RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քրեական

Օրենքով գողեր. ովքե՞ր են նրանք  1436

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քրեական,   irates.am


Օրենքով գողեր. ովքե՞ր են նրանք

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Օրենքով գողեր. ովքե՞ր են նրանք

 

Խնդիրները պարզաբանելու խնդրանքով դիմեցինք ներքին գործերի քրեական հետախուզության և 7-րդ վարչության նախկին պետ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ։

 

- Սկզբի համար սահմանենք` ի՞նչ է նշանակում օրենքով գող:
- Հանցագործ աշխարհի տիտղոս, որ տրվում է պարտադիր երեք տիտղոսավոր անձանց կողմից և ունի պարտավորությունների ու պարտականությունների, իրավունքների մի ամբողջ շարք:

- Ո՞Ւմ առաջ են պարտավորությունները և ո՞ւմ նկատմամբ` իրավունքները: 
- Տիտղոսավորների: Եթե օրենքով գողը շեղվում է պարտավորություններից ուրիշների առաջ, պատժել կարող են միայն օրենքով գողերը: Մինչև 1961 թ. Ռոստովի сходка-ն պատիժը հիմնականում մեկն էր` սպանում էին: Սխոդկան նվազագույնը երեք օրենքով գողերի հավաքն է, եթե նրանք նայում էին դեպի պատը, օրենքով գողը վերածվում էր сука-ի և պարտավոր էր ձեռքերը վեր պարզած կանգնել պատի մոտ, շարքային հանցագործներից մեկը իրականացնում էր մահապատիժը: Օրենքով գողը պետք է помазанный չլիներ` նրա ձեռքերը չէին կարող արյունոտվել. ապրանքը, նյութը մարդու կյանք չարժի, ուստի չի կարելի մարդու կյանք խլել, կարող ես խլել գողանալով, բայց ոչ երբեք սպանելով: Այս առաքինի քայլով օրենքով գողերը տարբերվում էին հանցագործ աշխարհից: Մինչև 1961 թվականը: Ռոստովի սխոդկայում բարձրացվեց նաև կանանց հարցը: 

- Կանա՞նց:
- Հանցագործ աշխարհի կանանց կարգավիճակի` малина պահողների, барыга-ների` նրանց, որ երբեք չէին դավաճանում: Ռոստովի сходка-ն բանաձևեց, որ գողի հետ քնողը գող չի կարող լինել, ընդամենը կարող է գող սիրող լինել: Որոշվեց, որ գող կարող է ճանաչվել այն անձը, որ երբեք պետական կառույցների հետ շփում չի ունեցել:

- Իսկ եթե բանտարկվե՞լ է, շփում չէ՞:
-Ոչ, ինքը կամավոր չի գնացել բանտ: Ի՞նչ է նշանակում շփում: Կուսակցական չի եղել, չի աշխատել` աշխատանքն արդեն շփում է ու ենթակայություն, ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել` ոչ մի պարտավորություն չի ստանձնել: Պարտավորությունների ամբողջ իմաստն այն էր, որ օրենքով գողը պետք է ազատ լինի, բացարձակապես ազատ, որ վախվորած հայացքով հետ չնայի, որ նրան հնարավոր չլինի վարկաբեկել: Նա չէր կարող ընտանիք ունենալ, հիշեք, որ խորհրդային ժամանակներում քաղաքացիական ամուսնություն հասկացությունը չկար: Օրենքով գողը չէր կարող գրանցված լինել զագսում, թեպետ կնոջ հետ հարաբերություններն արգելված չէին:

- Իսկ երեխա՞ն, պարտավորությո՞ւն էր ընկալվում:
- Աչք էին փակում հիմնականում, երեխան պարտավորություն է, որ կաշկանդում է և կարող է վարքագիծ փոխել: Օրենքով գողը չէր կարող ծառայել բանակում` նա չէր կարող ուսադիր (погонатый) կրել և որևէ մեկի ենթական լինել: Օրենքով գողը իրավունք չուներ պետական որևէ միջոցառման մասնակցելու, այլապես հավասարվում էր сука-ի: 1961-ից հետո նման հավաք, երբ Սովետական Միության անվանի օրենքով գողերը հավաքվեին մի վայրում, Սվոյ Ռաֆի հարսանիքն էր, որին մասնակցում էին 380 օրենքով գողեր` 25-ից 85 տարեկան: Սվոյ Ռաֆը այդ միջավայրում անխոս լիդեր էր` ԽՍՀՄ-ի եվրոպական հատվածից Կովկաս, Միջին Ասիայի տերը Հադրութցի Նարեկն էր: ԽՍՀՄ-ում մի պահ ամեն ինչ կիսված էր երկու գողերի միջև, բայց կար երրորդը` Գոգա Երևանսկին: Զարմանալիորեն կրթված, փայլուն հիշողություն ու տրամաբանություն ունեցող մարդ, որ այլ պայմաններում կարող էր ակադեմիկոս դառնալ: Գողական միջավայրում ցանկացած չլուծված հարցում վերջնականը Գոգայի խոսքն էր:

- 90-ական թթ.` ԽՍՀՄ-ի փլուզումը, նոր հանրապետությունների ձևավորումը, տնտեսակարգի փոփոխությունը ի՞նչ անդրադարձ ունեցան գողական աշխարհում: 
- Նախ հասկանանք` ինչպե՞ս առաջացան օրենքով գողերը: ԽՍՀՄ-ում շատ հետաքրքիր քաղաքականություն էր վարվում հանցագործ աշխարհը «սոցիալիստական ռելսերի» վրա դնելու ուղղությամբ: Անծայրածիր երկիրը ցարական Ռուսաստանից ժառանգել էր նաև հանցագործ աշխարհը: Ռեպրեսիաները սկսվեցին արդեն 1920 թվականից, երբ ռազմական կոմունիզմի կառուցման կուրս վերցվեց, որն իրեն չարդարացրեց, և երբ տեսան, որ սովամահ են լինում, անցան նոր տնտեսական քաղաքականությանը` ՆԷՊ-ին: Մինչև 1927-28 թթ. ուսյալ և իրենց մասնագիտությանը լավ տիրապետող բազում ազնվականներ հայտնվեցին սովետական միլիցիայում և բանվորագյուղացիական միլիցիային սովորեցրին, թե ինչ է розыск-ը, сыск-ը, օպերատիվ աշխատանքը: Կադրային լրջագույն դարբնոց ստեղծվեց, որ հետո նախարարներ, փոխնախարարներ դարձան երկրի մասշտաբով: 30-ականներին խնդիր առաջացավ պահպանելու համակենտրոնացման ճամբարները, որ անկառավարելի էին դառնում կրթված մարդկանց համալրումով: Բարձրագույն կրթություն, ինքնուրույն աշխարհայացք ունեցող, գործող կարգերի նկատմամբ պաշտոնապես թշնամաբար տրամադրված համարվող մարդկանց հայտնությամբ ճամբարներում խռովություններ սկսվեցին: Անծայրածիր Ռուսաստանում, որտեղ մի ճամբարն ավարտվում էր մյուսով և սկսվում էր հաջորդը, խռովությունը նշանակում էր երկրի կործանում:

- Եվ` գողականների բախտը բերե՞ց:
- Այդ ժամանակ երկիրը ղեկավարում էր մի մարդ, որ անձամբ անցել էր բանտերով, փայլուն գիտեր շկոլան: Չլինելով օծված գող` Տուրուխանսկում նա Յակով Սվերդլովին ղեկավարում էր հայացքով ու անկոտրումի համբավ ուներ: Ստալին` պողպատե, մականունը ուղիղ բնութագրում էր նրան: Ճամբարներում որպես կանոն 2000 բանտարկյալի վերահսկում էր 100-150 պահնորդ, նշանակում էր` փոքր ուժերով պետք էր պահել հսկայական ճամբարը: Իհարկե, օգնում էր հրազենը, օգնում էին շները, փշալարերը, բայց քիչ: Ներքին որոշում կայացվեց` թույլ տալ, որ հանցագործ աշխարհն իշխի ճամբարներում: Դա արդեն նոր կարգ ու կանոն, նոր իրավունքներ էր բերում գողական աշխարհ, որն ավարտվեց գվարդիաների ստեղծումով:

- Ի՞նչ գվարդիաներ, ի՞նչ իրավասություններով:
- Առաջին գվարդիաները ստեղծվեցին 1954 թվականին, Հայաստանում` 1956-1957 թթ., երբ խուլիգանական խմբերին իրավունք տրվեց առանց դատուդատաստանի ծեծել գողականին: Առաջ գողը գալիս էր թաղ և այնտեղ տեր էր: Սկսվեց նրանից, որ ճամբարներում ղեկավարությունը мужик-ներին և баклан-ներին ասաց` ծեծեք գողերին, և նրանք հարձակվեցին կարգավիճակով իրենցից բարձրերի վրա: 1953 թվականից օրենքով գողերին սկսեցին ուղղակի ջարդել: Դա Բերիայի հրամանով էր, ասում էին` սրանց կոտրեք, ազատություն ենք տալիս: Մեծ ամնիստիա եղավ, հազարավոր հանցագործներ ազատ արձակվեցին: Ճիշտ է, շատերին կայարաններից հետ բերեցին, բայց խոստումը կատարեցին: 1958 թ. կալանավայրերի կանոնակարգում կետ ավելացվեց, որ գաղութի կամ ճամբարի պետն իրավունք ունի վաղաժամկետ-պայմանական ազատելու, ազատվողները հիմնականում խուլիգաններն էին, որ իրենց ճամբարներում փշրում էին գողականներին: Պետք էր կոտրել կարծրատիպը, թե գողականի խոսքը օրենք է:

- Փշրում էին գողերի՞ն, թե՞ գողական գաղափարախոսությունը:
- Գաղափարախոսությունը չփշրվեց, մի քանի անգամ ավելի վտանգավոր դարձավ: Երբ այսօր ասում ենք կազմակերպված հանցագործություն, անկյունաքարը օրենքով գողն է: 30-ական թթ. «Կոզա նոստրան», գանգստերական միավորումները, օրենքով գողերը կազմակերպական նույն կառույցներով էին գործում` որքան էլ տարօրինակ թվա ազատ աշխարհի ու երկաթե վարագույրով աշխարհից առանձնացված ԽՍՀՄ-ի դեպքում: Հենքը նույն գաղափարախոսությունն էր: Հանցագործ աշխարհը պետության հուժկու ձեռքի տակ մի քանի տրանսֆորմացիաներ է անցել: Առաջինը ճամբարներն ինտելեկտուալներից պահպանելու համար գողականին օգտագործելն էր: Երբ պատերազմից հետո այդ խնդիրը լուծված էր, գողականներն արդեն պետք չէին: Մինչև պատերազմը ցարական Ռուսաստանի պատկերը շատ թարմ էր, սեփականության գաղափարը դեռ գործում էր, պատերազմում փառապանծ հաղթանակից հետո դրա կարիքը չկար` խնդիրը չկար, կատարողների կարիքը չկար, և մեջտեղ եկան արդեն հիշատակածս գվարդիականները` սովորական թաղի տղերքը, որ խախտում էին օրենքը ու չէին ուզում` մեկը գա ու իրենց ասի` սա ճիշտ է, սա սխալ է: 60-ական թթ. փոքր Երևանը բաժանված էր Կայարանի, Օպերայի, Մոնումենտի, Զեյթունի, Կոնդի գվարդիաների միջև:

- Միմյանց հետ հա՞շտ էին գվարդիաները:
- Բոլորովին, սպանոցի էր: 60-ականների ամենաուժեղ գվարդիան Կայարանինն էր, որ մոնղոլներից «զարտուղի»ճանապարհներով մեծ արագություն էր ժառանգել և մարտավարություն` գալ, ջարդել, հեռանալ: Խրուշչովյան հալոցքի տարիներին գվարդիաներին սանձելու խնդիր առաջացավ: Խնդիր, որ պետությունը չէր կարող լուծել ռեպրեսիոն ապարատով, որ բավականին փոքր էր` 1-ը` 1000-ի, տեղ-տեղ 10000-ի հարաբերությամբ: Գվարդիաների ողնաշարը ջարդեց պանծալի կոմերիտմիությունը: «Կոմերիտական շտաբ», «Կոմերիտական լուսարձակ» անունները Ձեզ գուցե ոչինչ չեն ասում, բայց ավելի տարիքովները գիտեն: Նրանց հանիրավի տրվեցին միլիցիայի աշխատակցի իրավունքներ, ստեղծվեց նոր կառույց` МООП` հասարակական կարգի պահպանության նախարարություն, որտեղ զրոյական վիճակի բերվեց գործակալական ցանցը և շեշտը դրվեց ուժի վրա:

- Սխալ չէ՞ր:
- Սխալ էր, որ հանցագործ աշխարհին ծաղկելու հնարավորություն էր տալիս: Երբ կոմերիտական շտաբները ջարդում էին գվարդիաներին, գաղափարախոսական հենքով սկսեց վերականգնվել օրենքով գողի կարգավիճակը: Իրավիճակի ախտորոշման ու ելքերի համար 1961-ին գումարվեց Ռոստովի сходка-ն, որը կանոնակարգեց` ի՞նչ է օրենքով գողը, բնականաբար, բանավոր, որովհետև ներքին կանոնադրությունը գրավոր ոչինչ ունենալու իրավունք չէր տալիս: Հենց այդ պատճառով արխիվներում հիշատակություն չկա, թե ովքեր են եղել առաջին օրենքով գողերը: Նույնիսկ հատուկ արխիվների արխիվարիուսները ոչինչ չգիտեն: Ռոստովում ընդունված կանոնակարգի ամենագլխավոր կետը` գողն իրավունք չուներ, իր հագուստներից բացի, այլ սեփականություն ունենալ: Երբ աշխատանքի բերումով Երևանում գնում էի օրենքով գողերի տուն խուզարկության կամ ձերբակալության, միայն կիսաջարդ կահ-կարասի էր: Այսօր Եվրոպայի, Մոսկվայի, Հեռավոր Արևելքի смотрящий-ները միլիարդատերեր են, որ չորրորդ տրանսֆորմացիայի ծնունդն են: Օրենքով գողերը, որոնց հետ շատ եմ շփվել, որպես կանոն, հիվանդ մարդիկ էին, որովհետև գողը չէր կարող ենթարկվել ճամբարի պետին, չէր կարող լացկանի վրա համարանիշ ու անուն-ազգանուն կրել մյուսների նման: Չէ՛ր կարող, պիտի գնար БУР` խստացված ռեժիմի բարաք: Օրենքով գողը ճամբարի պետի առաջ գլխարկը չպետք է հաներ, չէ՞ր հանում, БУР էր գնում: БУР-ից երկու ճանապարհ կար` կամ տուբդիսպանսեր, որովհետև այդ սննդի, այդ սառնամանիքի, գարնանն այդ գարշահոտության ու խոնավության պայմաններում իրեն լավ էր զգում միայն Կոխի ցուպիկը: Կալանավորները դառնում էին թոքախտավոր, կամ էլ` արդեն ոչ մի տեղ չէին գնում, տանում էին: Ես տեսել եմ այդ թվականների օրենքով գողերին` շատ հիվանդ և ոչինչ չունեցող մարդիկ էին, որ պատերազմի տարիներին հաց գողանալով էին գող դարձել, որովհետև տնեցիները սոված էին: 

- Վերադառնանք 90-ականներին, ինչպե՞ս վերասերվեցին օրենքով գողերը: 
- Ցանկացած գաղափարախոսություն արտաքին գործոնների տակ տրանսֆորմացվում է, տրանսֆորմացիայի ենթարկվեց և գողական աշխարհը, որ ուզում էր իր մասն ունենալ համախառն արտադրանքից: 70-ականներին գողականները սկսեցին զարգանալ ներքին գործերի նախարարության աչքի առաջ: Այն ժամանակ Սովետական Միությունում ներքին գործերի նախարարությանը կից գործում էր գլխավոր հետազոտական ինստիտուտ, որը բացահայտում էր ցանկացած քրեածին, հասարակական նորմերից շեղվող երևույթները և քրեական հետախուզությանը տալիս էր դրանց դեմ պայքարի ուղեցույցներ: Այդ ինստիտուտի հետազոտությունների արդյունքում ծնվեց մի հրաման, որը օրենքով գողերին վերաբերող աշխատանքներն էր ուղղորդում: Հրամայվում էր աշխատանքներն ակտիվացնել և օրենքով գողերի վերաբերյալ ներկայացնել անձնական հաշվետվություններ` բնակության վայրի, տեղաշարժի, ապրելու միջոցների մասին: Խրուշչովյան հալոցքից հետո առաջացել էր նոր շերտ հասարակության մեջ` ցեխավիկները: Ամբողջ երկիրն ապրում էր որոշակի մետրաժով` բնակչության 90 տոկոսն ուներ նույն եկամուտները և նույն սպառումը: ՈՒմ տունն էլ մտնեիք, սառնարանում նույն մթերքն էր, հագուստ-կապուստը նույնն էր, բարձր աշխատավարձ ստանալու որոշ արտոնություններ ունեին որոշակի խումբ մարդիկ: Հալոցքից հետո Կովկասում և Միջին Ասիայում հարուստների նոր շերտ առաջացավ ու տարածվեց դեպի Ռուսաստան, նրանք հիմնեցին արտադրություններ, որոնց ապրանքը սկսեց ընդհանուր շուկա մտնել` ԽՍՀՄ-ի անծայրածիր ապրանքային շուկան, որը հագենալ չգիտեր: Նոր հարուստները իրենց հետ բերեցին նոր օրենքով գողեր, ովքեր որոշեցին, որ «մեր տուժված ախպերը», որ БУР-երից եկել է, թոքախտավոր ու աղքատ, крысняк-ը պիտի հոգ տանի նրա բուժման ու կարգին ապրուստի համար: Դա դեռ բանավոր փոխհամաձայնություն էր, որ որոշակի կապեր առաջացրեց: Դժվար էր 100 ռուբլի ստացող ինժեներին պարտադրել այդ խնդիրը, բայց 100-անոցները նկուղում շարած ցեխավիկն ուղղակի պարտավոր էր մտածել «մեր տուժված ախպոր» լավ ապրուստի մասին: Ցեխավիկները սկսեցին վճարել, և օրենքով գողերի կարգավիճակը փոխվեց: Ճիշտ է` իրենց անունով գրանցված ոչինչ չունեին, բայց ուտելիքի, հագուստի տեսականին, սպասարկող մեքենաների որակը փոխվեցին: Շուկայական հարաբերությունների հաստատման հետ, երբ կոտրվեց ներքին գործերի նախարարությունը, կրկնվեց այն իրավիճակը, ինչ կար ցարից բոլշևիզմին անցման ժամանակ: Ոչ նախարարության, ոչ քրեական հետախուզության աշխատակիցը չգիտեր` վաղն ինքը աշխատանք կունենա՞, թե՞ ոչ: Հիշեք` մի կողմից պատերազմը, մյուս կողմից` 88-ի ավերիչ երկրաշարժի հետևանքները, անկայուն ժամանակահատվածում գողական աշխարհը նոր տրանսֆորմացիա ապրեց: Մոռանալով 1961-ի Ռոստովի сходка-ի բանաձևերը սեփականության վերաբերյալ, գողերի մի փոքր մասը դարձան օլիգարխներ: Նրանք, ովքեր ճշտի ու սխալի արանքում գերադասեցին ճիշտը, մնացին հին կատեգորիայի մակարդակին: Օլիգարխացած գողերն արդեն իրենց հայացքը գցում էին իսպանական լողափեր ու Մայամի. փոխվեց աշխարհագրությունը, աշխարհագրության հետ` հնարավորությունները և գումարների տիրապետելու ցանկությունը. սեփականաշնորհվեցին բանկեր, գործարաններ, ֆաբրիկաներ: 30-ականների мазанный-ները էլ չկային, նրանց փոխարինեցին քիլլերները, որ գումարն ու զենքը վերցնում էին ու գնում պատվերը կատարելու` մինչև իրենց պատվերն իջեցվեր: Կյանքը փոխվեց: 

- Նոր տրանսֆորմացիան գողական աշխարհի դեմ պայքարի նոր միջոցներ չհնարե՞ց:
- Մենք հնարավորություն չունենք լուրջ պայքարելու, որովհետև մեր ֆինանսավորումը և հանցագործ աշխարհի ֆինանսավորումը ծիծաղելի է համեմատելը: Քրեական հետախուզության տեսուչն ապրում է պարտքից պարտք և օրվա չոր հացի խնդիր ունի լուծելու, հանցագործ աշխարհը կարմիր խավիարով օրը սկսում, սևով ավարտում է: 

- Այսօր գողական աշխարհի գաղափարախոսությունը դառնում է հասարակության գաղափարախոսություն, որը ոչինչ չի հակադրում, որը իդեալներ չի գտնում, որը չի էլ պաշտպանվում: Ինչո՞ւ:
- Այսօր «լրջագույն» քայլեր են կատարվում, առաջինը պետական կառույցների վիճակն է, որտեղ քրեական հետախուզության պետից սկսած մինչև տեսուչ չեն վճարվում իրենց կատարած աշխատանքի համեմատ, երկրորդ` անհամաչափ մեծ գումարներ են ծախսվում սերիալների նկարահանման վրա, որտեղ գովերգվում է գողական աշխարհն իր բարքերով, օրենքներով, կենսակերպով, և պարտադրվում է հասարակությանը:

- Գիտակից մարդն ընտրության իրավունք ունի:
- Այո, ունի` թերթ կարդալ, որտեղ նույն պատմությունները տիրաժավորվում են այլ ժանրով: Մենք պետք է ունենանք ոչ թե գողականի վերաբերյալ սերիալներ, այլ սերիալներ այն տեսուչի մասին, որ կանխում է հանցագործությունն ու բացահայտում: Ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ. օրենքով գողն ունի մարդու լրջագույն կոդեքս, ներքին վարկանիշ, որը հղկվել է ծանրագույն պայմաններում և վերասերվել է այնքան, որքան վերասերվել է հասարակությունը: Խնդրի պատասխանը որոնեք ոչ թե գողական աշխարհում, այլ հասարակության արժեհամակարգում:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հ. Գ.- Հարցազրույցում օգտագործված ռուսերեն բառերն ու արտահայտությունները, իհարկե, հնարավոր է հայերեն թարգմանել, բայց այս դեպքում թարգմանությունը չի փոխանցում բովանդակությունը, մայրենիի դեմ ոտնձգելու ոչ մի մտադրություն Գուրգեն Եղիազարյանը չի ունեցել, չունեմ և ես:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Օրենքով գողեր. ովքե՞ր են նրանք  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քրեական բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.irates.am/hy/1360010617
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: haykblbulyan (13.05.16) | Հեղինակ: irates.am Դիտումներ: 1436 | Տեգեր: քրեական | - Վարկանիշ -: 0.0/0