RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ

Հայ կանայք առաջին անգամ բարձրացել են Էվերեստ  1204

2012-ին երկու հայ կին` Լյուբա Բալյանը և Մարիամ Մարտիրոսյանը ուղևորվեցին ճամփորդության դեպի Էվերեստ:

Էվերեստ



Երկրագնդի ամենբարձր կետը` Էվերեստը, գտնվում է Նեպալի և Չինաստանի սահմանին: Բարձրությունը 8844 մետր է: Տիբեթում այն ընդունված է անվանել Ջոմոլունգմա, որը թարգմանաբար նշանակում է «աստվածային»: Նեպալում էլ այն կոչում են Սագարմատխա, որը նշանակում է «Աստվածների մայր»:

Լյուբա Բալյանը և Մարիամ Մարտիրոսյանը բարձրացել են մինչեւ 5364 մետր: Այդ նիշից հետո Էվերեստը կարող են նվաճել միայն պրոֆեսիոնալ լեռնագնացները հատուկ սարքավորումներով: Բայց նույնիսկ այդ ճամբարին են քչերը հասնում:
 
Իրենց տպավորությունների մասին նրանք պատմում են  «ԷկոԼուր»-ին:

Ինչից սկսվեց.


«Ամեն ինչ սկսվեց մի լուսանկարից, որը ես տեսա ինտերնետային կայքերից մեկում: Այդ նկարում պատկերված էր
չքնաղ տեսարանով Հիմալայան մի փոքր գյուղ, որը անգլիացի մի լուսանկարիչ պատկերավորել էր իր արշավներից մեկում: Երբ որ փնտրեցի, հասկացա, որ այդ վայրը կոչվում է Նամչեբազար, գտնվում է 3500մ բարձրության վրա, և այնտեղ հայտնվելու համար պետք է գնալ ու հասնել Էվերեստի բազային ճամբար: Այդ նկարն այնքան գրավիչ էր, որ ես որոշեցի ինքս ուղևորվել և ինքս հայտնվել այդ տեղում,- ասաց Լյուբա Բալյանը,- Եթե Մարիամը չլիներ, երևի ճանապարհն այդքան թեթև չէր անցնի»:

Everest



Աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանի մասին.

«Ամենադժվար պահը, որը ես անձամբ շատ ծանր էի տանում, հենց Կատմանդուից Լուկլա թռիչքն էր: Ինչու՞ է դժվար, որովհետև Լուկլայի օդանավակայանը համարվում է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանը: Մի փոքր պատմեմ օդանավակայանի մասին, թե ինչու է վտանգավոր. այն գտնվում է Լուկլայում` 2800 մետր բարձրության վրա, ընդամենը ունի 20 մետր լայնություն և 460 մետր երկարություն` ինքնաթիռի լիարժեք վազքը կատարելու համար: Նաև ունի 12 աստիճան կորություն, որպեսզի վայրէջք կատարելիս ինքնաթիռը հասցնի ժամանակին դանդաղեցնել: Բայց խնդիրը նաև այն է, որ օդանավակայանի մի կողմից 700 մետր խորությամբ անդունդ է, իսկ դիմացը՝ ժայռեր: Ու քանի որ եղանակային տեսանելիությունը շատ ցածր է լինում, շատ ժամանակ հավասարվում է զրոյի, օդաչուները ստիպված թռչում են 200-300 մետր բարձրության վրա, շատ ցածր՝ փորձելով շրջանցել տարբեր լեռնային զանգվածներ, ժայռեր, որպեսզի ժամանակին տեսնեն այդ փոքր թաթի չափ Լուկլայի թռիչքուղին: Որովհետեւ եթե դու ժամանակին չես իջնում, կամ ընկնում ես վայր, կամ էլ անմիջապես բախվում ժայռին: Ժայռի վրա էլ, իդեպ, գրված էր «Բարի գալուստ», որը մենք համարեցինք որպես սև հումորի տարբերակ»:

Նեպալացիների և շերպաների մասին

«Շերպանները բեռնակիրներ են: Շերպանները Տիբեթում նեպալական փոքր էթնիկական խումբ են: Ուղղակի ապշեցուցիչ էր այն, թե ինչ քանակության, ինչ քաշի, ինչ կիլոգրամների բեռներ էին կրում այդ մարդիկ... պարզապես երկու ճամպրուկ իրար հետ միացնելով՝ ինքն ուղղակի վերցրեց 60-70 կգ չափով իրերը շալակը և 3000 մետրից մինչև վերջ՝ 5000 մետր ամբողջությամբ, հանեց վերև՝ ընդ որում չունենալով համապատասխան կոշիկներ` ձյան, սառույցի, կարկուտի վրայով, ուղղահայաց լեռնային ռելիեֆներով:


Ես նույնիսկ տեսնում էի, որ շերպաները շինանյութ են հանում՝ դուռ, պատուհան, ամեն ինչ, ինչ-որ հնարավոր է,  ընդ որում՝ երբ չորս կողմը անտառ է: Ամենաառաջին հարցը, որ իմ մեջ ծագեց հայկական մտածելակերպի համաձայն՝ ինչու՞ պիտի ես շինանյութը տանեմ, երբ կարելի է շրջակայքում ծառ կտրել: Ես նույնիսկ մի անգամ չտեսա, որ ինչ-որ մեկը մի հատ ծառ կամ ծառի կեղև հետը տանի: Ամեն ինչը, ինչ անհրաժեշտ էր մարդկանց ապրուստի համար, հանվում էր մարդկանց մեջքի վրա: Նույնիսկ եթե փորձում էինք ինչ-որ աղբ նետել, ուղեկցողը շատ խիստ զգուշացրեց, ասաց, որ ոչ մի կերպ չի կարելի, քանի որ դա մեր կրոնին հակառակ է: Մենք փորձում ենք այդ բնությունը պահպանել ոչ միայն մեր համար, այլև մեր սերունդների: Ինչպես որ իրերն էին բարձրացվում 3000 մետրից վերև, նույն կերպով աղբը տարբեր բարձրություններից (մեջքի վրա կամ յակերի վրա, քանի որ այլ տրանսպորտային միջոց չկար) իջեցվում էր ներքև: Մեզ մոտ չկա խնայելու այդ գաղափարը, այն, ինչ-որ ես նկատել եմ նեպալացիների մոտ: Պետք է գիտակցել, որ եթե դու օգտվում ես քո անտառից, օգտվում ես ջրային պաշարներից, պետք է անել այնպես, որ բնությունը նաև հասցնի վերականգնվել ու կարողանա տալ այդ տուրքը քեզ, որից դու օգտվում ես: Որովհետև բնությունը այնքա՜ն նուրբ էկոհամակարգ է, որը երբ դու վերցնում ես, ապա պիտի հասցնես հետադարձ տալ, եթե չես անում այդ բանը, բնական է, այդ ամենը, ի վերջո, կվերանա…
 

Nepal


Նեպալցիք շատ բարի, հյուրասեր, հյուրընկալ մարդիկ էին և զբոսաշրջիկներին մեծ հարգանքով էին վերաբերվում: Հատկապես՝ Հայաստանից: Քանի որ առաջին անգամ էին տեսել հայ մարդ, լուրը միանգամից տարածվեց, որ Հայաստանից երկու աղջիկ կան: Իհարկե, դա ինչ-որ չափով գրավեց նրանց ուշադրությունը, որովհետև այդ երկրի անվանումը երբեք նախկինում չէր հնչել իրենց մոտ: Բոլորին հետաքրքիր էր, թե ինչ երկիր է, ինչ մարդիկ են, որ տարածաշրջանից են: Ու Մարիամը հատկապես, իր մոտ շատ լավ ստացվում էր քարոզել, թե Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում, որ դա նաև ինչ-որ փոքր Հիմալայներ է, որ գտնվում է Կովկասում: Ու շատ էր քարոզում այն փաստը, որ եթե դուք ուզում եք տեսնել փոքր Հիմալայներ, եկեք Հայոց լեռնաշխարհը տեսնելու: Ինձ թվում է՝ հաջողվեց, որովհետև առնվազն 10 հոգի խոստացան, որ պիտի գան Հայաստան այն բացահայտելու համար…»:

Թե ինչ տեսան...


«Ամբողջ ճամփորդությունը, ամբողջ արշավը մի ընդհանուր գեղեցկություն էր: Նույնիսկ ռիսկերից մեկը՝ լեռնային հիվանդությունը, որի մասին մեզ անընդհատ զգուշացնում էին... որ կարող է սկսվել ցանկացած բարձրության վրա, մեզ վրա չազդեց: Ես, օրինակ, ինձ շատ լավ էի զգում: Բարձրացանք 5364 մետր, որտեղ որ այդ ճամբարն է գտնվում, բայց ինձ թվում է, որ մենք մի 5 ու կես հազար բարձրացել ենք, որովհետև այդ կետին հասնելու համար առնվազն մի քանի լեռնանցքներ ես անցնում, որը դիրքով շատ ավելի բարձր է: Հրաշքներից կարող եմ նշել, որ հետ գալու ճանապարհին, երբ փորձում էի վայրի թռչուն նկարել, աջ կողմից ահռելի ձայն լսվեց, երբ որ շուռ եկա, տեսա, որ կենդանի մի ձնակույտ է թափվում…»:

Կլիմայի փոփոխության մասին

«Էվերեստը հալվում է, նույնիսկ գիտեմ, որ այս տարի քանի խումբ փորձել է Էվերեստը նվաճել Նեպալի կողմից, բայց քանի որ Նեպալի կողմից նվաճելը շատ ավելի հեշտ է, մի քանի խմբերի չի հաջողվել: Քանի որ Էվերեստի փեշերից ձյան շերտը ամբողջովին քամով քշվել է, և փաստորեն, այդ խմբերը ստիպված են եղել Տիբեթի կողմից նվաճել: Դա էլ հենց կլիմայական փոփոխության հետևանքներից մեկն է: Փաստորեն լեռնագնացների համար շատ դժվար էր Էվերեստը գրավել այս տարի»:

 

Աղբյուր



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Հայ կանայք առաջին անգամ բարձրացել են Էվերեստ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ | Ավելացրեց: Admin (16.01.13) Դիտումներ: 1204 | Տեգեր: Էվերեստ, Հետաքրքրաշարժ, լեռնագնացություն, կանայք, ալպինիզմ. Նեպալ