RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Օրգանիզմի համընդհանուր մաքրում
 
 
loading...

 

Օրգանիզմը մաքրելն այսօր բավական նորաձև զբաղմունք է: Իզուր չէ, որ «Google»-ը չորս միլիոն էջ է հատկացնում այս թեմային: Հայտարարություններն «Էստի համեցեք» են կանչում՝ «Խմի՛ր ինձ», «Կե՛ր ինձ», «Օրգանիզմից հեշտությամբ դուրս ենք բերում շլակներն ու տոքսինները»։ Արդյոք իրականում մեր օրգանիզմին համընդհանուր մաքրո՞ւմ է հարկավոր, թե՞ շլակների մասին բոլոր պատմությունները հորինված են:

Մնացորդային նյութ

Նախ և առաջ պարզենք, թե ինչ է շլակը: Այս հասկացությունը եկել է մետալուրգիայի և շինարարության ոլորտից: Բառացիորեն այն նշանակում է վառարաններում պինդ վառելանյութի այրման արդյունքում առաջացող մնացորդ։ Ներկայումս նորաձև բժշկական տերմինին նման բացատրություն է տալիս Օժեգովի բառարանը: Սակայն նշենք, որ տերմինն այնքան էլ բժշկական չէ: Ավելի ճիշտ, ավանդական բժշկությունը մասամբ ընդունում է նրա գոյության իրավունքը, բայց դիմում է դրան շատ հազվադեպ: Իսկ ահա տարատեսակ ոչ ավանդական կիսաբժշկական մեթոդիկաների կողմնակիցներն անչափ սիրում են խոսել շլակերի մասին, ասես դրանք կեղտ, լորձ ու ինչ-որ հրեշավոր արտաթորանքի կույտեր լինեն, որ առկա են մեր օրգաններում և ենթակա են անհապաղ հեռացման:

Մեր օրերում ապրող յուրաքանչյուր մարդու օրգանիզմում իրոք կուտակվում են տարատեսակ թափոն ու անգամ թույներ, որոնց գոյացումը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Բայց արդյոք դրանք վերոհիշյալ շլակե՞րն են և արդյոք ենթակա՞ են օրգանիզմից հեռացման նորաոճ մեթոդիկաների օգնությամբ:

Մեգապոլիսում բնակվող և արտանետումային գազեր շնչող, ծխող, ոչ ճիշտ սնվող յուրաքանչյուր բնակիչ սպառում է էկոլոգիապես վնասակար նյութեր, պեստիցիդներ և հերբիցիդներ: Համաձայն մետալուրգիական տերմինաբանության՝ դրանք շլակներ չեն, քանի որ նյութափոխանակության մնացորդային նյութեր չեն: Ավելի պարզ ասած՝ ծանր մետաղների աղերը և տարաբնույթ քիմիական «կեղտը» մեր օրգանիզմ են թափանցում դրսից և հաճախ այստեղ էլ մնում են: Հոգնաների և խոտաբույսերի միջոցով դրանց դուրս բերելն անհնար է: Անհրաժեշտ են լուրջ և ժամանակակից գիտական մեթոդիկաներ:

Ինչ վերաբերում է այն օգուտին, որ մարդն ինքը կարող է բերել իրեն, միջոցները հանրահայտ են` հաճախակի զբոսանքներ մաքուր օդին, պահածոյացված մթերքների քանակի նվազեցում ճաշացանկում, ֆիլտրված ջրի օգտագործում:

Եթե խոսքը ներքին «շլակների» մասին է, որոնք, իբր, առկա են և՛ աղիներում, և՛ լյարդում, և՛ լեղապարկում, հարմար է տոքսին անվանումը, իսկ դրանց հեռացումով զբաղվում է հենց ինքը՝ օրգանիզմը: Դա տեղի է ունենում լիմֆատիկ (ավշային) համակարգի գործունեության արդյունքում` թոքերի և մեզի միջոցով: Նյութափոխանակության արդյունքում առաջացած թունավոր նյութերը խցանվում են օրգանիզմում, երբ խաթարված է մեկ կամ մի քանի ներքին օրգանների աշխատանքը:

Օրինակ՝ ոչ ճիշտ սնվելը դանդաղեցնում է մետաբոլիկ գործընթացները, աղիները դժվարությամբ են դուրս բերում տոքսինները: Արդյունքում սրվում են մարդկանց խրոնիկական հիվանդությունները: Համաձայնի՛ր, որ դրանցից ազատվելու համար անհրաժեշտ է որակյալ բուժօգնություն, իսկ ժողովրդական բուժամիջոցներ՝ ոչ մի դեպքում:

Այսպիսով, ինքնուրույն մաքրողական պրոցեդուրաների նշանակումները ոչ միայն չեն օգնի «հիվանդին», այլև կարող են լուրջ վնաս հասցնել նրա առողջությանը:

Զգո՛ւյշ, մաքրո՜ւմ են

Գոյություն ունեն օրգանների «մաքրման» անհամար մեթոդիկաներ` սովորական շոգեբաղնիքից մինչև ծանր և բազմաքանակ հոգնաները: Դժբախտաբար, վերջին տարիներին ավելացել է մարդկանց քանակը, ովքեր ստիպված են դիմել բժիշկների օգնությանը նման պրոցեդուրաների սխալ կատարումից հետո: Օրինակ՝ լյարդի «մաքրման» ամենատարածված միջոցներից մեկը ձիթապտղի յուղից և կիտրոնի հյութից ստացված խառնուրդի օգտագործումն է: Այդ միջոցը վաղուց հայտնի է ավանդական բժշկությանը «տյուբաժ» անվամբ և օգտագործվում է լյարդի և լեղապարկի ծորանները մաքրելու նպատակով: Բայց որոշումն այն մասին, որ քեզ անհրաժեշտ է նման պրոցեդուրա, կարող է ընդունել միայն բժիշկը, քանի որ տյուբաժն ուժեղացնում է լեղիի շարժը լեղապարկում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նրա աշխատանքի վրա:

Ինքնաբուժումը և ինքնամաքրումը քաղցի միջոցով չափազանց վտանգավոր են, ինչպես և համառորեն գովազդվող «կախարդական» հաբերը, կենսաբանորեն ակտիվ հավելանյութերը և լուծույթները: Լավագույն դեպքում դրանք կունենան լուծողական և միզամուղ ազդեցություն, վատագույն դեպքում կխաթարեն աղիների և երիկամների աշխատանքը:

Այսօր լայնորեն տարածված մաքրողական հոգնաներն ու հիդրոքոլոնոթերապիան բնավ էլ անվնաս չեն: Աղիներում առկա լորձը (որ բոլորը ջանում են լվանալ), իրականում նորմալ է առողջ մարդու համար: Ոչ մի «շլակ» աղիներում չկա, իսկ հոգնան կոպիտ միջամտություն է նրա աշխատանքին: Արդյունքում լվացվում է աղիների միկրոֆլորան, և մեծանում է դիսբակտերիոզի վտանգը: Նման պրոցեդուրաների արդյունքում աղիները ծուլանում են և դադարում գործել, իսկ դա բերում է պարբերական տանջալի փորկապության. ինքդ մտածիր, էլ ի՞նչ մաքրում: Բացի դրանից, պետք է գիտակցել, որ հոգնաների միջոցով հնարավոր է մաքրել միայն ուղիղ աղիքը, որն ընդամենը 15-20 սմ է (համեմատի՛ր աղիների ընդհանուր երկարության հետ, որը կազմում է 6-8 մ): Բանն այն է, որ բարակ աղիքի և հաստ աղիքի միջև կա կափույրի դեր կատարող անատոմիական գոյացություն, որն անց է կացնում աղիների պարունակությունը միայն բարակ աղիքից դեպի հաստ աղիք, բայց հակառակ ուղղությամբ՝ ոչ մի դեպքում: Այդ իսկ պատճառով անհնար է լվանալ բարակ աղիքը հետանցքից մտցված զոնդի օգնությամբ: Իսկ ֆիզիոլոգիայի տեսանկյունից բարակ աղիքը շատ ավելի կարևոր է, քան հաստ աղիքը:

Ուրեմն պետք է լավ հիշել, որ հոգնաներն իրապես ցուցված են միայն երկու դեպքում` բժշկական հետազոտության (օրինակ՝ քոլոնոսկոպիայի) նախօրեին, կամ եթե անհրաժեշտ է մաքրել աղիները վիրահատությունից առաջ կամ հետո:

Իսկ ի՞նչ է կարելի

Տոքսինները դուրս բերելու թերևս ամենաանվտանգ և մատչելի միջոցը բաղնիքի տաք գոլորշին է: Քրտինքն իսկական հավաքարարի պես դուրս է բերում վնասակար նյութերը, որոնց թվում են և օրգանիզմի գործունեության հետևանքով գոյացած թափոնանյութերը, կուտակված քիմիական աղբը և ծանր մետաղների աղերը: Ազդեցությունը կուժեղանա, եթե բաղնիք գնալուց մեկ օր առաջ ինտենսիվ մերսում, իսկ բուն պրոցեդուրայի ընթացքում մաշկի օճառային մերսումներ կատարես գոլորշու յուրաքանչյուր չափաբաժնից առաջ, ինչպես նաև խոտաբույսերից պատրաստված մեղրով թեյ խմես: Բայց հաշվի՛ առ, որ բաղնիքը բարերար ազդեցություն ունի ոչ բոլորի վրա: Մի շարք հիվանդությունների դեպքում (նևրոլոգիական, սրտանոթային, օնկոլոգիական) բաղնիքը հակացուցված է, ուրեմն խորհրդակցի՛ր բժշկիդ հետ:

Ինչ վերաբերում է սեփական աղիներիդ ինքնուրույն օգնություն ցուցաբերելուն, խորհուրդը մեկն է և քաջ հայտնի՝ ճիշտ սննդակարգ: Քեզ ծանր և անդուր հոգնաներով տանջահար անելու փոխարեն կերակրացանկիդ մեջ բջջանյութ պարունակող հնարավորինս շատ միրգ ու բանջարեղեն ներառիր: Պերիստալտիկան կկարգավորվի, և օրգանիզմն ինքնուրույն կսկսի դուրս բերել վնասակար նյութերը: Բացի այդ, կնվազի քաշդ, և դու իրոք կսկսես քեզ ավելի լավ զգալ:

Միգուցե քեզ զարմացնի, բայց ժամանակակից ավանդական բժշկությանը չի մտահոգում շլակների դուրսբերման խնդիրը: Այսօր շատ ավելի սուր է դրված մի այլ հարց` վիտամինների և էլեմենտների պակասությունը թուլացած, վատառողջ մարդու օրգանիզմում: Միջոցն այս դեպքում էլ անփոփոխ է` ճիշտ սննդակարգ, ինչպես նաև հատուկ վիտամինային կոմպլեքսներ, որոնց կարիքն ունի ամեն երկրորդ քաղաքաբնակը, մասնավորապես տարվա ցուրտ եղանակի նախաշեմին: 
Իհարկե, վատ չէր լինի հավատալ, որ արագ մաքրումը սպեղանի է բոլոր հիվանդությունների դեպքում, բայց մենք հո գիտենք, որ առանց ջանքերի ոչինչ չի տրվում: Իսկ դո՞ւ ինչ կարծիքի ես:




Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-10)
Դիտումներ: 162 | Տեգեր: մաքրում, Օրգանիզմի, համընդհանուր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar