RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ

Օրենքով գողեր. ովքե՞ր են նրանք  4076

ԽՍՀՄ-ում, այսպես կոչված, «օրենքով գողերն» ի հայտ են եկել 30-ական թվականներին, երբ չնչին զանցանքի համար քաղաքացիներին պատժում էին երկարաժամկետ ազատազրկմամբ: Իսկ որտեղ կան հսկայական զանգվածներ, այնտեղ անհրաժեշտ են առաջնորդներ: Այդ գործընթացը ողջունում էին և' գաղութների ղեկավարությունը, և՛ բազմամիլիոն ազատազրկվածները: Գողերին դիմում էին որպես արդար դատավորների այս կամ այն վիճելի հարցի դեպքում:

Ժամանակի հետ գողերի վարքի կանոնները ամբողջացան որպես չգրված «պատվի օրենսգիրք»: Նրանց, օրինակ, արգելվում էր ունենալ ընտանիք, երեխաներ, սեփականություն, կատարել հանցագործություններ` բռնության ուղեկցությամբ, զենք կրել, ծառայել զինված ուժերում,  աշխատել և այլն (ամուսնության արգելքն այսօր հենց գողական հեղինակությունների ընդհանուր համաձայնությամբ հանված է, բայց նախկինի նման «օրենքով գողերը» չպետք է ենթարկվեն պետական օրենքներին, հարեն որևէ կուսակցության, չպետք է ապրեն ճոխության մեջ, զենք կրեն և սպանեն անձամբ, դա նրանց փոխարեն կատարում են ուրիշները):

Իրենց ժամանակի մեծ մասը «գող-շրջմոլիկները», ինչպես իրենք իրենց էին անվանում, անցկացնում էին ազատազրկման վայրերում: Ոչ սկզբնական շրջանում, բայց ավելի ուշ նրանց թույլատրվում էր շփման մեջ մտնել գաղութների ղեկավարության հետ, այդ շփումներում ներկայացնել բանտարկյալների հիմնական զանգվածի շահերն ու հետաքրքրությունները: Փոխարենը գողական հեղինակությունները երաշխավորում էին ընդվզումների ու հացադուլների բացակայություն:  Նրանց սկսեցին անվանել «օրենքով գողեր», այսինքն` հանցագործներ, ովքեր գործում էին որոշակի «օրենքների» սահմանում:

Խորհրդային շրջանում ևս գողական հեղինակությունները ազատորեն ծավալում էին իրենց գործունեությունը, քանի որ գոյություն ուներ յուրահատուկ «պետություն պետության մեջ»: Եվ եթե պետական իշխանություններն անցկացնում էին խորհրդաժողովներ ու համագումարներ, քրեական առաջնորդները` գողական հավաքներ («սխոդկաներ»), պետական ֆինանսների մինիստրության ու պետպլանի փոխարեն գողերն ունեին իրենց «օբշակ»-ը (այսպես ասած եղբայրական ընդհանուր գանձարանը):
Գողական հեղինակությունները գոյատևել են բոլոր վարչակարգերի օրոք, դիմացել և՛ ստալինյան, և՛ խրուշչովյան ու անդրոպովյան, գորբաչովյան ու ելցինյան ժամանակաշրջանում: Եվ այսօր էլ գողերն իրենց վատ չեն զգում: Նրանք ունեն իրենց ենթակա  բազմամիլիոն զանգվածը, այն է` նախկին ու ներկա ազատազրկվածները: Ազատազրկման վայրերում գողի խոսքը օրենք է, առնվազն կալանավորների համար: Նրանք այստեղ դատավորներ են, նոր հանցագործությունների կազմակերպիչներ, ֆինանսիստներ:

Օրենքով գողերը քրեական վարքուբարքի յուրօրինակ օրենսդիրներ ու դատավորներ են: Նրանք  յուրօրինակ ընտրյալներ են, քանի որ այդ կոչմանը պետք է արժանանան իրենց կենսագրությամբ: Սովորաբար ավագ սերնդի որևէ քրեական հեղինակություն ավելի երիտասարդ որևէ հանցագործի առաջարկում է «դառնալ իրենց եղբայրը»: Եթե վերջինս տալիս է իր համաձայնությունը, ապա պետք է անցնի որոշակի փորձաշրջան. այդ ընթացքում պետք է ակտիվորեն գողություններ իրականացնի, «օբշակը» համալրի ֆինանսական մուտքերով, ուշադրություն դարձնի գողական առաջնորդներին: Բնականաբար վերը նշված պարտադիր պայմանները ևս պետք է անխախտ լինեն:

Փորձաշրջանի ավարտից հետո տեղի է ունենում «սխոդկա» (հավաք) և ավագները երիտասարդ հանցագործին կնքում են օրենքով գող: Օրենքով գող (կոչման) նվիրումը կամ «կնքումը» սկզբնական ժամանակաշրջանում տեղի էր ունենում միայն ազատազրկման վայրերում:
Օրենքով գողը պետք է հայտարարի իր կոչման մասին, անգամ եթե հարցնողը իրավապահ մարմնի աշխատակիցն է: Այդ փաստի քողարկումը կամ հերքումը նշանակում է  «օրենքով գող» տիտղոսի կորուստ:  
Գողական դաջվածքներ (աստղի տեսքով) կարող են ունենալ միայն կնքված գողերը:  Սովորական բանտարկյալը նման դաջվածք անելու դեպքում կպատժվի մահով, քանի որ յուրաքանչյուր կատարված դաջվածքի համար նա պիտի
«պատասխան» տա:

Օրենքով գողի հանցագործությունը ապացուցելը բավականին նուրբ ու բարդ գործ է, քանի որ բացի այն, որ նրանք օգտվում են արհեստավարժ փաստաբանների օգնությունից, կա երկրորդ հանգամանքը. որևէ մեկն, ով դատարանում կներկայանա որպես հանցագործության վկա, կարող է համարել իրեն դիակ: Դա է պատճառը, որ իրավապահ մարմինները գրեթե միշտ մի քայլ ուշանում են:
Ընդունված է կարծիք, որ նրանց կալանավորելու համար իրավապահները գրպանում միտումնավոր զենք կամ թմրանյութ են խցկում: Դրա ճշմարտությունը  լիովին բացառել դժվար է, սակայն իրականություն է և այն, որ օրենքով գողերի  մեծ մասը երկարամյա թմրամոլ է:

Գողական հավաքները (սխոդկաները) համարվում են ոչ օրինական, գաղտնի
«ժողովներ», որոնց ընթացքում քննարկվում են հանցագործ աշխարհի  խնդիրները տվյալ քաղակական-տնտեսական իրավիճակում, զարգացվում է նոր հանցագործությունների ռազմավարությունը: Այս ամենը համեմատաբար խոշոր հավաքների ժամանակ, որոնց երբեմն մասնակցում են 100-ից մինչև 400-500 գողեր: Տեղի են ունենում նաև տեղային հավաքներ, որտեղ քննարկվում են ավելի մանր, ընթացիկ  խնդիրները (այս կամ այն անձի արարքի ճիշտ-սխալ լինելը, գանձարանի բաշխումը և այլն): Գողական հավաքների հիմնական մասը տեղի է ունենում քողարկված ձևով, օրինակ թաղումից, կնունքից, այլ առիթներից հետո գողերն անպայման իրականացնում են «սխոդկա»:

 Ժամանակակից հանցագործ աշխարհն ունի միջազգային բնույթ: Էթնիկ հանցավոր խմբեր գործել են ԽՍՀՄ-ում և այսօր էլ գործում են Ռուսաստանի դաշնությունում: Դրանք կազմավորվում են հայրենակցության սկզբունքով: Բացի այդ բազմաթիվ հանցագործություններ՝ իրականացված նրանց կողմից (դրամաշորթում, մարդկանց առևանգում փոխհատուցման նպատակով, խաբեբայություն), ուղղված են նախևառաջ սեփական համայնքի ներկայացուցիչների դեմ: Դա բացատրվում է նրանով, որ հանցագործ կառույցները լավ տեղեկացված են այն առևտրային կառույցների ֆինանսական դրության վերաբերյալ, որոնց ղեկավարներն իրենց հայրենակիցներն են: Վերջիններս, որպես կանոն, ունենում են հարազատներ ծննդավայրում և նախընտրում են չդիմել իրավապահ մարմինների օգնությանը: Բացի այդ` էթնիկ հանցախմբերի ղեկավարները պետք է հաշվի նստեն տեղական`
«սլավոնական» խմբավորումների հետ, որոնք էլ իրենց հերթին որոշակի առևտրային ընկերությունների «տանիքն» են:

Ռուսաստանի մի շարք շրջաններում, օրինակ, Կրասնոդարի, Ստավրոպոլի մարզերում, որտեղ կան բազմազգ համայնքներ, մեծացել է երիտասարդների մի սերունդ, որոնք ծնվել են Ռուսաստանում: Փորձը ցույց է տալիս, որ այդ սերնդի մի շարք ներկայացուցիչներ հանդիսանում են և սլավոնական, և էթնիկ ազգային հանցավոր խմբավորումների անդամներ:

Ոչ այնքան վաղուց  Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որով փաստացի պատերազմ է հայտարարվել
«օրենքով գողերին»: Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ուղղակիորեն հայտարարեց. «Շատերն ասում են, որ նույնիսկ Ստալինը չկարողացավ հաշվեհարդար տեսնել գողերի հետ, ուր մնաց ներկա իշխանությունները կարողանան: Բայց մենք նրանց կսանձենք, մեկ տարուց Վրաստանում չի լինի անգամ մեկ օրենքով գող»:
Իրականությունն  այն է, որ Վրաստանում օրենքով գողերը ժամանակին իսկապես հզոր ազդեցություն ունէին և՝ ոչ միայն հանցագործ աշխարհում: Նրանց մի քանի ներկայացուցիչներ ոչ այնքան վաղուց զբաղեցնում էին անգամ կարևոր պետական ղեկավար պաշտոններ: 

Կարող ենք հիշել նաև հայկական փորձը, երբ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը ֆիզիկապես էր «վռնդում» օրենքով գողերին: Ինչի արդյունքում նրանք բարեհաջող հաստատվեցին Ռուսաստանում: Ըստ որոշ տեղեկությունների՝ հետո արդեն վերադարձան և վերադաձան նշանակալի հանցավոր փորձ կուտակած ու մեծ ֆինանսական հնարավորություններով:  (աղբյուր՝ Ren TV):



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Օրենքով գողեր. ովքե՞ր են նրանք»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ | Ավելացրեց: Admin (16.01.13) Դիտումներ: 4076 | Տեգեր: օրենքով գողեր, Հետաքրքրաշարժ