RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Ուշադիր ≥ անուշադիր = overdose… զանգերի, sms-ների, մինչև լույս Facebook-յան նամակների արանքում
 
 
loading...

 

ՓՈՒԼ 1-ին. SMS + զանգ

Դու նրա հետ ծանոթացել ես մետրոյում, սրճարանում կամ ինչ-որ հավաքույթի ժամանակ... Կարևոր չէ, թե ինչպես ու ինչ պայմաններում. «մեծ ընկերության» սկիզբը դրված է: Դուք սկսում եք հեռախոսային զրույցներով լուսացնել գիշերները, խոսում եք ամեն ինչի մասին, ամեն օր: Հետո սկսվում են ժամադրություններն ու ծաղկա-կոնֆետա-SMS-ային շրջանը:

Իմ պատմությունը ոչնչով չի տարբերվում: Բոլոր այդ փուլերը եղել են նաև մեզ մոտ: Մենք ծանոթացել ենք մի ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Նա ֆիլմի տնօրենն էր: Ընկերուհիս, ով նույն ֆիլմի բեմադրող նկարիչն էր, եկավ մեր տուն՝ ինձանից ինչ-որ իր վերցնելու, որը պետք է օգտագործեր ֆիլմում: Ես, Նրա վրա առանձնապես ուշադրություն չդարձնելով, սկսեցի ընկերուհուս հետ վիճել` իր ասած ժամից մեկ ժամ 40 րոպե ուշանալու համար:

Ընկերուհիս քթի տակ ինձ անվանեց «սկեսուր», ինչից ավելի ոգևորված՝ շարունակեցի իմ «ելույթը»: Ու հանկարծ խոսեց Նա: Խոսեց այնպես, որ ես, մեղմ ասած, ամաչեցի «ելույթիս» համար: Հետո մի քանի անգամ տարբեր առիթներով հանդիպեցինք և... սկսվեց: Հեռախոսազանգեր ու անքուն գիշերներ: Ռոմանտիկ հանդիպումներ անծանոթ շենքերի կտուրներին ու շատ, շատ, շա՜տ հաղորդագրություններ:

Ես ստիպված ամեն շաբաթ ջնջում էի հաղորդագրությունները, քանի որ հեռախոսիս հիշողությունը սպառվում էր (ի դեպ, այն փոքր չէ): Ես Նրա ուշադրության կենտրոնում էի, և Նրա ողջ աշխարհը պտտվում էր իմ շուրջ: Մի անգամ ես Նրան ասացի, որ վախենում եմ ուղեղի քաղցկեղով հիվանդանալ, քանի որ շատ ենք բջջայինով խոսում: Նա ինձ blue-tooth սարք նվիրեց, որպեսզի հեռախոսն ականջիս շատ չլինի:

Մի քանի ամիս նույն ռիթմով ապրելուց հետո, ինձ սկսեց խանգարել Նրա այդչափ մեծ ուշադրությունը: Մի անգամ նույնիսկ սկսեցի հաշվել, թե Նա «Սիրում եմ...» բառերով սկսվող քանի հաղորդագրություն է ուղարկել: Երբ հասա 113-ին, հոգնեցի ու այլևս չշարունակեցի: Նա գրում էր անընդհատ: Սկզբում ես շատ էի ուրախանում, իսկ հետո սկսեցի նյարդայնանալ...

ՓՈՒԼ 2-րդ. Զանգ - SMS

Մի անգամ սարսափելի սկանդալ սարքեցի Նրա գլխին.«Դու ճնշում ես ինձ: Ես սեփական տարածք չունեմ: Ես սիրում եմ քեզ, բայց դու չես թողնում ինձ ազատ շնչել: Պետք է մի քիչ իրար հանգիստ թողնենք: Ես հոգնում եմ... հասկանո՞ւմ ես, հոգնում...»։ Նա լսեց խնդրանքս ու ոչ միայն հանգիստ թողեց, այլև անսահման մեծ «տարածք» տվեց: Ամեն ինչ նույնն էր: Նա նույն ուժգնությամբ սիրում էր ինձ, շատ ուշադիր էր: Ուղղակի ես դադարեցի հեռախոսիցս ջնջել հաղորդագրությունները: Ու վեպերը, որոնք Նա գրում էր նախկինում, փոխարինվեցին կարճ ու կոնկրետ Բ.Գ.-ով (բարի գիշեր):

Վերջերս ընկերներով գնացել էինք քաղաքից դուրս` պիկնիկի: Խորոված սմբուկը մաքրելու ընթացքում աղջիկներով սկսեցինք զրուցել: Աղջիկներից մեկը բողոքեց. «Կարծես սովորական եմ դարձել նրա համար: Երեք տարի հետևիցս ընկած էր: Հասավ իր նպատակին ու ընդամենը կես տարի անց մոռացավ, թե ինչերի միջով է անցել»: Մյուս աղջիկը շարունակեց. «Իսկ ես մի քանի օր առաջ նրան դժգոհեցի, որ էլ SMS-ներ չի ուղարկում ինձ: Ու գիտե՞ք՝ նա ինչ արեց: Երկու հաղորդագրություն ուղարկեց, շատ «խոր» բովանդակությամբ: Առաջինում գրված էր` SMS 1, երկրորդում` SMS 2»: Ինձ էլ հարցրին, թե մեզ մոտ այդ հարցն ինչպես է դրված։ «Դե՜... մենք երբեք էլ առանձնապես շատ հաղորդագրություններ չենք գրել իրար»: Երևի այդպես պատասխանեցի, որպեսզի մի քիչ տարբերվեմ...

Խնդիրն, իհարկե, SMS-ները չեն, ու ոչ էլ՝ զանգերի քանակը: Ուղղակի դրանք կարծես ուշադրության չափման միավոր են հարաբերություններում:

Եվ առհասարակ, երբ նրանք շատ ուշադիր են, մենք նեղվում ենք, կարծում ենք, որ մշտական վերահսկողության տակ ենք և պայքարում ենք դրա դեմ: Երբ զգում ենք, որ մի քիչ դուրս ենք մնում նրանց ուշադրությունից, կասկածի որդը սկսում է կրծել մեր ուղեղը, և սկսում ենք մտածել, թե անհետաքրքիր ենք դարձել, կամ էլ մեկ ուրիշն է հայտնվել (թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ):

Ընկերուհուս մայրը հոգեբան է, ու ես միշտ տարբեր առիթներով «անհանգստացնում եմ» նրան. նա միշտ սիրով լսում ու վերլուծում է բոլոր հարցերս:

Պարզվում է՝ ինձ էլ, ինչպես բոլոր աղջիկներին, բնորոշ է հակասությունը: Մենք բոլորս էլ նախ հակառակ սեռի ուշադրությունից շոյվում, հետո ձանձրանում ենք ու սկսում ենք պայքարել նրանց, այսպես ասած, «ուշադրության ավելցուկի» դեմ: Իսկ երբ ստանում ենք մեր ուզածը, սկսում ենք դժգոհել` «Շատ ես փոխվել», «Առաջվանը չես» կամ «Դու ինձ էլ չես սիրում»: Ես իսկապես հասկանում եմ, որ հոգեբանի խոսքերը ճշմարիտ են, բայց ինչպե՞ս վարվել:

«Նման դեպքերում բոլոր աղջիկներին մի խորհուրդ պետք է տամ, որը կհնչի որպես ՉԱՓԸ ՄԻ՛ ԱՆՑԻՐ, ու կմանրամասնեմ, թե ինչ եմ ուզում ասել դրանով:

Նախ, սիրելի՛ս, երբ սկսում ես ձանձրանալ չափազանց շատ ուշադրությունից ու պայքարել դրա դեմ, հիշիր, որ մարդիկ մեզ տալիս են այն, ինչ մենք ենք ուզում. արդյունքում՝ մենք սկսում ենք ստանալ քիչ SMS-ներ, կարճ ու գործնական զանգեր ու ռոմանտիկայի պակաս: Ուստի խորհուրդ առաջին` ուշադրության դեմ պայքարելուց առաջ մտածիր` արդյոք քեզ իսկապես պետք է այդ թվացյալ ազատությունը, և արդյոք պատրաստ ես հետագա «կիսառոմանտիկ», հիմնականում՝ գործնական հարաբերություններին... եթե՝ ոչ, ապա մի էլ սկսիր պահանջներ ներկայացնել:

Երկրորդ՝ եթե մտածելուց և հարաբերությունների զարգացման հետագա տարբերակները պատկերացնելուց հետո զգում ես, որ իսկապես ուշադրությունը չափից դուրս շատ է, նուրբ ակնարկով հասկացրու նրան, որ սեփական տարածքի կարիք ունես: Աշխատիր կոպիտ չլինել, քանի որ դիմացինն էլ մարդ է, զգացմունքներ ունի, և քո ավելորդ աննրբանկատության պատճառով կարող ես ցավ պատճառել նրան ու փչացնել հարաբերությունները:

Եվ ամենակարևորը՝ հիշիր, որ ցանկացած հարաբերություն երկկողմ գործընթաց է. այդ պրոցեսում ներգրավված է երկու հոգի, ուրեմն միշտ որևէ որոշում կայացնելուց առաջ հաշվի առ ոչ միայն քո, այլև դիմացինի զգացմունքները»:

Այո՛, ես խոսեցի հոգեբանի հետ, և կրկին նրան հաջողվեց փոխել իմ վերաբերմունքն անլուծելի թվացող խնդրի նկատմամբ: Դե ինչ, ինչպես այս «շիլան» պատրաստեցի, այնպես էլ պիտի «տակից դուրս» գամ:

ՓՈՒԼ 3-րդ. Ամեն ինչ մեր ձեռքերում է

«Ի՞նչ պլաններ ունես երեկոյան: Այնպիսի լավ շենք եմ «պեղել»... Գնա՞նք այդ շենքի կտուրը հետազոտելու ))))))»։



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-21)
Դիտումներ: 108 | Տեգեր: sms-ների, զանգերի, Facebook-յան, ուշադիր, անուշադիր, նամակների, արանքում, լույս, overdose…, մինչև | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar