RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջություն

Սեռական գրգռում (մանրամասն կենսաբանական բացատրություն նկարներով)  21939

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջություն,   


Սեռական գրգռում (մանրամասն կենսաբանական բացատրություն նկարներով)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Սեռական գրգռում

Սեռական գրգռումը տղամարդկանց մոտ ուղեկցվում է էրեկցիայի, իսկ կանանց մոտ՝ լյուբրիկացիայի դրսևորմամբ։ Երկու սեռերի մոտ էլ սեռական գրգռումը պայմանավորված է միևնույն ֆիզիոլոգիական մեխանիզմով. Դա նյարդանոթային ռեֆլեքս է, որի ժամանակ նյարդային գրգիռների ազդեցությամբ տեղի է ունենում սեռական օրգանների արտերիոլների լայնացում և զարկերակային արյան հոսքի ուժեղացում։ Նյարդային գրգիռները սկիզբ են առնում ողնուղեղային երկու կենտրոններից, որոնք ակտիվանում են սեռական գրգռման ժամանակ։ Մի կենտրոնը տեղակայված է ողնուղեղի S2-S4 , մյուսը՝ T11, T12, L1 և L2 սեգմենտներում։ Վազոդիլատացիան առաջացնում է արտաքին սեռական օրգանների ծավալի, չափերի մեծացում և ձևի այնպիսի փոփոխություն, որը պատրաստում է սեռական օրգանները վերարտադրման ֆունկցիային։ Անատոմիական կառուցվածքի հետևանքով ծավալային մեծացումը տարբեր տեսք է տալիս արական և իգական սեռական օրգաններին, որոնք դառնում են միմյանց փոխլրացնող։

 

  Տղամարդու էրեկցիա

Տղամարդու էրեկցիան բնորոշվում է առնանդամի չափերի մեծացումով և պնդության ձեռքբերումով։

Էրեկցիան ամենահասարակ, ամենակայուն և միևնույն ժամանակ ամենախոցելի սեքսուալ դրսևորումն է տղամարդու մոտ։ Հասարակ ասելով նկատի է առնվում էրեկցիայի առաջացման համար անհրաժեշտ անատոմոֆիզիոլոգիական կառուցվածքային միավորների փոքր քանակը և հիմնականում պերիֆերիկ կառույցների մասնակցությունը (ողնուղեղային, հարողնուղեղային և առպատային վեգետատիվ հանգույցներ), որոնք մեծապես օժտված են գործունեության ինքնուրույնությամբ, այսինքն անկախ են արտաքին միջավայրի ազդակներից։ Էրեկցիայի նշանակալից կայունությունը, որը վերաբերում է օրգանական բնույթի վնասակար ազդակներին, պայմանավորված է նրանով, որ այն ֆիլոգենետիկ տեսանկյունից ամենահին և հետևաբար ամենահուսալի կառուցվածքների վրա է հիմնված։ Այդ պատճառով օնտոգենեզի ընթացքում էրեկցիան սեռական ամենաառաջին դրսևորումն է, որ կարելի է հայտնաբերել նույնիսկ պտղի մոտ` ներարգանդային զարգացման ընթացքում։ Էրեկցիայի խոցելիությունը վերաբերում է հոգեբանական գործոններին և հատկապես արգելակող հույզերին։ Էրեկցիան առավել խոցելի է այն տղամարդկանց մոտ, որոնց պատկերացումներում էրեկցիային վերագրվում է առնականության և տղամարդկային արժանապատվության ֆետիշացված նշանակություն (ֆալոսյան կուլտ)։


Էրեկցիան առաջանում և պահպանվում է բարդ ֆիզիոլոգիական մեխանիզմների շնորհիվ, որոնք ուժեղացնում են զարկերակային արյան հոսքը դեպի առնանդամ և դժվարացնում երակային հետհոսը։ Սեռական օրգանների արյունամատակարարումը ունի 2 առանձնահատկություն, որոնք մեծ դեր են խաղում սեռական ֆունկցիայի իրականացման ժամանակ, հատկապես տղամարդու մոտ։ Առաջին առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն այլ օրգանների արյունամատակարարման, սեռական օրգաններում մեկ v. dorsalis penis-ը ուղեկցվում է երկու aa. dorsales penis-ներով։ Հանգիստ վիճակում առնանդամի զարկերակները գտնվում են պարուրված վիճակում, որն անհայտանում է էրեկցիայի ընթացքում։

Մյուս առանձնահատկությունը զարկերակների ներսային մակերեսին գտնվող երկայնաձիգ տեղակայված հարթ մկանային գոյացություններն են, այսպես կոչված Էբների բարձիկները։ Հանգիստ վիճակում, առնանդամի զարկերակները և Էբների բարձիկները գտնվում են կծկված վիճակում և նեղացնում են զարկերակն այնպես, որ արյան համար անցանելի է մնում միայն մի նեղ՝ ճեղքաձև բացվածք։ Էրեկցիայի ժամանակ զարկերակների և Էբների բարձիկների մկանային թուլացումը բերում է վերջիններիս տափակեցմանը, և զարկերակը լայնորեն բացվում է։ Հայտնաբերված է, որ Էբների բարձիկները գերազանցապես տեղակայված են corpora cavernosi penis-ի զարկերակներում` ի տարբերություն corpus cavernosum urethrae-ի զարկերակների։

 

 

նկ. 5 Առնանդամի զարկերակը` Էբների «բարձիկով» կծկման տարբեր աստիճաններում ԼՄ - լայնական մկանունք, ՇՄ – շրջանաձև մկանունք.

Նմանատիպ կառուցվածքով և ֆունկցիայով են օժտված և v. dorsalis penisը և v. profunda penis-ը, որոնք կծկվելով փակում են վենուլաներից արյան հոսքի ճանապարհը։

Անոթների վերոնշյալ կառուցվածքային առանձնահատկությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում գենիտալիաների արյունամատակարարման արագ փոփոխությունների համար։ Դրան մեծամասամբ նպաստում է նաև այն, որ ի տարբերություն այլ օրգանների, գենիտալիաների արյունամատակարարումը կարգավորվում է ոչ միայն ներհոսի, այլ նաև արտահոսի հատվածում։

Էրեկցիայի ժամանակ առնանդամը ոչ միայն մեծանում է իր չափերով, այլ նաև իր բարձրագույն կետին հասնելիս ձեռք է բերում առավելագույն պնդություն։ Ինչպես հայտնի է, առնանդամի անատոմիական կառուցվածքում տարբերում են երկու կավերնոզ մարմիններ (corpora cavernosi penis) և միզուկի սպոնգիոզ մարմին (corpus spongiosum s. cavernosum urethrae), որը առջևում լայնանալով վեր է ածվում առնանդամի գլխիկի (glans penis)։

 

 

նկ. 6 Առնանդամը լայնական կտրվածքով

Առնանդամի կավերնոզ և սպոնգիոզ մարմինների հյուսվածքային տարբերությունների հետևանքով էրեկցիայի ժամանակ, նույնիսկ դրա բարձրագույն պահին, պնդանում են միայն կավերնոզ մարմինները, մինչդեռ սպոնգիոզ մարմինը և հետևաբար առնանդամի գլխիկը պահպանում են իրենց փափկությունը (դրանով կանխվում է կնոջ սեռական ուղիների վնասումը ֆրիկցիաների ժամանակ)։

 

 

Տղամարդու սեռական գրգռման փուլ

նկ. 7 Տղամարդու սեռական գրգռման փուլ

Հետաքրքիր է այն փաստը, որ եթե համեմատենք արյան ճնշումը կավերնոզ մարմիններում և աորտայում, ապա կտեսնենք, որ կավերնոզ մարմիններում արյան ճնշման ավելի ցածր մակարդակի պարագայում դրանք իրենց պնդությամբ գերազանցում են աորտային։ Դա պայմանավորված է փապարային մարմինների հատուկ կառուցվածքով, որը կարելի է բիոմեխանիկայի տեսանկյունից անկրկնելի և եզակի երևույթ համարել։ Առնանդամը սնող զարկերակը, մտնելով կավերնոզ մարմիններ, այնուհետև ճյուղավորվում է մանր զարկերակների, որոնք ի վերջո բացվում են փապարայաին խորշիկներում։

Արյունատար անոթների լայնացումը իրականանում է պարասիմպաթիկ նյարդային համակարգի մասնակցությամբ։ Սեռական գրգռման ժամանակ էրեկցիայի ողնուղեղային կենտրոններից պարասիմպաթիկ գրգիռներ են հասնում առնանդամի զարկերակներ։ Պարասիմպաթիկ նյարդային մեդիատոր ացետիլխոլինը, ակտիվացնելով NO-սինթետազան, բերում է NO-ի քանակության աճի, որն իր հերթին հատուկ միացություն առաջացնելով` ակտիվացնում է մկանի ցիտոզոլային  գուանիլատցիկլազան։ Վերջինս բերում է ցիկլիկ գուանոզինմոնոֆոսֆատի սինթեզի, որը պրոտեինկինազների միջոցով գործի է դնում ակտին-միոզին համակարգի ֆոսֆորացումը, բացում է Ca2+ -ի խողովակները և իջեցնում է Ca2+ -ի ցիտոզոլային քանակը՝ առաջացնելով մկանի ռելաքսացիա։

Աղյուսակ 1. Էրեկցիայի առաջացման փուլերը

Էրեկցիայի առաջացման հիմնական էտապները

 

Սեռական գրգռում

NO-ի ձերբազատում, ց-ԳՄՖ ավելացում (ց-ԳՄՖ-ի քայքայումը ֆոսֆոդիեսթերազ-5-ով)


Առնանդամի հարթ մկանային համակարգի թուլացում


Արյան ներհոսի ուժեղացում և առնանդամի փապարային մարմինների լայնացում

 

նկ. 8 Էրեկցիայի առաջացման ց-ԳՄՖ-կախյալ մեխանիզմը

Էրեկցիայի առաջացման գործում NO-ի և ց-ԳՄՖ-ի առաջատար դերի բացահայտումը բերեց մի շարք դեղամիջոցների սինթեզին, որոնք ի վիճակի են ավելացնելու ներբջջային ց-ԳՄՖ-ի քանակությունը։ Դրանք NO-դոնորներն են (Na–ի նիտրոպրուսիդ, նիտրոգլիցերին) և ֆոսֆոդիեսթերազ-5-ի ինհիբիտորները։ Առնանդամի հարթ մկանների թուլացում կարող է առաջանալ նաև ց-ԱՄՖկ ախյալ մեխանիզմներով։ Կան դեղամիջոցներ, որ ազդում են այս վերջին մեխանիզմով, օրինակ՝ պրոստագլանդին E1-ը։ Երակային հետհոսքի դժվարացման պատճառները դեռ լիովին բացահայտված չեն։ Հնարավոր է, որ դեր են խաղում երակների անմիջական կծկման մեխանիզմները, այլ հիպոթեզի համաձայն` գործի է դրվում երակներում առկա փականային համակարգը, և վերջապես` լցվող փապարային փորշիկները մեխանիկական ճնշում գործադրելով երակների վրա, պարզապես խոչընդոտում են երակային արյան հետհոսը։

 

Էրեկցիայի մեխանիզմը


նկ. 9 Էրեկցիայի մեխանիզմը


Էրեկցիայի պահին փապարային մարմինները գտնվում են թուլացած վիճակում, արյունը ազատ լցվում է խորշիկներ և փքելով դրանք` սեղմում դրենավորող երակները՝ կարծես ծուղակի մեջ առնելով կուտակված արյունը։


Էրեկցիան պարասիմպաթիկ ռեակցիա է, թեև կան որոշակի փաստեր, որ վկայում են էրեկցիայի առաջացման մեխանիզմներում սիմպաթիկ գրգիռների մասնակցության մասին։ Հնարավոր է սիմպաթիկ այս մեխանիզմների մասնակցությունը երակային հետհոսքի կարգավորման գործում։ Այնուհանդերձ, հայտնի է, որ սուր սիմպաթիկ հակազդումը, որ դիտվում է օրինակ վախի ժամանակ, ակնթարթորեն անհետացնում է էրեկցիան՝ դատարկելով լրացուցիչ արյան քանակությունը։


Էրեկցիայի առաջացումը կարգավորվում է հատուկ նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներով։ Լինելով ողնուղեղային ռեֆլեքս, որի կենտրոնները գտնվում են ողնուղեղում, էրեկցիան մեծապես գտնվում է գլխուղեղի կառավարման ներքո։ Վերջինս կոորդինացնում է հոգեկան և զգայական ներգործությունները և հանդիսանում է էրեկցիայի հոգեբանական ամրապնդման կամ արգելակման կենսաբանական հիմքը։


Էրեկցիայի ողնուղեղային երկու կենտրոններից վերինը միջնորդում է հոգե-էրոտիկ ազդակները, իսկ ստորինը՝ տակտիլ ներգործությունները։ Այդ պատճառով ռեֆլեկտոր էրեկցիա կարելի է առաջացնել առնանդամի անմիջական տակտիլ գրգռման միջոցով, այդ թվում ողնուղեղի վերսրբանայինվնասումների դեպքում։ Եվ ընդհակառակը, միայն սեռական երևակայությունների կամ մյուս զգայարաններից եկող գրգիռների միջոցով նույնպես կարելի է հասնել էրեկցիայի։


Տարբերում են ոչ ադեկվատ (սպոնտան) և ադեկվատ էրեկցիա։

Սպոնտան էրեկցիան դրսևորվում է դեռևս զարգացման վաղ փուլերում և պայմանավորված է էրեկցիայի սպինալ կենտրոնների գրգռմամբ։ Սպոնտան էրեկցիաներն առաջանում են արտաքին սեռական օրգանների անմիջական գրգռման ժամանակ, կոնքի խոռոչի կանգային երևույթների հետևանքով` առանց բարձրագույն կեղևային կենտրոնների մասնակցության։


Հասուն տղամարդու մոտ սպոնտան էրեկցիաներ լինում են միայն քնի ժամանակ, առավոտյան արթնանալիս, աբստինենցիայի դեպքում։ Այդպիսի էրեկցիաների բացակայությունը խոսում է կարգավորիչ նյարդաանոթային մեխանիզմների օրգանական վնասման մասին։


Ադեկվատ էրեկցիան առաջանում է սեքսուալ գրգռման ժամանակ` էրեկցիայի բարձրագույն կեղևային կենտրոնների մասնակցությամբ։


Քանի որ էրեկցիան անոթային ռեակցիա է, հասկանալի է, որ դրա առաջացման համար կարևոր է նաև անոթների վիճակը, դրանց անցանելիությունը, էլաստիկությունը։


Տղամարդու սեռական գրգռման գործում դեր են խաղում էրոգեն գոտիները։

 

 

Տղամարդու էրոգեն գոտիներ

 

նկ. 10 Տղամարդու էրոգեն գոտիներ

Տարբերում են գենիտալ և էքստրագենիտալ էրոգեն գոտիներ։ Ի տարբերություն կանանց, տղամարդու սեքսուալ գրգռման համար հիմնական և ծանրակշիռ դերը պատկանում է գենիտալ էրոգեն գոտիներին։

 


 

Կանանց սեռական գրգռում-լյուբրիկացիա

Կանանց սեռական գրգռումը, որի հիմնական արտահայտությունը հեշտոցի խոնավացումն է, իր էությամբ կոմպլեմենտար է առնանդամի էրեկցիային։ Ի հայտ են գալիս այնպիսի փոփոխություններ, որոնք պատրաստում են կանացի գենիտալիաները պրկված առնանդամի մուտք գործելուն։ Բացի հեշտոցի խոնավացումից, որը հեշտացնում և հաճույքաբեր է դարձնում ֆրիկցիոն փուլը, սեռական գրգռման ժամանակ տեղի է ունենում հեշտոցի փխրունացում, էլաստիկության աճ և ծավալային տարողության մեծացում՝ ի հաշիվ հեշտոցի հետին երկու երրորդի երկարացման։ Այս ամենը նպաստում է մեծացած և պնդացած առնանդամի մուտքին և ազատ շարժումներին հեշտոցում։

Սեռական գրգռումը կանանց մոտ նույնպես պայմանավորված է գենիտալիաների անոթային լայնացման պարասիմպաթիկ ռեֆլեքսով։
Զարկերակային արյան ներհոսի ուժեղացման շնորհիվ անոթներում ստեղծվում է արյան բարձր ճնշում, որի տակ տեղի է ունենում պլազմայի տրանսուդացիա դեպի հեշտոցի լուսանցք։ Արյան ներհոսի ուժեղացմամբ է պայմանավորված նաև արտաքին սեռական օրգանների՝ ծլիկի, մեծ և փոքր ամոթաշրթերի, ինչպես նաև ողջ հեշտոցային գլանակի փքումը, չափերի զգալի մեծացումը։ Դա
ուղեկցվում է նաև գույնի զգալի փոփոխությամբ։ Եթե հանգիստ վիճակում գենիտալիաների մակերեսը աչքի է ընկնում բաց վարդագույն երանգով, ապա գրգռման ժամանակ այն ձեռք է բերում ալ կարմիր գունավորում։

 

 

Կնոջ սեռական գրգռման փուլը

նկ. 11 Կնոջ սեռական գրգռման փուլը


Սեռական գրգռման ժամանակ մեծ ամոթաշրթերում տեղակայված Բարտոլինյան գեղձերը արտադրում են փոքր քանակությամբ լորձային արտադրուկ, որի ֆիզիոլոգիական նշանակությունը հեշտոցամուտքի խոնավացումն է և ինտրոիտուսի հեշտացումը։


Պլատոյի ֆազայում սեռական գրգռման աճի հետ փոքր ամոթաշրթերը ձեռք են բերում  կարմրամանուշակագույն երանգ։ Հեշտոցի արտաքին երրորդականում առաջանում է օրգաստիկ օղը` լորձաթաղանթի հաստացումից գոյացած բարձիկը, որն ամուր գրկում է առնանդամը։ Ըստ էության, օրգաստիկ օղակի ձևավորմամբ է պայմանավորված հեշտանքի ռեֆլեքսի թողարկումը։

 

 

Պլատո

նկ. 12 Պլատո

 

Լյուբրիկացիան ուղեկցում է ողջ գրգռման փուլը, երբեմն, նույնիսկ, շարունակվելով հեշտանքի փուլից հետո, որը մուլտիօրգաստիկ կանանց բնորոշ հատկանիշ է։ Սովորաբար հեշտանքից հետո այն արագ հետ է զարգանում, քանի որ հեշտոցի լորձաթաղանթի անոթները օժտված են երկկողմանի թափանցելիությամբ։


Որոշ կանանց մոտ լյուբրիկացիան այնքան ուժեղ է արտահայտված, հատկապես նախաօրգաստիկ շրջանում, որ այն տպավորությունն է ստեղծվում, թե հեշտանքի ժամանակ տեղի է ունենում հեղուկի արտաժայթքում։ Իրականում, ոչ մի նմանատիպ բան էլ տեղի չի ունենում։ Օրգաստիկ կծկումների ժամանակ լորձային արտադրություն կարող է արտազատվել միզուկից՝ հարմիզուկային գեղձերի ակտիվ գործունեության շնորհիվ։ Տուբոալվեոլյար այս գեղձերը, որ բացվում են միզուկի մեջ, համարվում են տղամարդու շագանակագեղձի գեղձային հատվածի ռուդիմենտար անալոգը կանանց մոտ։


Կանանց սեռական գրգռումը կառավարող ողնուղեղային և բարձրագույն կեղևային կենտրոնները դեռ հստակորեն տարբերակված չեն, սակայն ելնելով օնտոգենետիկ զարգացման նմանությունից, կարելի է ենթադրել, որ դրանք համընկնում են տղամարդու համանման կենտրոններին։

 

Պարաուրետրալ գեղձերնկ. 13 Պարաուրետրալ գեղձեր


Կանանց սեքսուալությանը բնորոշ է այն երևույթը, որ միևնույն գրգիռը տարբեր իրավիճակներում կարող է տարբեր ռեակցիա առաջացնել։ Այսպես, եթե կիսամերկ պարողի մարմինը ներկայացման ժամանակ առաջացնում է զուտ էսթետիկ զգացողություններ, ապա ինտիմ պայմաններում այն կարող է սեռական գրգռում առաջացնել։ Միևնույն օրինաչափությունը գործում է նաև տակտիլ գրգիռների համար։ Որոշ հեղինակներ կարծում են, որ գոյություն ունեն հատուկ սեռազգացողության ընկալիչներ՝ գենիտալային մարմիններ՝ սեռական տակտիլ գրգիռների ընկալման համար։ Սակայն ինտիմ իրավիճակից դուրս, օրինակ` գինեկոլոգիական հետազոտության ժամանակ, դրանք սեռական գրգռում չեն առաջացնում։ Այսպիսով, կնոջ մոտ սեռական գրգռում առաջանալու համար հարկավոր է, որ սեռական գրգիռներին տրվի էրոտիզացնող նշանակություն, ինչը վկայում է կեղևային կենտրոնների մասնակցության մասին։

 

 

Կնոջ էրոգեն գոտիներ


նկ. 14 Կնոջ էրոգեն գոտիներ


Բացի այդ, կնոջ մարմնի տարբեր մասեր տարբեր զգայունակությամբ են օժտված սեռական գրգիռների նկատմամբ։ Դա թույլ է տալիս որոշ հեղինակների առանձնացնելու այսպես կոչված էրոգեն գոտիներ, որոնց գրգռումը հիմնականում բերում է սեռական գրգռման արագ և կայուն աճի։


Տարբերում են գենիտալ և էքստրագենիտալ էրոգեն գոտիներ։ Վերջիններս կնոջ սեռական կյանքում խաղում են ավելի մեծ դեր, քան գենիտալ գոտիները, ի տարբերություն տղամարդկանց, որոնց մոտ գործում է հակառակ օրինաչափությունը։ Գենիտալ էրոգեն գոտիներն են ծլիկը, փոքր ամոթաշրթերը, հեշտոցամուտքը, հեշտոցի արտաքին մեկ երրորդի առաջային պատը՝ այսպես կոչված G-գոտին, արգանդի վզիկը։ Գենիտալ էրոգեն գոտիների նշանակությունը ունիվերսալ է, այսինքն ընդհանուր է բոլոր կանանց համար, ինչը չի կարելի ասել էքստրագենիտալ էրոգեն գոտիների մասին, որոնք աչքի են ընկնում խիստ անհատական բնույթով և դինամիկ փոփոխությամբ։


Ա.Մ. Սվյադոշչը տարբերում է նաև առաջնային և երկրորդային էրոգեն գոտիներ՝ ելնելով դրանց ֆունկցիոնալ նշանակությունից։ Եթե առաջնային էրոգեն գոտիների գրգռումը ստեղծում է ընդհանուր հուզաէրոտիկ տրամադրվածություն, ապա երկրորդայինների գրգռումը տանում է հեշտանքի։ Երկրորդային էրոգեն գոտիների տեղակայումը պայմանավորում է հեշտոցային, ծլիկային և խառը հեշտանքների գոյությունը։

sexology.am

Հեղինակ :  Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր` Կլինիկական սեքսոլոգիա

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սեռական գրգռում (մանրամասն կենսաբանական բացատրություն նկարներով)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Admin (24.09.11) Դիտումներ: 21939 | Տեգեր: սեռական կյանք, անատոմիա, կենսաբանություն | - Վարկանիշ -: 0.0/0