RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՊՈԵԶԻԱ, LOVE STORY

Հովհաննես Գրիգորյան. բանաստեղծություններ  1687


 
Հովհաննես Գրիգորյան. 3 բանաստեղծություն

Հովհաննես Գրիգորյան

Առաջին սերը - անվերջ մոռանում ես նրան.
ցերեկները չես կարող հիշել, որովհետև դու
զանգում ես հեռախոսով, որովհետև քեզ
զանգում են հեռախոսով, որովհետև ինչ-որ
թղթեր ես ստորագրում, որովհետև քեզ ինչ-որ
թղթեր են ուղարկում` ցերեկները դու ծերանում ես
աննկատ, և երեկոյան դու ծերանում ես աննկատ
և միայն գիշերը, երբ թևիդ ժամացույցն արձակելով
դնում ես սեղանին` հիշում ես առաջին սերդ, որը
չի ծերացել բոլորովին:
Դու գիտե՛ս, հազարավոր պատեր այն կողմ
նա ապրում է իր կյանքը, և դու
ապրում ես քո կյանքը, թեև արձակել ես
թևիդ ժամացույցն ու դրել ես սեղանին,
և վայրկյանները մրջյունների պես դուրս վազելով
ժամացույցից, հեռանում են քո կյանքից, կորչելով
սեղանին թափթփված գրքերի ու թղթերի արանքում:
Դու գիտես, հազարավոր պատեր այն կողմ գիշեր է:
Եվ հանգած են լույսերը: Ճիշտ այսպիսի մի լուսին
կախված է լուսամուտից և անտարբեր նայում է
նրան, ում կորցրել եմ վաղուց, ում մոռանում եմ
ցերեկները և երեկոյան մոռանում եմ դարձյալ,
և միայն գիշերները, երբ մնում եմ մենակ, հանում եմ
թևիս ժամացույցը, դնում եմ աչքերիս առաջ
և անձայն լալիս եմ անցնող կյանքիս համար,
և արցունքները կորչում են
սեղանին թափթփված գրքերի և թղթերի արանքում:

poems


ՆԱՄԱԿԸ, ՈՐԸ ՔԵԶ ԵՐԲԵՔ
ՉԻ ՀԱՍՆԵԼՈՒ


Ամեն ինչ բաժանված է արդեն,
և աստղերը, և արևը, և լուսինը:
ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,
և ամաչում եմ սարսափելի,
որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Եվ այս բառերը՝ օտար արևներ,
և մերկ ծառերը, և քո կարոտը
անչափ տխուր են, անչափ հուսահատ,
որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու,
որովհետև նորից քեզ փնտրելու եմ ամենուրեք,
գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու, որովհետև
ամեն ինչ բաժանված է ու նվիրված:


ՍԻՐՏ

Հին բառերի մեջ ամենաշատը դու կարող էիր խաբվել,
Դու, թեև այնպես
Խնամքով ու հոգատար թաքնված էիր մարմնի
Ամենախորքում, ամուր ու ճկուն ոսկորներով ցանկապատված:
Դու, ամենանուրբն ու զգայունը ու նաև
Անհրաժեշտն ու խաբվածը բոլորից:
Դու ցանկացել ես տեսնել,
և աչքերը փակել են աչքերդ,
դու ցանկացել ես գրկել,
և ձեռքերը բռնել են ձեռքերդ,
իսկ ձեռքերը կախվել են խաչված` դատապարտված
ստրուկների նման` հին Հռոմի ճանապարհին:
Դու ցանկացել ես լսել,
և ականջները խուլ են ձևացել,
դու ցանկացել ես վազել,իսկ ոտքերը
տարել են քեզ բոլորովին ուրիշ ճանապարհով…
Դու անվերջ ինչ-որ բաներ ես ցանկացել,
Բայց քեզ խաճախ խեղդել են ծխախոտի ծխի մեջ
և կամ թմրացրել գինով և օղիով դաղել:
Դու,անզոր ու անօգնական,
Ինչպես երեխա` բարուրի մեջ փաթաթված:  


               

                                                                  ...Երբե'ք չես մեռնի

                                                                                   Հովհաննես Գրիգորյան



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Հովհաննես Գրիգորյան. բանաստեղծություններ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՊՈԵԶԻԱ, LOVE STORY բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՊՈԵԶԻԱ, LOVE STORY | Ավելացրեց: Admin (08.02.13) Դիտումներ: 1687 | Տեգեր: Սիրո պատմություններ, պոեզիա, poetry
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