RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐ

Ռուբեն Հախվերդյան «Ես հացթուխ եմ, իմ երգերում ես հունցում եմ հայերենը…»  1558




Երգիչ, երգահան պոետ. բոլորը միասին` մարդ, ով հաճախ է կրկնում` «Փնտրեք ինձ իմ երգերում»: Փորձենք  նրան ներկայացնել որպես  մարդ, որպես ստեղծագործող` իր երգերի միջոցով:



Մշակույթը ապրելակերպ է: Այժմ  հակամշակութային ժամանակահատվածում ենք ապրում` հինն արդեն չկա, իսկ նորն էլ չենք ստեղծում: Մշակույթն ապրելու ձև է, ու եթե Աստված ոչ անի, մենք հայ ռանչպարին հանենք մշակույթից, որն արդեն իսկ ծայրահեղ աղքատ պայմաններում է ապրում, մենք կկորցնենք մեզ որպես ազգ, կկորցնենք մեր լեզուն, մշակույթը:

«Ամենալավ երգը լռությունն է, երկու զույգ աչքեր լռության մեջ, իսկ սարսափելին հիշողությունն է, որ հետո թերթում ես էջ առ էջ»:

Այս երգը գրել եմ 35 տարեկանում: Ես միշտ արտահայտվել եմ: Ուղղակի մենք ապրում ենք գարշելի իրականության մեջ, ուր ոչ ոք ներողություն չի խնդրում:
Երգիչ-երգահանը  պետք է ասի ճշմարտությունը` իր չափով: Իրավունք չունի սուտ ասելու: Երբ ստեց, ուրեմն արդեն մեռած է: Նա մարդկանց ու  ժողովրդի աչքից կընկնի: Իմ սիրած երգիչներն են Ջոնի Քաշը, Ջոն Միչելը, Ջեյմս Թեյլորը: Շատ եմ հարգում նրանց սկզբունքայնությունը: Իսկ ինչ վերաբերում է արվեստին, ներողություն արտահայտությանս համար, զգույշ եմ վերաբերվում: Եթե երգեցիր, և ժողովուրդը չընդունեց, սարսափելի ողբերգություն է:

Երգ ասվածը հոգեկան մերկապարի  նման է: Նման է այն աղջիկներին, որ գալիս մերկանում են ու  իրենց մարմինն են ցույց տալիս: Երգ հասկացությունն էլ, ցավոք սրտի,  նման մի բան է, բայց երգում  ցույց ես տալիս քո հոգին: Եթե հոգին չլինի, մարմինը ոչնչություն է, փոշի. փչում ես ու այն չկա: Չարլի Չապլինն իր աղջկան ուղղված նամակում ասում է. «Ընդունիր այն տղային, ով սիրում է ոչ թե քո մարմինը, այլ քո հոգին»:

«Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում, որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու…»


Ես փորձում եմ սահմաններ դնել, բայց ինձ դա չի հաջողվում, ես արդեն մեծացել եմ: Ես 60 տարեկան եմ և  չեմ ամաչում: Զավակներիս, թոռնիկներիս իմ երգերով ընդամենը  փորձել եմ հասկացնել մեկ բան, որ ազատությունն ու արժանապատվությունը համարյա նույնանում են: Իսկ ազատությունը, որն իր մեջ արժանապատվություն է կրում, չի կարող անսահման ազատ լինել: Հակառակ պարագայում մենք կնմանվեինք կապիկների: Ամեն մարդ պետք է ունենա ազատության իր չափանիշը: Իսկ երբ չափանիշները չեն ճշտվում, սկսվում է անպատժելիությունը:

«Մենք խաղում ենք մեր դերերը, իսկ ես հոգնել եմ այդ խաղից, մենք թաքցնում ենք մեր մտքերը, մենք թաքնվում ենք իրարից…»


Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո թատրոնի ուղով չշարունակեցի, որովհետև իմ մտածողությունը շատ էր տարբերվում: Ներկայացումը ցնցուղի նման է: Մարդուն երբեմն  պետք է «պրովոկացիայի»  ենթարկել, որ նա արթնանա քնից ու շատ բաներ հասկանա: Երբ ինձ յոթ տարի գործ չտվեցին, սկսեցի երգեր գրել, և կամաց-կամաց երգը դարձավ աշխատանք. «Ես ձեզ թողնում եմ ի այս դերը ու հեռանում եմ այս խաղից»:

«Իմ ընկեր, իմ անգին ընկեր, արդյոք նույնն ես մնացել…»


Ես մի քանի ընկեր եմ ունեցել մանկությունից, նրանք  ինձ համար ամենալավ հիշողություններն են: Շատերն իմ երգերը գիտեն կամ չգիտեն, դա նշանակություն չունի:  Իսկական ընկերությունն այն է, երբ դու ես տիրություն անում, ոչ թե քեզ են տիրություն անում: Առաջինը  դու օրինակ ցույց տուր: Մեկս մյուսից սովորելով ենք ապրում և  բարոյականության չափանիշները մենք ենք դնում: Մենք իրավունք չունենք ընկերությանը տիրություն չանել:

«Ես հունցել եմ նոր հայերենը և հունցելու եմ…»

                                 

Ես շահել եմ, որովհետև իմ երգերը սերունդներ են լսում: Ես գրում եմ այն մարդկանց համար, ովքեր ինձ կհասկանան: Թե որ տոկոսն է հասկանում… Բազմաթիվ շրջագայություններից հետո համոզվեցի, որ ինձ հասկանում են ամենուր, որովհետև ես իմ երգերում հայերենն եմ հունցում, ես հացթուխ եմ: Շատերը կմտածեն` ես մեծամիտ մարդ եմ, բայց դա բնավ այդպես չէ: Ես շատ կուզեի, որ ինձ այս ծանր աշխատանքում փոխարինեին… Մեկ երգը մինչև ծնվում է, գնում ես «այն աշխարհ» ու  հետ ես գալիս: Ես ոչ թե ստիպում եմ, այլ ցույց եմ տալիս մեր երեխաներին, որ մեր լեզուն ահավոր, սարսափելի  գեղեցիկ է: Այդքան տառեր, որ մենք ունենք, ոչ մեկը չունի: Մենք ունենք մի հանճարեղ բան, դա լեզուն է: Ես հունցել եմ նոր հայերենը և հունցելու եմ: Մեր խոսակցականը պետք է մտնի երգի մեջ: Եթե այն չի մտնում երգի մեջ, օտար  լեզու է դառնում մեզ համար: Ես ինչպես շարժվում, խոսում եմ, այդպես էլ գրում եմ: Չի լինի, որ մի տեսակ  ապրեմ, այլ տեսակ  գրեմ:
Մի անգամ ինձ ասացին` որ  Եվրոպայում ապրեիր, ամենահարուստ մարդը կլինեիր: Պատասխանեցի` ես հիմա էլ Եվրոպայի ամենահարուստ մարդն եմ, որովհետև ես իմ լեզվով եմ գրում:

«Իսկ մանկությունը մի թռչուն է` թելով կապված մեր սրտերից, թելը պոկում ես, նա թռչում է, հեռանում է մեզանից…»

Իմ երգերում մեծերի ու փոքրերի երգերն իրարից չեն տարբերվում: Դրանք  տարիքային սահմանափակում չունեն: Իմ երգերում պատկերված է գեղեցկություն, շունչ, մայրամուտ, ծաղիկներ, արևածագ. այնտեղ ամբողջ ԱՇԽԱՐՀՆ է: Ոչ մի տարբերություն չկա` երեխայի համար ես  գրում, թե մեծի: Երեխան միգուցե խորությամբ չհասկանա, բայց դա մնալու է իր հիշողության մեջ և մեծանալուց հետո հիշելու է այդ երգը:
Աշխարհին պետք է
«կլոր» նայել, ոչ թե մեկ ուղղությամբ: Վերջերս մահացավ աշխարհի մեծագույն գրողներից մեկը`  Ջերոմ Սելինջերը: Նա իր «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վիպակում գրում է` «Կանգնենք անդունդի եզրին, որ փրկենք մեր երեխաներին»:
Ես իմ երգերում պատասխանատվություն եմ կրում, որ մեր երեխաները հայերեն խոսեն: Եթե հայերեն չխոսեցին, կդառնան անգլոսաքս:  Այս հողը մերն է, մենք այս հողի վրա ենք մեծացել ու  դրա վրա էլ պետք է մեռնենք…

«Ես քեզ սիրում եմ», էս խոսքերը ասում եմ քեզ, իմ Էրևան, արժեր հասնել աշխարհի ծերը, որ էս բառերը հասկանամ…»

«Ես քեզ սիրում եմ»` չակերտների մեջ, որովհետև ամաչելով եմ ասում: Տղամարդը կարո՞ղ է սեր բացատրվել նորմալ ձևով` օպերային թատրոն ու երգ կստացվի: Երգը գրել եմ, իբրև ես մի աղջկա մասին եմ երգում, բայց վերջում դուրս է գալիս, որ ես Երևանն եմ սիրում, երևանյան գիշերներն ու թոհուբոհը, որ Մասիվից վազելով`  գնում հասնում էինք Նոր Արեշ, որ մի աղջկա  պաչեինք ու նորից հետ գայինք: Ու այդ համբույրը մեծագույն պատիվ էր, ավելի թանկ էր, քան այսօրվա բաղնիսային պատմություններն ու մարմնավաճառությունը:  Այդպես էլ  երգս գրել եմ ու լավ եմ արել: Իսկ ում դուր չի գալիս, թող գնա մտածի իր կյանքի մասին կամ  բաղնիսներում սեր անի, որովհետև ինքն իսկական սեր չի ունեցել և չի տեսել: Մի օր  գլխին փող է ընկել, ուզել է սերն առնի, բայց սերը չի առնվում, այն չծախվող ապրանք է:

«Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի, և անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի ու պատուհանից լուռ կարտասվի…»

Մեր սիրո աշունը ինչ-որ չափով կնոջս մասին է. մի անգամ իրարից բաժանվեցինք ու նորից սիրահարվեցինք:

«Եթե իմանայիր` որքան եմ լաց եղել ես, քո գնալուց հետո, որքան եմ քեզ  փնտրել…»


Ամենակարևորը`  երգն այնպես գրես, որ ամեն  մեկն իրեն գտնի այդ երգի մեջ: Բոլորի կյանքում էլ լինում են այդպիսի պահեր:

«Երազանքս քեզ նման քնքուշ աղջիկ էր, նա ուներ խենթ փայլ աչքերի, գարնան առավոտվա պես անուշիկ էր, ու դեմքին` գաղտնիքը հայացքի…»:

Հայ ազգը տառապում է զոոֆիլիայով: Զարմանում եմ, ինչպես կարելի է կնոջը համեմատել ջեյրանի հետ: Կինն ուրիշ աշխարհ է, հավերժական հանելուկ ու  դրախտի թռչուն է: Աշխարհում ամենալավը հայ կանայք են: Ես մեռնելու չափ սիրում եմ,  այդ սիրո համար պատրաստ եմ մեռնել: Եվ իմ երգերում ես իմն եմ գրել:

«Բարի լույս, տիկին Արուս, քո լվացքը չորացել է, հայացքի մեջ քո անհույս արցունքներդ քարացել են…»

Տիկին Արուսն ինձ համար հայ կնոջ կերպար է` քանդակել եմ հայ կին: Այնպիսի տատիկներ եմ ունեցել, որոնց առանց երգի ես չէի կարող սեր խոստովանել: Երգով եմ սեր բացատրվել, երբ նրանք արդեն չկան: Այդ կանայք ծանր պայմաններում են ապրել, այսօրվա աղջիկներից չէին:

«Տված հացդ օրհնված է…»

                                 

Բայց երևի կարողացել եմ ասել, որ նրանց սիրում եմ: Նրանց ամանից ճաշ եմ կերել, ամոթ է երախտամոռ լինելը: Ես իմ սերն եմ խոստովանել հայ կնոջը: Ինչ կարողացել եմ, դա եմ գրել: Դրանից ավելի ինչ կարող էի ես անել: Թող դատավորը գա ինձ հարցնի. «Ուրիշ ինչ կարող  էիր անել», ես էլ կասեմ` «Ոչինչ»: Կարող էի երգ գրել, գրել եմ: Դրանից հետո ինձ կծեծե՞ն: Չեն  համարձակվի: Իմիջիայլոց, արդեն մի քիչ մեծացել եմ,  բայց ձեռքս պինդ է:

«Իսկ հետո բոլորի նման ես ընտրեցի մի լավ կին այնքան հեզ, որ ստիպեց մոռանալ ինձ ներկան ու կերտել մեր կյանքի ապագան…»

«Իմ անցյալ» երգը  բոլորիս կյանքի պատմությունն է: Մենք կորցնում ենք ընկեր,  սիրած աղջիկ կամ սիրած տղա: Իմ կարծիքով բանական կյանքում ամուսնությունը` սերն ու սեքսն իրար հետ միասին, տևում է 8 տարի: 100 տարի չես կարող նույն ձևով սիրել: Աչքդ մեկումեջ այս ու այն կողմ է թեքվում,  տարբեր տեսակի «բանջարեղեն» ես ուտում:  Հեգնանք կա այս երգի մեջ, բայց սա է մեր իսկական կյանքը: Եվ` հասկացա վերջապես մի պարզ բան, որ անցյալս մտավ գերեզման:

«Կտակս…»

Այս երգը նվիրել եմ փոքր աղջկաս: Ուզում եմ, որ նա  ինձ երգերով հիշի: Իմ կտակը ոչ թե «օբյեկտներն» են, այլ  իմ երգերը: Չնայած ստացել եմ «օբյեկտներ» ունենալու առաջարկներ, բայց ես շատ խորամանկ եմ. ինձ «օբյեկտով» չեն խաբի:

«Իմ տունն անիվների վրա կգլորվի ու կգնա, մի օր ինձնից կհեռանա…»

  Իմ անիվներով տունը հյուրանոցն է, քանի որ աշխատանքի բերումով շատ եմ շրջագայում: Ես իմ ընտանիքը պահում են իմ երգով, իմ  աշխատանքով:

Որքա¯ն արագ է պտտվում այս անիծյալ խենթ մոլորակը, որքա¯ն արագ է հեռանում մեր ապրելու լավ ժամանակը… Հետո դանդաղ-դանդաղ կհեռանա ջահելությունը, հետո էլ ի՞նչ երջանկություն, երբ մոտենում է ծերությունը:
Երիտասարդներին ուզում եմ ասել Էնտոնի Հոպկինսի խոսքը. «50 տարեկան դարձա, նոր սովորեցի ասել` ոչ»: Ոչ ասել ստին, ոչ ասել կեղծիքին, ոչ ասել սրիկայություններին: Ուզում եմ ասել. «Մարդիկ, դանակը գրպանում պահեք, շան հետ ընկերություն արեք, բայց փայտը ձեռքներիցդ մի գցեք»: Փողոցի տղա ծնվել, մեծացել եմ ու այդպիսին էլ մնացել եմ: Այսպիսի մի խոսք կա` «Եթե նույնիսկ մեր հետույքը լավ չենք սրբել,  միևնույն է, մեր տակը  կեղտ չկա»:

Երբ երիտասարդները լսում են իմ  երգերը,  ես հպարտանում և  շոյվում եմ. նշանակում է ինձ դեռ լսում են, ես դեռ չեմ մեռել:
                                                                      Հայկուհի Ասատրյան, «Լինա» ամսագիր




ԼՍԵԼ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆԵԼ ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԵՐԳԵՐԸ







на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ռուբեն Հախվերդյան «Ես հացթուխ եմ, իմ երգերում ես հունցում եմ հայերենը…»»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐ | Ավելացրեց: Admin (18.06.12) Դիտումներ: 1558 | Տեգեր: Երաժշտական մեծեր, Ռուբեն Հախվերդյան, Ռուբեն Հախվերդյանի պոեզիա