա առաջվանը չէ»: Մինչև այժմ նա երեկոները պատմում էր ձեզ, թե ինչպես է օրն անցկացրել: Նրան դուր էր գալիս մեջբերել բազմաթիվ մանրամասներ (տղամարդիկ սիրում են պատմել իրենց մասին), նա հաղորդում էր ձեզ իր հաջորդ օրվա պլանների մասին: Կամաց-կամաց նրա երեկոյան «հաշվետվությունները» մշուշոտ դարձան: Դուք սկսեցիք նրա ժամանցի մեջ անհասկանալի ընդմիջումներ նկատել: Ասենք, նա ինքն էլ գիտակցում էր իր բացատրությունների խոցելիությունը: Նա միայն անցողակի էր հիշատակում այս կամ այն ժամի մասին, խճճվում էր: Դուք գլուխ էիք կոտրում. «Ի՞նչ է ուզում թաքցնել»:
 
Դուք կարծում էիք, թե ամուսնության տասը տարում նրան լավ եք ուսումնասիրել: Դուք գիտեիք, թե նա ինչով է հետաքրքրվում` ծառայությամբ, քաղաքականությամբ, սպորտով, մի քիչ գեղանկարչությամբ և բնավ ոչ գրականությամբ ու երաժշտությամբ: Իսկ այժմ նա հաճույքով էր քննարկում գրքային նորույթները: Հանկարծ անփութորեն հարցնում էր. «Մենք Ստենդալի վեպերն ունենք: Ես հաճույքով կվերընթերցեի դրանք»: Բայց դուք հո գիտե՞ք, որ նա ոչ մի անգամ չի կարդացել դրանք: Նախկինում ձեր արդուզարդի նկատմամբ  այնքան անտարբեր` նա սկսեց հարցնել. «Դու ինչու՞ չես հագնում դաջովի կտորից կարված զգեստներդ: Դրանք այնքան գեղեցիկ են»: կամ էլ ասում էր. «Մազերդ ավելի կարճ կտրիր: Այդ ձիու պոչերն արդեն մոդայից դուրս են եկել»: Նույնիսկ նրա քաղաքական հայացքներն էին փոխվել, նա սկսել էր ավելի հանդուրժողաբար վերաբերվել առաջավոր հայացքներին: Սիրո մասին հիմա սկսել էր խոսել մի տեսակ տարօրինակ ու արտասովոր խանդավառությամբ, իր ամուսնության մասին արտահայտվում էր բավականին ցինիկաբար: Մի խոսքով` դուք դադարել եք ճանաչել նրան:
 
 
Անդրե Մորուա. «ՈՒՐԻՇ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ»
 
Շուտով վերջին կասկածները փարատվեցին: Երբեմնի ամուր հիմքի տակով այժմ հեղեղ էր հոսում: Այստեղ մեկ ուրիշ կին կա: Բայց ով է նա: Դուք աշխատում եք պատկերացնել նրան, մտովի ստեղծել նրա կերպարը` օգտագործելով այն տեղեկությունները, որոնք ձեր ամուսինը, ինքն էլ այդ չուզենալով, ամեն օր հաղորդում էր ձեզ: Նա, հավանաբար, երիտասարդ է, գեղեցիկ, հիանալի հագնվում է. Կիրթ է կամ հմտորեն ձևացնում է այդպիսին: Կարողանում է ձի նստել (քանի որ ձեր ամուսինը, որը վաղուց արդեն հրաժարվել էր ձիասպորտից, սկսել էր ասել. «Բժիշկն ինձ խորհուրդ է տալիս ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, և ես ուզում եմ նորից ձիով ման գալ»): Այդ կինը հավանորեն , ապրում է Լյուքսեմբուրգյան պալատի մոտերքում. շարունակ պարզվում էր, որ ինչ-որ ամենաճշմարտանման գործեր ստիպում էին ձեր ամուսնուն հայտնվել հենց այդ թաղամասում: 
Իսկ այնուհետև մի անգամ ձեր բարեկամների մոտ կայացած ճաշկերույթի ժամանակ դուք նրան տեսաք: Օ’հ: Նրան ճանաչելու համար ձեզ պետք չեկան ոչ առանձին ջանքեր, ոչ էլ խորաթափանցություն: Ավաղ: Բավական էր հետևել ձեր ամուսնու դեմքի արտահայտությանը: Նա հայացքով շոյում էր այդ կնոջը: Աշխատում էր որքան կարելի է քիչ խոսել նրա հետ, բայց նրանք կարծես պատահմամբ փոխանակվում էին մերթ գլխի հազիվ նկատելի շարժումով, մերթ հազիվ նշմարելի ժպիտով` կարծելով, թե դա ոչ ոք չի տեսնում, իսկ դուք ցավով նկատում էիք այդ ամենը: Տանտիրուհին հաղորդեց, որ այդ ուրիշն ինքն է ցանկացել հանդիպել ձեզ հետ:
- Իսկ ինչու՞:
- Չգիտեմ… նա շատ է լսել ձեր մասին… Եվ սաստիկ ուզում էր ծանոթանալ ձեզ հետ:
Ձեր զրուցակցուհու շինծու անտարբեր տոնից դուք հասկացաք, որ ինքն էլ գիտի: Դուք միաժամանակ ապշած, վշտացած և մտահոգված էիք, և ամենից առաջ նրա համար, որ այդ կինը համաձակվել էր ոտնձգություն անել ձեր սեփական ամուսնու նկատմամբ: Ձեզ հաշիվ չտալով` դուք վաղուց արդեն համարում էիք, որ նա պատկանում է միայն ձեզ, որ նա ձեր իսկ մի մասն է դարձել: Ձեր աչքում նա արդեն ազատ մարդ չէր, ինչպես մյուսները, ոչ, նա դարձել էր կարծես ձեր մարմինը: Ուստի այդ  Ուրիշը ավելի շատ իրավունք չուներ նրան խլելու ձեզանից, քան կտրելու ձեր ձեռքը կամ գողանալու ձեր նշանի մատանին:
Ձեզ մտահոգեց նաև այն, որ այդ Ուրիշը միաժամանակ և նման էր մտովի ձեր ստեղծած կերպարին, և տարբեր էր: Եվ իրոք, բավական էր լսել նրան` անմիջապես կռահելու համար ձեր ամուսնու նոր մտքերի, նոր ձգտումների և նույնիսկ նոր բառերի աղբյուրը: Նա խոսում էր ձիերի, մրցարշավների մասին, մեջբերումներ անում այն գրքերի հեղինակներից, որոնց նկատմամբ վերջերս ձեր ամուսնու մոտ  իր համար այնքան անսովոր հետաքրքրություն էր արթնացել: Բայց դուք գտաք, որ նա ավելի երիտասարդ է և, անկեղծ ասած, ավելի `գեղեցիկ չէ, քան դուք: Թերևս, նա ուներ գեղեցիկ ճակատ, արտահայտիչ աչքեր: Եվ այսքանը: Նրա բերանը ձեզ թվաց զգայական և գռեհիկ: Նրա խոսակցությունն աշխույժ էր, բայց ոչ փայլուն և շուտով ձանձրացրեց ձեզ: «Թե ի՞նչ է նա գտել այդ կնոջ մեջ»,- տարակուսանքով հարցնում էիք ինքներդ ձեզ: 
Տուն վերադառնալով դուք անմիջապես հարձակվեցիք ձեր ամուսնու վրա.
- Այդ ինչ ամուսնական զույգ էր: Դու դրանց որտեղից ես ճանաչում:
- Գործարար հարաբերություններ են,- կմկմաց նա և աշխատեց փոխել խոսակցության թեման:
Բայց դուք հաստատապես որոշել էիք հանել նրա հոգին: 
- Ես այդ կնոջը այդքան էլ հաճելի չեմ համարում: դատելով ըստ ամենայնի, նա վերին աստիճանի ինքնագոհ է, բայց ճիշտն ասած` առանց դրա համար առանձնահատուկ հիմքեր ունենալու:
Նա փորձեց զսպել իրեն, բայց նրա հափշտակությունն այնքան ուժեղ էր, որ սկսեց հակառակել ձեզ:
- Ես այլ կարծիքի եմ,- պատասխանեց նա` ձգտելով անտարբեր տեսք ընդունել,- այդ կինը գեղեցիկ է և նրա մեջ շատ հմայք կա:
- Գեղեցի՞կ է: Դու, երևի, լավ չես նայել, թե նա ինչպիսի բերան ունի:
  Նա զայրացած թոթվեց ուսերը և որոշ ինքնագոհությամբ պատասխանեց.
- Ընդհակառակը, ես շատ լավ եմ նայել, թե նա ինչպիսի բերան ունի:
Հուսահատության մեջ դուք շարունակում էիք ոչնչացնել (դուք այդպես էիք կարծում) ձեր Մրցակցուհուն: Թե ձեր ամուսինը, թե դուք քնեցիք միայն գիշերվա ժամը երկուսին` հոգնեցուցիչ ու ծանր ընդհարումից հետո: Հաջորդ առավոտյան նա ձեզ հետ շեշտված սառն էր և ասաց.
- Ես տանը չեմ ճաշելու:
- Ինչու՞:
- Որովհետև ես տանը չեմ ճաշելու: Եվ վերջ: Ես դեռ իմ գլխի տե՞րն եմ, թե ոչ:
 
Անդրե Մորուա. «ՈՒՐԻՇ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ»
 
Այդ ժամանակ դուք հասկացաք, որ նախորդ օրը սարսափելի սխալ եք թույլ տվել: Սիրահարված տղամարդուն իր ընտրյալից չես կտրի` վերջինիս վատաբանելով: Նա տղամարդուն հմայիչ է թվում: Եթե դուք ասեք, որ դա այդպես չէ, նա կորոշի, որ ոչ թե ինքն է խաբվում, այլ դուք չեք կարողանում ճշմարտության աչքերին նայել, իսկ գլխավորը` չեք ուզում դա անել, որովհետև սաստիկ խանդոտ եք: 

Ուրիշ կնոջ մասին
Նամակ երկրորդ
 
Դուք խելացի կին եք և լիովին գնահատեցիք վտանգը: Օ, ձեր առաջին մղումը եղավ նրանց կյանքն անտանելի դարձնելը: Անձամբ սկսել ամուսնուն հետևելը… թե՞ թողնել դա մեկ ուրիշին: Նա էլ ամուսին ունի, որը, հավանաբար ոչինչ չի կասկածում: Դրանից էլ պարզ բան. հարկավոր է նրա մեջ տագնապ սերմանել և ստիպել նրան հետևել կնոջը: Բայց միայնակ մնալով, դուք երկարատև ընկղմվեցիք դառը մտորումների մեջ:
«Այո, խանդի համար ես բոլոր հիմքերն ունեմ, և կարող եմ թունավորել նրանց կյանքը: Բայց դրանով ինչի կհասնեմ: Ամուսնուս աչքում կլինեմ այն, ինչ արդեն եղել եմ նախորդ երեկոյան. ցավալի խոչընդոտ, ձանձրալի, թերևս, նույնիսկ ջադու կին: Մինչև այժմ հակառակ ամեն ինչի` նրան ինձ հետ կապում էին հիշողությունները, սովորությունները և, կարծում եմ, անկեղծ զգացմունքը: Նա զգում էր իր մեղքն իմ առջև, տանջվում, որ տառապում եմ ես, և փորձում քնքուշ վերաբերմունքով մասամբ փոխհատուցել այն բանի համար, որ պատրաստվում էր զրկել ինձ սիրուց:
Պատրաստվում էր… Միայն պատրաստվու՞մ: Դեռևս ոչ մի բան չի ապացուցում, որ նա անդրդվելի չի մնացել: Այդ կինն, ըստ երևույթին, այնքան էլ ազատ չէ. ինքը` առավել քան: Գուցե նրանք դեռևս սահմանափակվում են զբոսանքներով, բարում ունեցած զրույցներով… Եթե ես բարկացնեմ նրան, զգալ կտամ, որ իմ գերին է, մեկ էլ տեսար նա կվճռի հեռանալ ինձանից: Եթե այդ կինն էլ ոտք դնի նույն ուղու վրա, ով գիտի, թե բանն ուր կհասնի: Գուցե մեզ մոտ բանը չհասնի կապերի խզման, սակայն , անզգուշորեն գործելով, ես ինքս կքայքայեմ մեր ընտանիքը, մինչդեռ, մի քիչ համբերություն դրսևորելով…»:
Եվ այստեղ զայրույթի նոր բռնկումից ձեր սիրտը սկսեց բաբախել:
«Եվ այնուամենայնիվ որքան անարդարացի է դա: Ես առանց ետ նայելու իմ ողջ կյանքը տվի նրան: Հարսանիքից հետո ոչ մի անգամ ուրիշ տղամարդու վրա չեմ նայել: Նրանք բոլորն ինձ մի տեսակ կեղծ էին թվում: Նրանք ինձ հետաքրքում էին այնքանով, որքանով կարող էին օգտակար լինել իմ ամուսնուն… Արդոք ես իրավացի էի: Արդյոք ես դրանով իմ նկատմամբ լիակատար հանգստություն չներշնչեցի նրան… Ընկերուհիներս ինձ հաճախ զգուշացնում էին. «Զգուշացի՛ր, տղամարդիկ պիտի հուզմունք և հետաքրքություն ապրեն: Եթե դու դադարես ամուսնուդ համար գաղտնիք լինելուց, նա կսկսի որոնել այն ուրիշ տեղում…»: Մինչդեռ ինձ համար հեշտ էր, ինձ համար դեռ հիմա էլ հեշտ է նրա մեջ խանդ արթնացնել… Չկատարելով ոչ մի վատ բան… Պարզապես ավելի քիչ անտարբերությամբ վերաբերվելով ուրիշ տղամարդկանց քնքուշ խոստովանություններին: Նրա որոշ բարեկամներ փնտրել և դեռ էլի փնտրում են ինձ սիրահետելու առիթներ: «Կարելի՞ է երեկոյան անցնել ձեզ մոտ»,- հարցնում են նրանք:- «Կարո՞ղ եմ արդյոք ձեզ թատրոն տանել, քանի դեռ Ժակը գործարար ուղևորության մեջ է»: ես միշտ մերժում էի, մեկընդմիշտ վճռելով ամուսնուս նկատմամբ անշեղ հավատարմություն պահպանել: Իսկ եթե ես ընդունեի էլ նրանց սիրահետումները, եթե նա իր հերթին մի քիչ տանջվեր, մի՞թե դա նրան մի քիչ չէր հիշեցնի, որ իր կինն էլ հետաքրքություն է առաջացնում ուրիշ տղամարդկանց մոտ, որ նա էլ կարող է դուր գալ:
 
Անդրե Մորուա. «ՈՒՐԻՇ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ»
 
 
Դուք խելամտություն կունենայիք այդ պլանը դեն նետելու: Այն անհեթեթ ու վտանգավոր էր: Անհեթեթ, քանի որ չի կարելի հարկադրել սեփական խառնվածքին: Որքան էլ նա մեղավոր լինի, դուք սիրել եք ձեր ամուսնուն, իսկ նրա բարեկամները… բավական էր նրանց մի փոքր ավելի շատ ազատություն տալ, արագորեն նողկանք կառաջացնեին ձեր մեջ: Վտանգավոր է, քանզի հնարավոր չէ կանխագուշակել ձեր ամուսնու արձագանքը: Արդյո՞ք նա կվշտանա, արդյո՞ք կզղջա, եթե նրա մոտ հիմքեր առաջանա զգուշանալու ձեր հրապուրվելուց: Ի՞նչ իմանաս: Արդյո՞ք ընդհակառակը չի ստացվի: Տարված լինելով Ուրիշով, նա կմտածի. «Ավելի վատ իմ կնոջ համար: Մինչև հիմա ես նրան խնայում էի: Բայց եթե նա ինքը շուտով չձգտի փրկել մեր ընտանիքը, նրբախնդրության հարկ չկա: Միմյանց կազատենք»:
Կոկետությունը երկսայրի զենք է: Այն կվիրավորի նրան, ով ձեռքն առնելով, անշնորհք շարժում կկատարի: Դուք դա հասկացել եք: «Բայց ինչպե՞ս վարվել»,- գլուխ էիք կոտրում` մենակ ճաշելով և առաջվա նման անձնատուր լինելով դառը մտորումներին:
«Արդյո՞ք նրանք հիմա միասին են ճաշում: Ինչի մասին են խոսում: Արդյո՞ք նա պատմում է այն տեսարանի մասին, որը ես երեկ սարքեցի, և իմ ինքնամոռացության մեջ արձակածս վայնասունի հակադրությամբ կինն արդյո՞ք նրան չի թվում մի ապաստան, ուր տիրում են անդորր, քանքշություն, երջանկություն… ես նրա մասին այքան վատ բան ասացի… այն ամենը ինչ մտածում էի: Իսկ մենակ ինքս ինձ պետք է խոստովանեմ, որ իմ խոսքերում չկար ոչ  օբյեկտիվություն, ոչ արդարացիություն: Ես նրա մասին դատում էի որպես մրցակցուհի, այլ ոչ թե ողջամիտ կին: Կաշխատեմ հասկանալ… Եթե այդ կնոջը չհամարեի թշնամի, որն ընդունակ է կործանել իմ երջանկությունը, ի՞նչ կմտածեի նրա մասին»:
Եվ այդ ժամանակ դուք հերոսական ջանք գործադրեցիք ձեզ տիրապետելու և փաստերի երեսին նայելու համար: Երեկոյան տուն վերադառնալով` ձեր ամուսինը զարմացած ու թեթևացած գտավ ձեզ, միանգամայն հանգիստ վիճակում: Դուք նրան ոչ մի հարց չտվիք: Նա ինքն իր կամքով հուզիչ անճարպկությամբ խոստովանեց , որ նկարների ցուցահանդեսում բոլորովին պատահաբար հանդիպել է Ուրիշին: Դուք չհարցրիք, թե ինչ հրաշքով է նա, որ միշտ այդքան հեռու էր արվեստներից, հայտնվել  ցուցահանդեսում: Դուք, ընդհակառակն, ասացիք, որ եթե այդ ամուսնական զույգն իրեն այդքան դուր է գալիս, շատ լավ կլիներ ճաշին կամ ընթրիքին հրավիրել և ամուսնուն, և կնոջը: Նա ապշած  էր և նույնիսկ սկեց առարկել:
- Դու այդպե՞ս ես գտնում,- տարակուսեց նա:- Բայց նրա ամուսինն այնքան ձանձրալի է: Նա , իհարկե, հաճելի կին է, սակայն բոլորովին այլ խառնվածքի, քան դու: Չէ՞ որ նա քեզ դուր չի եկել: Ես չէի ուզենա քեզ պարտադրել նրա ընկերակցությունը:
-  Դուք սկսեցիք պնդել, որ նա սխալվում է. Անցյալ երեկո հոգնածությունը հարուցեց ձեր ջղայնությունը, բայց, ըստ էության , դուք ոչինչ չունեք այդ Ուրիշի դեմ, ընդհակառակն, համառ պայքարից հետո դուք հաղթեցիք` պնդելով հրավերքի վրա:  Դա կրկնակի ճրպիկ քայլ էր: Այդ ամուսնական զույգին ձեր տունը մտցնելով, դուք խելացիորեն ենթադրում էիք, որ ձեր մրցակցուհուն կզրկեք գաղտնիքի ձգողականությունից, արգելված պտղի հմայքից: Իսկ գլխավորը` դուք ուզում էիք նորից տեսնել, ուշադիր զննել  նրան և փորձել հասկանալ, թե հատկապես ինչով է նա հրապուրում ձեր ամուսնուն:

Ուրիշ կնոջ մասին
Նամակ երրորդ
 
Եվ այսպես, այդ Ուրիշը ձեզ հյուր եկավ: Դուք նրան ընդունեցիք շատ սիրալիր, դիտեցիք ինչպես հարկն է, ուշադիր լսեցիք, ձգտելով գնահատել նրան այնպես, ինչպես կգնահատեր կողմնակի կամ սիրահարված մարդը: Քննությունը տանջալից էր, բայց օգտակար: Դուք նկատեցիք բազմաթիվ գծեր, որոնք ձեր աչքից վրիպել էին առաջին հանդիպման ժամանակ: Նրա գնալուց հետո, գիշերային լռության մեջ, երբ ձեր ամուսինն արդեն քնած էր, դուք ամփոփեցիք երեկոն:
«Նա ինձանից ավելի գեղեցիկ չէ, բայց հմտորեն է օգտվում իր գեղեցկությունից: նա հիանալի ճաշակ ունի: Նրա բեժ գույնի բրդյա շորը, կարմիր գոտին, բերետը` ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրված է, հմտորեն հարմարեցված, անբասիր է… Գուցե բանը փողի՞ մեջ է: Ոչ, և շորերը, և բերետը թանկ խանութից չեն: Պարզապես դրանք սիրով են ընտրված: Միանգամից երևում է, որ նա ձգտում է իրեն արվեստի ստեղծագործություն դարձնել: Անկեղծ լինենք. մեծ չափով դա նրան հաջողվել է:
Եվ ահա թե ինչ. Ես սկսում եմ հասկանալ, թե նա ինչով է այդպես հրապուրում Ժակին: Ես ինքս ամաչկոտ եմ ու լռակյաց: Բացի այն րոպեներից, երբ խիստ զայրույթ կամ հսկայական երջանկություն եմ ապրում` այդ ժամանակ ես ինձ նման չեմ, ես հազվագյուտ եմ արտահայտում զգացմունքներս: Դա իմ մեղքը չէ: Այդպես են ինձ դաստիարակել ծնողներս, որոնք դաժան մարդիկ էին: Իմ տեսքը միշտ խստաբարո է, և դա այդպես է: Իսկ այդ Ուրիշը… իսկը անբռնազբոսություն է: Ամուսինս նրա ներկայությամբ բերեց Ստենդալի խոսքերը (Ժակը մեջբերում է անում Ստենդալից: նա ինձ վախեցնում է… թեև ծիծաղելի է երևում). «Ես այնպես եմ սիրում բնական ամեն բան, որ փողոցում կանգ եմ առնում դիտելու, թե ինչպես  է շունը կրծում ոսկորը»: Նա ասաց. «Դիպուկ է ասված»/: Նա ինքը` այդ Ուրիշն ուտում և խմում է ակնհայտ հաճույքով: Գեղեցիկ է խոսում ծաղիկների ու մրգերի մասին: Պարզվում է, զգայականությունը կարելի է արտահայտել մեծ նրբագեղությամբ: Ես դա հասկացա` նայելով Ուրիշին: Նա հիանալի պատմող է. երբեք չի թողնի, որ զրույցը մարի, իսկ ես, ընդհակառակը, միշտ մտածում եմ, թե ինչ արտասովոր բան ասեմ»:
Եվ դուք կրկին մենակ մնացիք, երկար ժամանակ լալիս էիք: Այժմ արդեն ոչ ատելությունից ու նույնիսկ ոչ խանդից: Այլ սեփական ոչնչության գիտակցումից: Հանկարծ ձեր մտքով անցավ, որ դուք արժանի չեք ձեր ամուսնուն. «Նա հրապուրվել է ավելի վառ ու գրավիչ մի կնոջով, մի՞թե դա հանցագործություն է»:
Դուք այնպես եք ստեղծված, որ արցունքները սովորաբար նշանավորում են ձեր հոգում կատարվող բեկումը` դեպի լավը: Դուք զսպեցիք ձեզ և սրբեցիք աչքերդ: Դուք որոշեցիք մարտնչել այդ Ուրիշի հետ իր իսկ զենքով: Նա կենսուրա՞խ է: Դուք էլ կենսուրախ կդառնաք: Նա գերում է իր լեզվո՞վ: Դուք էլ կփորձեք ձեր խոսքն ավելի բովանդակալից դարձնել` ընթերցելով, հաճախակի հանդիպելով հետաքրքիր մարդկանց հետ: Նա ձեր ամուսնուն տարել է նկարների ցուցահանդեսներ և կինոֆիլմեր դիտելու՞: Մի՞թե դա ամեն կնոջ և հատկապես ձեր ուժերից վեր է:
 
Անդրե Մորուա. «ՈՒՐԻՇ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ»
 
Դուք երկար ժամանակ սարսափելի հիշողություններ կպահպանեք այն ժամանակաշրջանի մասին, որ հետևեց այդ որոշումն ընդունելուն: Քանի որ Ուրիշը հաղթանակեց, դուք վճռեցիք դառնալ այնպիսին, ինչպիսին նա է: Օ, դուք ջանացել եք ամբողջ երեք ամիս և այնքան հոգսեր եք պատճառել ձեզ: Ձեր ջանքերի մեջ ներդնելով ձեր ամբողջ հոգին, դուք արժանի էիք հաջողության: Սակայն ինչպիսի ձախողմամբ ավարտվեց դա: Դուք խիզախորեն խաղացիք մի կատակերգություն: Անհոգ էիք ձևանում, երբ ձեր սիրտը կտոր-կտոր էր լինում հուսահատությունից: Ձեր ամուսնուն հաճոյանալու համար անխոնջ կերպով շաբաթ և կիրակի օրերի զվարճություններ էիք հորինում: Սկզբում նա զարմանքով միայն նայում էր ձեզ վրա: «Այդ ինչ է պատահել քեզ,- ասում էր նա:- Դու խելագարվե՞լ ես: Ես այնպես ուրախ եմ, որ գոնե կիրակի օրը կարող եմ հանգստանալ, իսկ դու ինձ ստիպում ես թանգարաններ վազվզել. Ոչ շնորհակալ եմ»: Մի ուրիշ անգամ նա ասաց. «Դու իսկական ճչանակ ես դարձել: Քեզ հնարավոր չէ կանգնեցնել, խոսում ես, անընդհատ խոսում: Իրոք դու ինձ ձանձրացնում ես»:
Իսկ ինչքա՜ն արտասուք թափվեց այն օրը, երբ խնամքով ընտրելով անգլիական կոստյում, որին, ինչպես կարծում էիք, հավանություն կտար Ուրիշը, դուք այն հագած, հպարտությամբ երևացիք ձեր ամուսնուն: Սկզբում նա ոչինչ չնկատեց: Վերջապես դուք հարցիք.
- Ժակ, դու ոչինչ չե՞ս ասում… Քեզ դուր է գալի՞ս իմ կոստյումը:
- Դեհ, կոստյումը շատ լավն է,-պատասխանեց նա:
Այդ պահին դուք վճռեցիք, որ ամեն ինչ կորած է: Մնում էր դադարեցնել պայքարը և ընդունել Ուրիշի հաղթանակը: 
Ձեր ընկերուհիներից մեկի օրինակը, անվանենք նրան Երրորդ, ձեզ փրկություն բերեց` բացելով ձեր աչքերը սեփական սխալների վրա: 
Դուք Անաբելլայի հետ ծանոթ էիք մանկուց: Արդեն այն հեռավոր տարիներին նա զարմացնում էր կամքի լիակատար բացակայությամբ: Ընդհանուր առմամբ, այդ բավական լավ, թերևս, չափազանց բարի աղջիկը հեշտությամբ էր ենթարկվում շրջապատի, և մասնավորապես` ձեր ազդեցությանը: Կար ժամանկ, երբ Անաբելլան ձգտում էր նմանվել ձեզ, ընդօրինակելով ձեր սանրվածքը և արտագրելով առաջադրանքները: Ավելի ուշ դուք կրկին հանդիպեցիք: Առաջվա նման նա պատրաստ էր պար գալ առաջին պատահած մարդու նվագի տակ: Երբ տեսնում էր, որ նրա բարեկամները հիացած են որևէ շիկահեր կնոջով, նա անմիջապես գնում էր ներկվելու: Հենց նկատում էր, որ մի մոդայիկ կինոաստղ կարճ, աստվածային ճարտարապետի հատիչով վարպետորեն քանդակած քիթ ունի, նրան անմիջապես համակում էր ճիշտ նույնպիսի քիթ ունենալու ցանկությունը, և նա վազում էր վիրաբույժ-կոսմետոլոգի մոտ: Ձեզ համար ամենադժվար պահին առիթը նորից հանդիպեցրեց  ձեզ նրան: Դուք տեսաք , թե ինչ աստիճանի էին այդ թշվառականին տգեղացնում և տաշած քիթը, և արծաթագույն խոպոպը, և շինծու կենսուրախությունը: Ձեր աչքերը կարծես բացվեցին:
«Պետք է լինել ոչ թե պարզապես անբռնազբոսիկ, այլ անբռնազբոսիկ իր ձևով»,- ասացիք ինքներդ ձեզ:
Այդ օրվանից դուք հրաժարվեցիք ուրիշին նմանվելու մտադրությունից: Դուք փորձեցիք դարձնել նրան ձեր ընկերուհին: Եվ առանց դվարության հասաք այդ բանին: Ինքներդ էլ չկռահելով` դուք նրա աչքում մեծ հեղինակություն ձեռք բերիք: Պարզվույմ է ` ձեր ամուսինը նրան շատ լավ բաներ է ասել ձեր մասին: Նա ձեզ գնահատել է ավելի քան դուք կարծում էիք: Այդ պատճառով էլ, բավական էր, որ դուք կանչեիք Ուրիշին, և նա գալիս էր: Դա հանգեցրեց հետաքրքրաշարժ փոփոխությունների:
 
Պաշտոնատեղից վերադառնալով և Ուրիշին իր տանը գտնելով, ձեր ամուսինը սովորում էր հանձին նրա տեսնել ոչ թե վեպի հերոսուհու, այլ տնային գործածության առարկայի նման մի բան: Սկզբում այդ անսպասելի բարեկամությունը զվարճացնում էր նրան: Նրան թվում էր, թե ինքն իշխում է ձեր երկուսիդ վրա: Բայց շատ շուտով ձեր և մյուսի մոտիկությունը դարձավ ավելի սերտ, քան նրա և ձեր ամուսնու միջև էր: Երկու կինն անհամեմատ ավելի շուտ են լեզու գտնում: Ուրիշը շատախոս էր և այդ պատճառով էլ սխալ գործեց: Նա իրեն չզսպեց և ձեզ պատմեց, թե հատկապես ինչն է պարսավում ձեր ամուսնու մեջ` ավելացնելով, որ շատ ավելի մեծ նշանակություն է տալիս ձեր բարեկամությանք, քան նրա քմահաճությանը: Դուք ողջամտություն ունեցաք նրա խոսքերը չհաղորդելու ձեր Ժակին. դրանք ցավ կպատճառեին նրան և կդիպչեին ինքնասիրությանը: Դա արդեն կլիներ ոչ  միայն դատապարտելի քայլ, այլև տակտիկական սխալ: Նա ձեզ չէր հավատա, կգանգատվեր Ուրիշին, իսկ վերջինս փրփուրը բերանին, կժխտեր ամեն ինչ:
Դուք համբերատար սպասում էիք նոր հարաբերությունների զարգացմանը: Միայն մի բանում հետևեցիք Ուրիշի խորհուրդներին և օգտվեցիք նրա փորձից: Նա տվեց անհրաժեշտ հասցեներ, ասաց, թե ում մոտ պետք է հագնվել ու սանրվել: Եվ այստեղ արդեն դուք աշխատեցիք չընդօրինակել նրան, այլ գտնել ձեր սեփական ոճը: Ձեզ, ինչպես և նրան, ղեկավարում էր կատարելության հասնելու ձգտումը: Եվ դուք ձեռք բերիք ձեր կատարելությունը: Աննկարագրելի երջանկությամբ նկատեցիք, որ ձեր ամուսնու աչքերը հաճույքով կանգ են առնում ձեզ վրա և որ  մարդկանց ներկայությամբ նա հիանում է ձեզնով:
Հերոսական համառությամբ դուք շարունակում էիք հրավիրել և ձեզ մոտ պահել Ուրիշին: Հարկավոր էր վերջնականապես գցել նրա հեղինակությունը: Դա շատ ժամանակ չխլեց: Նա սպառեց իր պատմությունները: Սկսեց ինքն իրեն կրկնել : Արդյո՞ք նա շարունակում էր մենակ հանդիպել ձեր ամուսնու հետ: Քիչ հավանական է, քանի որ նա այլևս չէր ստում` պատմելով թե ինչպես է օրն անցկացրել: Ձեր հաղթանակը փայլուն էր, թեև գաղտնի. Մի անգամ , երբ ձեր ամուսնուն առաջարկեցիք երեքով տուրիստական ուղևորություն կատարել մեքենայով, ձեր պայքարն ավարտվեց վերջնական հաղթանակով: Դուք թաքուն ցնծում էիք: Ձեր ամուսինը ջղայնացած բացականչեց.
- Դեհ ոչ… Նորի՞ց այդ կինը… չեմ հասկանում, դու ի՞նչ ես տարվել նրանով:
- Մ՞իթե դու ինքդ հաճելի չէիր համարում նրան:
- Հաճելի՞,- փնթփնթաց նա,- հաճելի… Կարելի է սիրել լավ գինին, բայց ինչու՞ նրանով միշտ ողողել բերանը… Եվ հետո, ճիշտն աած, շատ ավելի սրտովս է քեզ հետ երկուսով լինելը:
Դրանից հետո Ուրիշն աստիճանաբար անհետացավ ձեր կյանքից: Հանդիպումներն ավելի հազվադեպ դարձան: Դրանց միջև եղած ժամանակամիջոցները երկարեցին: Ուրիշն ընդամենը ստվեր դարձավ: Իսկ հետո առհասարակ դադարեց գոյություն ունենալուց:
 Ձեր ընտանեկան օջախը փրկված էր:
 
Թարգմանությունը` Արզուման Խոցանյանի:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Անդրե Մորուա. «ՈՒՐԻՇ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (14.03.16) Դիտումներ: 767 | Տեգեր: դավաճանություն | - Վարկանիշ -: 0.0/0