RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ. Ճակատագրական կանայք (մաս 1-ին)  3891


Ճակատագրական կին. այս ֆենոմենը մարդկությանը հայտնի է անչափ հին ժամանակներից: Բոլոր տղամարդիկ, ովքեր համարձակվել են իրենց կյանքը կապել կնոջ այս որակի հետ, կամ մահացել են, կամ սպանվել, կամ խելագարվել: Այս կանանց պատճառով պատերազմներ են սկսվել, նրանց համար տղամարդիկ սխալներ են գործել կամ դիմել հանցագործության:

                                                            

Հիշենք չքնաղագեղ Հեղինեին, ով հինգ ամուսին է ունեցել: Նրան երկու անգամ առևանգեցին Սպարտայից, ի դեպ, առաջին անգամ նա միայն 10 տարեկան էր: Նրա երկրորդ առևանգումին հետևեց Տրոյական պատերազմը: «Հեղինեն ամենագեղեցիկ կինն էր, և նրան նախանձում էին նույնիսկ աստվածուհիները». այսպես են ասում հին հունական առասպելները...

Թեև ոչ բոլոր ճակատագրական կանայք են գեղեցկուհիներ եղել (նրանց մի մասը նույնիսկ չի փայլել արվեստի, գրականության, գիտության ոլորտում), սակայն նրանք պատմության մեջ մնացել են իրենց սիրող և սիրահարված տղամարդկանց շնորհիվ:




Հին աշխարհի առասպելները

Հին ժամանակներից մեզ հասած մյուս ճակատագրական կինը Մեսալինան է` Հռոմի միապետ Կլավդիոսի կինը: Ժամանակի պատմիչներից ոմանք նրան համարել են «անամոթ»: Հավանաբար նա ձգողական հզոր ուժ է ունեցել, հատկապես` տղամարդկանց համար: Պատմություններ են պահպանվել նաև այն մասին, որ նա դաժան էր, իշխանատենչ և անառակ:

Եթե հավատանք լեգենդներին, Մեսալինան 160 սիրեկան է ունեցել: Իսկ Յուվենալուսը իր «Սատիրներում» գրել է, որ միապետուհին գիշերը գաղտնի լքում է պալատը և հասարակաց տանը, Լիցիսկա անունով, տրվում բոլոր ցանկացողներին: Ամուսնու կենդանության ժամանակ Մեսալինան ամուսնանում է իր սիրեկանի` Գայոս Սիլիոսի հետ և ցանկանում է նրան գահին նստեցնել: Սակայն խռովությունը կանխվեց` դեռ չսկսած, Մեսալինային դաշունահարեցին, իսկ սենատը որոշեց նրա անունը մոռացության մատնել:



Ճակատագրական կին է համարվել նաև Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին: Նա շատ խելացի էր, կրթված, տիրապետում էր տասից ավելի լեզուների: Տղամարդկանց գրավում էր ոչ թե արտաքին տեսքով, այլ` կախարդական ձայնով ու նրբակիրթ շարժուձևով: Երբ 52-ամյա Հուլիոս Կեսարն առաջին անգամ տեսավ Կլեոպատրային, վերջինս ընդամենը 20 տարեկան էր: Հզոր ճակատամարտեր շահած զորավարը պարզապես շանթահարվեց: Առաջին իսկ համբույրն առնելով` նա Եգիպտոսի թագուհուն վերադարձրեց խլված գահը, իսկ նրա պաշտպանության համար հատկացրեց իր երեք լավագույն լեգիոններին:

Հուլիոս Կեսարի մահվանից հետո Կլեոպատրան նախ ցանկացավ տիրանալ հայոց արքա Արտավազդին, սակայն մեր թագավորները չէին դավաճանում իրենց օրինական կանանց, որքան էլ նրանց դյութեին հրաշափառ կանայք: Ուստի Եգիպտոսի թագուհին հրամայեց գլխատել հայոց արքային:

