RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Քո հարցերին պատասխանում են բժիշկ թերապևտները
 
 
loading...

 

Քեզ հուզում են շատ և շատ հարցեր քո առողջության վերաբերյալ: Բայց և այնպես խուսափում ես այցելել թերապևտի: Ինչ էլ լինի, քո հարցերին անպայմանորեն կպատասխանեն Cosmo բժիշկները:

ՀԱՐՑ: Կարելի՞ է, արդյոք, օգտագործել տամպոն ամռանը, երբ անասելի շոգ է:

ՊԱՏԱՍԽԱՆ: Աղջիկները մտահոգվում են, որ շոգ եղանակին տամպոնը կարող է հեշտոցում բնական միկրոֆլորայի խանգարման պատճառ դառնալ` նպաստելով հիվանդածին բակտերիաների զարգացմանը: Սակայն այդ օրերին հեշտոցի pH-ը խախտվում է ոչ թե հիգիենիկ միջոցների կամ դրսի ջերմաստիճանի, այլ առաջին հերթին դաշտանային արտադրության պատճառով: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ տամպոնները pH-ի` նման կարգի փոփոխությունների հետ կապ չունեն:

Դեռ ավելին՝ արդեն գոյություն ունեն այնպիսի տամպոններ, որոնք դաշտանի օրերին օգնում են պահպանել հեշտոցային միկրոֆլորայի բնական բալանսը: Այնպես որ, դրանք կարելի է ընտրել ըստ արտադրության ինտենսիվության և օգտագործել դաշտանի ողջ ցիկլի ընթացքում` ցանկացած եղանակին: Եվ իհարկե, հարկավոր է հիշել հիգիենայի մասին. ձեռքերն անհրաժեշտ է լվանալ ամեն անգամ տամպոնը մտցնելուց առաջ, առավել ևս՝ շոգ օրերին: Իսկ ահա միջադիրների օգտագործումն ամռանը կարող է ոչ միայն անհարմարություն պատճառել, այլև առաջացնել բորբոքային պրոցեսներ, օրինակ`վուլվովագինիտ, քանի որ ախտահարույց միկրոօրգանիզմների աճը մեծանում է բարձր ջերմաստիճանի և թթվածնի հետ շփման պայմաններում: Մինչդեռ հեշտոցի ջերմաստիճանն անփոփոխ է` անկախ շոգից:

Տատյանա Դուխինա, բ.գ.թ., բժիշկ-գինեկոլոգ, o.b. ապրանքանիշի փորձագետ

ՀԱՐՑ: Իմ ընկերոջ առնանդամը ծռված է մի կողմի վրա: Դա որևէ հիվանդության նշա՞ն է:

ՊԱՏԱՍԽԱՆ: Որպես կանոն, նման ծռությունը կապված է դեռևս ներարգանդային շրջանում հյուսվածքների զարգացման խնդիրների հետ: Դա բացահայտվում է հիմնականում դեռահասության շրջանում, երբ ինքնաբերաբար էրեկցիա է տեղի ունենում: Բժշկական միջամտության մասին կարելի է մտածել միայն եթե ծռությունը խիստ արտահայտված է կամ անհարմարություն է պատճառում սեռական ակտի ժամանակ: Սակայն կա նաև ձեռքբերովի` «Պեյրոնիի» հիվանդություն, որն արտահայտվում է առնանդամի` աստիճանաբար խորացող ծռությամբ: Այս հիվանդության առաջացման հիմքերը մինչև վերջ ուսումնասիրված չեն. այն երկարատև բուժում է պահանջում: Առնանդամի ներսում հայտնվում են գոյացություններ, որոնք էլ հենց ծռության պատճառ են դառնում: Սա շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Նախնական փուլում հայտնաբերվելու դեպքում այն կարելի է կանխել, հակառակ դեպքում` անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:

Իննա Ֆրոլովա, ուրոլոգ-սեքսապաթոլոգ, «Օն Կլինիկ» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար

ՀԱՐՑ: Ուզում եմ պիրսինգ անել քթիս և պորտիս վրա, սակայն, լսել եմ, որ այն կարող է վտանգավոր լինել` մարմնի վրա որոշ կարևոր կետեր վնասելու պատճառով: Դա ճի՞շտ է:

ՊԱՏԱՍԽԱՆ: Իրոք, մարմնի ակտիվ կետերը վնասելու վտանգ կա: Այդ կետերի կոնկրետ տեղը գիտեն միայն փորձառու ռեֆլեքսաթերապևտները. սրահների աշխատակիցներից նման իմացություն ակնկալելն անիմաստ է: Քթի վրա անցք անելիս նախ պետք է հաշվի առնել վարակ փոխանցելու հավանականությունը. դրանով է ավարտվում ամեն 5-րդ պիրսինգը:

Ստերիլության կանոնները չպահպանելու հետևանքով սկսվում է բորբոքային պրոցես, ինչը կարող է վնասել կռճիկային հյուսվածքներն և քթի անոթները, ինչպես նաև դառնալ ականջի խոռոչի կամ քթանցքերի լուրջ դեֆորմացիաների պատճառ: Կարելի է վարակվել հեպատիտով կամ ՁԻԱՀ-ով: Բացի այդ, պիրսինգի զարդերը հիմնականում պատրաստվում են ցածր որակի մետաղական ձուլվածքներից. երկար կրելու դեպքում սկսվում են ալերգիկ պրոցեսներ, առաջանում է կարմրություն, ուռածություն, քոր: Պորտի վրա անցք անելը խորհուրդ չի տրվում, եթե մոտակա ժամանակները պատրաստվում ես մայրանալ: Հղիության շրջանում անցքի մասը կարող է լայնանալ և ոչ էսթետիկ տեսք ստանալ:

Իրինա Զալեմ, բ.գ.թ., բժիշկ-թերապևտ

ՀԱՐՑ: Ուժեղ սթրեսից հետո սկսել եմ ակտիվ կերպով քաշ կորցնել: Սնվում եմ նորմալ, սակայն ցանկացած նյարդային իրավիճակից հետո կորցնում եմ 1-2 կգ, որոնք հետագայում չեն վերականգնվում: Դա ինձ խիստ մտահոգում է։ Ի՞նչ անել:

ՊԱՏԱՍԽԱՆ: Նախ՝ պետք է հասկանալ քաշ կորցնելու դինամիկան: Եթե մարմնի մասսայի և հասակի հարաբերակցությունը նորմայի սահմաններում է, ապա անհանգստանալու կարիք չկա: Սակայն եթե միջին հասակի պայմաններում 2-3 ամսվա ընթացքում քաշի կորուստը կազմում է 10 կգ-ից ավելի, կամ քո քաշը 45 կգ-ից պակաս է, ապա պետք է դիմել բժշկի և հանձնել արյան և մեզի ընդհանուր, արյան բիոքիմիական և ենթաստամոքսային գեղձի հորմոնների անալիզ: Եթե կան դաշտանային ցիկլի խանգարումներ, ապա պետք է հանձնել նաև տեստոստերոն և պրոլակտին հորմոնների անալիզ: Արդյունքների հիման վրա հնարավոր կլինի հասկանալ քաշի կորստի իրական պատճառները:

Ամեն դեպքում փորձիր հստակ պահպանել սնվելու ռեժիմը: Շատերն ուտում են օրը երկու անգամ` համարելով դա նորմալ: Իրականում առողջ մարդը պետք է օրական երեք անգամ լիարժեք սնվի և ցանկալի է` նույն ժամերին: Քո սննդակարգում ընդգրկիր թարմ մրգեր, բանջարեղեն, ձկնեղեն, ծովամթերք, միս, ձավարեղեն, լոբազգիներ, կաթ և կաթնամթերք, մեղր, չրեր և ընկուզեղեն:

Էլմիրա Հայբուլինա, բ.գ.թ., դիետոլոգ-էնդոկրինոլոգ

ՀԱՐՑ: Սիրում եմ կրել բաց կոշիկ, բայց վախենում եմ հավանական ինֆեկցիաներից: Կարո՞ղ եք խորհուրդ տալ որևէ կանխարգելիչ միջոց:

ՊԱՏԱՍԽԱՆ: Քո մտավախությունները խիստ չափազանցված են. մեր մաշկը պաշտպանում է մեզ արտաքին ինֆեկցիաներից: Հիգիենայի հասարակ կանոններին հետևելը տվյալ պարագայում լիովին բավարար է: Եթե մաշկի վրա կան վնասվածքներ, վերքեր, ճաքեր, ապա պետք է դրանք մշակել յոդով և փակել մանրէասպան սպեղանիով: Լիարժեք հանգստության համար օրվա վերջում կարող ես մշակել ոտնաթաթերդ հականեխիչ լուծույթով (օրինակ` 0,05 % քլորհեքսիդինի բիգլյուկոնատով):

Անդրեյ Պարշուխին, բժիշկ-օրթոպեդ, «Օրտեկա» առաջին պրոֆեսիոնալ օրթոպեդական սրահների ցանցի բժշկական խորհրդատու

ՀԱՐՑ: Ծովափնյա հանգստից հետո մազերիս որակը վատացել է. դրանք այրվել են, փոխվել է գույնը, սկսել են կոտրտվել ու թափվել: Ինչպե՞ս դրանք վերականգնեմ:

ՊԱՏԱՍԽԱՆ: Առհասարակ, հանգստի մեկնելուց 3-5 օր առաջ կարող ես մազերի լամինացիա անել: Լամինացնող նյութի կազմի մեջ մտնող հիդրոլիզացված ձավարի պրոտեինները կպաշտպանեն մազերդ ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Լամինացիայի ազդեցությունը կպահպանվի մոտ 3-4 շաբաթ: Իսկ հիմա կարող ես կտրել մազերիդ ծայրերը կամ պարզապես ավելի կարճ սանրվածք ընտրել: Օգտագործիր բուժական սփրեյներ, որոնք կօգնեն վերականգնել թուլացած մազերը:

Նման սփրեյների կազմի մեջ մտնում են թեյի ծառի յուղ, կանճրակի յուղ, պրոտեիններ, հազրեվարդ, մենթոլ: Կարող ես նաև անել տարբեր բուժիչ դիմակներ` կախված գլխամաշկիդ տեսակից: Մազերի աճն արագացնելու համար ընդունիր B խմբի վիտամիններ` ցինկի և սելենի հետ միասին: Փորձիր հիալուրոնային թթվով և կոլագենով սանր (ճապոնացիներն արդեն այդպիսի սարքեր էլ են արտադրում:



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-10)
Դիտումներ: 127 | Տեգեր: հարցերին, են, բժիշկ, պատասխանում, թերապևտները, քո | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar