RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

Պահպանե՛ք ձեր աչքերի լույսը. ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ  1494


Թերևս չկա ավելի մեծ պարգև, քան տեսողությունն է: Քանի դեռ չենք բողոքում տեսողությունից, առանձնապես չենք էլ զգում, թե իրականում ի՜նչ հզոր ու վստահելի զենքով ենք օժտված, բայց բավական է այն փոքր-ինչ վատանա կամ վտանգ սպառնա աչքերին, որ մեզ անառողջ, ոչ լիարժեք զգանք: Դա ունի իր բացատրությունը. չէ՞ որ աչքերի միջոցով է մարդն ընկալում տեղեկության զգալի մասը (մինչև 90%-ը) ու ճանաչում աշխարհը: Եվ միայն առողջ աչքերը կարող են լիարժեք «ծառայել» մեզ` կատարելով բնության կողմից իրենց բաժին ընկած դերը: Իսկ մենք
ինչպե՞ս ենք փոխհատուցում բնությանը: Արդյոք մի՞շտ ենք հոգ տանում մեր աչքերի մասին, հետևում դրանց առողջությանը, օգնության ձեռք մեկնում, երբ բուժման կարիք ունեն: Ցավոք` ոչ միշտ: Հապա էլ ինչու՞ ենք տրտնջում, երբ տեսողությունը վատանում է կամ, որ է՛լ ավելի ցավալի է, անդառնալիորեն կորցնում ենք այն: Հավատացե՛ք, շատ դեպքերում կարելի է խուսափել դառը հետևանքներից, եթե միայն մի քիչ ավելի հոգատար լինենք ինքներս մեր նկատմամբ:

Աչքերի խնամք

Մենք տեսողությանը վնասող պատճառների մասին բավական շատ բան գիտենք: Մի՞թե չգիտենք, թե որքան կործանարար ազդեցություն ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթներն աչքերի ցանցաթաղանթի վրա, և որ այն պաշտպանելու համար պետք է արևային ակնոց գնել միայն մասնագիտացված խանութներից: Գիտենք, բայց ակնոց գնում ենք պատահական վաճառակետերից, քանի որ «այդ նույն գումարով կարելի է մի քանիսը գնել»: Այնուամենայնիվ, մի պահ մտածեք. դուք, իհարկե, գումար կտնտեսեք, բայց արդյոք ստիպված չե՞ք լինի մի քանի անգամ ավելի վճարել, եթե ցանցաթաղանթի բորբոքում սկսվի…
  Իսկ ժամերով հեռուստացույց դիտելն ու համակարգչով աշխատե՞լը, երբ բացասական հետևանքներն սպասեցնել չեն տալիս. աչքերը հոգնում են, երբեմն` այտուցվում, կարմրում, քոր գալիս, առարկաներն ասես մշուշապատ են երևում և այլն: Այս ախտանշաններն ուղղակի «աղաղակում¦ են, որ ձեր տեսողությանը վտանգ է սպառնում, սակայն… շարունակում եք ապրել սովորական դարձած կենսակերպով: Այսպես շարունակելն անթույլատրելի է, ժամանակն է միջոցներ ձեռնարկել: Ինչի՞ց սկսել:


Հրաժարվեք վնասակար սովորություններից

  • Շատ հաճախ տեսողության վատացումը պայմանավորված է վնասակար սովորություններով: Ոչ բավարար քունը, մինչև կեսգիշերachqer համակարգչային խաղերով տարվելը, պառկած կամ կիսապառկած դիրքով կարդալը, սխալ սննդակարգը, սենյակի վատ լուսավորությունը երեկոյան ժամերին վաղաժամ կարճատեսության և աչքերի բազմաթիվ հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառներից են: Արևոտ եղանակին չի կարելի տնից դուրս գալ առանց արևային ակնոցի: Քամոտ, փոշոտ օրերին նույնպես պետք է պաշտպանիչ ակնոց դնել:
  • Հատկապես նրանք, ում աշխատանքը տեսողական մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում, պետք է խիստ հետևողական լինեն տեսողության վրա բացասաբար ազդող գործոնները վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու հարցում: Օրինակ, եթե ձեր մասնագիտությունը պահանջում է ամբողջ աշխատանքային օրն անցկացնել համակարգչի առջև, անպայման հետևեք այս խորհուրդներին.
  • Հետևեք, որ սենյակի լուսավորությունը ոչ շատ վառ լինի, ոչ թույլ. լավագույն տարբերակը միջին լուսավորությունն է:
  • Նստեք այնպես, որ պատուհանը չլինի մեջքի հետևում: Եթե դա անխուսափելի է, շերտավարագույրով ծածկեք պատուհանը:
  • Մոնիտորի էկրանը պետք է բացարձակ մաքուր լինի: Մատնահետքերը և փոշին ավելորդ լարվածություն են աչքերի համար: Էկրանի փոշին պետք է վերցնել փափուկ կտորով, իսկ մատնահետքերը սրբել հատուկ անձեռոցիկով: Եթե ակնոց եք դնում, նույնը վերաբերում է նաև դրա ապակիներին:
  • Մոնիտորն այնպես է պետք դնել, որ էկրանի կենտրոնը հավասար լինի աչքերի մակարդակին կամ մի փոքր ներքև: Աշխատելիս գլուխն ուղիղ պահեք, առաջ մի թեքեք:
  • Ժամանակ առ ժամանակ մի քանի վայրկյանով փակեք աչքերը, որպեսզի աչքերի մկանները հանգստանան: Յուրաքանչյուր 40-45 րոպե հետո դադարեցրեք աշխատանքը և 5-10 րոպե հանգստացեք:
  • Մոնիտորի էկրանը պետք է աչքերից 50-60 սմ հեռավորության վրա լինի: Եթե այդ հեռավորությունից վատ եք տեսնում, ավելի լավ է մեծ տառատեսակ ընտրեք, քան ինքներդ մոտենաք մոնիտորին կամ այն հրեք դեպի ձեզ:

Հետևեք սննդակարգին

achqerԱյն մթերքը, որ մենք ուտում ենք ամեն օր, կարող են ինչպես վատացնել, այնպես էլ լավացնել տեսողությունը: Հատկապես նրանք, ովքեր արդեն բողոքում են վատ տեսողությունից, պետք է վերանայեն իրենց սննդակարգը: Տեսողությունը լավացնող, միևնույն ժամանակ աչքերի հոգնածությունը վերացնող ազդեցություն ունի, օրինակ, հապալասը (черника): Նկատելի արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական կես բաժակ թարմ հապալաս ուտել: Դա, ճիշտ է, գործնականում դժվար է իրականացնել. նախ հապալաս ոչ բոլոր սուպերմարկետներում կա, և հետո` բավական թանկ է: Որպես փոխարինող տարբերակ` կարող եք դեղատնից հապալասային դեղամիջոցներ գնել, որոնք նախատեսված են տեսողությունը լավացնելու համար:
Տեսողությունը վերականգնելու ավանդական միջոցներից է կարոտինը, որն առկա է բոլոր կարմիր, նարնջագույն մրգերում և բանջարեղեններում: Եթե տեսողությունից բողոքում եք, օրը երկու անգամ ուտելուց առաջ գազարի հյութ խմեք: Շատ օգտակար են նաև սամիթը, սպանախը, մաղադանոսը, վարունգը և բազուկը. դրանք կարող եք ավելացնել աղցաններում, ուտել թարմ վիճակում կամ խմել թարմ հյութը:
Շատ օգտակար են յուղալի, կարմիր ձկները` թյունոսը, սաղմոնը և այլն: Եթե կանոնավորապես` շաբաթը 1-2 անգամ ուտեք այս ձկնատեսակներից, տեսողության խնդիրներ չեք ունենա: Տեսողության համար շատ կարևոր է վիտամին A-ն: Գազարը, տոմատի մածուկը, հազարը և ձկան յուղը A վիտամինի հիմնական աղբյուրներից են: B խմբի վիտամինները նույնպես անփոխարինելի են այս հարցում: Դրանցով հարուստ են ընկույզները, հացահատիկները, լյարդը, երիկամը և ձուկը: Եվ, իհարկե, անպայման ձեր սննդակարգում ընդգրկեք C վիտամինով հարուստ մթերքներ` պոմիդոր, մասուր, սոխ և ցիտրուսներ:
 Մեր աչքերը հատկապես շատ են «սիրում» միկրոտարրեր` կալիում և ցինկ: Կալցիումով հարուստ են մեղրը, բանանը, ձեթը: Ցինկով հարուստ են հատկապես ծովամթերքը, լյարդը, միսն ու ձուկը:


Մարզեք աչքերը

  • Բացի սննդակարգին հետևելուց` հարկ է երբեմն-երբեմն տեսողությունը լավացնող վարժություններ անել: Ներքոհիշյալ վարժությունները կօգնեն մարզել աչքերը, լավացնել տեսողությունը և վերացնել հոգնածությունը.
  • Աչքերի առաջ նկար պահեք և մի քանի վայրկյան նայեք դրան: Ապա մոտ 5 վայրկյան հայացքն ուղղեք պատուհանի մոտ դրված որևէ առարկայի: Նույնը կրկնեք մի քանի անգամ` առանց լարվելու: Այս վարժությունը պետք է անել օրը 2 անգամ: Առաջին և երկրորդ կրկնումների միջև պետք է առնվազն 3 ժամ ընդմիջում լինի:
  • Հայացքով շրջապտույտ «գծեք»` ներքև, աջ, վերև, ձախ, ապա նույնը արեք` հակառակ ուղղությամբ: Վարժությունը պետք է անել նստած դիրքում` 3-4 անգամ (1-2 րոպե ընդմիջումներով):
  • Միջնամատերի ծայրերով ժամացույցի սլաքի ուղղությամբ զգուշորեն մերսեք աչքերի շուրջը` միաժամանակ մի փոքր սեղմելով հոնքերի տակը: Նույն գործողությունը կատարեք հակառակ ուղղությամբ:
  • Ձեռքերը դրեք գոտկատեղին, գլուխն աջ թեքեք և նայեք աջ արմունկին: Նույնը արեք ձախ կողմ թեքվելով: Կրկնեք 5-6 անգամ:
  • Պառկեք մահճակալին կամ ուղիղ նստեք, թուլացեք և փակեք աչքերը: Ափերը հպեք աչքերին (մատները պետք է իրար մասնակիորեն ագուցված լինեն): Սկզբում աչքերի առաջ պսպղան կետեր կերևան, բայց երբ լարվածությունը թուլանա, դրանք կվերանան: Այսպես հանգստացեք 3-ից 20 րոպե:
  • Տարին մեկ այցելեք ակնաբույժին
  • Աչքերի հիվանդություններից շատերը որոշակի շրջանում աննկատ են զարգանում: Սա նշանակում է, որ չպետք է միայն ցավի դեպքում դիմել ակնաբույժին: Այս տեսակետից հատկապես վտանգավոր է գլաուկոմա հիվանդությունը, որը կուրության հիմնական պատճառն է: Որպես կանոն, հիվանդների մեծ մասն ակնաբույժին է դիմում այն ժամանակ, երբ տեսողությունն արդեն նկատելիորեն վատանում է կամ էլ հայտնաբերվում է պատահականորեն` բժշկական հետազոտության ժամանակ: Հիվանդության կանխարգելման համար կա մի անփոփոխ պայման. 35 տարեկանից հետո պետք է անպայման հետազոտվել ակնաբույժի մոտ: Իսկ աչքերի ընդհանուր առողջական վիճակը ստուգելու համար պետք է տարին առնվազն մեկ անգամ այցելել ակնաբույժին: Տեսողության ցանկացած փոփոխություն, տհաճ զգացողություն` քոր, ծակծկոց, առատ արցունքահոսություն և այլն, ազդարարում են, որ աչքերի առողջությանը վտանգ է սպառնում: Եվ որքան շուտ դիմեք ակնաբույժի օգնությանը, այնքան մեծ կլինի վտանգը կանխելու հավանականությունը:

Պահպանե՛ք ձեր աչքերի լույսը. ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Պահպանե՛ք ձեր աչքերի լույսը. ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ | Ավելացրեց: Admin (13.02.13) Դիտումներ: 1494 | Տեգեր: աչքերի խնամք, Առողջ ապրելակերպ