Գլխավոր էջ » Քրեական
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ համացանցից օգտվողներին․ ԱԱԾ-ն զգուշացնում է  541

Գլխավոր էջ » Քրեական 

Խորագիրը՝  Քրեական,   

Ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած տվյալների համաձայն՝ հետխորհրդային տարածքի երկրներում գործում է մասնագիտացված միջազգային հանցավոր խումբ, որն էլեկտրոնային նամակներով ուղարկված վնասաբեր համակարգչային ծրագրերի կիրառմամբ կատարում է հափշտակություններ:

«Կարևորելով անձնական տվյալների, կորպորատիվ գաղտնիքների և ֆինանսական տեղեկատվության անվտանգությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ստացվող էլեկտրոնային նամակների նկատմամբ ցուցաբերել առողջ կասկածամտություն, ոչ պաշտոնական կամ անհայտ ծագման հասցեներից ուղարկված նամակներն առանց բացելու անմիջապես ջնջել կամ ձեռնարկել անվտանգության հետ կապված համապատասխան այլ միջոցներ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ վերոնշյալ եղանակով հափշտակության դեպք է արձանագրվել նաև Հայաստանում. օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամները ՀՀ-ում գործող առևտրային բանկի աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին ՀՀ գերատեսչություններից մեկի անունից ուղարկել են վնասաբեր ծրագրեր պարունակող մի քանի տասնյակ կեղծ նամակներ, որոնց միջոցով ներթափանցել են բանկի ներքին համակարգչային ցանց և տիրացել այնտեղ պահվող տեղեկատվությանը:

Այնուհետև, բանկի սերվերներից մեկի վրա տեղադրվել և գործարկվել է հեռակա համակցման ծրագիր, որի կիրառմամբ առևտրային բանկի բանկոմատները սպասարկող սերվերը վարակվել է վնասաբեր համակարգչային ծրագրերով՝ խափանելով դրանց բնականոն աշխատանքը: Հետագայում Հայաստան ժամանած հանցավոր խմբի անդամները Երևան և Աբովյան քաղաքների տարբեր հասցեներում գործող թվով 22 բանկոմատների ստեղնաշարերի միջոցով մուտքագրելով հատուկ հրահանգներ, ապօրինի ելքագրել և հափշտակել են առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր առմամբ շուրջ 133 մլն ՀՀ դրամ գումար: Վերոնշյալ հանցանքները կատարած օտարերկրյա երեք քաղաքացիների ինքնությունը պարզվել է:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում նշված անձինք ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (շահադիտական նպատակներով վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը), 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար:

ՀՀ ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նրանց նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում»,- մասնավորապես, նշված է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում:


 



Խորագիրը՝  Քրեական,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog