RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ »

Ինչպե՞ս էին տարբեր ազգերը նշում Նոր տարին հնում  2060


Նոր տարին և ազգային սովորությունները

Տոնածառի պատմությունից…


Կելտական ցեղերը (հռոմեացիները նրանց գալլեր էին անվանում), որոնք մ.թ.ա. 6-5 դդ. բնակվել են ներկայիս Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Հյուսիսային Իսպանիայի տարածքներում, իրենց օրացույցն ունեին, Արեգակին նվիրված տոն, որը խորհրդանշում էր կրակը: Արեգակի և մարդկանց միջև միջնորդ էր ծառայում եղևնու զարդարված գերանը, որի վրայից կախ էին տալիս զանազան ուտեստներ, իսկ հետո այն գլորում էին վառվող օջախի մեջ: Այնտեղ եղևնու գերանը Արեգակին նվիրված տոնի ընթացքում դանդաղորեն այրվում էր` ընտանեկան օջախն ազատելով չար ոգիներից: Կելտերը հավատում էին, որ տոնակատարության ժամանակ Արեգակից երկրի վրա բարեբեր հուր է թափվում, որից ծնվում էր Աստծո զավակը:


Հետագայում հռոմեացիները հպատակեցրին կելտերին, և տեղի ունեցավ ժողովուրդների ու կրոնների միախառնում: Եղևնու գերանը աստիճանաբար փոխարինվեց եղևնու ճյուղերով, ապա նաև ոչ մեծ եղևնիով, որը կախում էին առաստաղից: Եղևնուն առնչվող այս ծիսակատարությունը խորհրդանշում էր բուսականության նախագարնանային զարթոնքը Արեգակի զորությամբ:

Դժվար է ասել, թե տան առաստաղից կախված եղևնին երբ է հայտնվել հատակին: Սակայն որտեղ էլ, որ նա գտնվել է, վրայից կախ են տվել զանազան ուտեստներ (խնձոր, ընկույզ, ողկույզներ, գաթա…), ինչպես նաև նվիրաբերել են մորթիներ, ժապավեններ: Հեթանոսական այդ հնագույն ծիսակատարությունների նպատակը նվիրատվությունների միջոցով միաժամանակ թե՛ բարի և թե՛ չար ոգիերին սիրաշահելն էր:

Հռոմեացիների միջավայրում Նոր տարվա սկիզբը կոչվել է «կալենդեր
», որ նշանակում է յուրաքանչյուր ամսվա սկիզբ: Հայերեն «կաղանդ», «կաղնդել» բառերը նույնպես բխում են լատ. "Calendar”-ից:

Ամանորյա տոնածառը ժամանակակից տեսքով առաջին անգամ հայտնվել է Գերմանիայում 17-րդ դարում: Իսկ 19-րդ դարից սկսած այն տարածվել է քաղաքակիրթ բոլոր երկրներում: Եկեղեցին նույնպես ընդունեց ամանորյա տոնածառը` մտցնելով որոշ նորամուծություններ, որոնցից մեկը վառվող մոմերն էին: Ուշագրավ է, որ այսօր էլ գերեզմաններում եղևնիներ են տնկվում, որոնք, ըստ մեր նախնիների, նպաստում են մահացած մարդու արժանավայել տեղափոխմանը երկնային թագավորություն: Ի դեպ, Հին գերմանացիները տոնածառը զարդարում էին խնձորներով (պտղաբերության խորհրդանիշը), ձվերով (զարգացող կյանքի խորհրդանիշը) և ընկույզներով (աստվածային նախախնամության անըմբռնելիության խորհրդանիշը):


Ի՞նչ ամանորյա սովորություններ գոյություն ունեն


Որտեղի՞ց են առաջացել Նոր տարվա սովորությունները մարդկանց մոտ: Այդ սովորությունները գալիս են շատ հնուց և մասամբ կապված են նախնադարյան ժողովուրդների պատկերացումների հետ: Նախնադարյան ժամանակներից են մնացել բոլոր ժողովուրդների մոտ տարածված փոխադարձ հյուրասիրության, շնորհավորելու, գուշակության, Ձմեռ Պապի, տոնածառի սովորությունները: Մինչև այժմ տարբեր ժողովուրդներ տարբեր ժամանակ են նշում Նոր տարին: Ըստ հնդկական և եգիպտական հին տարեցույցների՝ Ամանորի տոնը նշանակում էր պաշտամունք` նվիրված կենսատու Արեգակին կամ առատություն և լիություն բերող ջրերին:

 


Հին եգիպտացիները Նոր տարվա սկիզբ համարում էին Սիրիուս աստղի ծագման, այսինքն` ամառային արևադարձի օրը (հունիսի 22): Դա կապված էր Նեղոսի հորդացման հետ:

Եբրայական և չինական գրավոր կամ չգրված օրենքների համաձայն, այդ տոնը փառաբանում էր շարունակ վերանորոգվող տարվա եղանակները, իսկ հին հույների Նոր տարվա սկիզբը զուգադիպում էր ամառվա կեսին` նորալուսնի առաջին ծագելուն:
Հռոմեացիները Նոր տարին տոնում էին գարնանամուտին՝ մարտ ամսի 1-ին, երբ բնության զարթոնքին զուգընթաց փոխվում էին կոնսուլներն ու բարձրաստիճան պաշտոնյանները:

Սակայն, ինչպես պատմությունն է վկայում, մ.թ.ա. 154 թվականին, Իբերական թերակղզում ծագած մի խռովության պատճառով կոնսուլների փոփոխումը հետաձգվում է, և արարողությունը տեղի է ունենում տասը ամիս հետո, այսինքն` մ.թ.ա. 153 թվականի հունվարի 1-ին: Դրանից 108 տարի անց Հուլիոս Կեսարը հաստատեց տարեցուցային նոր ծրագիր, որը տարին բաժանում էր 12 ամիսների: Այդ օրվանից հունվարի 1-ը համարվում է տարվա սկիզբ և տոնվում է մարդկության մեծ մասի կողմից` որպես ժամանակի վերանորոգման խորհրդանիշ և կապակցող կամուրջ հաջորդ տարիների միջև:

Չինաստանում, Ճապոնիայում և Կորեայում մինչև 1872-1892 թվականներիը Նոր տարին հանդիսանում էր լիալուսնի այն օրը, երբ Արևը անցնում է Ջրհոս համաստեղության միջօրեականով (փետրվար ամսին):

Վիետնամում յուրաքանչյուր տան այգում կանգնեցնում էին նեուն: Դա կտրված բամբուկի ծառ է, որը զարդարվում է գույնզգույն թղթե ժապավեններով և լապտերներով: Առավոտյան շնորհավորելով ծանոթներին ու հարևաններին` բոլորը հավաքվում են մեկի տանը և սկսում տոնակատարությունը, իսկ հետո` զբոսանքը:

Նույնիսկ Եվրոպայում միջին դարերում Նոր տարվա տոնակատարության միասնական օր չկար: Գերմանիայում մինչև 16-րդ դարի կեսը, իսկ Ֆրանսիայում մինչև 1556 թվականը Նոր տարին համընկնում էր Զատիկի օրվա հետ: Անգլիայում մինչև 1752 թվականը Նոր տարին նշվում էր մարտի 26-ին: Սիրիացի քրիստոնյաների մոտ այն սկսվում էի օգոստոսի 1-ից: Հրեաների մոտ Նոր տարին հաշվում էին մարտի մեկից: Դա կապված էր կրոնական այն ավանդության հետ, թե Մովսեսին ու Ահարոնին պատվիրվել էր հին հրեական նիսան ամիսը (որը համընկնում էր մարտ-ապրիլ ամիսների հետ) համարել Նոր տարվա առաջին ամիս: Ավելի ուշ եկեղեցական օրացույցը միացվեց քաղաքականի հետ, որի համաձայն Նոր տարին սկսվում էր սեպտեմբերի 1-ին:
Պետրոս l-ը այն տեղափոխեց հունվարի 1-ին: Նրա կարգադրությամբ Նոր տարվա օրը բնակիչները իրենց տները զարդարում էին սոճու ճյուղերով, շնորհավորում միմյանց:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ինչպե՞ս էին տարբեր ազգերը նշում Նոր տարին հնում»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: | Ավելացրեց: Admin (19.12.12) Դիտումներ: 2060 | Տեգեր: Նոր տարի, Տոնածառ, ազգային սովորություններ