Գլխավոր էջ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ
Ավիաուղեկցորդուհիները ամենահմայիչն են ըստ տղամարդկանց  2197

Գլխավոր էջ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ 

Խորագիրը՝  ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ,   

Ինչպես դառնալ ավիաուղեկցորդուհի Հայաստանում


Արական սեռի ներկայացուցիչների շրջանում կատարված հարցման ընթացքում ուղղվել էր մեկ հարց` «Ո՞ր մասնագիտություններին են տիրապետում ամենագեղեցիկ կանայք»: Երկրորդ տեղը զբաղեցրել էին մարզուհիները, երրորդը` ֆոտոմոդելները: Իսկ բացարձակ առաջատարը, պարզվեց, բորտ-ուղեկցորդուհու (ստյուարդեսայի) մասնագիտությունն է:

Դառնալ ուղեկցորդուհի երազում են բազմաթիվ աղջիկներ, սակայն ձեռք բերել այս աշխատանքը ամեն մեկը չէ, որ կարող է:
Առաջին ուղեկցորդուհիներին 1960-ականներին ընտրում էին բուժքույրերի միջից, այսօր, սակայն, բժշկական կրթությունը պարտադիր չէ: Համապատասխան ուսումնական կենտրոններում աղջիկներից պատրաստում են ինչ-որ չափով և բուժքույրեր, և մատուցողներ, և թիկնապահներ:
Այս մասնագիտությունը համարվում է պատվարժան, բայց նաև՝ հոգնեցուցիչ: Մրցույթը աշխատանքի անցնելու համար նման է յուրահատուկ գեղեցկության մրցույթի: Ավելորդ է նշել, որ գեղեցկությունից շատ ավելի կարևոր է առողջությունը:

Ահա ամբողջ աշխարհում ընդունված այն չափանիշները, որոնք ապագա ավիաուղեկցորդուհին պետք է բավարարի.

Տարիքը` 28-ից ոչ բարձր: Հասակը աղջիկների համար` 165-170 սմ, տղաների համար` 170-180սմ: Ինչ վերաբերում է քաշին` պետք է պահպանվի դասական համամասնությունը, այսինքն` հասակի  թվից հանվում է 100-ը: Ուղեկցորդուհու աշխատանքի համար անցկացվող մրցույթը չեն կարող հաղթահարել այն աղջիկները, ովքեր ունեն նկատելի սպիներ կամ պիգմենտներ դեմքի վրա, վատ մաշկ կամ  ոսկե ատամներ, ինչպես նաև դաջվածքներ մարմնի նկատվող մասերում:

Սա բնական է, քանի որ ուղեկցորդուհին ավիաընկերության դեմքն է: Հոլիվուդյան ժպտը չպետք է չքանա նրա դեմքից և ոչ մի պարագայում: Այս ամենին զուհահեռ` պետք է պարտադիր ունենալ բարձրագույն կրթություն և տիրապետել երկու օտար լեզուների:

Ուղեկցորդուհու առողջական վիճակը պետք է համապատասխանի քաղաքացիական ավիացիայի սահմանած պահանջներին: Այդ պահանջները գրեթե նույնն են, ինչ տիեզերագնացների համար սահմանվածը:  
Բացի այս ամենը` ուղեկցորդուհու մասնագիտությունն ընտրողը պետք է անպայման տիրապետի լավ վարվելակերպի, ունենա հաճելի և անմիջական շփման հմտություններ, կարողանա ստեղծել ջերմ ու բարեհամբույր մթնոլորտ: Շատ կարևոր է նաև հստակ, պարզ և համառոտ խոսելու ունակությունը: Ուղեկցորդուհին միշտ պետք է կարողանա պահպանել մարդկանց դրական տրամադրվածությունը օդանավում:

 



Միջազգային չափանիշները պահպանող ուսումնական կրթություններում ապագա ուղեկցորդուհուն սովորեցնում են սրսկում կատարել, միաժամանակ հմտորեն շամպայն լցնել և շուքով  քայլել սրահում` համապատասխան գայթակղիչ համազգեստով: Ուղեկցորդուհին գիտի` ինչպես պահել ինքնաթիռի առևանգման փորձի դեպքում, ինչպես գոյատևել անապատում, Արկտիկայում, ինչ վարքի կանոների հետևել  ջրի վրա վայրէջքի դեպքում...

Հայաստանում ուղեկցորդուհի դառնալու երազանքը հնարավոր է  իրականություն դարձնել «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական քոլեջում, որը գործում է արդեն 4 տասնամյակից ավելի: Նախկին ուսումնավարժական ջոկատն արդեն մի քանի տարի է, ինչ Կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված միջին մասնագիտական քոլեջ է, որտեղ կրթում են կոմերցիոն օդաչուներ, օդային երթևեկության կարգավարներ, օդային փոխադրումների կազմակերպիչներ և ավիատեխնիկներ: Տղաներն այստեղ կարող են սովորել Ազգային բանակում պարտադիր զինծառայությունն անցնելուց հետո, իսկ աղջիկները կարող են դիմել միջնակարգը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո։

 



Իսկ ինչպիսի՞ն է ուղեկցորդուհու մասնագիտությունը հենց «ներսի մարդու» աչքերով, որքանո՞վ են միջազգային չափանիշները գործում հայաստանյան պայմաններում և հե՞շտ է արդյոք մեզ մոտ իրականացնել ուղեկցորդուհի դառնալու` բազմաթիվ աղջիկների երազանքը... այս մասին պատմում է նախկին ուղեկցորդուհի Լիլի Գալստյանը.

«Հայաստանի Հանրապետությունում ուղեկցորդուհու ընտրության չափանիշները շատ են տարբերվում արտասահմանյան չափանիշներից: Ցավոք «Խ.Ծ.Բ» (խնամի, ծանոթ, բարեկամ) սկզբունքը այս ոլորտում էլ է դեր խաղում:
Նախ շատ լուրջ բժշկական հետազոտություն է անցկացվում: Այն բարեհաջող անցնելու դեպքում մի քանի փորձնական թռիչքներ ես ունենում տարբեր երկրներ: Սա համարվում է այն, դպրոցը, որի ընթացքում զարգացվում են համապատասխան հմտություններ: Բարձրագույն կրթությունը կարևոր չափանիշ է, անգլերենի և ռուսերենի իմացությունը նույնպես: Անգլերենը պարտադիր է միայն միաջազգային չվերթներում աշխատող ուղեկցորդուհիների համար:
Առաջնայինը ուղեկցորդուհուց պահանջվող չափանիշների մեջ արտաքին տեսքն է. 165 սմ-ից ոչ ցածր հասակ, կշիռը չպետք է գերազանցի 55-60 կգ-ը: Տարիքային սահմանափակումներ, որպես այդպիսին, Հայաստանում չկան: Մեզ մոտ աշխատում են նույնիսկ 45 տարեկան ուղեկցորդուհիներ: Ավելի կարևորվում է պահպանված և խնամված տեսքը: Ամենակարևոր պայմանը ժպիտն է: Պետք է միշտ և բոլորին ժպտալ և ժպտալ հնարավորինս անկեղծ:
Հնարավոր է` հարցազրույցի ժամանակ քեզ փորձեն հունից հանել, և դու չհասկանաս էլ, թե ինչու է դա արվում: Սակայն համապատասխան պատրաստվածությունը անհրաժեշտ է, քանի որ թռիչքների ժամանակ այնքան տարբեր մարդկանց  հետ է առնչություն լինում, որ երբեմն պետք է «նյարդերդ տանը թողնես»: Հնարավոր է` դու 25 անգամ կրկնես` «Կապել ամրագոտիները», իսկ դրանք չկապվեն, կամ էլ թռիչքի ժամանակ ինչ-որ մեկը որոշի, որ պետք է վեր կենա և քայլի, ինչը ամենավտանգավորն է: Ու դու իրավունք չունես մռայլ կամ ջղային դեմքով ընդունել այդ փաստը:
Աշխատանքը շատ հոգնեցուցիչ է: Հաճելի է այն, որ քո աչքերով ես տեսնում ողջ երկիր մոլորակը, և որքան շատ ես լինում այլ երկրներում, այնքան հասկանում ես, որ կյանքը հիասքանչ է:
Աշխատավարձը (Հայաստանի համար) բավականին բարձր է, մոտավորապես 200-300 հզ. դրամ: Հայաստանում, իմ կարծիքով, շատ քիչ կան ուղեկցորդուհիներ, որոնցով կարող ես հմայվել: Այ գեղեցիկ տղա-ուղեկցորդներ շատ կան:
Հայաստանում ուղեկցորդուհու պաշտոնավարման անցնելը կարծես նախարարի հաստիք զբաղեցնելու նման մի բան լինի. այնքան բարդ ես հասնում դրան, որ երբ երազածդ իրականանում է, արդեն ոչ փայփայված ցանկություն, ոչ երազանք ես հիշում: Շատ քչերը կարող են ասել, որ իրենք աջակցություն կամ «զորավոր թիկունք» կոչվածից չեն օգտվել: Եթե կասեն էլ, չհավատաք:
Իսկ թե ինչու են շատերը երազում այդ մասնագիտության մասին` պատճառն, իմ կարծիքով, շատ պարզ է. այստեղ շփման անսահմանափակ ոլորտ կա: Ուղեկցորդուհու աշխատանքը գայթակղիչ է միայն առաջին հայացքից: Այն բավականին մեծ ջանքեր է պահանջում, սակայն դրանով հանդերձ` ընձեռում է աշխարհը մի լավ ոտքի տակ տալու լավագույն հնարավորություն»:

                                                        

Աղբյուր՝ Լինա ամսագիր,  Հայկ Բլբուլյան



 

Խորագիրը՝  ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Նոր հոլովակներ
 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...


ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика Free Page Rank Tool

Powered by Jasper Roberts - Blog