Հաջորդ «թիրախը» հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսն էր` գեղեցկատես, հաճույքասեր և կանանց սիրելի այս տղամարդը: Կլեոպատրան այնպես հմայեց Մարկոսին, որ սա, առանց իր օրինական կնոջից բաժանվելու, ամուսնացավ եգիպտական թագուհու հետ: Նրանց սիրավեպը շարունակվեց տասը տարի: Երբ Անտոնիոսը կորցրեց իշխանությունը և իր կյանքին վերջ տվեց` նետվելով սրի վրա, Կլեոպատրան նույնպես ինքնասպան եղավ: Առասպելի համաձայն` նա մահացավ եգիպտական կոբրայի խայթոցից: Իր ապագայից միշտ տագնապող Կլեոպատրան ծայրահեղ իրավիճակների համար միշտ իր մոտ էր պահում զամբյուղի մեջ ապրող թունավոր օձ...



Սիրավեպ միապետի հետ

Ճակատագրական կանայք շատ են եղել արևմտաեվրոպական և արևելաեվրոպական (ինչպես նաև` հարավի և հյուսիսի) երկրների պատմության էջերում: Բավարարվենք երկու օրինակով` Ժաննա-Անտուանետ Պուասոն և Մարթա Սկավրոնսկայա...

Լաքեյի դուստր Ժաննա-Անտուանետ Պուասոնը դարձավ Լյուդովիկոս 15-րդի ֆավորիտուհին և ոչ միայն իշխեց թագավորի սրտին ու տիրացավ թագավորական գանձարանին, այլև 20 տարի շարունակ փաստորեն որոշում էր Եվրոպայի քաղաքականությունը: Լյուդովիկոս 15-րդը նրա համար առասպելական գումարներ էր ծախսում: Այսպես, պատմաբանները համոզված են, որ այս տիկնոջ հագուստների համար թագավորը վճարել է 1,2 միլիոն լիվր, դիմահարդարանքի համար` 3,5 միլիոն, 2 միլիոն` զարդեղենի: Համեմատության համար` թատրոնի համար կատարված ծախսերը Ֆրանսիայի արքունի գանձարանի վրա նստել են 4 միլիոն, ձիերը` 3 միլիոն և մեկուկես միլիոն լիվր էլ սպասարկվող անձնակազմի ծախսերն էին: Պատմության էջերում այս կինը հիշվում է մարքիզուհի դը Պոմպադուր անունով: Բոլոր միապետների բոլոր սիրուհիներից նրան են առանձնացրել որպես ամենափայլունը, տաղանդավորը և անբարոյականը:

Մարթա Սկավրոնսկայայի` լատիշ գյուղացու դստեր ճակատագիրն առավել ֆանտաստիկ է եղել:

1702 թվականի օգոստոսի 25-ին ռուսական զորքերը գրավեցին շվեդական Մարիենբուրգ ամրոցը: Ֆելդմարշալ Շերեմետևը, սովորության համաձայն, քաղաքը երեք օրով հանձնեց զինվորներին: Այդ ժամանակ Մարթայի ամուսինը` շվեդական բանակի դրագունը, անհայտ կորել էր, իսկ ինքը` Մարթան, ծառայության մեջ էր մտել լյութերական պաստոր Գլյուկի տանը:

Ռուսները վերցրին «համեղ» աղախնուն որպես ռազմավար: Սակայն 50-ամյա ֆելդմարշալը զինվորների ձեռքից խլեց նրան: Իսկ կարճ ժամանակ անց Մարթայի տերն ու սիրեկանը դարձավ իշխան Մենշիկովը: Սակայն վերջինիս երջանկությունն էլ կարճ տևեց: 1703 թվականին իշխան Մենշիկովին հերթական անգամ այցելեց Պետրոս առաջինն ու սիրահարվեց հմայիչ տիկնոջը: Մարթան ուղղափառություն ընդունեց և կնքվեց որպես Եկատերինա: 1712 թվականին նա պաշտոնապես ճանաչվեց Պետրոս առաջինի կինը, իսկ ամուսնու մահից հետո նստեց Ռուսաստանի գահին: Նրանք ունեցան 11 զավակ, սակայն գրեթե բոլորը մահացան վաղ հասակում: Ապրեցին միայն երկու դուստրերը` Աննան ու Ելիզավետան: Վերջինս հետո կդառնա Ռուսաստանի կայսրուհի, իսկ Աննայի ժառանգները Ռուսաստանում իշխեցին 1762-ից մինչև 1917 թվականը:



Կրկնակի գործակալը

Մարգարիտ-Գերտրուդ Զելլեի կենսագրությունը սկզբնական շրջանում այնքան էլ բարեհաջող չի դրսևորվել: Նրա հայրը սնանկացել էր, մայրը` մահացել, և 18 տարեկան աղջիկը ստիպված էր ամուսնանալ հոլանդական բանակի 38-ամյա սպայի հետ և ճանապարհ ընկնել:

Նրանք հասան Ինդոնեզիա` Ճավա կղզի: Պարզվեց` ամուսինը հարբեցող էր, հաճախ դաժանորեն ծեծում էր կնոջը, բացահայտ սիրուհի էր պահում և Մարգարիտին վարակեց սիֆիլիսով: Որդու մահվանից հետո ամուսինները բաժանվեցին: Իսկ 1890-ականների սկզբին Փարիզում հայտնվեց արևելյան պարերի վիրտուոզ կատարող մի կին, ով անսովոր անուն էր կրում` Մատա Հարի (մալայերենով նշանակում է «Արշալույսի աչք»): Ժամանակակիցները լավ են հիշում «բարձրահասակ, արտահայտիչ դիմագծերով և թավշե հայացքով թխահեր աղջկան»:

                                                                                                         Մատա Հարի

Իր էկզոտիկ պարերով Մատա Հարին պարզապես ցնցում էր «Աշխարհի մայրաքաղաքի» հասարակությանը: Նրա համար «ախ էին քաշում» քաղաքական գործիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, զինվորականներն ու նույնիսկ արքայազնները: Պատմում են, որ նրա հետ մի գիշեր անցկացնելու համար տղամարդիկ վճարում էին հազար դոլարից ավելի (երբ «ընտիր կանանց» գիշերավարձը 10-20 դոլար էր): Հասկանալի է, որ «Արշալույսի աչքը» շատ-շատերին սնանկացրեց ու կործանեց:

1917 թվականին Մատա Հարիին ձերբակալեց ֆրանսիական հակահետախուզությունը: Ինչպես պարզվեց, հանրահայտ պարուհին և կուրտիզանուհին նաև կրկնակի գործակալ էր. աշխատում էր միաժամանակ և՛ Գերմանիայի, և՛ Ֆրանսիայի օգտին:

Նրան գնդակահարեցին Վենսենի ռազմական ճամբարում 1917 թվականի հոկտեմբերի 15-ին` վաղ առավոտյան: Խոսակցություններ կան այն մասին, որ մահվանից առաջ Մատա Հարին օդային համբույր է ուղարկել իրեն գնդակահարողներին: Բայց գուցե այդ օդային համբույրն իր սիրեկանի և փաստաբանի համար էր, ով ներկա էր չքնաղագեղ աղջկա մահապատժին: Մեկ ուրիշ վարկածի համաձայն` գնդակահարությունից անմիջապես առաջ նա մի կողմ է շպրտել իր վերարկուն` զինվորներին ցուցադրելով իր մերկ մարմնի հրաշքը, և, իբր, շփոթահար զինվորներից ոչ մեկը չի կարողացել սեղմել հրացանի ձգանը: Այնուամենայնիվ մի կրակոց եղել է. գնդակը կպել է Մատա Հարիի ուղիղ կրծքին:



Մահացու վտանգավոր մուսաներ

Ճակատագրական կանայք ավելի հաճախ «գործ ունեն» բանաստեղծների, նկարիչների, փիլիսոփաների հետ:

Շատերը համոզված են, որ Պուշկինի համար «ճակատագրական» է եղել իր կինը` Նատալյա Գոնչարովան: Այս գեղեցկուհուն մինչև օրս էլ չեն ներում, որովհետև, իբր, նա է եղել Պուշկինի և Դանտեսի մենամարտի մեղավորը: Շատերը Գոնչարովա Նատալյային հիշում են բանաստեղծի խոսքերով`«մաքրամաքուր գեղեցկության անբիծ կերպար» («чистейшей прелести чистейший образец»): Մյուսները Նատալյա Նիկոլաևնային համարում են «անհոգի ձևամոլ»: Երրորդները նրան մեղադրում են Նիկոլայ Առաջին ցարի հետ ունեցած գաղտնի կապերի համար` վկայակոչելով Պուշկինի նամակից մի հատված` «Խաղեր մի խաղա ցարի հետ»: Իբրև թե Նատալյայի և ցարի կապից ծնվել է մի աղջիկ, ում ճակատագիրն առայսօր հայտնի չէ...



Ուշադրության է արժանի նաև ժամանակի լեգենդներից մեկը` Պետերբուրգի «քաղաքացիուհի» Լու Ֆոն Սալոմեն: Նրան խելակորույս սիրահարված էր Ֆրեյդը: Նրա ձեռքը խնդրել էր Նիցշեն, սակայն, մերժում ստանալով, մինչ ի մահ չամուսնացավ երբեք: Լուի ամուսինը փորձեց ինքնասպան լինել կնոջ ներկայությամբ, իսկ սիրեկաններից մեկն իրեն գցեց ժայռից...

                                                                                       Լու Ֆոն Սալոմե



Ճակատագրական երկու կին է եղել Վլադիմիր Մայակովսկու կյանքում: Լիլիա Բրիկի մասին հիշողություններ են թողել շատ ժամանակակիցներ: Ի դեպ, հետագայում Լիլիա Բրիկն ամուսնացել է մեր հայրենակից, պատմաբան Վասիլի Քաթանյանի հետ: Նա` այս խորհրդավոր կինը, մտերիմ, բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Սերգեյ Փարաջանովի հետ: Բրիկը հայտնի կին էր, խոսք չկա: Իսկ ահա Մոսկվայի գեղարվեստական ակադեմիայի թատրոնի (МХАТ) արտիստուհի Վերոնիկա Պոլոնսկայայի մասին քիչ բան է հայտնի:

Երբ Պոլոնսկայան ծանոթացավ Մայակովսկու հետ` 21 տարեկան էր: Նա ամուսնացած էր արտիստ Միխայիլ Յանշինի հետ: Դա, իհարկե, դժվարացնում էր «սիրային գործունեությունը», բայց հնարամիտ արտիստուհին և բոցավառ բանաստեղծը հնարներ գտնում էին:

Պոլոնսկայան վերջինն է տեսել ողջ և առողջ Մայակովսկուն: Դրանից անմիջապես առաջ նրանք բուռն կերպով քննարկել են իրենց հարաբերությունները: Մայակովսկին պահանջում էր, որ Վերոնիկան մնա իր հետ, սպառնում էր փակել սենյակում: Արտիստուհին դուրս է փախչում սենյակից, և հենց այդ ժամանակ որոտում է կրակոցը: Մոսկվայում այդ ժամանակ շատերն էին խոսում այն մասին, որ Պոլոնսկայան կործանել է ոչ միայն Մայակովսկուն:

Քիչ տղամարդիկ չեն եղել նաև ամերիկացի հանրահայտ պարուհի Այսիդորա (Իզեդոր) Դունկանի կյանքում` նկարիչներ, քանդակագործներ, բանաստեղծներ, արտիստներ, ինչպես և, հասկանալի է` միլիոնատերեր: Նա իր «զվարճանքները» կատակով բաժանում էր երկու խմբի` «ուղեղի կողմից ղեկավարվող» և «հոգու պոռթկումներով»: Դունկանի վերջին սերը և վերջին ամուսինը ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինն էր, ով Այսիդորայից փոքր էր 15 տարով:


Հայ մեծերի կյանքում մուսաները նույնպես ճակատագրական դեր են ունեցել: Արշիլ Գորկու մասին պատմող մի գրքում հետաքրքիր փաստեր կան, թե ինչպիսի ողբերգական իրավիճակներում է հայտնվել մեր մեծ նկարիչը կնոջ` Ագնես Մըքրուդերի պատճառով: Ի վերջո, Գորկու ինքնասպանությունը կարելի է կապել նաև Ագնեսի դաժան արարքի հետ: Բավականին խորհրդավոր իրավիճակ է ստեղծվել նաև Պարույր Սևակի և նրա սիրուհու` Սուլամիթա Շալիթի, ինչպես նաև Վարդգես Պետրոսյանի և կնոջ` Սոնա Տիգրանյանի միջև: Դժվար է ասել, թե նրանք մուսա են եղել, թե՞...



Կյանքը` որպես բեմ

Ամենահայտնի ճակատագրական կանանցից մեկը Մերիլին Մոնրոն է, ընկեցիկ երեխաների օթևանում մեծացած աղջիկը, որի համար խելքամաշ է լինում ողջ աշխարհը:

                                                       

Գրեթե տասը տարի շարունակվեց Մերիլինի «բարեկամությունը» ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդու, ապա նաև նրա եղբոր` սենատոր Ռոբերտ Քենեդու հետ: Այս գեղեցկուհու մասին ասեկոսեները հասան այն աստիճանի, որ նրան ոմանք տեսնում էին Ռենցե Երրորդի` Մոնակոյի իշխանի կնոջ կարգավիճակում:

Քիչ հայտնի չէ նաև ամերիկյան մի ուրիշ արտիստուհի` Էլիզաբեթ Թեյլորը: Նրա սիրեկաններից երկուսն ինքնասպան եղան, երբ Էլիզաբեթը լքեց նրանց: Նրա հինգերորդ ամուսինը` անգլիացի արտիստ Ռիչարդ Բարթոնը, նրան է նվիրել հազվագյուտ ադամանդներ և հանուն իր սիրո պատրաստ էր զոհել նաև իր արտիստական կարիերան:



Այսպիսի պատմություններ անչափ սակավ են արձանագրվել խորհրդային կինոյի տարեգրություններում: Սակայն ամեն ինչ գաղտնի պահելու ամենախիստ միջոցառումներն, անգամ, չկարողացան զերծ պահել արտիստուհի Վալենտինա Մալյավինային` սիրային պատմությունների մասին ասեկոսեներից: Մի քանի հանրահայտ տղամարդիկ պարզապես խելքները կորցնում էին նրա համար: Արտիստներ Զբրուև և Կայդանովսկի, ռեժիսորներ Տարկովսկի և Արսենով... Բայց 1978-ին ողբերգական իրադարձություն գրանցվեց. վախճանվեց Մալյավինայի ամուսինը` Վաթանգովի թատրոնի դերասան Ստանիսլավ Ժդանկոն: Փորձաքննությունը «պարզեց», որ նա ինքն է իրեն ծակել դանակով, և գործը փակեցին: 1983-ին դատավարություն սկսվեց, որի ժամանակ Վալենտինա Մալյավինան ամուսնուն սպանելու համար դատապարտվեց 9 տարի ազատազրկման: Արտիստուհին կալանավայրում մնաց չորսուկես տարի և ազատվելուց հետո ևս երկու անգամ ամուսնացավ: 1993-ին նրան շնորհվեց Ռուսաստանի վաստակավոր արտիստուհու կոչում (հավանաբար` ոչ ամուսնուն սպանելու համար), նկարահանվեց ևս մի քանի ֆիլմերում, նստեց նկարակալի առաջ: Սակայն դժբախտ պատահարի պատճառով նա կուրացել է և այժմ ապրում է Մոսկվայի ծայրամասում գտնվող մի պանսիոնատում...



Անիծվածները

Հնարավոր է, որ գաղտնիքը կնոջ կարմայի մեջ է: Միայնակությունը, մոտիկ տղամարդկանց մահը, գուցե նախկինում գործած սխալները հետևա՞նք են: Հնարավոր է նաև ուրիշ բացատրություն: «Ճակատագրական» են այն կանայք, ովքեր անիծված են: Ամենայն հավանականությամբ այդպիսին էր Ավրորա Շերնվալը, որին ժամանակակիցները կոչում էին «Ճակատագրական Ավրորա»: Այս հաճելի, հմայիչ, խելամիտ, նրբակիրթ վարվեցողության տեր ազնվական կնոջը սիրահարված էին շատ տղամարդիկ: Սակայն նա դատապարտված էր մենակության:

Նրա առաջին ամուսնու ողբերգական մահը տեղի ունեցավ հարսանիքից մի քանի օր առաջ: Այդ ժամանակ դա դժբախտ պատահար, պատահականություն համարեցին: Իսկ շուտով Ավրորային սիրահարվեց Ալեքսանդր Մովսանովը` Պուշկինի բարեկամը և խնդրեց նրա ձեռքը: Բայց հարսանիքը չկայացավ. երիտասարդ, ուժով և ավյունով լեցուն սպան հանկարծակի վախճանվեց: Երկու տարի սգալուց հետո գեղեցկատես Ավրորան դրական պատասխան տվեց Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի անդամ Դեմիդովի սիրահետումներին: Նրանք ամուսնացան, բայց երջանկությունը կարճ տևեց: Շերնվալը կրկին այրիացավ: Ու թեև տղամարդիկ ցանկանում էին նրա համակրանքը շահել, նա աշխատում էր հեռու քաշվել աշխարհիկ կյանքից:

                                                          

Միայն վեց տարի անց Ավրորան տեղի տվեց հայտնի պատմաբան Կարամզինի որդու` Անդրեյի սիրահետումներին և համառությանը: Սակայն հրետանու գնդապետն էլ զոհվեց ռուս-թուրքական պատերազմի ժամանակ:

Հասարակության մեջ խոսակցություններ էին պտտվում, որ բոլոր դժբախտությունների պատճառն Ավրորայի մայրն է եղել: Իբր նա անիծել է բոլոր տղամարդկանց, ովքեր կսիրահարվեն իր աղջկան...

Անդրեյ Կարամզինի մահվանից հետո Ավրորա Շերնվալն ապրեց 48 տարի: Ու թեև մի քանի անգամ ևս ամուսնության առաջարկ ստացավ, սակայն այլևս չփորձեց բախտը: Նա մահացավ 1902 թվականին: Բայց ճակատագիրը չար խաղեր էր խաղում նաև նրա մահվանից հետո: Փառամոլության կրքով վարակված միջակ մի բանաստեղծ սկսեց պոեմ գրել Ավրորայի մասին, սակայն պոեմը կիսատ մնաց: Բանաստեղծը հիվանդացավ և մահացավ...



Վամպիրի հետ

Պարականոն երևույթներն ուսումնասիրողները ևս մեկ վարկած են առաջ քաշում. հնարավոր է, որ ճակատագրական կանայք ներուժային (էներգետիկ) վամպիրներ են (արնախումներ): Դա հասցնում է ուժերի կորստի, որի վերջնական արդյունքը մահն է: Այս առիթով տեղին է հիշել ֆրանսիացի հանրահայտ կուրտիզանուհի Նինոն դը Լանկլոյին:

«Գեղեցկատես, հիանալի կազմվածք ունեցող այս կինը կապույտ, մեծ աչքեր ուներ, որոնցում միաժամանակ զգացվում էր և՛ ազնվականություն, և՛ խելամտություն, և՛ խելահեղություն, և՛ քաղցրություն». այսպես են նկարագրել նրան ժամանակակիցները:

Նա յուրօրինակ շնորհ ուներ. միշտ երիտասարդ էր և նույնիսկ ծեր տարիքում իր շքեղությամբ գերում էր բոլոր տղամարդկանց: Նինոնը 60 տարեկան էր, երբ նրան կիքոտ սիրահարվեց իր իսկ որդին` ասպետ դը Վիլյին: Ճիշտ է, տղան չգիտեր, որ այդ կինն իր մայրն է: Այս պատմությունը, հասկանալի է, ողբերգական ավարտ ունեցավ: Մադամ դը Լանկլոն ցանկանում էր խելամտության կոչել երիտասարդին և բացեց նրա ծննդյան գաղտնիքը: Հուսահատված դը Վիլյին սուրն իր սիրտը խրեց...

Ահա և մի ուրիշ պատմություն. բարոն Սիգիզմունդ Բանյեն երկար ժամանակ չէր համաձայնվում այցելել դը Լանկլոյի գրական սալոն, մտածելով, որ 70-ամյա կինը ոչ մի բանով չի հետաքրքրի: Երբ վերջապես նա ծանոթացավ Նինոնի հետ, անմիջապես դարձավ նրա սիրեկանը: Իսկ ընդամենը մեկ գիշեր հանրահայտ կուրտիզանուհու հետ անցկացնելու հետո ամենուր և ամենքին երդվում էր, որ այդ կինը 18 տարեկանից ավելին չէ:

Շուտով բարոնը սպանվեց Նինոնի մերժված երկրպագուներից մեկի ձեռքով:

Եվս մեկ պատմություն է մնացել այն մասին, թե ինչպես էր Նինոնի հետ փորձում սերտ հարաբերություններ հաստատել կանանց մեծ սիրահար Լյուդովիկոս 14-րդը: Իսկ Նինոնը, իբր, շշնջացել է թագավորին. «Ձերդ մեծություն, երդվեք, որ այն, ինչ կասեմ, պետք է մնա մեր միջև: Մի քանի օր առաջ լրացավ իմ 98 տարին...»:

Եբր դը Լանկլոյին հարցնում էին, թե ինչ քսուքներ կամ նյութեր է օգտագործում, որ մաշկն այդպես միշտ թարմ է, կուրծքը` ձեգ ու մեծ, Նինոնը խորհրդավոր ժպտում էր և ասում. «Քսո՜ւք, նյո՜ւթ, մեխանի՜զմ... Այդ ամենը տղամարդիկ են բերում, նրանք դա գիտեն...»...

*   *   *

Ժամանակի ընթացքում ճակատագրական կնոջ ֆենոմենը խունացել է, և այժմ այդպիսի կանայք գրեթե չկան: Դրա համար շատ պատճառներ կան: Օրինակ` ժողովրդագրական փոփոխությունները: Ինչպես հավաստում են ուսումնասիրողները` ճակատագրական կնոջ ֆենոմենը ծագում է միայն տղամարդկանց զգալի «ավելցուկի» դեպքում: Այժմ հարաբերակցությունը լիովին փոխվել է: Աշխարհում ավելի շատ կին կա, քան` տղամարդ:


Ի դեպ, նոր Կլեոպատրայի կամ նոր մարքիզուհի դը Պոմպադուրի հազիվ թե հանդիպես, քանի որ էմանսիպացիան հզոր թափ է առել, և լոկ կանացի հմայքով աշխարհը նվաճելն արդեն չի աշխատում: Կանայք սովորել են իրենց մտավոր ունակություններով, ամենաբարդ իրավիճակներում մտքի ճկունությամբ և խորամանկությամբ տիրանալ և՛ փողի, և՛ իշխանության, և՛ փառքի:

Եվ ամենակարևորը` խախտվել է տիեզերքի բնական ընթացքն այս անիծյալ մոլորակի վրա: Փոխվել է աշխարհը. այն ավելի իրատեսական է դարձել և ձգտում է զուտ հաշվենկատության: Այսօր պատերազմներն սկսվում են նավթի և ոչ թե գեղեցկուհի Հեղինեի պատճառով: Եվ վեպեր գրվում են ոչ թե սիրո տվայտանքների, այլ, ասենք, շուկայական հարաբերությունների, սպանությունների, հանցագործությունների մասին: Մարդը, դժբախտաբար, ցանկանում է ավելի շատ տեղեկացված լինել, քան սիրել, կարոտել, տառապել սիրած մարդու համար: Ի՞նչ կարող ես անել...

                                                                                                                                                                                         Հեղինակ` ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ

                                                                                                                                                                                                                                Աղբյուր





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ. Ճակատագրական կանայք (մաս 1-ին)»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ | Ավելացրեց: haykblbulyan (17.06.12) Դիտումներ: 3891 | Տեգեր: Եսենին, սերը և մեծերը, Մերլին Մոնրո, Լու ֆոն Սալոմե, Պուշկին, Կլեոպատրա