RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐ

ՍԹԻՆԳ. անթերի երաժշտություն մտքի և սրտի համար  1319

Անթերի  երաժշտություն   մտքի  և  սրտի  համար

Sting


«Սթինգ» բեմական անվան ծագման պատմությունը բավականին հետաքրքիր է  առաջին հերթին նրանով, որ մականվան ի հայտ գալու վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ կան:  Հենց երգչի խոսքով` ինքն այսօր չի էլ հիշում  որտեղից ծագեց այն: Ամենատարածված մեկնաբանությունը, որ տպագրվել է ամսագրերի ու գրքերի մեծ մասում պնդում է, որ Սթինգը կնքվել է այդ անվամբ Ֆենիքս ջազմեն /Phoenix Jazzmen/ խմբում աշխատելու տարիներին:  Խմբի ղեկավարների պահանջով բոլոր անդամները պետք է հանդես գային մականուններով: Երաժիշտը Սթինգ /թարգմանաբար անգլերենից նշանակում է խայթոց/  մականունն ստացավ այն պատճառով, որ կրում էր դեղին ու սև զոլավոր սվիտեր: Խմբի անդամների կարծիքով նա շատ նման էր մեղվի: Գրքերի մեծամասնությունը «Սթինգ» անվան ծագումը կապում են Ֆենիքս ջազմեն խմբի տրոմբոնիստ Գորդոն Սոլոմոնի հետ:
 
Մյուս տարածված մեկնաբանության հեղինակը Քրիստո‎ֆեր Սենդ‎ֆորդն է , ըստ որի Ֆենիքս ջազմեն խմբի անդամները առօրյայում, ցերեկային ժամերին սովորական տղաներ էին, բայց երբ երեկոյան հավաքվում էին նվագելու, վերածվում էին իսկական գանգստերների` հագուստով և մնացած ամեն ինչով: Ապահովագրական գծով փորձագետին կոչում էին Բրյուզեր / Bruiser` աժդահա/, իսկ սաքսո‎ֆոնահարն ստացել էր
«Ֆենգ» մականունը /Fang` ժանիք/:

 Երբ չափից դուրս կրքոտ երկրպագուների հետ կապված խնդիրներ էին առաջանում, Գորդոն Սոլոմոնը առաջ էր բրթում այն ժամանակ դեռ իր իսկական անունը կրող Գորդոն Սամներին` ասելով.
«Սպանի’ր, Սթինգ»: Սթինգին այդքան էլ դուր չէր գալիս իր նոր անունը, և մի քանի շաբաթ անց նա բավականին բուռն ընդդիմացավ խմբի ղեկավարների գաղափարախոսությանը` հագնվել անպայման գանգստերի նման, կրել դեղին-սև զելավոր սվիտեր: Ըստ էության նա հասավ իր նպատակին և միայն դրանից հետո ընդունեց նոր անունը` ուրիշներին էլ խրախուսելով,որ իրեն Սթինգ դիմեն:

 Համաձայն երրորդ վարկածի` մականունը Սթինգի համար հորինել է նյուքսլյան բիգ-բենդի հարվածային գործիքներ նվագող Ջեքի Դենթոնը: Նման անվան Գորդոն Սամները արժանացել է իր
«տզրուկային» համառության և խմբակիցների ձևերը նմանակելու սովորության համար:
Թերևս ամենազվարճալի վարկածն է գրում Պիթ Ֆրեյմսը  իր
«Ռոք ընտանիքի կոճղեր»  /Rock Family Trees/ գրքում. ըստ նրա համերգներից մեկի ժամանակ Սթինգի տաբատի մեջ մեղու է մտել:

Գորդոն Սամները մեծացել է արտադրական Նյուքասլ մռայլ քաղաքում: Մայրը վարսավիր էր, հայրը` կաթնավաճառ: Չնայած հիմնական զբաղմունքին` մայրն ուներ դասական երաժշտական կրթություն և կարողանում է զարգացնել որդու բնատուր ունակությունները` սովորեցնելով նրան նվագել դաշնամուր: Կար առաջարկ անցնել երաժշտական դասական լուրջ մի դասընթաց, բայց Սթինգին  ամենից շատ  գրավում էին ջազը և կիթառը:

 Որոշ ժամանակ ցածր ամսավճարով բանվոր, տաքսիստ, երթուղային հսկիչ և երաժշտության ուսուցիչ աշխատելուց հետո Սթինգը հնարավորություն է ստանում տեղափոխվելու Լոնդոն և նվագելու պրո‎ֆ‎եսիոնալների հետ: Քչերը գիտեն, սակայն այս ժամակահատվածում  Սթինգը ստիպված է եղել նույնիսկ դառնալ շիկահեր և փոքրացնել քթի չափերը գովազդային հոլովակներում նկարահանվելու համար:
 Շուտով նրան նկատում է ամերիկացի հարվածային գործիքներ նվագող Ստյուարտ Քոփլենդը և համոզում զբաղվել ռոք երաժշտությամբ: 1977թ.-ին նրանց միանում է կիթառահար Էնդի Սամերսը, և նրանք  ստեղծում են
«Փոլիս» /"The Police"/ խումբը: Նրանց  «Ռոքսեն» /"Roxanne"/ երգը գրված ռոք-ռեգի ոճում, արագորեն արժանանում է  Բի Բի Սիի ուշադրությանը և ակնթարթորեն դառնում հիթ:
 


Սինգլն այնքան լայն տարածում է գտնում, որ A&M ձայնագրման ընկերությունը կարճ ժամանակահատված անց թողարկում է նրանց առաջին "Outlandos D"Amour" ձայնասկավառակը: Դրան հաջորդում են "Regata De Blanc", "Zenyatta Mondatta" և "Ghost in the Machine" ալբոմները: Դրանցից յուրաքանչյուրը առնվազն մեկ հիթ ներառում էր:

 "Synchronicity" սկավառակի թողարկումը 1983թ.-ին և մասնավորապես  "Every Breath You Take" սինգլը երաժիշտների համար ապահովում են իրենց մնայուն տեղը փոփ երաժշտության պատմության մեջ: Փառահեղ միջազգային համերգաշարից հետո Սթինգը որոշում է , որ խմբի կազմում հասել է գերագույնին, ինչ հնարավոր էր, և խումբը ցրվում է  հանրահայտության գագաթնակետում:

 Սթինգի ինքնուրույն կարիերան դասավորվաում է ոչ պակաս հաջող: Նրա "Dream of the Blue Turtles"  ալբոմը` ջազային տարրերով, ստանում է պլատինե կարգավիճակ:    "Soul Cages" (1991) ալբոմով / որի ձայնագրությունները համընկնում են ծնողների մահվան հետ/  և "Ten Summoner"s Tales" (1993) սկավառակով Սթինգը ներկայանում է որպես հասուն կոմպոզիտոր:

 Երկու ալբոմներն էլ ստանում են
«Գրեմի» բարձրագույն պարգևներ: 1996թ.-ին լույս տեսած "Mercury Falling" ալբոմում Սթինգը շարունակում է նույն խոհուն-մեդիտատիվ տրամադրությունը. 45-ամյա երաժիշտը խորհում էր իր տարիքի, անցած տարիների, սեփական հողեղենության  մասին:
 
Սթինգի կարիերան կինոյի ոլորտում դասավորվում է անհարթ: Զուգահեռ երաժշտական գործունեությանը` Սթինգն ակտիվորեն նկարահանվել է կինոյում /13-ից ավելի ‎ֆիլմերում/, սակայն այդպես էլ չի կարողացել կայանալ որպես  մեծ դերասան: Նրա առաջին ‎ֆիլմը
«Քառաձայնությունն» էր` թողարկված դեռ 1979թ.-ին: Հաջորդել են մյուսները 1982թ-ին, 84—ն, 85-ին, սակայն նա այդպես էլ չի փայլել կինոյում: Նրա մասնակցությամբ, թերևս, երկու  ‎ֆիլմ են հաջողություն արձանագրել. "Brimstone and Treacle"-ը և  "Quadrophenia"-ն:

Իր քաղաքական ակտիվությունը Սթինգն օգտագործել է բրազիլական անտառների պահպանման և միջազգային համաներման աջակցության  հիմնահարցերի լուծման համար:



Սթինգն իր բացառիկ երաժշտական տաղանդն ապացուցեց է նաև  նոր ժամանակներում, օրինակ «Desert rose» երգի պարագայում, որտեղ համագործակցելով հրաշալի արաբ երգչի հետ` նոր արևելյան ուղղություն բացեց ժամանակակից արևմտյան երաժշտության մեջ: Ուղությունն անմիջապես շարունակություն ստացավ այլ միջազգային աստղերի կողմից /Մադոննա, Սառա Բրայթման, Հելեն Սեգարա և այլք/ : Նա նույնիսկ այսօր կարողանում է հանդես գալ որպես նորարար: Չնայած պատկառելի տարիքին`  երաժշտական հնչողության առումով նույնիսկ այսօր գերազանցում է բազմաթիվ երիտասարդ արտիստների:  Վառ ապացույցներ են վերջին տարիներին թողարկված "Send your love", "My funny friends and me" երգերը:

Իր երկարամյա կողակցի, երեխաների և շների հետ Սթինգն այսօր  ապրում է համեմատաբար խաղաղ կյանքով մերձլոնդոնյան մի բնակավայրում: Նա շարունակում է ստեղծագ‎ործել, զբաղվում է բարեգործությամբ, ինչպես նախկինում, այսօր էլ բնության  պաշտպանության ակտիվ կողմնակից է : Նա ունի 7 երեխա` երկուսը առաջին կնոջից, 5-ը` երկրորդից:
   
Սթինգն, անկասկած, դասվում է իր տեսակի մեջ օրինակելի երգիչների շարքին: Նրա հաջողության գաղտնիքը չափազանց հստակ է. Սթինգը գրում է իսկապես ինտելեկտուալ երաժշտություն, իսկ իր իսկ երգերի կատարումն առանձնանում է եզակի նրբությամբ  ու անկեղծությամբ: Նրա երգերի խոսքերը, ի տարբերություն շատ հեղինակների, ովքեր
«դնում են» դրանք երաժշտության վրա, լեցուն են խորը իմաստով: Սթինգի երաժշտությունը հարուստ «սնունդ» է  մտքի և սրտի համար:

ԱՆՑՆԵԼ ՏԵՍԱ/ՁԱՅՆԱԴԱՐԱՆ և ԼՍԵԼ / ՆԵՐԲԵՌՆԵԼ ՍԹԻՆԳԻ ԱԼԲՈՄՆԵՐԸ

STING - The Best l Սթինգ - Ընտրանի



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «ՍԹԻՆԳ. անթերի երաժշտություն մտքի և սրտի համար»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐ | Ավելացրեց: Admin (18.01.13) Դիտումներ: 1319 | Տեգեր: Երաժշտական մեծեր, Սթինգ - Ընտրանի, Սթինգ