Գլխավոր էջ » Հայտնիներ
Քոչարյան, երբեք մի ասա երբեք  225

Գլխավոր էջ » Հայտնիներ 

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում վերադարձը մեծ քաղաքականություն: «Երբեք մի ասա երբեք»՝ այդ մասին հարցին ի պատասխան ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին տված բացառիկ հարցազրույցում` միաժամանակ ընդգծելով, որ ինքը դեռևս չունի որոշում այս հարցի հետ կապված:

«Դա թերևս ամենից շատ քննարկվող և ինձ համար ամենից փակ թեման է: Քաղաքականության մեջ ասում են` երբեք մի ասա երբեք: Ես ինձ հիանալի եմ զգում այն կարգավիճակում, որ հիմա ունեմ, սակայն դժվարանում եմ ասել` ապագայում այդ ամենը ինչ զարգացում կունենա: Չեմ ուզում որոշակի հստակություն մտցնել այս հարցում, և առաջին հերթին այն պատճառով, որ այդ հստակությունը չկա: Անձնական ցանկություն` վերադառնալ, մտնել այդ ամենի մեջ, կրկին վերցնել պատասխանատվության այդ բեռը, չկա, սակայն միշտ էլ կան որոշակի հանգամանքներ», - ասել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահը «Ազատության» հետ խոսել է ռադիոկայանի «Ռուսաստանը և ես» հաղորդաշարի շրջանակում, որին մասնակցել են նախկին խորհրդային երկրների մոտ մեկ տասնյակ էքս-նախագահներ:

Անդրադառնալով ռուսական ՀԷՑ-ի շուրջ բողոքի ցույցերին ու ընկերությունը ազգայնացնելու մասին հայտարարություններին, Ռոբերտ Քոչարյանը պնդել է՝ հարցը սուր հնչեղություն ստացավ Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակի պատճառով:

«Եթե տնտեսական դաշտում ընդհանուր դրությունն այնքան էլ լավ չէ, ապա, բնականաբար, սակագների անգամ ոչ մեծ բարձրացումը էականորեն ազդում է ցանկացած քաղաքացու բյուջեի վրա, և մարդիկ այս առումով արդարացիորեն վրդովվում են: Սակայն դրա պատճառները կարող են լինել և՛ ծառայությունները կարգավորողի գործողությունները, և՛ ընկերության անարդյունավետությունը, և՛ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում էներգակիրների շուկայում: Պետք է մարդկանց բացատրել և ոչ թե մեղքը ուրիշի վրա բարդել», - ասել է Քոչարյանը:

Հրաժարվելով կանխատեսել, թե ինչով կարող են ի վերջո հանգուցալուծվել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ սկսված բողոքի ցույցերը, նախկին նախագահը միաժամանակ ընդգծել է, որ իր պաշտոնավարման տարիներին ՝ 2002-2009 թվականներին, ՀԷՑ-ն աշխատել է շահույթով և կայուն սակագնային քաղաքականությամբ:

Ռոբերտ Քոչարյանն արդարացի է որակել նաև մարդկանց բողոքի ցասումը Գյումրիում Ավետիսյանների սպանությունից հետո: «Եթե ժամանակին քայլեր ձեռնարկվեին, ճիշտ քայլեր, այդ ցույցերն այդչափ երկարատև և զանգվածային չէին լինի», - պնդել է նա: - «Մարդկանց պահանջն արդարացի էր, հանցագործությունը որևէ կերպ կապված չէր ռազմական հանցագործության հետ, կատարվել էր ռազմաբազայի տարածքից դուրս, Գյումրիի տարածքում, և, բնականաբար, Հայաստանի իրավապահ մարմինները պետք է գործն իրենց ձեռքը վերցնեին: Այդ դեպքում, վստահ եմ, բողոքի ալիքը կլիներ շատ ավելի թույլ, զգացմունքային և առանց քաղաքական երանգների»:

Ծավալուն հարցազրույցի վերջում «Ազատության» թղթակիցը երկրորդ նախագահին է փոխանցել իր ամերիկահայ ծանոթներից մեկի հարցը՝ «Ի՞նչ է պետք անել, որպեսզի հայերը չցանկանան հեռանալ Հայաստանից, և հնարավո՞ր է կասեցնել արտագաղթը»: Ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը կրկին վկայաբերել է պաշտոնական վիճակագրությունն ու փաստել, որ իր նախագահության տարիներին այս առումով դրական դինամիկա է արձանագրվել:

«2005, 2006, 2007 թվականներին ավելի շատ մարդ է ժամանել Հայաստան, քան հեռացել: Արտագաղթը կասեցնելու համար պետք է վարել ողջամիտ, ռացիոնալ տնտեսական քաղաքականություն, կրճատել աղքատությունը, ստեղծել աշխատատեղեր: Որոշումների ստանդարտ մի փաթեթ, որոնց Հայաստանի պայմաններում շատ հաճախ անհրաժեշտ է լինում հասնել ոչ ստանդարտ մեթոդներով», - ասել է նախկին նախագահը:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կհեռարձակվի հոկտեմբեր-նոյեմբերին: Հայաստանի երկրորդ նախագահից բացի, «Ռուսաստանը և Ես» հաղորդմանը հյուրընկալվել են նաև Մոլդովայի նախկին նախագահներ Պյոտր Լուչինսկին, Վլադիմիր Վորոնինը, Լատվիայի նախկին առաջնորդ Գունտիս Ուլմանիսը, Լիտվայի նախկին ղեկավար Վիտաուտաս Լանդսբերգիսը, Էստոնիայի նախկին նախագահ Առնոլդ Ռյույտելը, Լեհաստանի նախկին ղեկավար Ալեքսանդր Կվասնևսկին, ինչպես նաև Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը և Վիկտոր Յուշչենկոն:


azatutyun.am

Խորագիրը՝  Հայտնիներ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հայտնիներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog