Գլխավոր էջ » Քրեական
Ով էր «օրենքով գող» Մարսոն և ինչու սպանվեց…  6545

Գլխավոր էջ » Քրեական 

Խորագիրը՝  Քրեական,   

2009-ի հունիսի 19-ին իր տան դիմաց, դիմահար կրակոցով սպանվեց հանցագործ աշխարհի հեղինակություններից մեկը` «օրենքով գող», Մարսո մականվամբ Մարզպետունի Պետրոսյանը: Հաջորդ օրն առավոտյան, ժամը 9.30-ին, մեղայականով

ոստիկանության Արարատի բաժին էր ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ, 1952 թ. ծնված Պերճիկ Շաբոյանը եւ հայտնել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ, հանցավոր աշխարհում հայտնի, 1960թ. ծնված «Մարսոյի» հետ անձնական հարցեր պարզելու համար նույն օրը գնացել է Գոռավան եւ ժամը 9.20-ի սահմաններում, նրա տան մուտքի մոտ, իր անունով հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով, սպանելու նպատակով, կրակել է Պետրոսյանի վրա: Վերջինս տեղափոխվել էր Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Սկզբում այս վարկածը մի տեսակ թերահավատությամբ ընդունվեց, թեկուզ այն պատճառով, որ տեղեկություն կար նախաքննության փուլում կեղծ նյութեր նախապատրաստելու վերաբերյալ. մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովում հյուրընկալված, չերյոմուխայից ոտքի վնասվածք ստացած Արարատի մարզի բնակիչ Խաչիկ Դավթյանը հրապարակավ հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննելիս քննիչները իրեն սպառնացել են մեկ անգամ էլ կոտրել վնասված ոտքը, եթե չհամաձայնվի գող Մարզպետի վրա ցուցմունք գրել:

Հայտնի չէ, Խաչիկ Դավթյանն ի վերջո ցուցմունք գրեց, թե ոչ, բայց փաստ է, որ «Մարսոյի» սպանությունն ունեցավ նաեւ շարունակություն, քանի որ հանցավոր աշխարհի ներկայացուցիչների սպանությունները սովորաբար անհետեւանք չեն մնում: Նոյեմբերի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում, սպանվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն` 51-ամյա Սամվել Շաբոյանը, ու այդ սպանությունը, ինչպես շատ արագ հայտնի դարձավ, վրեժխնդրության հետեւանք էր: Դեպքը տեղի էր ունեցել Երեւանի Մյասնիկյանի պողոտայում` Նոր Նորք տանող ճանապարհին: Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենային աջ կողմից հավասարվել էր անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ էր արձակվել:

Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Սամվել Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել էր: Իսկ ավտոմեքենայի ղեկին գտնված 48-ամյա Ռոբերտ Սարգսյանը մարմնական վնասվածք չէր ստացել: Նա արգելոցի անտառապետն է: Զննությամբ ավտոմեքենայի նույն կողմի դռան վրա հայտնաբերվել էր հրազենային կրակոցների 30 անցք: Այսինքն` եթե 30 կրակոցներից ոչ մեկը չէր դիպել վարորդին, նշանակում է, որ սպանության թիրախը միայն ու միայն Շաբոյանն է եղել: Ինչպես հետագայում պարզվեց` սպանությունը կապված էր «Մարսոյի»` Մարզպետունի Պետրոսյանի սպանության հետ, ում սպանել էր Սամվել Շաբոյանի եղբայրը` Պերճիկ Շաբոյանը: Իսկ Սամվել Շաբոյանին սպանողը Մարզպետունի Պետրոսյանի եղբորորդին էր` Կարեն Պետրոսյանը, ով դեպքից ժամեր անց ձերբակալվել եւ խոստովանական ցուցմունքներ էր տվել: Ի դեպ, Պետրոսյաններն ու Շաբոյանները նախկինում բավական մտերիմ հարաբերություններ են ունեցել, բայց մոտ 2 տարի առաջ նրանց ընտանիքների միջեւ ծագած գժտությունը վերաճել է թշնամանքի: Սամվել Շաբոյանի սպանության փաստով Կարեն Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք պահելու, կրելու համար, որոնցից առաջինի դեպքում օրենքը նախատեսում է ազատազրկում` 6-12 տարի ժամանակով, իսկ ապօրինի զենքի համար` առավելագույնը 3 տարի:

Ի դեպ, «Պրայմ-Կրայմ»-ի փոխանցմամբ` մի քանի դատվածություն ունեցող Մ.Պետրոսյանը որպես «օրենքով գող» թագադրվել էր 1983թ. Երեւանում: 1990-ականների վերջին նա բնակություն էր հաստատել Մոսկվայի շրջանի Կոլոմենսկո բնակավայրում, որտեղ գլխավորել էր խոշոր չափերով թմրանյութերի իրացմամբ զբաղվող հայերից կազմված հանցավոր մի խմբավորում: Երեք տարի առաջ` 2007թ. նոյեմբերի 16-ին, անօրինական թմրանյութ պահելու համար «Մարսոն» Մոսկվայում ենթարկվել էր քրեական պատասխանատվության: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել էր 10 գ «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Դատարանի վճռով` «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանը ենթարկվել էր 35 հազար ՌԴ ռուբլի տուգանքի եւ արտաքսվել Հայաստան:

zhamanak.com 

Խորագիրը՝  Քրեական,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017