RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար խորհուրդներ

Վարորդներին 29 խորհուրդ, որ մեկ այլ տեղում չեք գտնի  94

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Օգտակար խորհուրդներ,   Լևոն Բարսեղյան


Վարորդներին 29 խորհուրդ, որ մեկ այլ տեղում չեք գտնի

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հարգելի վարորդներ, այս խորհուրդներն իմ անձնական վարորդական փորձից են, սրանց հետեւելը սահմանված չէ եւ արգելված չէ օրենսդրությամբ, նայեք ձեր հարմարությանը` հետեւե՞լ, թե՞ ոչ:

1. Սովորեք նայել դիմացից ընթացող մեքենայի միջով եւ/կամ մեքենայի տակից, վարորդները հաճախ փորձում են անպայման կողքից նայել, վազանցի կամ այլ բանի համար, ենթագիտակցորեն կաշկանդված են միջով նայելու համար, մանավանդ, երբ մեքենաների ապակիները մթնեցված են կամ վարագուրված, բայց, եթե վարագուրված չեն, կարելի է միջով նայել եւ տեսնել արդյո՞ք դրանից առաջ էլ մեքենա կա, կամ արյդո՞ք հանդիպակաց գոտուց մեքենաներ են գալիս, փորձեք նայել սովորել դիմացի մեքենայի միջով` շատ օգտակար է:


2. Միջքաղաքային ճամփեքին ցերեկները թունել մտնելիս, մանավանդ չլուսավորված կամ թույլ լուսավորված թունել մտնելիս, ինչքան հնարավոր է շուտ` ասենք մի 500-700 մետր առաջ, ջանացեք մեքենան քշել մեկ աչքը փակ, իսկ թունել մտնելիս, բացեք այդ աչքը: Այդ դեպքում կնկատեք, որ թունելը շատ մութ չէ, եւ տեսանելիությունը բավարար է: Սկսնակներին խորհուրդ չի տրվում օգտվել այս հնարքից: Իհարկե, չի կարելի մոռանալ` թունել մտնելիս լույսերը վառել:


3. Լուսաֆորների տակ կարմիրին առաջինը հասնելիս, ջանացեք հարեւան երթեւեկելի գոտիներում արդեն հանգրվանած եւ կանաչ լույսի սպասող մեքենաներից առաջ չանցնել, նույնիսկ` մի քանի սանտիմետր, դա հաճախ տեղի է ունենում բնազդաբար, մեր մրցող ոգին մեզ առաջ է մղում: Սակայն բոլորն են այդպիսին, եւ հաճախ, հարեւան մեքենայից մի քանի սանտիմետր, կամ 1-2 քայլ առաջ անցնելիս, կամ սողալիս` լուսաֆորի տակ, հարեւաններն էլ են սկսում «սողալ» փորձելով կանաչ լույսի ստարտին անպայման ձեզնից առաջ լինել: Իսկ այս խորհրդին հետեւելիս, նման մրցություն չի առաջանում, եւ հաճախ նորմալ արագությամբ մեկնարկելիս հարեւանը, որ լուսաֆորի տակ ձեզնից առաջ էր, չիմանալով, որ ետ մնացած հարեւան ունի, մեծ արագությամբ չի մեկնարկում, ու դուք առաջ եք անցնում:


4. Եթե նկատում եք, որ ձեզ համընթաց գնացող մեքենայի ղեկին տարօրինակ ձեւով մեքենան քշող վարորդ է (կարող է լինել սկսնակ, կամ վարորդական իրավունքի վկայականը տարեդարձին նվեր ստացած մեկը), ջանացեք ետ մնալ, կամ վազանցեք, արագ, վստահ լինելով, որ չի հասցնի տաօրինակ մանեւրով խփել ձեզ, կամ վթարային իրադրություններ ստեղծել ձեզ կամ այլոց համար: Մտապահեք, որ բոլոր սկսնակները չէ, որ սեւեռված են իրենց մեքենա քշել չիմանալու վրա, եւ այդ պատճառով վատ են վարում, կան սկսնակներ, որոնք զգույշ են վարում ուղղակի, վազանցելիս, քիչ է մնում … Իջեւանով քշեն: Բայց, երբ կնկատեք, որ ձեզնից առաջ ընթացող մեքենան ինչ-որ տարօրինակ է քշում` շատ դանդաղ, բայց ամենաձախ երթեւեկելի գոտիով ասենք, կամ ինչպես ասում են` «ճամփի մեջտեղով», ուրեմն կամ ղեկին սկսնակ է, կամ ինչ-որ մեկն` ուռած, կամ իսկապես` վարորդական վկայականը նոր-նոր նվեր է ստացել: Որոշ մարդկանց մեքենա քշելը իրադարձությունների երջանիկ զուգադիպությունների շարան է ընդամենը, ոչ ավել, ոչ պակաս:


5. Մեքենայում զրուցելիս, եթե դուք եք վարում, սովորեք զրուցել առանց գլուխը զրուցակցին, կամ, որ ավելի վատ է` թիկունքում նստածներին դարձնելու, սովորեք զրուցել միայն ճամփին նայելով, հավատացեք ոչ ոք չի վիրավորվի: Նայեք ճամփին: Բացառություններ չկան:


6. Լուսաֆորի կամ խցանման ժամանակ կանգնելիս կամ «սողալիս», մինչեւ առջեւից ընթացող մեքենան միշտ պահպանեք այնպիսի հեռավորություն, որ հարկ եղած դեպքում առանց հետընթաց քշելու` առանց «ետ տալու», կարողանաք ելնել այդ երթեւեկելի գոտուց: Իմացեք ձեր մեքենայի` այդ իրադրություններից ելնելու համար նվազագույն հեռավորությունը դիմացի արգելքից, որը պիտի պահեք միշտ: Եթե չգիտեք այդ հեռավորությունը, ապա կարող եք առաջնորվել հետեւյալ սկզբունքով. եթե տեսնում եք դիմացի մեքենայի ետեւի անիվների գետնին հպման գիծը, ուրեմն բավարար հեռավորություն ունեք առջեւի մեքենայից, որ առանց «ետ տալու» կարողանաք այն շրջանցել: Միշտ պահպանեք այդ հեռավորությունը լուսաֆորների տակ եւ խցանումներում:


7. Պատահում է, որ դիմացից գնացող եւ թեքության, անգամ աննկատ թեքության վրա կանգ առնող մեքենաները, շարժվելիս, մինչեւ փոխանցումը «նեյտրալից» («խալաստոյ»), «շարժման» վրա կտանեն, մի քիչ ետ են գլորվում: Այսպես հաճախ լինում է հին մեքենաների, ավտոբուսների, գազելների, պազերի եւ բեռնատարների դեպքում: Ինչքան էլ շտապեք` տեղ թողեք, որ չխփեն ձեզ առջեւից: Ընդհանրապես չի խանգարի, որ իմանաք ձեր մեքենայի գաբարիտները ճիշտ այնպես, ինչպես ձեր մատները գիտեք:


8. Դիմացից ընթացող մեքենայի արգելակումը նկատելիս, երբ ստիված եք արգելակել, դրա հետ մեկտեղ աչք ածեք հայելուն, տեսեք` արդյո՞ք ձեզ թիկունքից կիպ ընթացող մեքենա չկա, որը գուցե չհասցնի այդպես արագ արգելակել: Համենայն դեպս, արագ, կամ վթարային արգելակումների ժամանակ, դիմացը տեղ թողեք, եւ ձեր մեքենայի թափը կոտրելուց հետո թողեք արգելակը` մի քիչ էլ մեքենան առաջ տանելու համար: Այս խորհուրդը ետեւից հարված չստանալու եւ ստանալու դեպքում էլ, դիմացինին չհագցնելու համար է: Այս կանոնին առավել ուշադիր է հարկավոր լինել հատկապես ձմռանը եւ թաց եղանակին, երբ արգելակելը համեմատաբար դժվար է: Պատկերավոր ասած` հիշեցեք, որ հաճախ ստիպված եք ձեր մեքենան վարելիս «վարել» երթեւեկության մյուս մասնակիցների փոխարեն նույնպես:


9. Հետիոտնին միշտ զիջեք, եթե անգամ կնկատեք, որ հետիտոտնը ձեր չսիրած պատգամավորն է կամ նախարարը, կամ ակնհայտորեն կաշառք է առել ընտրությունների ժամանակ: Հարցը միայն տուգանքը չէ: Կան հատուկ պարապած «ավտոյի տակ ընկնողներ», որոշ վարորդներ սրանց «լոտո» են ասում: Հետիոտնի անցնելիս, եթե անգամ ճանապարհը ձերն է, մի «սողացեք» մեքենայով, ավելին, ոտքն արգելակին պահեք, կանցնի հետիոտնը, ապա կշարժվեք: Սա, իհարկե, «վատ սովորության» կարող է վերածվել, եթե անգամ դուք լինեք հետիոտն, կարող եք սկսել մեքենաներին զիջել ու պարեր կսկսվեն փողոցի մեջտեղում, իսկ այդ պարերի համար ոչ ոք չի վճարում: Չնայած այդ հանգամանքին, զիջեք միշտ եւ` կզիջվեք:


10. Հատուկ ավտոկայանատեղերում մեքենան թողնելուց առաջ ոչ թե «թարս» կանգնեք, ինչպես անում են շատերը, այլ` «շիտակ», այսինքն այնպես, որ շարժվելիս հետընթաց քշելու կարիք չունենաք: Այլ խոսքով, կայանելու` «պարկինգի» ժամանակ ավելի լավ է հետընթաց մտնեք ձեր տարածքը, մեքենայի առաջամասը կնայի ճանապարհին, արդյունքում ոչ մի «Ֆրանգուլյան» չի կարողանա արգելակել ձեր ետընթացը` մեկնելիս («Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի դեմ Ֆրանգուլյան ազգանունով մեկ էր ելել, որը անընդհատ պտտվել էր նրա մեքենայի ետնամասում այն ժամանակ, երբ վերջինս փորձել էր կայանած տեղից ետընթաց դուրս բերել մեքենան, վերջը հայտարարություն էր տվել ոստիկանություն, թե իրեն վրաերթի են ենթարկել…): Հետո, որպես կանոն, եթե ինչ-որ միջոցառման համար հավաքված մեքենաների տարածք է, ցրվելիս շատ ավելի մեծ թվով վարորդներ են փորձում թարս կանգնած մեքենաները հանել կանգառներից ու սկսում են իրար խանգարել հետընթացով, դուք առավելություն կունենաք մյուսների նկատմամբ:


11. Ղեկին ոչ մի ալկոհոլ, ոչ մի ուռածների հետ կիսածխած վիճակ, վարորդության սրբություններից է այս արգելքը: Կպատահեք մարդկանց, որոնք կասեն, թե «բան չեմ խմել, 1 բաժակ ընդամենը», «խմել եմ, բայց դանդաղ եմ քշում, բան չի պատահի», հիմարություն է: Այս կանոնը բացառություններ չունի, չհավատաք: Վստահաբար իմացեք, ալկոհոլը նվազեցնում է (1) աչքերի` պատկերների ֆոկուսացման արագությունը, (2) լուսազգայունությունը, (3) արդյունավետ դիտանկյան չափը եւ (4) ռեակցիան` օրգանիզմի արձագանքման արագությունը: Դրանցից շուրաքանչյուրն ինքնուրույն մեծացնում է ռիսկը, իսկ մեկտեղ կարող է սպանել: Մտապահեք` խմած մեքենա վարելը, ստորություն է մերձավորների եւ այլոց նկատմամբ, եթե, իհարկե, անապատում չեք:


12. Երկար ճանապարհ քշելիս, ջանացեք, որ զգոն մնաք, հենց զգացիք քնում եք` կանգնեք մի հարմար տեղ եւ քնեք, թեկուզ կես ժամ, կթարմանաք: Իսկ ծայրահեղ դեպքերում, մի քանի հիմնական միջոց կա, որպեսզի չքնեք, եւ դրանք կապված են վարորդի համար անհարմարություններ ստեղծելու հետ: 1. Սոված մնացեք` չկշտանաք, 2. Ծարավ մնացեք` չհագեցնեք ծարավը, 3. Զուգարանի կարիք ունեցեք` չօգտվեք զուգարանից, 4. Սրահում սառը օդի հոսքեր միացրեք` մրսեք անգամ, մինչեւ տեղ կհասնեք: Ոմանց օգնում է թարմ ծամոնը, եւ/կամ սուրճը ճանապարհին, բայց չչարաշահեք: Այս միջոցները կարճ ժամանակում կարող են սպառել օրգանիզմի դիմադրողունակության պաշարները եւ քունը կարող է վրա հասնել ակնթարթորեն…: Զրուցակիցներն էլ պարտավոր են անընդհատ զրուցել վարորդի հետ: Սակայն, ամենաճիշտը` կանգնեք մի տեղ եւ քնեք:


13. «Տուփերի» մեջ ջանացեք չընկնել: Սա պատահում այն դեպքերում, երբ միջքաղաքային ճանապարհներին ձեզնից առաջ ընթացող մեքենան սկսում է վազանցել մյուսին ու դուք անմիջապես հետեւում եք վազանցողին, որ դուք էլ նրա հետ վազանցեք դանդաղ ընթացող գուցե հին բեռնատարին, ու պարզվում է, որ բեռնատարիս վարորդի սիրտը լցվում է ու սկսում է գազ տալ, չթողնելով վազանցել իրեն, ստացվում է, որ ձեր առաջից ընթացող մեքենան հավասար գնում է բեռնատարի հետ, ձեր ետեւից էլ, դու մի ասա, մի այլ մեքենա է անցել վազանցի ու դուք հայտնվում եք «տուփի» մեջ, ձեզ այլ բան չի մնում անելու, քան ապավինելու ձեր առջեւից, ետեւից, կողքից ընթացող մեքենաների վարորդների վարպետությանը եւ հանդուրժողությանը: Այս «տուփերի» մեջ չընկնելու համար, համբերատար եղեք, թողեք թող ձեզնից առաջ վազանցի ելած մեքենան վազանցն ավարտի, բացի ձեր տեսադաշտը եւ ապա միայն ձեռնարկեք վազանցը:


14. Վարորդական վարպետությունն ուղիղ համեմատական է ժամանակի ընթացքում բենզինի ծախսի նվազեցմանը, ինչը հնարավոր է արգելակման քանակների անվնաս նվազեցմամբ, եւ շարժիչի ծանրաբեռնվածության կտրուկ ավելացման բացառմամբ, պարզ ասած, կտրուկ գազ տալու խասիաթը, եթե ունեք` թարկեք: Բնակավայրերից դուրս ճանապարհներին փորձեք պլանավորել մեքենայի ընթացքը 100-2000 մետրի համար` կախված տեսադաշտից, եթե ոլորաններ են` 100-300մ, եթե հարթավայրեր են` մինչեւ 3-4 կմ կարող եք տեսնել, եւ ձեզ համընթաց եւ դեպի ձեզ ընթացող մեքենաները, կարող եք դիտել դրանց վարքը, ըստ այդմ պլանավորել` որին, երբ վազանցել, վազանցե՞լ, թե՞ կարիք չկա, որին ինչ արագությամբ մոտենալ «տուփերի» մեջ չընկնելու եւ առանց արգելակման վազանցելու համար: Այդպիսով կնվազեցնեք արգելակումները: Անփորձները գազ տված հասնում են հերթական մեքենային, եւ չկարողանալով անցնել, արգելակում են: Սա, բացի մնացած բաները, բենզինի անտեղի ծախս է: Սակայն հարկ է իմանալ, որ այս տեսակ վարման եւ վազանցի պլանավորման դեպքում ձեր վարման միջին արագությունը ընկնելու է ժամում 10-20 կմ-ի չափով, ժամանակը 10-15 տոկոսով ավելի եք ծախսելու: Ջանացեք վարժվել ճանապարհին, իմանալ վերելքներն ու վայրէջքները եւ օգտագործել մեքենայի իներցիոն ընթացքը առանց անտեղի գազ տալու:


15. Ոստիկանական մեքենաներ տեսնելիս, բնակավայրերից դուրս ճանապարհներին ընդունված է լուսարձակներով նշան անել հանդիպակաց ընթացող մեքենաներին, սա մի կողմից ակամա խրատ է` կարգեին քշելու, մյուս կողմից զգուշացում, թե ոստիկան կա ճամփեքին` կարող են բռնել խախտման համար, մեր ճանապարհային ոստիկաններն էլ ոչ թե կանխարգելող են, այլ որսորդ, ամբողջ Հայաստանով քշած վարորդները ավելի շատ դժգոհում են Լոռու մարզում պարեկող ՃՈ աշխատակիցներից, իսկ ամենաշատը` Վայոց Ձորի: Մտապահեք, որ լուսային զգուշացման այս ավանդույթը տարբեր մարզերում տարբեր չափով է խորացած,  Վրաստանում գրեթե չկա, Թուրքիայում` չկա: Որպես կանոն, վարորդները այդ զգուշացումներից հետո նվազեցնում են արագությունը, չեն հատում հոծ գծերը: Սա վարորդական համագործակցության եւ համերաշխության դրսեւորում է, մի զլացեք զգուշացնել դուք էլ, խոսքը միայն տուգանվել-չտուգանվելը չէ, զգուշացնելով, դուք որոշ չափով կարգի եք բերում երթեւեկությունը:


16. Մտապահեք. վարորդական վարպետությունը մեքենա վարելու տարիներով չի հաշվվում, այլ քշված կիլոմետրերով եւ այդ ընթացքում վթարների եւ վթարիկների քանակով: Ժեշտին հասած վնասներից անձնական ողբերգություններ մի սարքեք, չողբաք, սթրեսների մեջ չընկնեք, մտապահեք, որ մարդն է ամենաթանկը, մետաղն ու պլաստիկը կդիմանան:


17. Չենք շտապում: Փորձն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շտապելը որոշ արդյունքներ տալիս է սպորտում եւ գիտափորձերի ժամանակ, մնացած բոլոր դեպքերում` չենք շտապում: Հակառակ պարագայում ծախսերը (մաշվածություն, անդուր արկածներ եւ այլն) միշտ ավելի թանկ են նստում: Ավելի լավ է 5 րոպե ուշանաք, կամ շուտ շարժվեք, քան ձեզ եւ այլոց ռիսկերի ենթարկեք:


18. Բնակավայրերում, հատկապես լուսաֆորներ չունեցող բնակավայրերում ծայրահեղ զգույշ եղեք, տեղացիները իրենց սիրած եւ իրենց գյուղինը համարվող ճամփեքին ձեզ համար շատ անսովոր են քշում մեքենաները, էլ չեմ խոսում ավանակների, սայլերի, ձիերի, ջորիների, հեծանիվների մասին: Երբեք մի մտածեք, թե գեղ տեղ է, ու դուք ձեր շքեղ մեքենայով քաղաքից եկել, ոնց ուզում` քշում եք: Լուսաֆորներով քաղաքներում, միշտ ջանացեք հաջորդ, ապա հաջորդի հաջորդ լուսաֆորները տեսնել հեռվից, կանխատեսել, եւ հաշվել գույների հերթափոխը, հանդարտ մոտենալ լուսաֆորներին, ոչ թե սլանալ դեպի լուսաֆորն ու կտրուկ արգելակել կարմիրի տակ: Ամեն անգամ, երբ շտապողականությունը կսկսի կրծել ձեզ, եւ ուշանալու խուճապը կգրոհի, հիշեք` կյանքը կարճ է, ինչքան որ է, ներողություն կխնդրեք ձեզ սպասողներից եւ ամեն ինչ կընկնի իր տեղը:


19. Երեւանում մարդատար ավտոմեքենայի միջին արագութունը 21-30 կմ/ժամ է, կախված տարվա եղանակից, օրվա ժամից, սեզոնից, ոստիկանների ժրությունից, ամսվա սկիզբ կամ վերջ լինելուց: Գյումրիում` մոտ 18-23 կմ/ժամ, Վանաձորում` 18-25 կմ/ժամ, Թբիլիսիում` մոտ 20-32 կմ/ժամ: Չի կարելի մտածել թե քաղաք է, փոքր է, հեռավորությունները մեծ չեն եւ համեմատաբար քիչ ժամանակ պլանավորել քաղաքի ներսում մի կետից մյուսը հասնելու համար, ավելի լավ կանեք, պահեստային ժամանակով պլանավորեք ամեն ինչ:


20. Երեկոյան եւ գիշերային ժամերին առանց լույսերի կամ առանց ետին լույսերի երթեւեկող կամ ճամփեքին ու ճամփեզրերին կայանած մեքենաները իսկական գելիոտիններ են, ականներ, երբեք չես իմանա, թե ում կյանքի կամ առողջության հաշվին են ապրում դրանց ապուշ վարորդները: Բազմաթիվ վթարներ եւ բախումներ են տեղի ունենում հենց այն պատճառով, որ 50-100 կմ/ժամ արագությամբ երթեւեկող վարորդները չեն հասցնում կտրուկ արգելակել կամ փախցնել իրենց մեքենան դիմացը անակնկալ հայտնված, կանգնած կամ մինչեւ 10-20 կմ/ժամ արագությամբ ընթացող ու լույսեր չունեցող մեքենայից, տրակտորից, կոմբայնից, զրահամեքենայից, բեռնատարից, հաճախ պատահում են մեքենաներ, որոնք ետեւից լույսեր ունեն, բայց այնքան են ցեխոտված, որ ուղղակի մինչեւ 20 մետր չմոտենաս` չեն երեւա, իսկ այս դեպքերում 50-100 կմ/ժամ արագությամբ ընթացող մեքենաների վարորդների եւ ուղեւորների համար սա ճակատագրական կարող է լինել: Ի՞նչ անել, շատ բարդ է այս խնդիրը Հայաստանի ճամփեքին, ճիշտ է ՃՈ-ն պարբերաբար ինչ-ինչ ստուգողական միջոցառումներ է անում, բայց դրանք խիստ անբավարար են: Հարկավոր է զգույշ լինել, եւ ճամփեքին պարբերաբար թարթել հեռակա-մոտակա լույսերով անգամ այն դեպքում երբ համարում եք, որ սովորական, առանց անակնկալների ճանապարհ է, լուսավորության փոփոխությունը թույլ կտա նկատել ճանապարհին կանգնած կամ սողացող անլույս մեքենաները եւ զգուշանալ դրանցից:

Շարունակությունը՝ այստեղ


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Վարորդներին 29 խորհուրդ, որ մեկ այլ տեղում չեք գտնի  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Օգտակար խորհուրդներ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: haykblbulyan (14.09.16) | Հեղինակ: Լևոն Բարսեղյան W Դիտումներ: 94 | Տեգեր: տեղում, մեկ, գտնի, չեք, Վարորդներին, այլ, խորհուրդ, 29, որ | - Վարկանիշ -: 0.0/0